Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մեր կյանքի անլույս փարոսը

Մեր կյանքի անլույս փարոսը
12.05.2017 | 10:52

ՆԱԽԵՐԳ


Արդեն 1991-ին պարզ էր գերխնդիրը` երկրում ձևավորել գերազատական (շուկայական) հարաբերություններ. ձևով` ժողովրդավարական, բովանդակությամբ` բռնազավթողական (խեղկատակային ենթատեքստով)։ Ձևն ու բովանդակությունը միաբանվելով` հանրային և պետական մեր կյանքը իմաստավորեցին այն գերբևեռացնելով։ Օր օրի, ժամ առ ժամ և տարիներ շարունակ հասակ առավ, դրության, թերևս նաև մեր բարդ դարի տերը դարձավ «Օ» բևեռը` ի դեմս օլիգարխիկ համակարգի։ Մեկ բևեռը, ինչ խոսք, բնազանցական է, և, ի հակադիր նրա, օր օրի, ժամ առ ժամ և տարիներ շարունակ հասակ առավ, դրության, թերևս նաև մեր բարդ դարի ընկեցիկն ու մուրացիկը դարձավ «Ա» բևեռը` ի դեմս նորանկախ երկրի անապահով դասի։ Եվ սա է 3-րդ հանրապետության ծննդի խորհուրդը` կերտել անկախ պետականությունն այս ձևաչափում` բարոյակրտված օլիգարխիկ ընտրակույտ և նրան հակակշիռ բարոյապես կայուն, սակայն քերթված թշվառական-անապահովների ընտրախավ։

ՀՆԴԿԱԿԱՆ ԿԱՍՏԱՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ


Հնդկական վերնախավում հոգևոր և աշխարհիկ ֆեոդալականությունն էր։ Քիչ ներքևում ռազմա-երկրագործական և առևտրա-վաշխառուական խավերն էին դիրքավորվել։ Իջնում ենք վար, այստեղ արհեստավորներն են և համայնքների ոչ լիիրավ անդամները։ Կաստայական բուրգի ստորոտում համեստ և զուսպ պատսպարված էր կիսաստրուկ-կիսաճորտերի կաստան։ Հնդկաստանը բռնազավթած բրիտանական նրբաքիմք գաղութարարներն ամեն կերպ կամենում էին այս բարեսիրտ երկրում պահպանել կաստայական համակարգը։ Սակայն արդեն 1950-ին Հնդկաստանի Հանրապետության գերագույն դատարանը ճանաչեց կաստաների իրավահավասարությունը։

Վերջերս խմբագրություն էր այցելել բազմազավակ ընտանիքի մայր տիկին Թամարը (անունը, հասկանալի պատճառով, փոխված է)։ Ընտանիքում յոթ անչափահաս երեխաներ կան։ Ամուսինը սեզոնային աշխատող է, ընտանիքի միակ ապավեն-կերակրողը։ Մյուս ապավենը «Փարոս» համակարգն է, որը բազմաթիվ չափումներից հետո ներառել է այս ընտանիքն իր սոցիալական ջերմ գրկում և ամսական վճարում է 65 հազար դրամ։ 65 հազարը սահմանված է ըստ փարոսյան «գնացուցակի»։ Իրականում ընտանիքը պարբերաբար ստացել է ուղիղ 50 հազար դրամ, իսկ «ավելորդ» 15 հազար դրամը համակարգի ծառայողների ստվերային տուրքն է։ Վերջին ձմռան ընթացքում ընտանիքի հորը հաջողվում է մի քանի հազար դրամ հավելյալ գումար վաստակել և քիչ թե շատ ջեռուցել տունը։ Գարնանամուտին այս տարաբախտ ընտանիքը ենթարկվում է «Փարոս» համակարգի ահաբեկչական գրոհին։ (Ի դեպ, «Փարոսը» այսպես է ստուգաբանվում. ը.ա.գ.փ.հ., ընտանիքների ապահովության գնահատման «Փարոս» համակարգ»)։ Գրոհի արդյունքում անապահով ընտանիքը զրկվում է վերոնշյալ «խաչհամբույր» գումարից, որովհետև տունը համարձակվել է ջեռուցել, և հանդգնել է ջեռուցման դիմաց գումար վճարել, առհասարակ խախտել է բանականության և բարոյականության բոլոր սահմանները` տեղադրելով ջեռուցման համակարգը։ «Փարոսի» ահաբեկիչներին ամենևին չի հուզում, որ համակարգի գումարը ընտանիքին նվիրել է ՌԴ-ում աշխատող սրտակից ազգականը։ «Փարոսին», առհասարակ, չի անհանգստացնում որևէ հանգամանք։ Բավականին հանգամանալից դրվագված են փաստարկները, անողոք և մի քիչ էլ սարսափազդու։ Այսպես, «Փարոսում» ընդգրկվելու համար, համաձայն օրենքի պահանջի, սովալլուկ ընտանիքը փաստաթղթեր հավաքելով դիմում է սոցիալական ծառայությանը` իրեն պաշտոնապես հայտարարելով աղքատ։ Հաշվի են առնվում ընտանիքի անչափահաս երեխաների թիվը, ընդհանուր եկամուտների չափաքանակը, սոցիալական որևէ ռիսկային խմբին պատկանելությունը և բնակության վայրը։ Սոցապահովության գիլիոտինն աշխատում է անխափան։ Կառավարությունը, դիցուք, յոթհոգանոց ընտանիքին վճարում է 70 հազար դրամ։ Վճարում է և պահանջում վարել թշվառականի կյանք, ձմռանը բնակարանը տաքացնել փայտե վառարանով, այն էլ շաբաթը 1 անգամ։ Եթե «Փարոսի» գերաչալուրջ ծառայակիցը հանկարծ նկատի, որ փարոսական ընտանիքի ծխնելույզից մշտապես առատ ծուխ է ելնում, ապա պարտավոր է թակել տան պատուհանը, կրնկակոխ բացված դռնից ներխուժել օջախ և պահանջել իսկույն ևեթ մարել կրակը վառարանում, քանզի 1 ամսվա ջեռուցումն առնվազն 100 դոլար գումար է պահանջում, իսկ դա աններելի շռայլություն է։ Փարոսականը պարտավոր է նվազագույն գումար ծախսել բջջային հեռախոսների խոսակցության դեպքում, էլեկտրաէներգիան ծախսել խստագույն սակավապետությամբ, չզբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և այլն։ Եթե փարոսականը սխալվի և բարեսիրտ մեկի մարդասիրական օգնությամբ գնի լվացքի մեքենա, անկողնային պարագաներ կամ էլ թեկուզ տան փոքրիկի համար եռանիվ մի հեծանիվ, ապա կհեռացվի համակարգից։ Քանզի «Փարոսի» շահառուները պետք է գոյատևեն, ոչ թե ապրեն։ Զի հայկական կաստայականությունը դա է պահանջում։

ՎԵՐՆԱԽԱՎՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՄԱՃԱՐԱԿ


Ժամանակին մեր ներկա օրը և այս չարաբաստիկ նվիրատվությունն այսպես է տեսել հրաշունչ պոետ Դավիթը Հովաննես.
Մեզ միայն թողեք հանգիստ,
հանգիստ թողեք,
մեզ միայն մի՛ հիշեցրեք
ինչ-որ օրենք,
մի՛ արեք, որ մութը մեզ
լինի փրկիչ...

Ըստ իս, մի շա՜տ կարևոր բան է անհրաժեշտ ներդնել Հայաստանում. վերականգնել է պետք խիստ մարդկային մի հատկանիշ` ամոթից կաս-կարմիր կտրելու (երբեմն նաև գետինը մտնելու) շնորհը։ Այնքա՜ն մարդկային, բանական և բարոյական մի բան կա կարմրող, ասել է` պատկառանքի զգացողություն ունեցող և դրան երբևէ չդավաճանող մարդու մեջ։ Մարդու այս տեսակն այսօր օրը ցերեկով պետք է որոնել և գտնել վառված մոմով։ Մարդու այս տեսակը, ըստ էության, անհայտ բացակայող է հայոց խմբիշխանությունում։ Զի խմբիշխանությունն է, որ կաստայավորելով հայկական իրականությունը, հայտարարել է ի լուր աշխարհի` 3-րդ հանրապետությունը բևեռացվել և դեռ էլ ավելի բևեռացվելու է գալիք տարիներին։ Սակայն չէ՞ որ և՛ խմբիշխանությունը, և՛ անապահով-թշվառները միևնույն կենաց ծառի արմատն ու սաղարթն են, չէ՞ որ 1988-ին նրանք թև ու թիկունք էին միմյանց, և ով կհավատար, որ հանրահավաքներում, նաև պատերազմի խրամատներում համազգային հարցն ու հանապազօր հացն իրար հետ կիսող ձախաթևյան ուսընկերը վաղը դառնալու է խմբիշխանիկ, իսկ աջաթևյան ուսակիցը` «փարոսյան» շահառու։ Ի դեպ, «Փարոսն» ի հայտ եկավ 1994-ին, այսինքն` Արցախի ազատագրման տարում։ Տարի, որը դարի պրկում, ուժ և ամոթանք ունի իր ամեն օրվա ամեն ժամում։


Եվ այս ահասարսուռ բոթը մի՞թե հայկական կաստայականության վերջնագրային հայտը չէ. 3-րդ հանրապետությունում պետք է, այո՛, խմբիշխանությունն ուռճանա և ապահովի անապահով խավի ապահով սնանկությունը։
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի 32-ամյա բնակիչ, երկու մանկահասակ երեխաների հայր Սամվել Կոծինյանը վաճառքի է հանել սեփական երիկամը, որ կառուցի 2016-ին մահացած դստեր և նույն տարում այս անամոք աշխարհը լքած մոր գերեզմանները։
«Ո՛չ ես, ո՛չ կինս մշտական աշխատանք չունենք, ես եմ բանվորություն ու տարբեր աշխատանք կատարում, որ մյուս երկու որդիներիս սննդի ու ապրելու հարցերը լուծեմ։ Չեմ բողոքում, կարողանում եմ ընտանիքիս կենցաղային հարցերը հոգալ, բայց գերեզման սարքել անկարող եմ»։ Լուրը մատուցող կայքը զետեղել է Սամվելի հեռախոսահամարը, որ կարեկից մարդիկ օգնության ձեռք մեկնեն նրան։


Այս ընտանիքը եզակի չէ։ Եզակին երիտասարդ տղամարդու հոգու ճիչն է։ Այս ընտանիքը «Փարոս» համակարգի շահառու է։ Եվ եթե կարեկիցներ գտնվեն և աջակցեն կառուցելու Սամվել Կոծինյանի մոր ու դստեր շիրիմները, ապա, ինչ խոսք, ընտանիքը կհամարվի ոչ կարիքավոր, և կզրկվի նպաստներից։
Մի խոսքով, ներկա հայոց վերնախավում սպասվում է դասակարգային համաճարակ։ Պաշտոնական լրահոսը պարբերաբար ցնցակաթվածի է ենթարկում մեր քաղաքացիական խիղճն ու միտքը։ 2017-ի ամենաթարմ տվյալներով ՀՀ-ում մշտական աշխատանք է փնտրում 100 հազար աշխատունակ քաղաքացի։ Նրանց ճնշող մասը նպաստային գերության մեջ է։ Եվ այս պահին ինձ իսկապես զարմացնում է խիստ էական մի հանգամանք` խմբիշխանությունը իսկապե՞ս չի գիտակցում, որ հանրապետությունում համաճարակ է բռնկվել, հենց իրենց ձեռքով, մտքով և սրտի խորքով փթթող թշվառության համաճարակը, որի ստնտուն ահռելի կապիտալի ճահիճներում նավարկող քաղաքատնտեսական հածանավն է` նավախելին պարզած «Փարոսի» դրոշը։

ՎԵՐՋԵՐԳ
Նորընտիր խորհրդարանը պետք է անհապաղ ընդունի կենսական մի քանի օրենքներ։ Մեկը պետք է պարտադիր աշխատանքով ապահովի վերոնշյալ 100 հազար գործազուրկին։ Երկրորդ, օրենքով պետք է պետականության անվտանգությունը խարխլող երևույթներ ճանաչվեն «Փարոս» համակարգը, բարեգործական ճաշարանները և մնացած նմանատիպ աղետալի խայտառակությունները։
Զինչե՜ր ցուցանեցին առակներն այս Աստծո գառներին և մոլորյալներին...


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2983

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ