Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աստված ոչնչից այնքա՜ն բան կարող է ստեղծել

Աստված ոչնչից այնքա՜ն  բան կարող է ստեղծել
12.05.2017 | 00:07

«Բայց Աստծո շնորհով եմ, ինչ որ եմ, և իմ մեջ եղած նրա շնորհները իզուր չանցան, այլ նրանցից բոլորից ավելի աշխատեցի, բայց ոչ թե ես, այլ Աստծո շնորհը, որ ինձ հետ էր» (Ա Կորնթ. 15.10):


Հավատը մարդու այն համոզմունքն է, որ ինքը ոչինչ է առանց Աստծո, բայց ամեն ինչ է Աստծով. Քրիստոսով նոր մարդ դառնալու համար հենց այդ հավատքն է անհրաժեշտ ավելի, քան Պողոս առաքյալի սահմանած` բացարձակ անհավատությանը հակադրվող հավատը, որը «հուսացված բաների հաստատումն է և չերևացող բաների ապացույցը», քանզի այն, ինչ տեսնում ես, էլ հույսով չես ակնկալում և տեսնելով` չես փնտրում փաստեր ու ապացույցներ:
Եթե մենք պարզապես առանց տեսնելու հավատում ենք Աստծո գոյությանը և ակնկալում ենք Աստծո անմահ արքայությունը, միգուցե մենք երանելի ենք, բայց երբ հավատում ենք ամենազոր Աստծուն, մենք մեր հավատի կրավորական կրողները չենք սոսկ, այլ այդ հավատը հավատամքի վերափոխողները, քանզի հավատում ենք Աստծուն, որ ասում է. «Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում» (Բ Կորնթ.12.9): Մինչև մենք չդատարկվենք ինքներս մեզնից, մենք Աստծով չենք լցվի և չենք համաձայնի առաքյալի հետ, երբ ասում է. «Ահա թե ինչու մեծ հաճույքով պարծենում եմ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ հաստատվի Քրիստոսի զորությունը: Դրա համար էլ ես գոհ եմ իմ տկարությունների և Քրիստոսի համար իմ կրած նախատինքների, նեղությունների, հալածանքների և դժվարությունների համար, որովհետև երբ ես տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր»: Մենք պետք է թույլ տանք Աստծուն Քրիստոսով «սրբագրել» մեր կյանքը:
Հավատալ Աստծուն նշանակում է վստահել մեր կյանքը կյանքի Արարչին, ոչ թե թողնել այն ինքնահոսի, ինչպես կարծում են նրանք, ովքեր միայն մարդկային ջանքերով հույս ունեն հասնելու իրենց նպատակին: Այդպիսի մարդիկ իրենց ողջ կյանքը ապրում են որպես աստվածամարտներ, որովհետև չգիտեն, որ «Նրանով ենք ապրում և շարժվում և կանք»: Մենք անհավատ ենք ոչ թե որ չենք հավատում Աստծո գոյությանը, այլ որ չենք հավատում Աստծո սիրուն, ողորմությանը, սրբությանը և արդարությանը, մի խոսքով. չենք ընդունում Աստծուն որպես միակ Աստված և չենք պատվում Նրան ըստ արժանվույն: Կա անգիտությունից ծնված անհավատություն, և կա անզգամությունից ծնված անհավատություն։ Անզգամն ասաց իր սրտում, թե չկա Աստված... Աստված կա, որպեսզի գրավի մեր սրտում ամենանվիրական տեղը, այնինչ մեր սրտում տեղ կա մեզ ծանոթ ու անծանոթ շատ երևույթների, բայց ոչ Աստծո համար: Շատ մարդիկ անկեղծորեն փափագում են գտնել Աստծուն, սակայն ձախողվում են ոչ որովհետև Աստված չկա, այլ որովհետև սխալ տեղում են փնտրում: Գուցե դուք առարկեք. բայց չէ որ Աստված ամենուր է: Այո, ամենուր է մեր ներսում, մեր հոգու անծայրածիր անհունության մեջ, մեր մտքի թևերի ազատ ճախրանքում, մեր սրտի ամեն մի թրթիռում: Մենք նրան չենք գտնի աշխարհային թոհուբոհում կամ համաստեղային երթում:


Այսպիսով, մենք տեսնում ենք, որ կան անհավատության երեք տիպի դրսևորումներ.
1. անզգամությունից ծնված անհավատություն,
2. անգիտությունից ծնված անհավատություն,
3. այլադավանություն։
Այսօր, երբ քրիստոնեությանը սպառնում է հերթական, բայց ոչ միակ համաշխարհային կրոնի վերածվելու վտանգը, շատ կարևոր է մարդու մեջ Աստծուն ճանաչելու և հասնելու ձգտումը, որպեսզի վերջնականապես չկազմալուծվի նրա մարդկային, բայց և աստվածապատկեր բնությունը: Միամիտ է կարծել, թե Քրիստոսի գալստյան` մարդեղացման նպատակը մարդկանց այլընտրանքային փրկության ճանապարհ առաջարկելն է. Նա Միակ Ճշմարիտ Ճանապարհն է, Միակ Իսկական Կյանքը, Միակն է և հերթականը չէ. դա պետք է գիտակցի յուրաքանչյուր ոք, և միայն այդ դեպքում նա կհաջողի Աստծուն փնտրելու իր փորձերում: Բայց գտնելուց հետո կարևոր է չկորցնելը Աստծուն և հավատը Նրա ամենազորության ու մեր ոչնչության նկատմամբ. Աստված ոչնչից այնքա՜ն բան կարող է ստեղծել:

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 4501

Մեկնաբանություններ