«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Թուրքիան առաջիկայում ավելի շատ կենտրոնացած է լինելու քրդական, ոչ թե Հարավային Կովկասի խնդրի վրա»

«Թուրքիան առաջիկայում ավելի շատ կենտրոնացած է լինելու քրդական, ոչ թե Հարավային Կովկասի խնդրի վրա»
16.05.2017 | 07:47

«Վերջին մեկ տարում Սիրիայում իրավիճակը կարելի է բաժանել երկու փուլի՝ մինչև ամերիկյան հարվածները և ամերիկյան հարվածներից հետո»,- մեզ հետ զրույցում, խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին, ասաց «Արևելք» գիտակրթական և վերլուծական կենտրոնի ղեկավար, պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ։

Նա նկատեց, որ լարվածությունը չի թուլանում. «Խնդիրն այն է, որ օրեր առաջ ԱՄՆ-ի նախագահը ստորագրեց մի հրաման՝ քրդերին ամերիկյան ծանր զինտեխնիկա տրամադրելու մասին, ինչին անմիջապես հետևեց Թուրքիայի նախագահ Էրդողանի բացասական արձագանքը, որ հնարավոր է վերանայեն հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Սա նշանակում է, որ Սիրիայի հարցում ԱՄՆ-ն ավելի է կոշտացնում իր դիրքորոշումը։ Սիրիայի ներսում քրդական անկլավի ստեղծումն ու ամրապնդումն արդեն փաստ են։ Թուրքական քաղաքականությունը և Թուրքիայի «Եփրատի վահան» նախագիծը, ըստ էության, հաջողության չեն հասել, քանի որ Թուրքիան չկարողացավ Էլ-Բաբ քաղաքից շարժվել դեպի հարավ. թե՛ ռուսները, թե՛ ամերիկացիները թույլ չտվեցին։ Եվ հիմա քրդերին ծանր զինտեխնիկա տրամադրելով՝ Սիրիայի և Իրաքի հյուսիսում քրդական ինքնավար միավորումներն աստիճանաբար ավելի են ամրապնդվում։ Դա նշանակում է, որ Սիրիայի հարցում հակամարտությունն ավելի է խորանալու։ Սիրիական իշխանություններն այսօր գտնվում են բավականին բարդ իրավիճակում։ Նրանք չեն կարողանում այդ գործընթացը կանգնեցնել»։


Պատմաբանը նշում է, որ վերջին ամիսները մեծ փոփոխություն չեն բերում ռազմաճակատում։ Ասադի վերահսկողության տակ է գտնվում Սիրիայի ընդհանուր տարածքի ընդամենը 20 տոկոսը։ Դա շատ կարևոր է պատկերացնելու համար իրավիճակը։ Սիրիան այլևս նախկին սահմաններում դժվար կարողանա պահպանվել։ Ըստ էության, 2016 թ. Սայքս-Պիկոյի համաձայնագրից հետո աշխարհի խաղացողները վերաձևում են Մերձավոր Արևելքի ամբողջ քարտեզը և՛ Իրաքում, և՛ Սիրիայում։ Ըստ պատմաբանի՝ սիրիական ճգնաժամը դեռևս կշարունակի պահպանվել, ինչը պետք էր դեռ վաղուց կանխատեսել։ Շատ կարևոր է նաև հասկանալ, որ բոլոր իրադարձությունները, հատկապես քրդերի հետ կապված, պայմանավորված են տարածաշրջանում Թուրքիայի ունեցած դերակատարմամբ։ Թուրքիան, հատկապես Ադրբեջանի հետ վերջին մեծ զորավարժություններից հետո, հիմնականում կենտրոնացած է լինելու քրդական, ոչ թե Հարավային Կովկասի խնդրի վրա։ Լարվածությունը տարածաշրջանում աստիճանաբար ավելի է խորանալու, ինչի ականատեսը կլինենք ամեն օր, ամեն ամիս։


Խոսելով ՌԴ արտգործնախարարի հայտարարության մասին, թե Իսլամական պետության դեմ պայքարում Ռուսաստանը կարող է գործի դնել Գյումրու ռուսական ռազմաբազան, պատմաբանը նկատում է, որ այս խնդիրները շաղկապված են. «Տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է, որ պայքարում են ոչ միայն ահաբեկչության դեմ, պայքարը Կովկասյան տարածաշրջանում ավելի բացահայտ է երևում։ Ըստ էության, դրան պետք է գումարել նաև ինֆորմացիոն այն արտահոսքը, թե Թուրքիան ցանկանում է Նախիջևանում մեծ ռազմաբազա կառուցել։ Ռազմաբազայի մասին Լավրովի հայտարարություններն ավելի շատ ուղղված են տրամադրությունները շոշափելուն և հակառակ կողմերին մեսիջներ հղելուն։ Դրանք, քաղաքագիտական լեզվով ասած, ավելի շատ ուղերձներ են երրորդ կողմին։ Իհարկե, նաև բացառված չէ ռուսական ռազմաբազայի օգտագործումն ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում։ Եթե նայենք պայմանագիրը, կտեսնենք, որ եթե սպառնա ինչ-որ վտանգ, ապա ռուսական ռազմաբազան կարող է օգտագործվել։ Այստեղ զարմանալու կամ աղմուկ բարձրացնելու խնդիր չկա»։


Վերջերս արծարծվեց թեման, թե Սիրիան կարող է վերածվել երկրորդ Աֆղանստանի։ Որքանո՞վ է այդ հեռանկարը հնարավոր։ Գևորգ Մելքոնյանը նկատեց, որ Սիրիան վաղուց է վերածվել երկրորդ Աֆղանստանի՝ արդեն ավելի քան 3 տարի։ Եվ ոչ միայն վերածվել է, այլև ավելի վատ վիճակում է, քան Աֆղանստանը։ «Եթե Աֆղանստանում բաժանումները հստակ են՝ նույն ցեղային, տարածաշրջանային, էթնիկ, քաղաքական, կրոնական բաժանումներ, ապա Սիրիան դեռևս այն փուլում է, որ այդ հարցում հստակություն չկա։ Այս պահին Աֆղանստանում իրավիճակն ավելի կանխատեսելի է, քան Սիրիայում»։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1989

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ