Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՄՆ-ի ռազմական դաշնակիցը չի բացառում նաև իր ռազմական գործընկերությունը Ռուսաստանի հետ

ԱՄՆ-ի ռազմական դաշնակիցը չի  բացառում նաև իր ռազմական գործընկերությունը Ռուսաստանի հետ
16.05.2017 | 07:49

Իր ապաշնորհ կառավարումից հայ հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով Հայաստանի ղեկավարությունը հրահրեց հակառուսական քարոզչություն` պատրվակ դարձնելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պարագան: Ռուսներն արդարանում են, որ եթե իրենք չվաճառեին, միևնույն է, ազերիները ուրիշներից էին գնելու, մասնավորապես, հայերի «բախտակից» հրեաներից՝ Իսրայելից: Նաև զենք վաճառելով, Մոսկվան շոշափելի ազդեցություն է ձեռք բերում և անհրաժեշտ պահին կանխում Ազերստանի որոշ հավակնություններ, այդ թվում` նաև Հայաստանի նկատմամբ: Ի վերջո, ասում են ռուսները, բոլոր դեպքերում մենք ենք ձեր միակ երաշխիքը 90-միլիոնանոց թուրք-ադրբեջանական համացեղային ագրեսիայի հավանականությունը կանխելու գործում: Մեծ ու արտագաղթի պատճառով օր օրի հատնող փոքր պետության հարաբերությունների դասական օրինակ:


Ի հակադրություն ռուս-հայկական դաշնակցային «թերի» հարաբերությունների, հայոց լրատվամիջոցներում հաճախ է բերվում ամերիկա-իսրայելական նույնպես դաշնակցային հարաբերությունների օրինակը, իբր Ամերիկան բոլոր պարագաներում ամուր կանգնած է Իսրայելի թիկունքին և ըստ ամենայնի պաշտպանում է նրա շահերը: Բայց այդպե՞ս է իրականում:


Ռուսական մամուլում հաճախ են հրապարակումներ լինում այդ թեմայով, որոնց հեղինակները հիմնականում հրեաներ են՝ Իսրայելից, թե Ռուսաստանից: Կարդալով այդ նյութերը, բնավ էլ այն տպավորությունը չես ստանում, որ ԱՄՆ-ն անմռունչ անում է ամեն ինչ մերձավորարևելյան իր ռազմական դաշնակցի համար: Եվ այդ այն դեպքում, չմոռանանք, որ հրեական լոբբին հսկայական ազդեցություն ունի ամերիկյան քաղաքական-ֆինանսական վերնախավի վրա, որ Իսրայելը, ի տարբերություն Հայաստանի (ցավոք), ռազմատնտեսական առումով ուժեղ պետություն է՝ ատոմային զինապաշարով: Եվ ամերիկա-իսրայելական հակասական, բնավ էլ ոչ անխռով հարաբերությունների իմաստով, ասես, ամփոփիչ վերլուծական հոդված էր հրապարակել «Նեզավիսիմայա գազետան»՝ ուղարկված Երուսաղեմից՝ պրոֆեսոր Զախար Ֆրիդմանի ստորագրությամբ:


Սկզբում քաղաքագետը իր տեսական մոտեցումներն է տալիս պետությունների դաշնակցային ու գործընկերային առնչությունների նկատմամբ, նշելով, որ դրանք կարող են միանշանակ չլինել: Իսրայելի և Թուրքիայի ռազմական գերատեսչությունների ռազմական համագործակցությունը դեռ վերջերս գործընկերային էր, սակայն, շատ բարձր մակարդակի: Բերված է նաև Մոսկվա-Երևան և Մոսկվա-Բաքու հարաբերությունների օրինակը, երբ վերջինիս հետ Ռուսաստանի գործընկերային կապերը մոտենում են դաշնակցայինին, թեև այդպիսին չեն համարվում: ԱՄՆ-ի և Բրիտանիայի ռազմական համագործակցությունը չես համարի հավասար Թուրքիայի հետ առնչություններին, եթե նույնիսկ նրանք բոլորն էլ նույն ռազմական դաշինքի անդամներ են:


Եվ այսպես, թեև ոչ ոք կասկածներ չի հայտնում, որ Իսրայելը իրոք ԱՄՆ-ի ռազմական դաշնակիցն է, այդուհանդերձ այս հանգամանքը ամերիկացիներին բնավ էլ չի խանգարում հսկայական քանակությամբ զենք վաճառելու արաբական երկրներին, որոնցից շատերը, Ֆրիդմանի որակումով, հրեական պետության հանդեպ բացահայտ թշնամաբար են տրամադրված կամ նրանցից և ոչ մեկին չի կարելի համարել բարեկամական: Նորագույն տվյալներ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսը քննարկում է Կատարին ու Քուվեյթին 31,2 միլիարդ դոլարի նորագույն զենք վաճառելու հարցը: Մինչդեռ ոչ մեկի համար գաղտնիք չէ, առավել ևս Իսրայելի համար, որ Կատարը շոշափելի ռազմական աջակցություն է ցույց տալիս հրեական պետության դեմ ահաբեկչական ակտիվ գործողություններ իրականացնող ՀԱՄԱՍ-ին:
Նոր ինքնաթիռների մատակարարման ու հների արդիականացման՝ Սաուդյան Արաբիայի հետ կնքված նոր գործարքի ընդհանուր գումարը կազմում է 29,43 միլիարդ դոլար:
ԱՄՆ-ն անսքող մրցակցության մեջ է մտել Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի հետ` Եգիպտոսին զենք վաճառելու ասպարեզում:


Իսրայելցի զինվորական փորձագետները հատուկ ընդգծում են, որ բավական հաճախ ամերիկացիները արաբներին տրամադրում են շատ ավելի արդիական զինտեխնիկա, քան իրենց դաշնակից Իսրայելին:
Հոդվածագիրը հատուկ կանգ է առել նաև Իսրայելի հանդեպ ԱՄՆ-ի նորագույն ժամանակների նախագահների վերաբերմունքի վրա: Բարաք Օբաման, անտարակույս, հրեաների համար դարձավ ամենահակաիսրայելական լիդերը վերջին կես դարում: Բերված են Լինդոն Ջոնսոնի, Ջիմի Քարտերի, ավագ Բուշի զանազան հակահրեական հայտարարություններն ու օրինակներ նրանց հակաիսրայելական տարբեր գործողությունների մասին: Ավագ Բուշը, ասենք, Արևելյան Երուսաղեմը այդպես էլ չճանաչեց որպես Իսրայելի բաղկացուցիչ մաս: Եվ, առհասարակ, Արևմուտքը երբեք չի եղել հրեական պետության հուսալի դաշնակիցը` հավաստում է Ֆրիդմանը:


Անշուշտ, Իսրայելի լիդերները արել են ամեն ինչ` չբարդացնելու հարաբերությունները Ամերիկայի հետ: Վարչապետ Նեթանյահուն անընդհատ փորձեր էր անում լեզու գտնելու «մուսուլման» Օբամայի կամ, ինչպես ռուսներն էին ասում, Բարաք Հուսեյնովիչի հետ: Իսրայելցիները ներկայումս մեծ հույսեր են կապում ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի դուստրերից մեկը, ի դեպ, ամուսնացած է օրթոդոքսալ հրեայի հետ և ընդունել է հուդայականություն: Համենայն դեպս Թրամփի առաջիկա առաջին արտասահմանյան ուղևորության մեջ գերադասված պետությունների՝ Սաուդյան Արաբիայի, Վատիկանի, Եվրամիության հետ մեկտեղ ընդգրկված է նաև Իսրայելը:


Պրոֆեսոր Ֆրիդմանը անդրադարձել է նաև ԽՍՀՄ-ի, Ռուսաստանի հետ հարաբերություններին: Խորհրդային ղեկավարների համար Իսրայելը, ասես, դադարել էր գոյություն ունենալուց, Մոսկվան չէր էլ պատրաստվում հաշվի առնել նրա շահերը: Հրեական պետությունը լավ էր միայն այն առումով, որ նրան ատող արաբական պետությունները Մոսկվա էին գալիս զենքի ու վարկերի որոնումներով: Մոսկվայի և Երուսաղեմի մերձեցումն սկսվեց գորբաչովյան վերակառուցման վերջին տարիներին:
Եվ չնայած Իսրայելը շարունակում է մնալ ԱՄՆ-ի ռազմական դաշնակիցը, այնուամենայնիվ այնտեղ չեն բացառում, որ իրենց երկիրը կարող է լինել նաև Ռուսաստանի ռազմական գործընկերը: Որոշ ռուս քաղաքական գործիչներ կարծում են, որ Սիրիայի իրադարձությունները նպաստում են ռուս-իսրայելական հարաբերությունների ակտիվացմանը: ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության ու անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ֆրանց Կլինցևիչը համոզմունք է հայտնել, որ իսրայելցիները չպիտի մտավախություն ունենան Մերձավոր Արևելքում Ռուսաստանի ներկայության ուժեղացումից, մանավանդ որ Սիրիայում ռուսական ռազմատիեզերական ուժերի բոլոր գործողություններն իրականացվում են նաև Իսրայելի աջակցությամբ։ Ավելին, իսրայելցիները թեև առանձնապես չեն տարփողում իրենց գործողությունները, սակայն, ըստ էության, Ռուսաստանի գործընկերն ու դաշնակիցն են Սիրիայում:


Կարևորվում է նաև այն պարագան, որ Իսրայելի ներկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուին հաջողվել է անձնական վստահելի հարաբերութուններ հաստատել Վլադիմիր Պուտինի հետ, երբ երկու լիդերները հարգալից են իրար նկատմամբ, չնայած հաճախ են տարակարծիք մնում: Հրեաներն ընդունում են, որ Ռուսաստանը պատկանում է աշխարհի ազդեցիկ երկրների ոչ մեծ խմբին, ուստի «փոխադարձ հարգանքի համակարգը», որ ձևավորվել է ռուս-իսրայելական երկկողմ հարաբերություններում, ստրատեգիական մեծ արժեք ունի նրանց համար:


Ազգապաշտ, ճկուն, պրագմատիկ ու հեռատես է հրեական միտքը: Խոր իմաստ կունենար ի գիտություն Հայաստանի ղեկավարության հայոց լրատվամիջոցներում հանգամանորեն վերլուծել հազարամյակներ հետո վերածնված ու ժամանակակից աշխարհի 20 հզորագույն պետությունների շարքը դասված Իսրայելի նորօրյա պատմությունը, ինչքան էլ որ արհամարհական լինի հրեական պետության վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, այն աստիճանի, որ անգամ չճանաչի Հայոց ցեղասպանությունը և ռազմաստրատեգիական համագործակցություն ունենա Ադրբեջանի հետ:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 2761

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ