ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

ԱՄՆ-ը կրկին ձգտում է տապալել գործընթացը

ԱՄՆ-ը  կրկին ձգտում է  տապալել գործընթացը
16.05.2017 | 08:04

Համաձայն «Ռուսիա-ալ-Յում» հեռուստակայանի հաղորդման, ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմական ինքնաթիռները շաբաթ օրն ավիահարվածներ են հասցրել Ռաքքա քաղաքի բնակելի տարածքներին, ինչի պատճառով զոհվել են մի ընտանիքի 7 անդամներ: Այս մասին տեղեկացրել է «Ռուսիա-ալ-Յում» հեռուստակայանը: Այսպիսով միայն 3 օրում` մայիսի 11-13-ին, կոալիցիայի ռազմական ինքնաթիռների իրականացրած ավիահարվածների պատճառով Սիրիայի խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է առնվազն 23-ի:


Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Դեյր-էզ-Զորի արևելյան արվարձանի դեմ կոալիցիայի ռազմական ինքնաթիռների իրականացրած ավիահարվածների պատճառով զոհվել է առնվազն հինգ հոգի: Այս մասին, հղում կատարելով իր աղբյուրներին, հաղորդել է արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Տեղեկացվում է նաև, որ միջազգային կոալիցիայի ավիացիան մայիսի 11-ի գիշերը հարվածներ է հասցրել Ռաքքայի հյուսիսում Էս Սալահիա գյուղին: Հարձակման պատճառով զոհվել է առնվազն 11 բնակիչ, նրանց թվում` չորս երեխա:


Միջազգային կոալիցիայի ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են նաև Համայի հյուսիսային արվարձանում գտնվող Ալ-Լաթամենա քաղաքավանի որոշ հատվածներ: Ավիահարվածների զոհերի գլխավոր մասը խաղաղ քաղաքացիներ են: Այս հարձակումները նախկինում շարունակ արժանացել են Սիրիայի կառավարության և իրավապաշտպան այլ կառույցների բողոքին, սակայն ապարդյուն:


ԱՄՆ-ի և կոալիցիայի պատճառաբանությունը նման դեպքերում սովորաբար հետևյալն է` ինքնաթիռները գրոհել են ենթադրյալ ահաբեկիչների դիրքերի վրա: Սակայն այն, որ տվյալ դեպքում ավիահարվածներն իրականում հասցվել են ոչ թե ահաբեկիչներին, այլ Սիրիայի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական բնակչությունից մեծաթիվ զոհեր խլել, դա ոչինչ… Ըստ էության, այս ամենը պատահականություն չէ. այս կերպ է պատասխան տրվում ու հակազդելու փորձ արվում «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և ահաբեկչական այլ խմբավորումներին Սիրիայի և Ռուսաստանի զինված ուժերի հասցրած հարվածներին:
Վաղուց և ոչ առանց հիմքերի այն կարծիքը կա, որ ԱՄՆ-ն ու նրա որոշ դաշնակիցներ, գաղտնի թե ոչ գաղտնի, իրականում հովանավորում են Սիրիայում գործող հիշյալ և այլ ահաբեկչական խմբավորումների: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը օրերս հայտարարել է, որ «բոլոր այդ խմբերի ընդհանրությունը վահաբական գաղափարախոսությունն է, բոլորի սանձերը Միացյալ Նահանգների ձեռքում են»:


Ինչպես ավելի վաղ նշել էի իմ հրապարակումներից մեկում, Սիրիայում անվտանգության չորս գոտի («ոչ բախումային» կամ «ապաէսկալացված» շրջաններ) ստեղծելու վերաբերյալ Աստանայում Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Սիրիայի կառավարության և ընդդիմադիր զինյալ խմբավորումների ներկայացուցիչների մասնակցությամբ մայիսի 4-ին ձեռք բերված ու մայիսի 6-ից ուժի մեջ մտած համաձայնությունը ձեռնտու չէ ԱՄՆ-ին, Արևմուտքի նրա դաշնակիցներին, ինչպես նաև ԱՄՆ-ի վրա լրջագույն ազդեցություն ունեցող Իսրայելին, որովհետև որքան Սիրիայում շատ արյուն թափվի, հյուծիչ պատերազմը շարունակվի և իրավիճակը լարվի` էլ ավելի ծանրացնելով Ասադի, նրա վարչակազմի դրությունը, այնքան, սեփական շահերի տեսանկյունից, իրենց համար լավ, հետևաբար նրանք հնարավոր ամեն ինչ անելու են այդ նախաձեռնության իրագործումը տապալելու համար:


Մայիսի 8-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ Ռուսաստանի ներկայացրած և Աստանայում ձեռք բերած հիշյալ համաձայնությունն ամրագրող ՄԱԿ-ի բանաձևի նախագծի ընդունմանը խոչընդոտելու համար ԱՄՆ-ի կողմից էական ազդեցության ենթարկվող միջազգային այդ կառույցից, թե հենց ԱՄՆ-ից ասվել է` որպեսզի ՄԱԿ-ի ԱԽ-ն իր բանաձևով հավանության արժանացնի և ամրագրի Աստանայի համաձայնագիրը, անհրաժեշտ է, որ Սիրիայի տարածքում ՄԱԿ-ի հովանու ներքո ստորաբաժանումներ տեղակայվեն: Դրան անմիջապես հետևել է Սիրիայի կտրական արձագանքը: «ՌԻԱ Նովոստի» գործակալության տեղեկացմամբ, Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը հայտարարել է, որ Սիրիայում «ապաէսկալացված» կամ «անվտանգության» գոտիների պահպանման նպատակով Սիրիայի տարածքում ՄԱԿ-ի հովանու ներքո ստորաբաժանումների տեղակայման հնարավորությունն իրենք բացառում են, և որևէ միջազգային ուժ, բացի Ռուսաստանից, չի ներգրավվելու նշված գոտիների պաշտպանությանը:


Հիշյալ անվտանգության գոտիներում ՄԱԿ-ի հովանու ներքո ստորաբաժանումներ տեղակայելու մտահղացմանը զուգահեռ, ԱՄՆ-ը, անկոչ հյուրի նման (իբրև անվտանգության գոտիներում խաղաղության երաշխավոր), փորձում է առաջ տանել այդ գոտիներում միջազգային կոալիցիայի ավիացիայի աշխատանքի գաղափարը, ինչը նշանակում է հարամել նշված գոտիներում հնարավոր խաղաղության հաստատումը:
«Անվտանգության գոտիներում ավիացիայի, հատկապես միջազգային կոալիցիայի ավիացիայի աշխատանք նախատեսված չէ՝ ծանուցմամբ, թե առանց դրա,- հայտարարել է Աստանայի բանակցություններում ՌԴ պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանորդ Ալեքսանդր Լավրենտևը:- Այդ հարցը փակված է: Միջազգային կոալիցիան կարող է աշխատել միայն Իրաքի տարածքում, Ռաքքայի, Դեր Զորի և Եփրատի շրջանների բնակավայրերում տեղակայված ԻՊ դիրքերի ուղղությամբ»:
ՌԴ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանորդը նշել է նաև, որ միջազգային կոալիցիայի ավիացիայի թռիչքների համար անվտանգության գոտիներն այժմ փակ են, սակայն դա Աստանայի հուշագրում ամրագրված չէ: Նշենք, որ Ռուսաստանը ցանկանում է այդ ամրագրմանը հասնել ՄԱԿ-ի ԱԽ ներկայացրած բանաձևով:


Չբավարարվելով Սիրիայում ստեղծվող անվտանգության գոտիներում իր գլխավորած կոալիցիայի ռազմական ավիացիայի թռիչքներն իրականացնելու ձգտմամբ, ԱՄՆ-ը նույնիսկ փորձում է հասնել ապաէսկալացիոն նշված գոտիներում ամերիկյան զորքերի տեղակայման:
Նկատի ունենալով վերը նշվածը, ՌԴ արտաքին գործերի փոխնախարար և նախագահի լիազոր ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը օրերս ստիպված է եղել Միացյալ Նահանգներին շատ հստակ հասկացնել, որ «Սիրիայում ցանկացած քայլ անելու, ներառյալ՝ ուժերի տեղակայման համար, անհրաժեշտ է լինելու Սիրիայի պետայրերի հետ բանակցել և ստանալ նրանց համաձայնությունը»: ԱՄՆ-ը չունի և, իհարկե, չի էլ ստանա նշված համաձայնությունը, իսկ առանց այդ համաձայնության, անվտանգության գոտի ներխուժելու դեպքում նրա այդ քայլը միանշանակ գնահատվելու է որպես ինքնիշխան պետության նկատմամբ ռազմական ագրեսիա, ինչը կհանգեցնի Սիրիայի, թերևս նաև Ռուսաստանի և Իրանի զինված ուժերի համապատասխան քայլերին՝ դրանցից բխող թերևս աղետալի հետևանքներով հանդերձ:
Ռուսաստանն առանձնապես կարևորել է Սիրիայի ազգային ինքնիշխանությունը հարգելը: ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալն ընդգծել է նաև, որ Սիրիայում ահաբեկչության ոչնչացումից հետո այնտեղ տեղական խորհուրդների ձևավորումը չպետք է փոխարինի օրինական իշխանություններին: Ինչպես հայտնի է, դա ԱՄՆ-ի և Արևմուտքի ձգտումն է՝ Ասադին իշխանությունից այդ կերպ հեռացնելու նպատակով:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1933

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ