Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ձեր պատմությունը միշտ հիշեք, հայե՛ր

Ձեր պատմությունը միշտ հիշեք, հայե՛ր
16.05.2017 | 07:54

Նացիստական Գերմանիայի նկատմամբ նախկին ԽՍՀՄ-ի և Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների Մեծ հաղթանակի 72-րդ տարեդարձն արդեն հետևում է։ Չեմ պատրաստվում նկարագրել Մոսկվայում և մեր Արցախում տեղի ունեցած զորահանդեսները. ում հետաքրքրում էր, կարող էր դիտել և ինքը։ Դա ավանդույթ է, որ ընդունված է անվանել Սրբազան։ Իհարկե։ Չէ՞ որ այն պատերազմը ոչ միայն Մեծ հայրենական, այլև Սրբազան անունն էր կրում։ Հիշեք, մի լավ պրպտեք ձեր ուղեղի ծալքերում։ Ինքնըստինքյան այն փաստը, որ Հայաստանի ողջ ղեկավարությունը տոն օրերին մեկնել էր Արցախ, արդեն վկայում է այն մասին, թե հայ ժողովրդի համար որքան կարևոր է Մայիսի 9-ի զորահանդեսի անցկացումը Արցախում։ Անգամ եթե զորահանդես չլիներ էլ. պարզապես այդ օրերին Արցախում լինելը։


«Կլոր տարեթիվ» էլ չէ Մեծ հաղթանակի 72-րդ տարեդարձը։ Եվ ամբողջ աշխարհում այդ օրն անցավ շատ ավելի աննկատ, քան 2015 կամ 2016 թվականներին։ Սակայն Մեծ հայրենականի հետ կապված բոլոր տարեթվերն ամեն հայ պարտավոր է հիշել, այն տարիների անցքերը ժամանակն է վերաիմաստավորել։ Օգտակար օրինակ է 2017-ի Մայիսի 9-ը. Երևանում, վերջապես, շատ թե քիչ կազմակերպված ձևով տեղի ունեցավ «Անմահ զորագունդ» միջոցառումը։ Նույնիսկ Ստեփանակերտում նման միջոցառում անցկացվեց։ Եվ դա կարևոր է, անգամ չափազանց կարևոր։ ՈՒղղակի ճնշող է մի բան։ Ելնելով նույնիսկ այն, միմյանցից շատ տարբերվող տարեթվերից, որոնց մասին տեղեկություններ որքան ուզեք կան տարբեր աղբյուրներում, մեր ժողովուրդն այն տարիների պատերազմի ամենաակտիվ մասնակիցներից մեկն է։ Համոզիչ լինելու համար պարզապես մի քանի թիվ բերեմ տարբեր աղբյուրներից, այդ թվում` այն, որոնք ստորագրված են մեր լայնորեն հայտնի գեներալների ձեռքով. ազգանուններ չեմ նշի, դա չէ կարևորը։


«Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվել են մարտական գործողություններին մասնակցած 800 հազար հայերից 450 հազարը»։ «Մեծ հայրենականի ռազմաճակատներում ֆաշիստ զավթիչների դեմ մարտնչել են հայ ժողովրդի ավելի քան 600 հազար ուստրեր ու դուստրեր»։ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է մոտ 600 հազար հայ, որոնցից մոտ 300 հազարը զոհվել է»։ «1941 թվականի հունիսից մինչև 1945-ի մայիս բանակ է զորակոչվել ավելի քան 500 հազար հայ, և դա եղել է ժողովրդի նշանակալի մասը (1941-ի տվյալներով, հանրապետության բնակչության թիվը եղել է մեկ միլիոն 400 հազարից էլ պակաս)։ 175 հազար հայ զոհվել է մարտական գործողությունների ընթացքում»։ Ահա, խնդրեմ։ Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական պատմությունը չիմանալու, սեփական հերոսներին չճանաչելու մեր քարացած ու ամոթալի «ավանդույթը»։ Ո՛չ, խոսքը նրանց, մասին չէ, ում ամբողջ աշխարհն է ճանաչում, այլ նրանց, ովքեր հաճախ այդպես էլ, անանուն են մնացել։ Կորել են անհետ։ Նրանց, ովքեր, ինչպես պարզել է Հյուսիսային Կովկասում հայրենասիրական որոնողական արշավախմբերից մեկը, անօրինակ սխրանքով կասեցրել են էսէսական «Էդելվայսի» գործողությունները լեռներում, և, ինչպես պարզվել է, խորհրդային զինծառայողների այդ խմբի զգալի մասը հայ է եղել, ասենք, նրանց հրամանատարն էլ է հայ եղել։


Շատ ավելի հստակ են Արցախին վերաբերող թվերը։ Կարդանք միասին. «ԼՂԻՄ-ից զորակոչը կազմում էր բնակչության մոտ 32 տոկոսը, այն դեպքում, երբ ամբողջությամբ վերցրած ԽՍՀՄ-ում այդ թիվը կազմում էր 6 տոկոս։ Համեմատության համար. Գերմանիայում համընդհանուր զորահավաքի ժամանակ բնակչության զորակոչի թիվը 16 տոկոսից չէր անցնում։ Եվ եթե ազնիվ լինենք, ապա 32 տոկոսը ոչ թե պարզապես ահավոր է, այլև աղետալի, քանի որ ստացվում է, որ ԼՂԻՄ-ի յուրաքանչյուր երեք բնակչից մեկը զորակոչվել է կամ կամավոր մեկնել բանակ։ Եթե նկատի առնենք, որ բնակչության մոտ 50 տոկոսը կանայք են լինում, ապա մնացած մոտ 20 տոկոսը ծերեր ու արական սեռի երեխաներ են եղել, իսկ մնացած ամբողջ արական սեռի բնակչությունը եղել է ռազմաճակատում։ Կամ ստացվում է, որ ռազմաճակատ են ուղարկվել նաև մեծ քանակությամբ կանայք։ Մյուս կողմից, արցախյան պատերազմից մենք գիտենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը միաժամանակ լուծում էր նաև մյուս տեղաբնիկ ժողովուրդների` հիմնականում լեզգիների, ավարների, թալիշների ազգային հարցը։ 1939 թ. համամիութենական մարդահամարի տվյալներով, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության թիվը կազմում էր 150838 մարդ, որոնց 90 տոկոսը հայեր էին։ Այդ թվակազմից Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զորակոչվեց կամ կամավորագրվեց 45000 մարդ կամ բնակչության 32 տոկոսը (Խորհրդային Միության ընդգրկմամբ, 194 միլիոնից` 11 միլիոնը, այսինքն` 6 տոկոսը)։ Տոկոսային առումով ԼՂԻՄ-ից զորակոչվեց 5 անգամ ավելի շատ, քան ամբողջ երկրում։ ԼՂԻՄ-ից ռազմաճակատ մեկնած ղարաբաղցի հայերից, տարբեր տվյալներով, զոհվել է 18000-ից մինչև 22000 մարդ, ինչը կազմում է բնակչության ընդհանուր թվի 12-15 տոկոսը։ Այսպիսով, հայաբնակ փոքրիկ ինքնավար մարզից, որը պատերազմի տարիներին գտնվում էր խոր թիկունքում, պատերազմում զոհվել է ամեն յոթերորդ-ութերորդ բնակիչը, ինչը մեծապես գերազանցում էր միջին միութենական մակարդակը և համեմատելի էր, ավելի շատ, Բելոռուսիայի կորուստների հետ, որտեղ, ինչպես հայտնի է, կատաղի մարտական գործողությունների և բազմամյա ֆաշիստական օկուպացման պայմաններում զոհվել էր ամեն չորս բնակչից մեկը»։


Ի՞նչ է երևում այս թվերից. նախ, որ, չնայած տվյալների բավական մեծ «տատանումներին» (սկսած «ավելի քան 500 հազարից» կամ «մոտ 600 հազարից» մինչև «800 հազար հայ» զորակոչված կամ կամավորագրված), պետք է խոստովանել, որ 1941-45 թթ. Մեծ հայրենականի մասնակիցների ժառանգների քանակը ժամանակակից Հայաստանում և Արցախում պետք է, անկասկած, շատ ավելի մեծ լիներ, քան այն մարդկանց քանակը, որ 2017-ի Մայիսի 9-ին մասնակցում էին «Անմահ զորագունդ» ակցիային։ Իսկ ո՞ւր են նրանք` պատերազմի մեր մասնակիցների սերունդները։ Այլ երկրներում, որտեղ նույնքան բարձր են պատերազմին մասնակցության ցուցանիշները, «Անմահ զորագունդ» ակցիան արդեն երրորդ տարին նաև իրենց նախնիների պատգամին հասարակության ակտիվ խավի, նույնիսկ իշխանության նվիրվածության ցուցանիշ է։

Մի՞թե Հայաստանի և Արցախի ներկա ղեկավարության ոչ մի «օղակի» ընտանիքներում Հայրենական մեծ պատերազմի ոչ մի մասնակից չի եղել։ Ես ամենևին նպատակ չունեմ ասելու, թե Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն անձամբ պետք է գլխավորեին շարասյուները նրանց, ովքեր, այնուամենայնիվ, պիտի որոշած լինեին մասնակցել «Անմահ զորագունդ» ակցիային։ ՈՒզում եմ ասել, որ մեր երկրի իշխանությունները կարող էին մի փոքր ջանք գործադրել և հարյուրավոր, գուցե և հազարավոր հայերի համար հնարավորություն ստեղծել քայլարշավի մասնակցելու «Անմահ զորագնդի» շարքերում, բայց այդպես էլ չկարողացան այդ բանն անել ֆինանսական կամ կազմակերպական դժվարությունների նկատառումով, ուղղակի հնարավորություն ստանալ պարզապես ներկա գտնվելու մի արարողության, ինչպես մարգարեաբար ասել է Վանգան, երբ մեռելները կկանգնեն ողջերի կողքին։ Սերունդների միասնականացման արարողության։
Երկրորդ` այդ թվերն արժանի պատասխան են նրանց, ովքեր ոչ այն է թյուրիմացաբար, ոչ այն է չարամտորեն նորից հիշել են այն «հին երգը», թե «դա մեր պատերազմը չէ», իբր, «հայրերն ստիպված էին»։ Ավագ մորաքույրս ռազմաճակատ էր մեկնել կամավոր։ Ջահել աղջիկ։ Տատիս կրտսեր եղբայրը նույնպես որպես կամավորական էր ռազմաճակատ մեկնել։ Ի դեպ` զոհվել է։ Եվ դա իմ մեծ, հսկայական տոհմի ներկայացուցիչներից ընդամենը երկուսի մասին։ Իսկ որքա՜ն այդպիսի հայեր են առհասարակ եղել Հայաստանում, Արցախում, ընդհանրապես ամբողջ ԽՍՀՄ-ում։ Չէ՞ որ այն հայ սպան, որն իր խումբը դեպի լեռներն էր առաջնորդում փակելու «Էդելվայսի» մարդասպանների ճամփան, նույնպես կամավորական էր և ամենևին էլ պրոֆեսիոնալ զինվորական չէր, սիրողական ալպինիստ էր ընդամենը։ Եվ ինչո՞ւ է մեր ժողովրդի մի մասն իրեն իրավունք վերապահում որոշում կայացնելու մեր նախնիների փոխարեն, թե ինչն է ճիշտ եղել և ինչը սխալ 1941-ի ամռանը։ «Ազատականների» կամ ուկրաինական բանդերականների կասկածելի դափնինե՞րը հանգիստ քնել չեն թողնում։ Ցավ ու ցասում. միայն այսպիսի զգացումներ կարող են առաջացնել այն «հոգի աղտոտողները», որոնցով լի էին սոցցանցերը 2017-ի Մայիսի 9-ին։


Մենք երկար տարիներ` սկսած 1992-ի մայիսից, անընդհատ կրկնում ենք. հայեր, ախր, հիանալի էր, որ Մայիսի 9-ի օրը մեզ համար Եռատոն է։ Ե՛վ Մեծ հայրենականում տարած հաղթանակը, և՛ ԼՂՀ-ի պաշտպանության բանակի ստեղծումը, և՛ Շուշիի ազատագրումը, վերջապես։ Հենց այս հերթականությամբ և ուրիշ ոչ մի կերպ։ Մի շատ պարզ պատճառով. եթե չլիներ հաղթանակը Գերմանիայի նկատմամբ, համոզված եմ, մեր ազգը չէր լինի նաև 1992-ի Մայիսի 9-ին։ Ասեմ ինչու։ Լինեի Հայաստանի ցանկացած իշխանության փոխարեն, երկաթյա որոշմամբ կստիպեի, որ մեր ազգն ամեն տարի նշեր Ստալինգրադում գերմանացիների պարտության օրը։ Իսկ ինչո՞ւ այսպես` «կստիպեի»։ Դե, որովհետև դեռ կան կարճամիտներ, որոնք կարծում են, թե «գերմանացիների օրոք լավ կիներ»։ Իսկ այն տարիներին Հայաստանում կային զորամիավորումներ, որոնք Թուրքիայից պաշտպանում էին խորհրդային հարավարևմտյան սահմանը։ Այն տարիներին ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ թուրքերն սպասում էին հենց Ստալինգրադի ճակատամարտի ավարտին, որ Գերմանիայի կողմից պատերազմի մեջ մտնեին։ Այնպես որ, Արևելյան ճակատում գերմանական զորքերի ցանկացած, անգամ տեղային պարտություն, գերմանական ֆաշիզմի ջախջախմանը հայ մարտիկների ցանկացած մասնակցություն ցանկացած շարքային հայի համար նշանակում էր նաև փրկություն նոր ողբերգությունից` կապված հայ ժողովրդի պատմության մեջ թուրքերի դերի հետ։ Ողջ են դեռ այն մարդիկ, ովքեր շատ լավ հիշում են. այն ժամանակ Հայաստանում բոլորին նախապատրաստում էին գյուղերից ու քաղաքներից բարձրանալու լեռները` ի դեպս, եթե Թուրքիան մտներ պատերազմի մեջ։ Եվ ես նրանցից ոմանց հետ, նրանց ընտանիքների անդամների հետ անձամբ ծանոթ եմ։ Ողջ են նաև նրանք, ովքեր հիշում են. 1945-ից հետո խորհրդային բանակի հայկական դիվիզիաները կազմ ու պատրաստ հրամանի էին սպասում ազատագրելու Կարսի մարզը։

Այլ բան է, որ այն ժամանակ էլ Հայկական հարցը աշխարհաքաղաքականության զոհ դարձավ։ ՈՒ դեռ էլի՞ կասկածներ ունեցող հայեր կան։ Այդ դեպքում, ահա, խնդրեմ, սրանք նացիստ ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի խոսքերն են` ասված 1942-ի դեկտեմբերին. «Ես չգիտեմ, թե այդ վրացիներն ինչպես կպահեն իրենց։ Նրանք թյուրքական ժողովուրդներին չեն պատկանում... Ես հուսալի եմ համարում միայն մուսուլմաններին... Մնացած բոլորին ես անհուսալի եմ համարում։ Այս պահին այդ զուտ կովկասյան գումարտակների կազմավորումը ես շատ վտանգավոր եմ համարում, մինչդեռ ոչ մի վտանգ չեմ տեսնում զուտ մուսուլմանական զորամիավորումների ստեղծման գործում... Չնայած Ռոզենբերգի ու զինվորականների բոլոր հայտարարություններին, ես չեմ վստահում նաև հայերին»։ Եվ զուր չէ, որ լեգեոններից առաջինը, որ պետք է «օգներ» նացիստներին, հենց «Թուրքեստանյան լեգեոնն» էր, որի ստեղծումը թվագրված է դեռ 1941-ի նոյեմբերին։
Այնպես որ, Հիտլերի գերվստահությունը թուրքերի ու Թուրքիայի, առհասարակ թյուրքական ժողովուրդների նկատմամբ երևակայության աշխարհից չէ, դա ավելի քան իրական ապացույց է այն բանի, որ եթե չլիներ 1945-ի մայիսը, չէր լինի նաև 1992-ի մայիսը։ Իսկ ահա թե ինչ է գրել ռուս «սպիտակ վտարանդիական» պատմաբան Ա. Ս. Կազանցևը կովկասյան լեգեոներական ստորաբաժանումների մասին. «Բաժանման (Ռուսաստանի- խմբ.) պլանների կատարման կարգով, տարբեր ազգությունների ռազմագերիներից (և կամավորներից) ստեղծվում էին գումարտակներ, որոնք գազանային ատելությամբ էին դաստիարակվում ոչ միայն բոլշևիզմի, այլև ռուսական ամեն ինչի նկատմամբ. արհեստականորեն հրեշավոր, չարագույժ շովինիզմ էր բորբոքվում... նման գումարտակներում քարոզչությունը ոչ թե հակախորհրդային, այլ հենց հակառուսական բնույթ էր կրում։ Ռուսներին անվանում էին ոչ այլ կերպ, եթե ոչ «զավթիչներ», «պատմական թշնամիներ»։ Ահա նաև գերմանական նացիզմի գլխավոր գաղափարախոս Ալֆրեդ Ռոզենբերգի վկայությունը. «Կովկասի ցեղերի ու ժողովուրդների տարանջատումը միմյանցից... գերմանական հրամանատարության համար կհեշտացներ նրանց նկատմամբ գերիշխանության հաստատումը... Տարբեր ազգությունների միջև հակասությունների առաջացման նպատակով զորամասի օգտագործումն արդեն քաղաքական հանգամանք է»։ Ահա թե ինչ էր սպասելու մեզ, ընդ որում, մեզ բոլորիս` կովկասյան տարածքի բնակիչներիս, եթե, ասենք, գերմանացիները Թուրքիային հնարավորություն չտային զավթելու տարածաշրջանը և, ասենք, փորձելու կրկնել իր զանգվածային հանցագործություններն ընդդեմ մարդկության, որ մինչ այդ իրականացվել էր Արևմտյան Հայաստանի, Համշենի, Կիլիկիայի ոչ թյուրքական ժողովուրդների նկատմամբ։ Հայաստանին, ամբողջ Կովկասին կսպասեին անթիվ ու անվերջանալի «վեճեր», գուցե և պատերազմներ, ուր գերմանացիները հանդես կգային իբրև «գերագույն իրավարարներ»։ Թյուրքերի հանդեպ Հիտլերի առանձնահատուկ «սիրո» ու վստահության պարագայում, ինչը նա չի քաշվում խոստովանել, դժվար չէ գուշակել, թե ինչ էր սպասելու մեր ժողովրդին։ Բայց փաստ է նաև այն, որ Ստալինգրադում հաղթանակ տանելու դեպքում գերմանացիները «կանաչ լույս» կվառեին հենց Թուրքիայի առջև. Անդրկովկասում հայերի սպանդով զբաղվում էին իրենք թուրքերը։


ՈՒ վերջին հիշեցումը. գերմանացիները Ստալինգրադում անձնատուր եղան 1943-ի փետրվարի 2-ին։ Այս տարի հերթական թուրքական օկուպացման սպառնալիքից մեր ազգի, ինչպես և Կովկասի մյուս ժողովուրդների խուսափելու 74-րդ տարեդարձն էր։ Այնպես որ, 2018-ը կլինի երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ Թուրքիայի մտնելու և նրա կողմից ամբողջ Կովկասն օկուպացնելու սպառնալիքից Հայաստանից և Կովկասի փրկության հոբելյանական, «կարմիր» 75-րդ տարեդարձը։ ՈՒզում եմ հուսալ, որ Հայաստանում և Արցախում իշխանությունները բավականաչափ ողջամտություն կունենան, որպեսզի 2018-ի փետրվարի 2-ը նշանավորեն պետական մակարդակի միջոցառումներով։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ