Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դաշնակցությանն ավելի լավ է մոտիկ պահել, քան բաց թողնել

Դաշնակցությանն ավելի լավ է մոտիկ պահել, քան բաց թողնել
19.05.2017 | 01:25

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցության նոր համաձայնագիր կնքելուց հետո հարցերի հարցը դարձավ՝ ինչո՞վ է պայմանավորված կոալիցիայի ստեղծումը, մանավանդ «Հանրապետականի» պարագայում, որը խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ-ում կարողացավ ձևավորել կայուն մեծամասնություն։ Եվ ինչո՞ւ ՀՀԿ-ն վերստին համագործակցության գնաց մի կուսակցության հետ, որի վարկանիշը վերջին շրջանում թեև կայուն է, սակայն, միևնույն ժամանակ բավականին ցածր։


Ընդհանուր առմամբ, քաղաքական կոալիցիաներ աշխարհում ձևավորվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքում, երբ որևէ քաղաքական ուժ ինքնուրույն չի կարողանում կառավարություն ձևավորել, և որպեսզի կայուն մեծամասնություն ունենա, առաջարկում է որոշ քաղաքական ուժերի համախմբվել մի ծրագրի շուրջ, պորտֆելներ բաժանել ու համատեղ աշխատել։ Հայաստանում թեև քաղաքական կոալիցիաների մեծ պատմություն կա, սակայն միևնույն ժամանակ փաստ է, որ ոչ մի անգամ մեր երկրում չի եղել վերը նկարագրված դասական սցենարը, և կոալիցիաների կազմումը ոչ մի անգամ պայմանավորված չի եղել զուտ կառավարություն ստեղծելու անկարողությամբ։ Միշտ էլ իշխող ուժը, տվյալ դեպքում՝ հանրապետական կուսակցությունը, ունեցել է անհրաժեշտ մեծամասնություն և, ըստ էության, ցանկության դեպքում կարող էր ինքնուրույն իր բոլոր հարցերը լուծել։ Այդ պայմաններում կոալիցիաների ստեղծումը մեզանում պայմանավորված է եղել ինչ-ինչ քաղաքական նպատակահարմարությամբ՝ ռազմավարական կամ մարտավարական։ Այդ ավանդույթը ձևավորվել է դեռ երկրորդ նախագահի օրոք և ակտիվ կիրառվել Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակաշրջանում: Եվ միշտ տրվել է հարցը՝ ինչի՞ համար է պետք կոալիցիան այս կամ այն քաղաքական ուժի հետ, և որքա՞ն է այն նպատակահարմար, եթե իշխող ուժը կարող է խնդիրները նաև միայնակ լուծել։


Այս առումով ՀՅԴ-ի հետ կոալիցիոն վերջին հուշագիրը, թերևս, շատ կանխատեսելի էր։ Հիշեցնենք՝ դեռևս մեկ տարի առաջ ստորագրվեց համապատասխան հուշագիր` ամպագոռգոռ դեկլարատիվ հայտարարություններով ու նպատակներով։ Այն ժամանակ հասկանալի էր, որ սա չի կարող լինել ընդամենը մեկ տարվա կոալիցիա։ Թեև շատերին թվում էր, թե այդ համագործակցությունը զուտ իրավիճակային, տակտիկական խնդիր ուներ՝ դաշնակցությանը այդ պահին պոկել խորհրդարանական երբեմն քիչ վերահսկելի դարձող ընդդիմությունից։ Այն ժամանակ օրակարգում էր քաղաքական քառյակը, որն ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս։ Սակայն շատ փորձագետներ նշում էին, որ դաշնակցականներին ընդդիմությունից պոկելը երկար ծրագրի սկիզբն է։ Շատերը նույնիսկ չէին բացառում, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրություններում հանդես կգան մեկ ցուցակով՝ շարունակելով իրենց կոալիցիոն գործընկերությունը նաև նախընտրական դաշինքի տեսքով։ Դա, բնականաբար, շատ շահեկան կլիներ հերթական անգամ ճամբարափոխ եղած ՀՅԴ-ի համար, որի հեղինակությունը բավականին նվազել էր հանրության շրջանում: Սակայն դա տեղի չունեցավ հասկանալի տարաձայնությունների պատճառով, քանի որ ՀՀԿ-ի ներսում բավականին լուրջ ընդդիմություն կար դաշնակցությանը, և շատ ՀՀԿ-ականներ կտրուկ դեմ էին դաշինքին, քանի որ նման պարագայում շատերն իրենց տեղն ուղղակի զիջելու էին անհամեմատ ցածր վարկանիշ ունեցող դաշնակցական ներկայացուցիչներին։

Ի վերջո, որոշում ընդունվեց առանձին մասնակցել խորհրդարանական ընտրություններին, հետո համագործակցությունը թարմացնել, եթե, իհարկե, դաշնակցությանը հաջողվի հաղթահարել 5-տոկոսանոց անցողիկ շեմը և մտնել խորհրդարան։ Նախընտրական փուլում իշխանական շրջանակներում մեծ տագնապ կար, որ դաշնակցությունը, որը, ինչպես իրենք են պնդում, թեև ունի կայուն էլեկտորատ, սակայն բոլորը հասկանում էին, որ այդ ընտրազանգվածը գուցե և չբավականացնի 5 տոկոսի շեմն ապահովելու համար։ Եվ այդ շեմը հաղթահարելու համար ՀՅԴ-ին մեծ աջակցություն ցուցաբերեց ՀՀԿ-ն՝ համոզել-գործուղելով որոշ հայտնի դեմքերի՝ դաշնակցության կողմից մտնելու ռեյտինգային մրցակցության մեջ։ Բացի այդ, հրահանգվեց վարչական ռեսուրս կրողներին` աշխատել ՀՅԴ-ին ձայներ ապահովելու ուղղությամբ։


Ինչևէ, դաշնակցականները իրենց ցածր վարկանիշի պարագայում նշված ռեսուրսների գործադրմամբ բավականին լավ արդյունք ստացան՝ մոտ 6,7 տոկոս։ Թեև դաշնակցությունն առերևույթ դժգոհություն էր ցույց տալիս, նշելով, թե իրենց հնարավորությունը շատ ավելի մեծ էր, և նույնիսկ մեղադրում էին ցածր արդյունքների համար բոլորին, բացի իրենցից։ Սակայն ներքին կարգով բոլորն էլ հասկանում էին, որ դա բավականին լուրջ, նույնիսկ անսպասելի արդյունք էր, ինչը նրանց փրկեց շատ ու շատ խնդիրներից։ ՈՒ ձևավորվեց այն, ինչը վաղուց ակնկալվում էր` իշխանական քաղաքական կոալիցիա։ Երկար ժամանակ մամուլում խոսվում էր (երբեմն ուղղորդված), թե կոալիցիային խոչընդոտ է հանդիսանում ՀՀԿ առաջին փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը, որը, իբր, դեմ է դաշնակցականների մեծ նկրտումներին։ Սակայն, ի վերջո, պարզ էր, որ Կարեն Կարապետյանը հասկանում է, որ կա քաղաքական որոշում, և չէր կարող դեմ գնալ դրան։ Այստեղ զուտ տակտիկական խնդիրներ են կադրային հարցերի շուրջ։ Հետագայում հայտնի դարձավ, որ վարչապետն ուղղակի ՀՅԴ-ին առաջարկում էր իրենց քվոտաներով ավելի թարմ կադրերի ներկայացնել, որոնք ունակ կլինեն դիմանալու կառավարության տեմպին։ Ի վերջո, ինչպես վերջերս սովորաբար լինում է, Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան իշխանական տանդեմը եկավ ընդհանուր հայտարարի, և միայն դրանից հետո ստորագրվեց կոալիցիայի մասին հուշագիրը։


Ստորագրված փաստաթղթում շատ բան չի տարբերվում նախորդից։ Նույն գեղեցիկ դեկլարատիվ հայտարարություններն են։ Դիտորդներն ու փորձագետները միայն ուշադրություն դարձրին այն հանգամանքի վրա, որ կոալիցիան ուժի մեջ է մինչև 2022 թվականը, և վարչապետի թեկնածու ներկայացնելու մենաշնորհը վերապահված է կոալիցիոն ավագ գործընկերոջը՝ ՀՀԿ-ին։
ՈՒշագրավ էր, որ փաստաթղթի ստորագրմանը հաջորդած ասուլիսում ՀՅԴ-ն չկարողացավ թաքցնել իր որոշակի տարաձայնությունները վարչապետի հետ։ Եվ դա արտահայտվեց Աղվան Վարդանյանի բավականին թափանցիկ ռեպլիկով՝ եթե համեմատենք այս և նախորդ համաձայնագրի ստորագրման լուսանկարները, ապա կտեսնենք, որ միակ տարբերությունը վարչապետի անձն է։ Ասել է թե՝ վարչապետները փոխվում են, իսկ դաշնակցությունը մնայուն է։ Սա բավականին կոշտ և ակնհայտորեն ոչ գործընկերային դրսևորում էր ՀՀԿ առաջին փոխնախագահի նկատմամբ։ Պատասխանն էլ չուշացավ. վարչապետը դաշնակցական նախարարների ղեկավարած նախարարություններ այցելելիս բավականին կոշտ գնահատականներ էր տալիս այդ գերատեսչությունների գործունեությանը։ Պատահական չէր նաև ծառահատումների մասին կոշտ գնահատականը, քանի որ հայտնի է, որ անտառտնտեսության ոլորտը վաղուց դաշնակցականների ձեռքում է, և նրանց թեթև ձեռքով են տեղի ունենում ծառահատումները: Ըստ էության, պարզ էր, որ դա ոչ թե նախարարներին է վերաբերում, այլ ակնարկվում էր, թե այսուհետև ինչ ոճով ու տոնով է լինելու շփումը դաշնակցականների հետ։ Դա հենց այնպես չի մոռացվելու, մանավանդ այն կուսակցության դեպքում, որը խորհրդարան անցնելու համար պարտական է ոչ այնքան իր կայուն էլեկտորատին, որքան իշխանական կուսակցությանը։


Հիմա անդրադառնանք այն թեմային, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ է պետք կոալիցիան երկու կողմերին։
Դաշնակցության պարագայում ամեն ինչ պարզ է։ Այս քաղաքական ուժը, որ շարունակում է իներցիայով ասոցացվել որոշակի գաղափարախոսության հետ, 2009-ին հայ-թուրքական համաձայնագրի հետ տարաձայնությունների պատճառով դեմարշով լքեց կոալիցիան և, ըստ էության, 6-7 տարում չկարողացավ որևէ լուրջ արդյունքի հասնել ընդդիմության ճակատում։ Շատ կարճ ժամանակ անց հասկանալի էր, որ ՀՅԴ-ն ճանապարհ է փնտրում իշխանության ճամբար վերադառնալու համար։ Եվ նրան լուրջ քաղաքական պատրվակներ էին հարկավոր՝ թե իր շարքերին, թե սփյուռքին բացատրելու համար՝ ինչ է փոխվել, որ վերադառնում է իշխանական շրջան։ Խոշոր հաշվով դաշնակցությունն իր հեռանկարը տեսնում էր իշխանության մեջ։ Այս կոալիցիան դաշնակցությանն օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որպեսզի կարողանա իմաստավորել իր գործունեությունը և բավարարել «նոմենկլատուրայի» ամբիցիաները։ Թե ինչպես է քաղաքական հռետորաբանության շրջանակում բացատրում ՀՅԴ-ն իշխանության լծակները պահպանելը, էական չէ։ Ընդ որում, նրանց հիմնական հաղթաթուղթն այն է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը իրենց հիմնական ձեռքբերումն է, քանի որ դրա մասին իրենք էին տարիներ շարունակ տարփողում։ Սակայն ակնառու է, որ խորհրդարանական համակարգին անցնելու մենաշնորհը պատկանում է ոչ թե ինչ-որ մեկին, այլ անձամբ Սերժ Սարգսյանին, ով ինչ-ինչ պատճառներով, գուցե նաև իր և իր գլխավորած իշխանական համակարգի վերարտադրության համար, գնացել է դրան։
Իսկ ինչո՞ւ էր անհրաժեշտ կոալիցիան «Հանրապետականին»։ Այստեղ պատճառները բազմաթիվ են։ Նախ՝ ամենապարզունակը. նոր Սահմանադրությամբ ՀՀԿ-ի համար շատ կարևոր է ոչ միայն կայուն մեծամասնություն ունենալը, այլև որոշ դեպքերում ԱԺ-ում օրենքները պետք է ընդունվեն ձայների 3/5-ով, 2/3-ով, խորհրդարանն է ընտրելու նոր նախագահին, ուստի նրանց պետք է ձայների շատ լուրջ քանակ, ընդ որում՝ վերահսկելի ձայների։ Իհարկե, կարելի է կանխատեսել, որ առանց ՀՅԴ-ի էլ ՀՀԿ-ն կարող է լեզու գտնել այլ քաղաքական ուժերի հետ։ Սերժ Սարգսյանն ունի այնպիսի վերահսկելի ռեսուրս, ինչպիսին «Ծառուկյան» դաշինքն է։ Ամեն դեպքում, ցանկացած փոխզիջում ոչ իշխանական ուժի կողմից իր գինն ունի, և դրա համար պետք է փոխհատուցել ինչ-որ բանով։

Եվ որպեսզի նման սակարկությունների մեջ շատ չմտնեն, նախագահն ունի իր փոքր «եղբորը»՝ ՀՅԴ-ին, որի միջոցով հեշտությամբ կարող է ապահովել քվեարկության արդյունքը։ Սա առաջին՝ ամենապարզունակ և մաթեմատիկական անհրաժեշտությամբ պայմանավորված պատճառն է։
Երկրորդ՝ չի բացառվում, որ դաշնակցության ուսերին մոտ ապագայում դրվելու է շատ լուրջ մի պարտականություն՝ ապահովել սփյուռքի լոյալությունը ՀՀ իշխանությունների որոշ ոչ պոպուլյար որոշումների նկատմամբ։ Խոսքը, մասնավորապես, տարածաշրջանում ընթացող զարգացումների մասին է, դա կարող է լինել Արցախյան հարցը, որի վերաբերյալ որոշումները կարող են ոչ այնքան պոպուլյար լինել, և անհրաժեշտ կլինի, որպեսզի համաշխարհային կառույց համարվող դաշնակցությունն ապահովի սփյուռքահայության լոյալությունը կամ հնարավորինս փափուկ վերաբերմունքը ՀՀ իշխանությունների նկատմամբ։ Չի բացառվում նաև՝ վերականգնվի հայ-թուրքական հարաբերությունների հնարավորությունը։ Բացի այդ, պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ դաշնակցությանը, թերևս, ավելի լավ է մոտիկ պահել, քան բաց թողնել։ ՀՅԴ-ին իր կողքին պահելն իշխանության վրա ավելի էժան է նստում, քան երբ քաղաքական այդ ուժը «վատ ազդեցության տակ է» ընկնում։
Սրանք այն երկու պատճառներն են, որոնց հաշվարկներից ելնելով Սերժ Սարգսյանը որոշել է առաջիկա տարիներն ճամփա բռնել դաշնակցության հետ։


Իհարկե, կա նաև երրորդ, բայց կարևորությամբ ու նշանակությամբ ոչ վերջին պատճառը. ՀՅԴ-ն թույլ է տալիս Սերժ Սարգսյանին սեփական վերահսկելի խմբակցությունը ձևավորել իշխանության հանրապետական հատվածում, այսինքն՝ բալանսավորել իշխանության մեջ տարբեր հոսանքները և դաշնակցության միջոցով զսպել այս կամ այն քաղաքական կամ տնտեսական խմբի ախորժակը։ Նույն խնդիրը կարելի էր լուծել նաև «Ծառուկյան» դաշինքի միջոցով, սակայն ՀՅԴ-ի դեպքում կա իրավաբանորեն ձևակերպված գործընկեր, որը ՀՀԿ-ի հետ գրանցել է հաշվարկով «ամուսնություն»։ Եվ արդեն իսկ երևում է, որ որոշ դեպքերում (օրինակ, վարչապետի նկատմամբ դեմարշները) ՀՅԴ-ն ոչ միայն պատրաստակամություն է հայտնում այդ գործառույթը կատարելու, այլև կատարում է։


Սակայն ինչպես ցույց տվեց խորհրդարանում ղեկավար պորտֆելների բաշխումը, ՀՀԿ-ի ղեկավարությունը ամենևին տրամադրված չէ տուրք տալու ՀՅԴ-ի աճած «ախորժակին» և գերադասեց խորհրդարանում որևէ ղեկավար լծակ չտրամադրել կոալիցիոն գործընկերոջը: Հավանաբար նույն միտումը կպահպանվի նաև իշխանության այլ թևերում, և ՀՅԴ-ն լավագույն դեպքում կպահպանի այն, ինչ մինչ օրս ունեցել է:


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1495

Մեկնաբանություններ