Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մշակույթի նախարարը տոմս է գնում ու գալիս ներկայացում նայելու. գոնե ես նման բան չեմ տեսել»

«Մշակույթի նախարարը տոմս է գնում ու գալիս ներկայացում նայելու. գոնե ես նման բան չեմ տեսել»
15.05.2017 | 15:32

Սեր, խարդավանք, շահավետ կամ չկայացած ամուսնություն: Արդարություն, որ ամենաուշն է օգնության հասնում: Շողոքորթներ, որ եղել են ու կլինեն, որովհետև նրանց ծնում է հասարակությունը: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում 41 տարվա ընդմիջումից հետո բեմ բարձրացավ Հակոբ Պարոնյանի «Շողոքորթը» թատերգությունը: Ներկայացման առաջնախաղը դիտելու համար Երևանից Գյումրի մեկնեցին մշակույթի նախարարը և նախարարության մի քանի տասնյակ աշխատակիցներ: Ճանապարհային արկածները չուշացան: Ավտոմեքենան հանկարծ լցվեց ծխով: Թատերասերները փակեցին Գյումրի-Երևան մայրուղին` խոսքուզրույցով, տեսարանները զննելով, լուսանկարելով ու լուսանկարվելով և ներկայացմանը սպասելով: Բարի մարդիկ (պատահական անցորդներ) իրենց մեքենաներով թատերասերներին խումբ-խումբ հասցրին Գյումրի:

Մինչ պրեմիերան` Գյումրու թատրոնի ներկայացուցիչները մամուլի ասուլիս հրավիրեցին, իրենց բնորոշմամբ`հետաքրքիր ու անսովոր տաղավարում: Ասուլիսին ներկա էր նաև մշակույթի նախարարը:
Արդեն դահլիճում զրուցեցինք Գյումրու թատերասերների հետ: Ասացին, որ ոչ մի ներկայացում, հատկապես` պրեմիերաները, բաց չեն թողնում, ընթացիկ ներկայացումներին նույնպես հետևում են, տեղեկանում են թատրոնի ֆեյսբուքյան էջից, ցուցատախտակներին փակցված աֆիշներից: Ներկայացումներից առանձնացրին «Սիրային խաղերը», «Տարբեր նվագները», «Արշիլ Գորկին»: Սիրված դերասանների անունն էլ նշեցին` Հովհաննես Հովհաննիսյան, Տիգրան Գաբոյան: Հպարտությամբ հավելեցին` Գաբոյանը երիտասարդ է, բայց վաստակավորի կոչում ունի, մարմնավորում է նաև Արշիլ Գորկուն ու շատ նման է նկարչին:


Մի վերջին հարց էլ տվեցի` սոցիալական խնդիրները պատճառ չե՞ն դառնում թատրոն չգնալու: Պատասխանը` չէ, օգնում է, թատրոնն օգնում է հաղթահարելու խնդիրները: Իսկ «Շողոքորթը» և մատը ցավի վրա դրեց, և ծիծաղեցրեց: Դերակատարներին առանձնացնել չեմ կարող: Բոլորն էին լուսավոր, ինքնատիպ, անկեղծ:
Հակոբ Պարոնյանը պիեսը գրել է 1872-ին` բարձրացնելով խնդիրներ, որոնց հետ, ցավոք, ամեն օր ենք բախվում: Քառորդ դար անց Երվանդ Օտյանը, ավարտուն տեսքի է բերել Պարոնյանի անավարտ թատերգությունը: Բեմադրիչ Արա Բաղդասարյանինը նոր լուծումներ է հաղորդել թատերգությանը:


Շողոքորթին`Պապիկին, մարմնավորում է ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը: Դերերում են նաև Հայաստանի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանը (Թադե), Ադելինա Հարությունյանը (Սոֆի), Նառա Սանթոյանը (Փառանձեմ), Վարագ Գևորգյանն (Հովսեփ), Արսեն Սաղաթելյանը (Արշակ), Հասմիկ Ղարիբյանը (Թերեզա), Սարգիս Ղարիբյանը (Տիգրան): Ներկայացման երաժշտական ձևավորումը ռեժիսոր Արա Բաղդասարյանինն է, զգեստները և նկարչական ձևավորումը` թատրոնի գլխավոր նկարիչ Անտոն Քեշիշյանինը:
Ներկայացումից հետո թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն ասաց, որ մայիսի 13-ի և 14-ի ներկայացման տոմսերը սպառվել են, ստիպված են եղել մեկ ներկայացում էլ ավելացնել մայիսի 24-ին, որը նախատեսված չէր: 700 -տեղանոց դահլիճում ևս 100 աթոռ դնելու անհրաժեշտություն է եղել: Երևանից ժամանած հյուրերին անդրադառնալով` ասաց. «Մշակույթի նախարարը տոմս է գնում իր գրպանից ու գալիս ներկայացում դիտելու: Գոնե ես նման բան երբևէ չեմ տեսել»:


Ի դեպ, նախարարը և Երևանից ժամանած հայտնի արվեստագետները ներկայացմանը հետևում էին ոչ թե օթյակից, այլ դահլիճից, կարծեմ`4-րդ ,թե 5-րդ կարգից:
Բնակավայրից բնակավայր մշակութային միջոցառումների մեկնելու ավանդույթը խոստանում է ավանդական դառնալ: Հույսի տեղ թողնելով նաև դպրոցականների աբոնեմենտային համակարգով ներկայացման տանելու հին ու բարի ավանդույթը վերականգնելու համար:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.- Տիգրան Վիրաբյանի հետ ամբողջական զրույցը` «Իրատեսի» առաջիկա համարներից մեկում:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3159

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Ռազմավարական գործընկերություն
Ռազմավարական գործընկերություն