ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Խորհրդարան՝ այլընտրանքո՞վ, թե՞ պատրանքով

Խորհրդարան՝ այլընտրանքո՞վ, թե՞ պատրանքով
19.05.2017 | 01:08

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանի առաջին նիստում ավանդական ելույթն ունեցավ, որ առավել ծրագրային էր, քան պաշտոնակալության ելույթը: Երևի տարիների մեջ կուտակվել էր ասելիքը ու պիտի հնչեր մի կառույցում, որ ստանձնելու է կառավարումը: Պետական քաղաքականության չհիշատակված ուղղություն չմնաց: Նույնիսկ արտագաղթից խոսվեց, որ չկար ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրում: Առանցքում սահմանադրական բարեփոխումներն էին՝ նա մի քանի անգամ հիշեցրեց հանրաքվեն ու պահի բեկումնային լինելը՝ խոստումնալից ու պատասխանատու:

Նախագահը պատգամավորներին կոչ արեց օրենսդրական գործունեության մեջ «մինիմալիստ» չլինել ու լավագույն օրենքներն ընդունել: Հիշեցրեց, որ հետայսու բարձրանում է ԱԺ դերն արտաքին քաղաքականության մեջ, ու պահանջեց ակտիվ լինել միջազգային խորհրդարանական կազմակերպություններում: Անդրադարձավ կուսակցությունների դերին հասարակական-քաղաքական կյանքում, հորդորեց արդարադատություն և իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձանց ընտրելիս կամ մարմիններ ձևավորելիս առաջնորդվել ոչ թե «նա մեր համախոհն է», այլ «նա իր գործի գիտակն է» սկզբունքով: Կոռուպցիան էլ չմոռացավ՝ ասաց. «Պետությունը շարունակում է հասարակության և անհատի մեջ արմատավորել «կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականության» մշակույթը»: Խոստումներ էլ տրվեցին՝ նոր փուլի ու նոր կյանքի: Արտաքինից բացի, գտնվեց ներքին թշնամին՝ անարդարությունը, որին տեղնուտեղը պատերազմ հայտարարվեց: 2040-ին խնդիր դրվեց բնակչությունը 4 միլիոնի հասցնել, ասաց՝ առաջիկա 5 տարում պետք է մշակենք 50 տարվա հորիզոն ունեցող ծրագիր: Նրա խոսքը երկար էր, տաղտուկ ու անհույզ՝ բազմիցս տարբեր ձևակերպումներով ասվել ու լսվել էր, կրկնությունը վկայում է, որ այդ դայջեստին հրաժեշտ տալու հույսեր չկան: Բայց կար մի հատված, որ ուներ կոնկրետ հասցեատեր ու որոշակիություն՝ Արցախի հարցով: Սերժ Սարգսյանն անդրադարձավ նախընտրական շրջանում հնչած մտքերին, որ անպատասխան մնալով՝ կարող են սխալ մտայնությունների ձևավորման պատճառ դառնալ։ «Մտքերը» Լևոն Տեր-Պետրոսյանինն էին: Սերժ Սարգսյանը համաձայն չէր, որ «անցյալում լավագույն փաստաթուղթն է բանակցվել, որն այսօր կարող է հանգուցալուծման բանալի լինել»: Ասաց՝ «Երբ Բաքուն է կեղծում, թե իբր մենք ցանկանում ենք ամեն գնով պահպանել ստատուս քվոն, դա գուցե տեղավորվում է հակառակորդի տրամաբանության շրջանակներում, բայց Հայաստանից հնչող այդպիսի տեսակետը չի կարող ընդունելի լինել»։ Բացատրեց՝ «Ստատուս քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է։ Այս մոտեցումն էր արտացոլված Կազանի փաստաթղթում։ Թեև մերժվեց Ադրբեջանի կողմից, բայց նախորդ փաստաթղթերի նման ի պահ չհանձնվեց ԵԱՀԿ քարտուղարություն, այսինքն` շարունակում է մնալ վերջին աշխատանքային փաստաթուղթ»։

Բացատրեց, որ հստակ ու ակնառու ուրվագծվում է՝ ինչ տեսք է ունենալու արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորումը, որ անկեղծության պոռթկման պահին Ադրբեջանի նախագահը հրապարակավ խոստովանել է՝ միջնորդները պարտադրում են ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը.
«Հենց սա է վերջին տարիների բանակցային գործընթացի էությունը»։ Ասաց՝ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պայքարը միակ ճիշտ ճանապարհն է։ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու ժողովրդի անվտանգության երաշխավորման ամրագրումն այլընտրանք չունի»։

Բայց գինը չասաց, իսկ գինը մեկն է՝ տարածքների ճակատագիրը և իր սեփական ճակատագիրը: ՈՒ որքան Լևոն Տեր-Պետրոսյանին, նույնքան Իլհամ Ալիևին էին նրա խոսքերն ուղղված: Համանախագահներին ևս՝ տարբեր մայր ցամաքներում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Նախագահի ու Վեհափառի ուղերձներից հետո աշխատանքային առաջին օրը ԱԺ-ն ընտրեց նախագահ՝ թեկնածու ունենալով կոալիցիայից՝ Արա Բաբլոյանին, «Ելքից»՝ Էդմոն Մարուքյանին, «Ծառուկյան» դաշինքը թեկնածու չուներ և ազատ էր քվեարկելու: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ԱԺ նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը՝ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 100-ը, 88-ը նրան էին ձայն տվել, 12-ը՝ Էդմոն Մարուքյանին: Եթե 9 պատգամավոր ունեցող դաշինքը առաջին իսկ քվեարկությանը 3 ձայն ավելի ստացավ իր պատգամավորների թվից, գուցե ժամանակի մեջ դառնա ոչ թե պատրանքային, այլ իրական այլընտրանք իշխանական համակարգին, որ գործում է հաշվարկված, բայց ոչ անսխալ: ԱԺ փոխնախագահներին կընտրեն այսօր: Արփինե Հովհաննիսյանը, Էդուարդ Շարմազանովը, Միքայել Մելքումյանը գիշերը հանգիստ կքնեն՝ նրանք պաշտպանված են կուսակցական վահանով: Եվ ոչ միայն:

Դիտվել է՝ 1308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ