ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Չարաճճի ՀՀԿ-ականներից մինչև իշխանատենչ ընդդիմադիրներ

Չարաճճի ՀՀԿ-ականներից մինչև իշխանատենչ ընդդիմադիրներ
18.05.2017 | 17:07

Քաղաքական բանավեճերի և խարդավանքների սեզոնը բացվեց: Խորհրդարանն սկսեց վեցերորդ գումարման աշխատանքները: Հաշվի առնելով կուսակցությունների կազմը և ներկայացված դեմքերը, առաջիկա հինգ տարում ինտրիգների պակաս չի լինելու: Իսկ մինչ այդ հետաքրքիր մեկնարկով սկսվեց խորհրդարանի աշխատանքը: Մասնագիտությամբ բժիշկ ԱԺ խոսնակը, կարգազանց պատգամավորներին նկատի ունենալով, հայտարարեց, թե «չարաճճի երեխաների» հետ աշխատելու փորձ ունի և խոստովանեց, որ ժամանակին ինքն էլ է նույն «չարաճճիությունը» արել` քվեարկել է ուրիշի փոխարեն, ինչը, ըստ նրա, «շատ վատ բան է»: 88 ձայնով ընտրվեց մանկաբույժ Արա Բաբլոյանը, որը, հավանաբար, կզբաղվի խորհրդարանի «առողջացմամբ»:

Խորհրդարանում հայտնված նախկին պաշտոնյաները` ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, բավական անկաշկանդ զրուցեցին լրագրողների հետ, իսկ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նույնիսկ Նարեկացի արտասանեց: Լրագրողների «թակարդում» հայտնվեցին Գագիկ Ծառուկյանն ու նրա փեսան` Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը: Եթե աները բավական նյարդային էր խոսում լրագրողների հետ, փեսան չափազանց զուսպ էր` վստահեցնելով ընդամենը, որ հայրը` Հովիկ Աբրահամյանը, նեղացած չէ գործող իշխանությունից:

Առաջին նիստում առաջին «բախումը» եղավ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների միջև: Գագիկ Ծառուկյանի խմբակցությունը քվեարկեց իշխանության թեկնածուի օգտին, ավելի ուշ Միքայել Մելքումյանը բացատրեց, թե «ազատ» քվեարկություն է եղել, թողել են պատգամավորների խղճին: Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանն էլ հեգնեց. «Ցավալի է, որ ընդդիմադիր խմբակցության պատգամավորների խիղճն իրենց տարել է դեպի իշխանություն»:

Օրվա ուրախությունն ու տրամադրությունն ապահովեց ամենատարեց նիստ վարող Կնյազ Հասանովը: Չնայած սկզբում նա բավական շփոթված էր, չգիտեր որը` ինչպես, մի պահ էլ անգամ խոսափողը խառնեց հեռախոսի հետ` «Ալո, ալո», բայց քիչ-քիչ ընտելացավ իր «կարգավիճակին»: ՀՀԿ-ականները նույնիսկ կատակում էին, թե մի քիչ էլ անցի, էլ չի ցանկանա տեղը զիջել, արդեն հարմարվել է խոսնակի աթոռին:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն փոխնախագահներին կընտրի վաղը և, ամենայն հավանականությամբ, առաջադրված թեկնածուները`Արփինե Հովհաննիսյանը, Էդուարդ Շարմազանովը և Միքայել Մելքումյանը, կընտրվեն փոխխոսնակի պաշտոնում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ