Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Որ սահմանները թափուր չմնան...

Որ սահմանները թափուր չմնան...
19.05.2017 | 12:39

Արմենը մինչև հինգերորդ դասարանը վտիտ, թուլակազմ երեխա էր: Չար տղաները հաճախ էին նրան նեղացնում, ճնշում: Հերթական այդպիսի դեպքից հետո հուզված մտել էր տուն, պայուսակը գցել ու գոռացել.
-Ես ուժեղ պիտի լինեմ, ուժե՜ղ...
ՈՒ սկսել էր մարզվել, կոփել մարմինը: Տարիներ անցան: Վտիտ տղան անճանաչելիորեն փոխվել էր: Մարզված էր, ուժեղ, դիմացկուն: Նախընտրած մարզաձևերի անունները շատերի համար անծանոթ էին՝ ուշու, կունֆու, ալպինիզմ, մոտոսպորտ: Բազմաթիվ լեռնագնացությունների էր մասնակցել, բարձրացել Էլբրուսի, Կազբեկի գագաթները, կովկասյան այլ լեռնագագաթներ: Իր երազանքների գագաթն Արարատ լեռը բարձրանալն էր: Լեռնարշավներից մեկի ժամանակ ծանոթացավ թաթարուհի Գյուլնարայի հետ ու… ամուսնացան՝ չնայած երկու կողմերի հարազատների ընդդիմությանը:


Ավարտեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը: Նպատակներ ուներ, որոնցից մեկը յոթ զավակ ունենալն էր: Սխալ էր համարում, որ իր ծնողներն ընդամենը երկու երեխա էին ունեցել:
1988 թ. Շարժումը նոր էր ծավալվում: Արմենն զգում էր, որ հանրահավաքներով Արցախի խնդիրը չէր լուծվի, որ անհանգիստ այդ օրերին շատ կարևոր է սահմաններն ամրացնելը: Քրոջ ամուսնու հետ որոշեցին բնակություն հաստատել Սիսիանի շրջանի սահմանամերձ գյուղերից մեկում, հող մշակել, անասուն պահել: Արմենը ոգևորված ասում էր.
-Մեր սահմանները թափուր չպետք է լինեն, կյանք պիտի լինի այնտեղ, միայն այդպես ուժեղ կլինենք:
Քույրը՝ Աննան, նկարելու, ստեղծագործելու շնորհք ուներ, և տան ու հողի գործերից, կովերը կթելուց զատ, նաև նրբին ժանյակներ էր հյուսում:


Երբ վիճակը չափազանց վտանգավոր դարձավ, ԱՐՄԵՆ ՄԻՍԱԿՅԱՆԸ զինվորագրվեց սահմանների պաշտպանությանը:
Գումարտակի հրամանատար Կորյուն Ղումաշյանի պատմածից.
-Նա իմ սիրելի զինվորն էր: ՈՒժեղ էր, հզոր, բայց և շատ զգայուն, փխրուն սիրտ ուներ: Չարությունը, անարդարությունը խոցում էին նրա էությունը: Սիրում էր երաժշտություն, պոեզիա, ինքն էլ ստեղծագործում էր՝ երգեր էր հորինում, բանաստեղծություններ գրում, նվագում մի քանի երաժշտական գործիք: Հայրը՝ Ռազմիկ Միսակյանը, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոս, մայրը՝ Լիլիկ Սարգսյանը, «Հայպետնախագիծ» ինստիտուտի գլխավոր մասնագետ, Արմենի առաջին ուսուցիչները, աշխարհի հանդեպ սեր ու հավատ սերմանողները եղան: Ահեղ երկրաշաժի օրերին Արմենն իր հավատարիմ շան հետ Լենինականի փլատակների տակից բազմաթիվ կյանքեր փրկեց: Գարեգին Նժդեհ զորավարի համառ ու աննկուն ոգու կանչն արյամբ էր փոխանցվել նրան, ու նա անվարան գնում էր փորձություններին ընդառաջ՝ հանուն հայրենի հողի անվտանգության: Երկու տարի միասին էինք: Արմենը հետախույզ էր, միշտ լարված, դժվարին իրավիճակներում: Հավատարիմ շունը՝ Քեջը, միշտ անբաժան էր նրանից: Ամեն անգամ թշնամու թիկունքից վերադառնում էր կարևոր տեղեկություններով: Գերազանց տիրապետում էր շատ զենքերի, բայց հետախուզության գնալիս գերադասում էր միայն սառը զենք վերցնել: Պատերազմի ամբողջ ընթացքում սահմանային թեժ կետերում էր: Լաչինում էր, որ ստացավ ողբերգական լուրը՝ դժբախտ պատահարից զոհվել էին քրոջ երկու երեխաները: Հարվածը դաժան էր: Արմենը շատ էր կապված փոքրիկների հետ, բայց նրանց մահվան քառասուն օրը դեռ չլրացած՝ երեխաների հոր՝ Տիգրանի հետ վերադարձավ մարտադաշտ, թեև մնալու թույլտվություն ունեին: Նրանք միշտ միասին էին: ՈՒզում էի այնքան մնային տանը, որ Արմենի քույրը կրկին ապրեր երեխա ունենալու բերկրանքը. դա այնքան կարևոր էր նրանց համար: Դիրքեր հասնելու հաջորդ օրը Արմենը մի քանի անգամ անցավ թշնամու թիկունքը՝ ինչպես միշտ բերելով կարևոր տեղեկություններ: Վերադարձին մեր ազատագրած տարածքում հայտնաբերում է չորս ական:

Իր խառնվածքին բնորոշ անհանգստությամբ սկսում է վնասազերծել: Չորրորդը հակատանկային ական է լինում, այսպես կոչված՝ սյուրպրիզ, երբ վերևի ականը վնասազերծելիս տակինը պայթում է: Նոր էր լրացել Արմեն Միսակյանի երեսուն տարին, ավա՜ղ, 1993 թ. այդ գարունը վերջինը եղավ նրա կյանքում: Յոթ ժամ շարունակ ընկերները հավաքում էին նրա մարմնի մասնիկները: Մարտերում կարծրացած, կորուստների սովոր մարտիկները Արմենի զոհվելու հետ այդպես էլ չհաշտվեցին: Նա, իրոք, անփոխարինելի էր, անկրկնելի: Օժտված էր մարդկային բացառիկ հատկություններով: Ռմբակոծությունների ժամանակ իր մարմնով ծածկում էր կողքիններին: Ափսո՜ս, կիսատ մնաց երազանքը՝ տունը բերդ լինի Սիսիանի սահմանագլխին ու յոթ զավակ ունենա՝ յոթ քաջ զինվոր: Ավարտելով խոսքս՝ դիմում եմ մեր ժողովրդին. զինծառայությունը յուրաքանչյուր հայ պատանու սրբազան պարտքն է հայրենիքի հանդեպ, մոր հանդեպ: Հայրենիքի դժվարին ժամին չկա ուրիշ լավ տեղ, ամեն բան՝ սեր, հարստություն, վայելքներ, իմաստավորվում է, երբ մարդը հայրենիք ունի...
Հրամանատարի այս խոսքերը գրառել եմ 1993 թ. մայիսին, Արմենի զոհվելուց օրեր անց: Այսօր գնդապետ Կորյուն Ղումաշյանը «Տիգրան Մեծ» ՌՄՀ վարժարանի տնօրենն է, զինվորական գործի հմտություններն է փոխանցում մատաղ սերնդին՝ հայրենիքի վաղվա պաշտպաններին: Իր կորյուն մարտիկների հետ անցյալ տարվա ապրիլին նա շտապեց վտանգված սահմանագիծ՝ զորակցելու զինվորներին, ովքեր քառօրյա պատերազմում թվաքանակով ու զինտեխնիկայով առավել թշնամու դեմ կռվեցին անօրինակ սխրանքով՝ փաստելով, որ Արցախյան ազատամարտի հերոսների գործի արժանի շարունակողներն են:


Հրամանատարի հետ զրույցից ամիսներ անց Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի զոհված ազատամարտիկների ընտանիքների միության կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կազմակերպված արարողության ժամանակ ինձ մոտեցան պարզ, բարեհամբույր երևույթով այր ու կին և կոտրված ժպիտով ներկայացան.
-Արմեն Միսակյանի ծնողներն ենք, շնորհակալություն, որ նրա մասին գրել էիք...
Արմենի մանկությունից դրվագներ պատմեցին, հրավիրեցին իրենց տուն: Գրեցի նրանց տան հեռախոսահամարը, խոստացա անպայման այցելել: Այդ հանդիպումից հետո մեկնեցի Շուշի, որտեղ մնացի բավական ժամանակ, հետո պրպտումներս ինձ հասցրին Աղդամ՝ այդ մահաբեր զինանոց քաղաքը, որ վերջապես լռեցրել էին մեր խիզախ քաջորդիները: Կյանքը, հանգամանքները հաճախ շեղում են նախօրոք ծրագրվածից, ինչի պատճառով ուշանում ես աններելիորեն: Հիմա՝ այս տողերը գրելիս, վերստին արթնացավ ցավը. ոգևորված հավաքեցի փոքրիկ թղթի վրա գրված հեռախոսահամարը, զանգերը գնում էին, բայց վերցնող չեղավ: Մի քանի օր շարունակ զանգահարեցի, դարձյալ լսափողը չվերցրին: Գուցե հեռախոսահամարն էր փոխվել: Հարցս լսելով՝ Կորյուն Ղումաշյանը մի պահ լռելուց հետո ասաց.
-Ծնողները չդիմացան որդու կորստյան վշտին: Նրանց մահից հետո Արմենի կինը երեխայի հետ մեկնեց իր հայրենիք...

Ափսո՜ս, հազար ափսոս, մարեց մի հայ օջախ, լռեց ազնվազարմ մի ակունք, ընդհատվեց նժդեհապաշտ մի տոհմածառ: Շատ եմ ուզում, որ իրականանա խիզախ հետախույզ Արմեն Միսակյանի՝ շատ զավակներ ունենալու երազանքը, մերօրյա Արմենները շատ զավակներ ունենան, որ ամուր լինեն մեր սահմանները, շենանան գյուղերը, և նորածին մանուկների կանչով տուն վերադառնան օտար եզերքներում բախտ որոնող մեր զավակները, որովհետև օտարության մեջ անգամ բարեկեցիկ կյանք ձեռք բերած հային անվերջ տանջում է Հայաստանի կարոտը...


Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4830

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ