Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ստեղծարար, մշակութային, բիզնես ծրագրերի առանցքում գյուղական դպրոցի աշակերտներն են

Ստեղծարար, մշակութային, բիզնես ծրագրերի առանցքում  գյուղական դպրոցի աշակերտներն են
16.05.2017 | 08:08

«Դար» հիմնադրամը «Այբ» դպրոցի հետ համատեղ ավելի քան 5 տարի իրականացնում է «Դպրոցը որպես համայնքային կենտրոն» փորձարարական ծրագիրը Ծաղկունք գյուղի միակ դպրոցում։ Այստեղ կյանքի են կոչվում մշակութային, գյուղատնտեսական և տարատեսակ սոցիալ-հոգեբանական ծրագրեր, որոնց նպատակն է գյուղացուն պահել գյուղում, գյուղական համայնքը դարձնել ինքնաբավ: «Մեր նպատակը ոչ թե ձկնորսին ձուկ տալն է, այլ կարթ՝ ձուկ որսալու համար: Ի սկզբանե հայ մարդու մեջ պետք է փոխել պասիվ սպառողի մտածողությունը, այսինքն, անվերջ դժգոհելուց և պահանջելուց բացի, ինքներս մեզ հարց տանք` իսկ ինչո՞ւ ես չանեմ դա,- մեզ հետ զրույցում նշեց «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամի հոգեբան-մանկավարժ ՎԱՐՍԵՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:- Առհասարակ, ամբողջ ծրագիրը միտված է կրթության միջոցով գյուղի մշակութային կյանքի աշխուժացմանը, գյուղատնտեսության զարգացմանը, գյուղացուն սեփական բիզնես գաղափարների կրողն ու իրագործողը դարձնելուն։ Այդ իմաստով բիզնես ծրագրերի առանցքում են հայտնվում գյուղական դպրոցի աշակերտները, ինչպես նաև համայնքի բնակիչները։ Դպրոցի հետ ակտիվ համագործակցությամբ իրագործելի են դառնում մի շարք անհավանական թվացող ստեղծարար, մշակութային ծրագրեր: Իբրև օրինակ` դպրոցի հարակից տարածքի անմշակ հողերում գյուղատնտեսի օգնությամբ աշակերտները մշակում են բանջարաբոստանային տարբեր կուլտուրաներ և դրանցից ստացված շահույթով փոխհատուցում, ասենք, դասագրքերի գումարը: Բացի այդ, ստացված բերքը երեխաներին տալիս է դպրոցի ճաշարանում անվճար սնվելու հնարավորություն։ Այսինքն, երեխան սովորում է ճիշտ ձևով մշակել միրգ ու բանջարեղեն և սահմանափակ ռեսուրսներով մեծ արդյունք ստանալ: Սովորելու հետ մեկտեղ նաև հոգում է իր նվազագույն ծախսերը, ինչը ձևավորում է վերաբերմունք ազնիվ աշխատանքի նկատմամբ, հավատ սեփական ուժերին և ստեղծարար մոտեցում ցանկացած մարտահրավեր հաղթահարելու համար»։
Զրուցակիցս փաստում է, որ դպրոցում կիրառվող փորձարարական ծրագրերը փոխել են վերաբերմունքը հենց կրթության նկատմամբ. վերջին չորս տարում Ծաղկունքում ավելի շատ են բուհ ընդունվող շրջանավարտները, քան նախորդ քսան տարում: Հարց է առաջանում` երբ հաջողության են հասնում, որակյալ մասնագետներ են դառնում, վերադառնո՞ւմ են արդյոք գյուղ:


«Ծրագիրը չորս-հինգ տարի է, որ ներդրվել է: Գնալ-վերադառնալու միտումի մասին առայժմ ոչինչ ասել հնարավոր չէ,- ասում է դպրոցի հոգեբանն ու բերում գյուղի ընտանեկան հյուրատան օրինակը:- Հաջողված օրինակներն առավել ամրապնդում և ոգեշնչում են երեխաներին։ Համայնքի բնակիչ Յուրա Սարգսյանի օրինակով մենք միշտ փաստում ենք, որ գյուղում հնարավոր է արարել, ստեղծել՝ չկտրվելով հայրենի հողից ու արմատներից։ Յուրան Երևանում հաջողակ խոհարար էր, խոհարարների ասոցիացիայի անդամ, ուներ լավ վարձատրվող աշխատանք, սակայն վերադարձավ գյուղ՝ իր հետ բերելով նոր շունչ ու ոգեշնչում։ Կնոջ հետ բացեց ընտանեկան հյուրատուն, որը դարձել է զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը։ Վերջիններս իջևանում են այս ընտանեկան հյուրատանը։ Ծաղկունքում նրանց գրավում են գյուղական միջավայրը, կոլորիտն ու հյուրատան ընտանեկան ջերմությունը: Յուրան նաև անցկացնում է լավաշ թխելու, պանիր, խորոված պատրաստելու վարպետության դասեր, նա ամենաերկար տոլմայի հեղինակն է: Հյուրատանը մատուցվող սնունդը բացառապես անարատ գյուղմթերքից է պատրաստվում:

Այս բիզնեսից սնվում է մոտ 20-25 ընտանիք. պանիրը, միսը, հացը գնում են գյուղի բնակիչներից։ Կարծում եմ` գյուղը բրենդի վերածելու այս միտումը շարունակություն կունենա»:

Երբ խոսվում է գյուղի մասին, առաջինը, որ մտքովդ անցնում է` անբարեկարգ ճանապարհներն են, արտագաղթը, դատարկված գյուղերն ու դրանցում առկա բազում խնդիրները: «Ծաղկունքում խնդիրներ չկա՞ն, թե՞ չեք խոսում դրանց մասին» հարցին ի պատասխան Վարսենիկ Խաչատրյանն ասաց, որ գյուղը չի կարող առանց խնդիրների լինել: Մարդիկ օրնիբուն կռիվ են տալիս հողի հետ, բնության քմահաճույքների, գյուղմթերքի գների տատանումների պատճառով կարող են կորցնել ամբողջ տարվա աշխատանքը: ՈՒնեն ոռոգման և խմելու ջրի և շատ այլ խնդիրներ: Բնականաբար, կա մտածողության խնդիր, ընդդիմանում են, դժգոհում, թերահավատորեն են ընդունում ցանկացած առաջարկ: Հոգեբանի ձևակերպմամբ` ուզում ես բաժակը կիսով չափ լիքը տեսնել, թե կիսով չափ դատարկ, քո ընտրությունն է: Նրա խոսքով` պետք է ձևավորել բարձր գիտակցությամբ հասարակություն, որ պատասխանատվություն է կրում իր համայնքի համար, կարողանում է գրագետ ձևով օգտագործել սեփական ռեսուրսները և առավելագույն արդյունք ունենալ: Այս իմաստով դպրոցը հասարակության ակտիվ անդամներ ձևավորելու լավագույն դարբնոցն է:
Վարսենիկ Խաչատրյանի անցկացրած «Գաղափար ոչնչից» թրեյնինգի շրջանակում երեխաներն առաջարկում են գաղափարներ, որ կարող են իրագործել իրենց ունեցած ռեսուրսներով: Լավագույն առաջարկները փորձում են կյանքի կոչել: «Աշակերտներիցս մեկը, ընթերցանության խթանման ծրագիր ներկայացնելուց հետո, հարց բարձրացրեց, թե որքանո՞վ է իր ծրագիրը ծառայում հասարակությանը, պետության բարօրությանը։ Սա նշանակում է, որ նախաձեռնողի սերմերն արդեն հողում են։ Այսինքն, նա արդեն գիտակցում է, որ ինքն էլ կարող է ներդրում անել, ինչ-որ բան փոխել երկրում, և դա ինձ ամենաշատն է ուրախացնում»:
Անդրադարձանք նաև երեխաների առաջարկած «Տատիկի հեքիաթը» ծրագրին, որը կյանքի է կոչել հոգեբանը: Ծաղկունք գյուղի հայտնի տատիկին, որը 2000-ից ավելի հանելուկներ գիտի, բացահայտել են հենց այդ ծրագրի շրջանակում։ Ամեն շաբաթ դպրոց է հրավիրվում աշակերտներից մեկի տատիկը, որը կարդում է հոգեբանի ընտրած կամ իր առաջարկած հեքիաթը: Երեխաների ու տատիկի հանդիպումը տեղի է ունենում դպրոցի գրադարանի հարմարավետ անկյունում, փափուկ բազմոցներն ու գունագեղ գորգը ստեղծում են անկաշկանդ, հեքիաթային ու ջերմ մթնոլորտ: Տատիկն իր մեծական խրատներն է տալիս հեքիաթում բարձրացվող թեմայի առնչությամբ: Երեխաները նկարում են հեքիաթից իրենց դուր եկած հատվածը:

Արդեն երկու տարեկան է ծրագիրը: Զրույցի ընթացքում հոգեբանն անկեղծացավ, ասելով, որ սկզբում, երբ առաջարկել է ծրագիրը, թերահավատորեն են ընդունել. «Շատերը համոզված էին, որ ոչ մի տատիկ չի թողնի իր բան ու գործը ու գա դպրոց հեքիաթ կարդալու, բայց ես գիտեի, որ հայ տատիկն իր թոռնիկի համար պատրաստ է ամեն ինչի: Ընտրեցինք ամենաակտիվ տատիկներին, որ մյուսները հետևեն նրանց օրինակին, հետո արդեն տատիկներն իրենք էին զանգում, հարցնում, թե երբ է գալու հեքիաթ պատմելու իրենց հերթը: Հանելուկասաց Ֆենիկ տատիկի հետ ծանոթացել եմ այս ծրագրի շրջանակում: Ասեմ, որ մեր տատիկները շատ նորամուծություններ են մտցնում ծրագրում: Ֆենիկ տատիկը, նախքան հեքիաթն ընթերցելը, երեխաներին առաջարկում է հանելուկներ, որոնք գուշակելու դեպքում նոր կբացվի հեքիաթի գիրքը։ Տատիկը զարմացնում է անհամար հանելուկների իր իմացությամբ, երեխաները` պատասխանները գուշակելու: Մեր տատիկները գալիս էին` անտեսելով թե՛ ճանապարհային, թե՛ եղանակային անհարմարությունները: Մեր բոլոր տատիկներն էլ առանձնահատուկ են։ Ծրագիրը մի քանի նպատակ ուներ, առաջին` խթանել ընթերցանությունը երեխաների շրջանում, երկրորդ` համայնք-դպրոց կապի ապահովումը: Գյուղական համայնքներում ընդունված է, որ տան մեծն է որոշումներ կայացնում, և այս ծրագրերից հետո հենց տատիկներն են հարսներին խրախուսում, որ մասնակցեն դպրոցում տեղի ունեցող միջոցառումներին»:


Երեխաների ստեղծագործ ներուժը բացահայտող և զարգացնող ծրագրերից մեկն էլ դպրոցում ներդրված «Գեղարվեստական հանրակրթություն» ծրագիրն է (ղեկավար՝ Նորայր Այվազյան)։ Այստեղ ներառված առարկաները հասանելի են ոչ միայն աշակերտներին, այլև համայնքի բոլոր այն բնակիչներին, ովքեր ցանկանում են անվճար սովորել քանդակագործություն, գոբելենագործություն, նկարչություն և այլն: Գեղարվեստական հանրակրթության մի մասն է թատրոնը (ղեկավար՝ Արմեն Քուշկյան)։


Զրուցակիցս կարևոր է համարում այն, որ երեխաների մեջ փոքր տարիքից սեր է ներարկվում դեպի արվեստը. «Թատրոնն օգնում է բացահայտելու երեխաների ներքին պոտենցիալը, մտածողության խորությունը, ի հայտ են գալիս նաև դերասանական տաղանդ ունեցողները»: Դպրոցի թատերախումբը ներկայացումներ է բեմադրում գյուղում, հրավերներ ունի «Այբ» դպրոցից, Դիլիջանի միջազգային դպրոցից, ինչպես նաև Երևանի տարբեր համայնքների մշակույթի տներից։


Զրույցիս ընթացքում փորձեցի պարզել, թե պրակտիկ հոգեբանին ինչպե՞ս ընդունեցին գյուղում: «Դա էլ նոր մշակույթ է: Բնականաբար, ինչպես ամեն նոր գաղափար, սկզբնական շրջանում դժվարությամբ ընդունեցին, սակայն այսօր թե՛ մանկավարժները, թե՛ ծնողները, իսկ որ ամենից կարևորն է, աշակերտները արժևորում են հոգեբանի աշխատանքը և տարբեր հարցերով ձգտում են մասնագիտական աջակցություն ստանալ: Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր մասնագետ, որ մտնում է գյուղ, ուսումնասիրի ու հարգի գյուղի ավանդույթները, վերուդիրը, հակառակ դեպքում քո սովորած բոլոր արտասահմանյան տեսությունները կարող են արժանանալ հակազդեցության ու հանգեցնել հակառակ արդյունքի: Առաջին հերթին պետք է սիրել գյուղը: Ես մեծացել եմ Երևանի ասֆալտապատ «ջունգլիներում», գյուղն ինձ համար երազային աշխարհ էր: Ասում են, չէ՞, վախեցիր երազանքներիցդ, դրանք կարող են իրականանալ: Համալսարանն ավարտելիս ինձ պատկերացնում էի գյուղական դպրոցում: Դրա մեջ ավելի շատ առաքելություն կա, քան աշխատանք։ Շնորհակալ եմ Ա. Աղաջանյանին, ում շնորհիվ ես այս ծրագրի մի մասնիկը դարձա։ Նրա գործուն ջանքերի շնորհիվ է, որ այս ծրագիրն այսօր իրականություն է։ Ծնվելով և մեծանալով Ծաղկունք գյուղում, սակայն ապրելով արտերկրում, Ա. Աղաջանյանը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում գյուղն իր հիմնախնդիրներով։ Կարելի է ասել` նրանց շնորհիվ է, որ գյուղը շնչում է»:
Իբրև հոգեբան, Վարսենիկ Խաչատրյանը գյուղում իրականացնում է անհատական և խմբակային աշխատանքներ երեխաների, ծնողների, ուսուցչական կազմի հետ, նրա աշխատանքն ամբողջ համայնքի հետ է:


Փորձարարական այս ծրագրի ներդրումով առայժմ փորձելու են հասկանալ, թե ինչ հնարավոր խոչընդոտների կհանդիպեն գյուղական համայնքում և ինչ հաջողություններ է հնարավոր գրանցել, որ հետագայում դպրոցական այս մոդելը կիրառվի նաև այլ համայնքներում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 8591

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ