Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ելքը» կունենա ավագանու 14 անդամ

«Ելքը» կունենա ավագանու 14 անդամ
15.05.2017 | 23:53

Ընդդիմադիր «Ելք» դաշինքը հայտարարում է, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ընդհանուր առմամբ ձևավորվել են քաղաքացիների քվեարկության արդյունքում, և իրենք կարողացել են արձանագրել «Ելքի» օգտին տրված յուրաքանչյուր քվե: Մամլո ասուլիսի ժամանակ դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բացի իրենից, ցուցակի մյուս անդամները վերցնելու են ավագանու մանդատները։

Նախնական տվյալներով «Ելքը» կունենա ավագանու 14 անդամ։ «Հիմա մենք մտել ենք մի պրոցեսի մեջ, երբ «Ելք» դաշինքի ազդեցությունը քաղաքական կյանքում առաջինը, ֆիքսվեց, երկրորդը՝ մեծացավ և շարունակելու է մեծանալ: Այսինքն՝ առաջիկա տարիներին քաղաքական հիմնական տրենդը լինելու է «Ելք» դաշինքի քաղաքական ազդեցության մեծացումը Հայաստանի քաղաքական կյանքում, և մենք հույս ունենք, որ այդ ազդեցությունը մեծանալու է այնքան, որ «Ելք» դաշինքը ստանձնելու է պետական իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում»,֊ նշեց Փաշինյանը: Ավագանու անդամի մանդատից Փաշինյանը նախընտրում է պատգամավորի մանդատը։ Դաշինքն առայժմ չի որոշել, թե ով է գլխավորելու Երևանի ավագանիում իրենց խմբակցությունը։ Չնայած մանդատները վերցնելու փաստին, «Ելքը» պնդում է, որ ընտրություններում ՀՀԿ շտաբներից համատարած ընտրակաշառք է բաժանվել, այդ գործընթացը եղել է կենտրոնացված ու կազմակերպված։

Ընդդիմադիր դաշինքը պնդում է, որ իրավապահները աջակցել են այս գործընթացին։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, հայտարարում է, որ հետընտրական պայքար չի լինի, քանի որ հասարակությունում ընտրակաշառքի նկատմամբ ձևավորվել է հանրային հանդուրժողականության մթնոլորտ. «Եթե 70 տոկոսը համարում ա, որ ինքը պետք ա անապատացող քաղաքում ապրի, կամ պտի քաղաքին պատկանող 230 ավտոբուսները մնան փտեն հավաքակայանում, իսկ «Գազել»-ներով իրանք կռացած պետք ա գնան, իրանց ընտրությունն ա: Ես հիմա գնամ կանգառներ, դուռը բացեմ, էդ մարդկանց զոռով քաշեմ, ասեմ՝ էդ «Գազել»-ից դուս արի, մի՞ կռացի: Չեմ կարա: Եթե ուզում ա, թող էդպես երթևեկի»:
Ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալների, «Ելք» դաշինքը ստացել է 70 780 ձայն՝ մոտ հազարով ավելի, քան ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին։ Փաշինյանի խոսքով, տասնյակ հազարավոր քաղաքացիներ շարունակում են ընտրակաշառք վերցնել:

Պատգամավորը չի կարծում, թե նախընտրական շրջանում «Ելքի» առաջարկած 15 հազար դրամի գաղափարը չաշխատեց։ Դաշինքը խոստացել էր հաղթելու դեպքում մայրաքաղաքի բյուջեից 15 -հազարական դրամ հատկացնել այն քաղաքացիներին, ովքեր կհրաժարվեն ընտրակաշառքից:


«Եթե հաշվի առնենք, որ Հանրապետականի ընտրողներից հազար հոգի պակասել ա, մեր ընտրողներին հազար հոգի ավելացել ա, կարող ենք ասել, որ հազար հոգի, որ քվեարկում էր Հանրապետականին, հիմա քվեարկում ա մեր օգտին: Որովհետև տեղամասերից մենք ունենք մեր օգտին կարմիր գրիչով քվեարկած քվեաթերթիկներ»,- ասաց Փաշինյանը: «Գրիչը տվել են կարմիր, որ գնա փողով իրանց ընտրի, մեզ ա ընտրել»,- պարզաբանեց Էդմոն Մարուքյանը:
«Ելքը», այդուհանդերձ, իրավական դաշտում շարունակելու է պայքարը։ Դաշինքի շտաբի պետ Էդմոն Մարուքյանը հայտարարում է, որ իրենց ունեցած ընտրակեղծարարության փաստերով դիմելու են դատախազություն. «Հաղորդում է նախապատրաստված: Հանրապետական կուսակցության էդ ֆայլերի շրջանակներում քրեական գործ հարուցելու համար գլխավոր դատախազին ենք դիմելու, մանրամասն այդ երեսունէջանոց փաստաթղթերը ներկայացվելու են, և հետևողական ենք լինելու, որ բոլորը հարցաքննվեն, ուսումնասիրվի ամբողջությամբ և քրեական գործի շրջանակներում մարդիկ պատասխանատվության ենթարկվեն»:


«Ելքը» Երևանի ավագանիում պատրաստ է համագործակցել «Երկիր ծիրանի» կուսակցության հետ: Հարցը սկզբում զարմացրեց Էդմոն Մարուքյանին. «Զարուհի Փոստանջյանը վերցնելո՞ւ ա մանդատները: Խորհրդարանի ընտրություններից հետո իր արած հայտարարությունը՝ ուղղված «Ելք» դաշինքին, այն մասին էր, որ «Ելք» դաշինքը գնաց վերցրեց մանդատները և ուրեմն դուք ծախվել եք, չգիտեմ ինչ… չեմ ուզում ավելի խոր գնամ: Իր տրամաբանության մեջ, իր քաղաքական գծի մեջ, եթե ինքը գնա վերցնի, էդ իրա տեքստը իրան ա վերաբերվում: Բայց մենք ասել ենք, և պարոն Փաշինյանը, և ես բազմիցս, որ մենք պատրաստ ենք համագործակցել, մեր ֆրակցիան կհամագործակցի «Երկիր ծիրանի» ֆրակցիայի հետ, եթե իրենք վերցնեն մանդատները»:

Դիտվել է՝ 1508

Մեկնաբանություններ