Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Գարնան գույները» Հայաստանի նկարիչների միությունում

«Գարնան գույները» Հայաստանի նկարիչների միությունում
10.05.2017 | 10:37

2017 թ. ապրիլի 26-ին նկարիչների միության 1-ին հարկի ցուցասրահում բացվեց «Գարնան գույները» խորագրով հանրապետական ցուցահանդես: Ցուցահանդեսին մասնակցում են ինչպես ավագ, միջին, այնպես էլ երիտասարդ սերնդի նկարիչները: Ընդհանուր առմամբ, ներկայացված է 135 արվեստագետների 144 ստեղծագործություն: Գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներից զատ, ցուցահանդեսում ներառված էին նաև 11 քանդակագործական ստեղծագործություններ:


Հանրապետական այս ցուցահանդեսը թեև կրում էր «Գարնան գույներ» խորագիրը, սակայն չուներ թեմատիկ սահմանափակում: Նկարիչները ներկայացրել են տարբեր թեմաներով, տարբեր ժանրերի յուրօրինակ աշխատանքներ: Ե՛վ բնանկարչական ժանրի ստեղծագործություններ կան, և՛ նատյուրմորտներ, և՛ դիմանկարներ, ինչպես նաև ինքնատիպ լուծումներ ստացած թեմատիկ-կոմպոզիցիոն աշխատանքներ:


Ցուցահանդեսը արվեստասեր հանրության դատին է ներկայացնում գեղարվեստական տարբեր ուղղությունների ստեղծագործություններ, կան ինչպես ռեալիստական, այնպես էլ վերացական արվեստի (աբստրակցիոնիզմ) տարաբնույթ գործեր: Կան նաև իմպրեսիոնիստական, սյուրռեալիստական, սիմվոլիստական, «մոդեռն» ոճի, ֆուտուրիստական ստեղծագործություններ: Այսինքն, այս ցուցահանդեսում կարելի է տեսնել գրեթե բոլոր «իզմերը»: Ընդ որում` յուրաքանչյուր ոճում մեր նկարիչները ստեղծել են ինքնատիպ, միմյանց չկրկնող գործեր, կարողացել գույների, գծերի միջոցով լավագույնս հաղորդել իրենց գաղափարները, ստեղծել հետաքրքիր հորինվածքային լուծումներ ստացած աշխատանքներ:


Գարնանային թարմ շնչով են հագեցած Նիկոլայ Մանուկյանի (Նիկօ) «Վերադարձ աղբյուրից», Սերգեյ Պողոսյանի «Գարուն» և Համլետ Ասատրյանի «Զարթոնք» կամերային բնույթի բնանկարները: Այս գործերը գարնանային տրամադրությամբ են համակում դիտողին: Նշված երեք հեղինակները վարպետորեն որսացել են գարնան վառ գույները և ներդաշնակորեն արտացոլել իրենց գործերում: Ստեղծված է Հայաստանի գարնանային բնության զարթոնքի պատկերը:


Տարածական պլանների հստակ բաժանումով, մոնումենտալ հնչողությամբ են աչքի ընկնում Խաչատուր Ազիզյանի «Տոն», Լևոն Հովհաննիսյանի «Արագած սար», «Իմ երանելի կապույտ ճանապարհը», Մարիաննա Սիմոնյանի «Արարատ», Ռաֆայել Ջավախյանի լայն գունաբծերով արված «Գարունը Հագվի գյուղում», Մարտին Ակողլյանի «Արևածագը լեռներում», Ալբերտ Հովսեփյանի «Գարուն» ռեալիստական բնանկարները: Նշված գործերում զգացվում են հեղինակների` հայրենի բնության խորաթափանց ընկալումը, հայրենի դաշտերով, սարերով, լեռներով հիացումը: Այս աշխատանքներում նկարիչները հասել են հեռանկարային տարածականության հաղորդման: Մարիաննա Սիմոնյանի «Արարատ» աշխատանքում զգացվում է Մ. Սարյանի ազդեցությունը, իսկ Մարտին Ակողլյանը նշված գործում Սեդրակ Առաքելյանի գույներից է ազդվել: Մեկ այլ բնանկար` Արտակ Տիրատուրյանի «Հրազդանի կիրճը», տպավորիչ է փարթամ ծառերի պատկերներով, որոնց անդրադարձումը առաջնամասում պատկերված գետում վարպետորեն է արված: Ստեղծված է ռիթմ:
Էքսպոզիցիայում դիտողի ուշադրությունն անմիջապես գրավում է Կարեն Աղամյանի «Սիրելի ամուսինը, ով սիրում է իր կնոջը» խոհափիլիսոփայական աշխատանքը: Աչքի են զարնում Անատոլի Ավետյանի ինքնատիպ հորինվածքները և Մուշեղ Գրիգորյանի «Անապատ» մեծաչափ կտավը, որի ֆոնը հիանալի է տրված: Ներկայացված են ընդարձակ ամայի տարածություն և պառկած մերկ կնոջ ֆիգուր, որն ասես անապատի պես անշունչ ու անկենդան է:


Տպավորիչ են ցուցահանդեսում ներկայացված աբստրակտ աշխատանքները` Նարգիզ Փաշայանի «Հաղթանակը», Նարինե Արշակյանի «Գարնան մեղեդին», Գևորգ Սարգսյանի «Կոմպոզիցիան», Ռոմեո Ավագյանի «Նոր ստեղծագործությունը»: Անշուշտ, ինքնատիպ է Արփի Վարդանյանի «Ճանապարհը»: Այստեղ տեսնում ենք «գունային դաշտի նկարչություն»:
Մարգարիտա Փարեմուզյանը ներկայացել է ֆուտուրիստական մի աշխատանքով` «Կենաց ծառ», որում կա շարժում, դինամիկա: Հենրիկ Ավագյանի «Գարունն» էլ 20-րդ դարասկզբի արվեստի ուղղություններից մեկի` «մոդեռն» ոճի մի աշխատանք է: Նկարի ողջ տարածությունը լցված է ծաղկային նախշերով և այդ զարդանախշ ֆոնի ներքո ներկայացված են երկու կանանց պատկերներ, որոնք մարմնավորում են գարունը:
Իմպրեսիոնիստական երկու աշխատանքով է ներկայացել Արման Աբրահամյանը:
Մտորումների տեղիք են տալիս Ալեքսանդր Բաղրամյանի «Դիմակները հանված են…» և Ռոբերտ Խաչատրյանի «Ոսկե առագաստներ» սյուրռեալիստական աշխատանքները:
Սիմվոլիստական գործերով են ներկայացել Ռուզաննա Փիլոսյանը («Գարնանամուտ») և Արմինե Կարապետյանը: Վերջինիս «Անուրջներ» աշխատանքը տպավորիչ է իր դինամիկ հորինվածքով:


Պատկերված կերպարների հոգեբանական վերլուծությանն է ձգտել Արամ Ապարանցին իր «Բարի հիշողություն. մշեցիները» թեմատիկ-կոմպոզիցիոն աշխատանքում: Հորինվածքի կենտրոնում պատկերված երկու տարեց կանանց կերպարներն ամփոփում են անցյալի հիշողությունները:


Ցուցահանդեսում տեղ գտած քանդակագործական աշխատանքները հիմնականում մանրաքանդակներ են: Ցուցահանդեսի հետաքրքրաշարժ քանդակներից է Մարգարիտա Մատուլյանի «Նկարիչ» աշխատանքը, որում հեղինակին հաջողվել է ստեղծել կերպարվեստի հավաքական կերպար:
Այսպիսով, այս ցուցահանդեսը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանում ապրում ու ստեղծագործում են իրենց անհատական ձեռագիրն ունեցող շատ արվեստագետներ:

Սիլվիա ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
արվեստաբան Ջիոտտոյի արվեստանոց-թանգարանի աշխատակից

Լուսանկարը` Արուս Մելիքբեկյանի

Խորագիրը` Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ