Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Այսօրվա շատ երիտասարդների մեջ դրսևորվում են այն որակները, որոնք բնորոշ են եղել Արծաթիից եկած իրենց ապուպապերին»

«Այսօրվա շատ երիտասարդների մեջ դրսևորվում են  այն որակները, որոնք բնորոշ են եղել Արծաթիից եկած իրենց ապուպապերին»
19.05.2017 | 12:42

«Իրատեսի» հյուրը հրապարակախոս, Հայաստանի վաստակավոր լրագրող ՊԵՏՐՈՍ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆՆ է: Նա լույս է ընծայել «Արծաթի-Ալաստան. 185 տարվա հեռավորություն» գիրքը՝ նվիրված Արևմտյան Հայաստանի Կարինի Արծաթի գյուղից Ջավախքի Ալաստան գյուղ գաղթած հայության մի բեկորի ծագումնաբանությանը, բազմադարյա պատմությանը, կենցաղային սովորույթներին, խառնվածքին, ժամանակի ու հասարակական անցուդարձերի հանդեպ դրսևորած կեցվածքին, ավանդույթներին անդավաճան մնալու համառությանը: Մինչ դրանց անդրադառնալը մեջբերենք ուսումնասիրության այն հատվածը, որում հեղինակը ներկայացրել է Արծաթի գյուղի մասին ամենավաղ՝ 483 թվականին վերագրվող հիշատակությունը՝ գրառված Ղազար Փարպեցու «Պատմություն հայոց» երկում. «Մամիկոնյանց տոհմից Մուշեղը և Շիրակի տեր Ներսեհ Կամսարականը ծովի հյուսիսային կողմում ժամանակի սղության պատճառով վրիպել էին Հայոց զորավար Վահան Մամիկոնյանից և քիչ մարդկանց հետ գնում էին խռովքի մեջ: Մոտենալով Կարնո գավառի մի գյուղի, որի անունն էր Արծաթի, և հասնելով մի հեղեղատի, որ գյուղի մոտ էր, կամեցավ մի քիչ հանգստանալ հեղեղատի եզրին, որի շրջակայքի արտերում հնձվորներ էին աշխատում...»: Պատմության շարունակությունը մեր ազգային նկարագրի հետաքրքիր կողմն է բացահայտում, որին անդրադարձել ենք զրույցի ընթացքում:

«ԳԱՂԹԵԼ ԵՆ` ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԵԼ ՉԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ՎԱԽԻՑ ԴՐԴՎԱԾ»


-Պարոն Սարուխանյան, ներկայացնելով Ալաստան գաղթած արծաթեցիների երկարուձիգ ոդիսականը, Ձեր վերաբերմունքն եք արտահայտել գաղթ երևույթի նկատմամբ՝ մասնավորապես գրելով. «Գաղթը ծայրահեղ իրավիճակից առաջացած երևույթ է, և կամավոր, առավել ևս խանդավառությամբ այն ընդունելու հիմք կարնահայությունը չէր կարող ունենալ: ՈՒրախացնողը, թերևս, միայն այն կարող էր լինել, որ, գաղթելով Ռուսաստանի սահմաններ, նրանք ապահովագրում էին իրենց ֆիզիկական անվտանգությունը»: Մենք այսօր էլ կանգնած ենք գաղթի նորահայտ փաստի՝ արտագաղթի ցավոտ իրողության առջև: Կարելի՞ է զուգահեռներ անցկացնել գրեթե երկու հարյուրամյակ առաջ Արծաթիից Ալաստան գաղթածների և այսօր Հայաստանից չգիտես աշխարհի որ ծագերն արտագաղթողների միջև:
-Գաղթի՝ Ձեր նշած երկու տարբերակների միջև ընդհանրությունը մեկն է՝ մարդիկ գնում են՝ թողած հայրենի տները: Բայց տարբերությունն այս երկուսի միջև շատ մեծ է: Այն ժամանակ գաղթել են ֆիզիկական գոյությունը պահել չկարողանալու վախից դրդված, իսկ այսօր գնում են հաց գտնելու, ավելի հարմար կենսապայմաններ ունենալու համար: Այստեղ ես ընդհանուր շատ քիչ բան եմ տեսնում, ընդհանուրը գոյություն ունեցող վիճակից խուսափելու փաստն է միայն:
-Ձեր գիրքը վկայում է այն մասին, որ, լինելով հայրենի եզերք Արծաթիից շատ հեռու, մարդիկ չեն մոռացել իրենց ծեսերը, եկեղեցաշինությունը, անգամ կենցաղային զվարճաբանությունները: Մեջբերեմ մի հատված. «Ալաստանն Արծաթիից տարանջատելու հիմք չունենք: Ալաստանում բնակություն հաստատած նախկին արծաթեցիները պահել ու այսօր էլ պահում են նախնյաց օրրանի կենցաղն ու բարքերը, սովորույթներն ու դավանանքը… Ժամանակի ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները սոսկ կոսմետիկ բնույթ պիտի կրեին, խորքում պիտի պահպանվեր դարերի ընթացքում ձևավորված և ամրակայված կենսակերպի միջուկը»: Կարելի՞ է արծաթեցիներին համարել խիստ պահպանողական մարդիկ:
-Արծաթեցիները ավանդական, նահապետական վարքագիծ են ունեցել: Դա հատկապես ընդգծված է եղել տարեցների մեջ: Ես ինքս այդ որակները տեսել եմ իմ պապի ու նրա սերնդակիցների մեջ: Հետագայում, ժամանակի թելադրանքով, այդ հատկանիշը որակապես փոփոխվել է, բայց ամբողջովին չի անհետացել: Նույնիսկ այսօրվա շատ երիտասարդների մեջ այս կամ այն չափով դրսևորվում են ավանդապահության այն որակները, որոնք բնորոշ են եղել իրենց ապուպապերին՝ Արծաթիից եկածներին:
-Ձեր գրքում ասված է, որ Արծաթի բնօրրանում ապրածներից մինչև նրանց նորօրյա հետնորդներ ակտիվ ներգրավվածություն են ունեցել մեր հայրենիքի պատմական անցուդարձերին՝ ռուս-թուրքական պատերազմ, ցեղասպանություն, Հայաստանի մասնատում, Արևելյան Հայաստանի խորհրդայնացում, կոլեկտիվացման շրջան, Հայրենական մեծ պատերազմ, ստալինյան բռնություններ, Արցախի ազատագրում: Այս ամենի կենտրոնում տեսնում ենք մարդուն, որը գրեթե չի փոխել իր որակը հարյուրամյակների ընթացքում: Գուցե Դուք, լինելով այդ հանրության ներսում, ավելի՞ խորությամբ եք ընկալում սերնդափոխությամբ պայմանավորված որակական հատկանիշների սասանումը:
-Կայուն որակ կա, որը պահպանված է թե՛ նախորդ դարերի անցուդարձերին, թե՛ արցախյան պատերազմին մասնակցած իմ համերկրացիների մեջ: Բայց կա նաև տարբերություն, և տարբերությունը ժամանակի մեջ է: Ժամանակի պահանջները, տրամադրությունները, ընդունված համընդհանուր կարծիքը թելադրում են նոր վարքագիծ, նոր մոտեցումներ: Թե չէ հոգին, ներքին մղումը արծաթեցի-ալաստանցիների մեջ չի փոխվում: Դրանք միշտ նույնն են: Գրեթե նույնն են:
-Գրքի սկզբնամասում մեջբերված Ղազար Փարպեցու հիշատակությունը, բացի Արծաթիի պատմական խոր արմատները արձանագրելու փաստից, ազգային մի կարևոր հատկանիշի մասին է վկայում: Այդ հատվածում ներկայացված հայ-պարսկական հարաբերությունների մասնավոր մի դիպված վկայում է հայ մարդու ազգային արժանապատվության, անգամ իշխանավորներին հակադրվելով՝ հայ շինականին պարսիկներից պաշտպանելու փաստի մասին: Սա շատ բարձր և բոլոր ժամանակներում պահանջված հատկանիշ է: Այն բնորո՞շ է այսօրվա ալաստանցիներին:
-Թե ինչպիսի դրսևորումներ է ունեցել ազգային արժանապատվությունը անցյալ ժամանակներում, ես կարող եմ դատել ընդամենը մեր մեծերից լսած պատմություններից, գրքերից քաղած տեղեկություններից: Բայց որ այսօր մեր երիտասարդների մեջ շատ բարձր է ազգային արժանապատվության զգացումը, նրանք դա ապացուցել են գործով և իրենց կյանքի գնով: Ալաստանից 11 հոգի մասնակցել է արցախյան ազատամարտին, երկուսը զոհվել են: Նրանց օրինակով պիտի ասեմ, որ մեր երիտասարդները պահպանել են հնուց եկող ազգային արժանապատվության գիտակցումը:

«ՀԱԿԱՍՈՎԵՏԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»


-Դուք անդրադառնում եք Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի «սիրախաղի» դրվագներին և մատնանշում դրանց պատճառով հայությանն ու Հայաստանին բաժին հասած պատուհասները:
-Ես կարծում եմ, որ նաև բոլշևիկյան Ռուսաստանի դիրքորոշումը պատճառ դարձավ, որ Քեմալական Թուրքիան ակտիվանա և մեր դեմ ազդեցիկ, ագրեսիվ ուժ գործադրի: Գրքում մատնանշել եմ բոլշևիկների վարած քաղաքականության թերի կողմերը: Դրանց արդյունքում էր, որ Հայաստանն ունեցավ շատ ծանր կորուստներ: Այն օրերի սերունդը չէր կարող գիտակցել Ռուսաստանի վարած քաղաքականության խորքային դրսևորումները: Հայ մարդիկ ռուսական զորքին վերաբերվել են որպես իրենց պաշտպանների, անգամ զինակցել են ռուսներին, կամավոր կռվել ռուսական բանակի շարքերում: Նրանք չեն գիտակցել, թե ինչ վտանգներ են թաքնված ռուս-թուրքական քաղաքական խաղերի տակ: Բայց երբ հետագայում հասկացան, որ իրենց հույսերը չեն արդարացել, ժամանակի ընթացքում բացահայտվեց խաբկանքը, արծաթեցիները ստիպված եղան հեռանալ իրենց բնօրրանից, որովհետև շատ լավ էին ճանաչում թուրքին ու գիտեին, որ նրանք իրենց հանգիստ չեն թողնելու: Քանի որ գնալու ամենահարմար տեղը ռուսական տարածքն էր, այնտեղ են գնացել: Հասարակ հայ մարդը չէր կարող հասկանալ աշխարհաքաղաքական խաղերի խորքը, բայց գիտակից մարդիկ, ինչպես, օրինակ, Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին, գիտակցում էին, թե ինչ է կատարվում իրականում:
-Ձեր գրքի թե՛ պատմական-քաղաքական անդրադարձներում, թե՛ երգիծական պատումներում բազմաթիվ են հակախորհրդային տրամադրությունների դրսևորումները, ինչպես օրինակ՝ «Դավաճան երինջը» մանրապատումում: Ովքե՞ր էին այսօրինակ պատմությունների հեղինակները, և ո՞ր ժամանակներում են ստեղծվել դրանք:
-Նախ ասեմ, որ հակախորհրդային լինելը իմ կրեդոն չէ: Պատմության ներկայացում է: Իսկ «Դավաճան երինջը» իրական պատմություն է, որը տեղի է ունեցել 1970-ական թվականներին: Այդ ժամանակ խորհրդային տաբուն ինչ-որ չափով վերացել էր, մարդիկ արտահայտվում էին անկաշկանդ: Պատմության հերոսը՝ Քիշին, ծնվել է Ալաստանում: Երկար ժամանակ աշխատել է հեղափոխական Բաքվում, տեսել թե՛ նախասովետական, թե՛ սովետական կարգերը և լավ հասկացել դրանց տարբերությունը: Դա է պատճառը, որ նա մշտապես ունեցել է հակասովետական տրամադրություններ, ինչպես որ նկարագրված է վերոբերյալ պատմության մեջ: Քիշին եզակի չէր, այդպես տրամադրված մարդիկ գյուղում շատ էին: Իսկ պատմողը Քիշու հարսն էր:
-Իհարկե, պատմական, քաղաքական, ազգային թեմաներին անդրադառնալը կարևոր է, բայց յուրաքանչյուր պատմություն հուզիչ ու կենդանի է դառնում մարդկային ներաշխարհին ու անձնական ապրումներին վերաբերող մանրամասներով, որի մի օրինակ է Վալենտինա Զայիչենկոյի և Հայրենական պատերազմում զոհված ալաստանցի ավագ լեյտենանտ Մելիքյան Մելիքի սիրո, ուշացումով հարսնացուին գյուղ հրավիրելու և նշանի մատանին 40 տարի անց նրան հանձնելու պատմությունը: Այս կնոջ հետ հետագայում կապ պահպանե՞լ են Մելիքյանները:
-Այդ պատմությունն ինձ փոխանցել է Մելիքի եղբոր որդին: Նա ասաց, որ մինչև խորհրդային կարգերի փլուզումը կապ պահպանել են Վալենտինայի հետ, բայց անկախացումից հետո այլևս տեղեկություն չունեն նրանից: Գրքում զետեղված մի լուսանկարում Վալենտինան բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանի հետ է: Վերջինս եղել է զինվորական թղթակից այն ստորաբաժանումում, որտեղ ծառայել են Մելիքը և Վալենտինան: Նրանք ծանոթ են եղել և այս այցի առիթով հանդիպել են Երևանում:

«ՍՈՒՐԲ ՆՇԽԱՐ` ՇԱՆ ԲԵՐԱՆՈՒՄ»


-Գրում եք, որ Արծաթիում եղած երկու հայկական եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու նմանությամբ Ալաստանում հայերը կառուցել են նոր եկեղեցի: Այն այսօր լա՞վ վիճակում է:
-Այո՛, դա Վերափոխումն Սուրբ Աստվածածնա եկեղեցին է: Շատ լավ պահպանվում է, հիմնանորոգվել է 2009 թվականին: Նոր սերնդի մեջ կան տղաներ, որոնք հայրենասիրական ջիղ ունեն. հենց նրանք էլ իրենց միջոցներով վերանորոգեցին եկեղեցին: Նրանց մեծ մասը չի էլ տեսել Արծաթին, բայց և կան գնացող-տեսնողներ: Նրանք պատմում են, որ հիմա Արծաթիում պահպանված չէ հայկական ոչ մի եկեղեցի: Գրքում կա լուսանկար, որում Սուրբ Աստվածածին եկեղեցու փլատակներն են երևում: Մի քուրդ ընտանիք այն դարձրել է գոմ: Լուսանկարի տակ գրել եմ Սևակի տողերը. «Սուրբ նշխար՝ շան բերանում»: Սա է իրականությունը: Բայց մեր հիշողությունը չի խամրում: Մենք Ցեղասպանության 100-րդ տարելիցը նշեցինք երկու տարի առաջ, որը կարծես նոր շունչ հաղորդեց մեր պատմական հիշողությանը: Թեկուզ շատ բան չի պահպանվել Արևմտյան Հայաստանում, բայց մենք մեր հիշողության մեջ այդ ամենը պետք է պահպանենք: Իմ գրքում բերված օրինակները պիտի հուշեն Ալաստան համայնքի ներկայացուցիչներին հավատարիմ մնալ իրենց պատմական հիշողությանը:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ