Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նամակներ Նոր Ջուղայից-8

Նամակներ Նոր Ջուղայից-8
19.05.2017 | 13:02

(սկիզբը` այստեղ)

ՏՈՒՆԴԱՐՁ
Վերջին օրվա ցերեկն ընթացավ հրաժեշտ տալով ու շնորհակալություն հայտնելով այն մարդկանց, ովքեր նպաստել էին այցելությանս արդյունավետությանը, օժանդակել, որպեսզի օրերս երկար տևեն:
Բնականաբար, այցելեցի Նիկիտ Միրզայանցի տուն: Նրա տիկնոջ, դուստրերի, փեսայի ամենօրյա ջերմ, տնավարի, անսեթևեթ ընդունելությունը հուշում էր, որ նրանց հետ ապագայում դեռ հանդիպումներ կլինեն:
Բայց Նիկիտը «նվագեց» վերջին ակորդը: Երբ հերթական անգամ կրկնեց իր հարցը` «Կտակների պատճեններն ստացա՞ր», և տրամադրությունս պարզապես փչացրեց, գնաց իր աշխատասենյակ ու բերեց թափանցիկ ցելոֆանի մեջ դրված թղթերի մի ամբողջ տրցակ: Կտակների պատճեններ էին։ Կարկամանքս, ուրախությունս, զայրութախառն զարմանքս տեսնելով` լայն ժպտում էր: Ի՛նքը ուներ, բայց ամեն օր հոգուս հետ խաղացել էր:
Տարբեր տարիների տասնյակ կտակները գրված էին նույն ձեռագրով, ասես հայոց մեջ եղել էր յուրահատուկ մի տառատեսակ: Դրանք նաև տարբեր չափսեր ունեին, բայց ամեն մեկը` մեկ թերթ թղթի վրա: Չափսերը պայմանավորված էին թե՛ վարկավորման գումարի քանակով, թե՛ վարկառուի ունեցվածքով: Եթե վարկառու վաճառականը փոքր գումար էր խնդրել, հետևաբար քիչ ունեցվածք «գրավադրել»` կտակել, ապա թուղթը հազիվ կես էջ էր, և հակառակը` կային լավաշաչափ կտակներ: Կարծում եմ, որ դա պատահական չէր` մեկ թերթ թուղթ էին գործածել հնարավոր զեղծումներից խուսափելու համար: Բայց ամենաարժեքավորը, անշուշտ, յուրաքանչյուր կտակի վերջում պայման կապող վաճառականների և երաշխավորող խոջաների ստորագրություններն ու անհատական կնիքներն էին, որոնցով փաստաթուղթը իրավական նշանակություն էր ձեռք բերել: Դրանք արվեստի իսկական գործեր էին, ափսոս միայն, որ սև-սպիտակ պատճեններ էին:
Վա՜յ Նիկիտ…

Գիշերվա ժամը 3-ին «Ջուլֆա» հյուրանոց եկավ տաքսու վարորդ Վրեժ Թորոսյանը, ես հրաժեշտ տվեցի գիշերային բարապան պարոն Տիգրանին, և սկսվեց երկարատև ու հոգնեցուցիչ տունդարձը նախ Թեհրան:
Այս անգամ գրեթե չէի խոսում և մտքերիս մեջ խորասուզված` փորձում էի ամփոփել անջնջելի տպավորությունները, մարդկանց հետ շփումները, աչքիս տեսածը, որ հանգեցրել էին եզրակացությունների, և որոնք բեռուբարձ արած տանում էի հետս:
Ես բազմիցս գրել եմ, որ Նոր Ջուղան բացառիկ, անզուգական երևույթ է առհասարակ պատմության և հատկապես համաշխարհային տնտեսական պատմության մեջ: Այն շատ դժվար է դասական իմաստով անվանել սփյուռքի գաղթօջախ, որովհետև ունի ստեղծման, գոյատևման և ճակատագրի միանգամայն ինքնատիպ դիմագիծ:
Նորջուղայեցիներն առաջինն էին, որ ձևավորեցին ազգային կապիտալի մշակույթ, որովհետև հասկացան` պետականության չգոյության պայմաններում ինքնապահպանության լավագույն միջոցը փողն էր: Դրա՛մն էր անհատական համեմատական անկախություն պարգևողը: Բայց դրամը պետք էր վաստակել, և նրանք ստեղծեցին վաստակելու արվեստ, այդ նպատակով վանքի դպրանոցում երեխաներին ուսուցանում էին թվաբանություն, աշխարհագրություն և «առևտրի արհեստ»: Իսկ վարդապետ Կոստանդ Ջուղայեցին իր «Աշխարհաժողովում» գրանցում էր վաճառականների այցելած երկրները, քաղաքները, բնակավայրերի միջև եղած տարածությունը, ապրանքների գները: Այսինքն, ապագա վաճառականների նախապատրաստումը դրված էր գրեթե գիտական, դաստիարակչական և գործնական հիմքերի վրա:


Նորջուղայեցիներն առաջինն էին, որ աշխարհեաշխարհ` Եվրոպայից Աֆրիկա, Ամերիկայից Հոնգ-Կոնգ ու Մակաո, Սկանդինավյան թերակղզուց Ավստրալիա ապրանքներ տանելով և ազնվաբար ու պարկեշտությամբ առևտրով զբաղվելով, աշխարհին զանգվածաբար հայտնի դարձրին քաղաքակիրթ հային ու Հայաստանը: Նրանք տարբեր երկրներում հիմնեցին առևտրատնտեսական համայնքներ, որոնք համազգային ողբերգության` ցեղասպանության հետևանքով վերածվեցին սփյուռքահայ գաղթօջախների:


Նրանք առաջինն էին, որ, փող վաստակելուց բացի, ստեղծեցին ծախսելու արվեստ, կապիտալը դարձնելով միջոց` հիմնեցին հայոց բազմադարյա բարերարության առաջին կազմակերպված օջախը` թե՛ ծննդավայրում, թե՛ իրենց հիմնած համայնքներում կառուցելով եկեղեցիներ, դպրոցներ, հիվանդանոցներ, ազգային այլ հաստատություններ, վիթխարի ներդրում ունենալով գրատպության մեջ` բարեգործությունը վերածեցին մշակույթի:
Այս ամենի մասին ես բազմիցս գրել եմ, և հիմա տեղն ու ժամանակը չէ մանրամասնելու, բայց Նոր Ջուղան ունեցել և այսօր էլ ունի ևս մի յուրահատկություն: Ըստ էության, նա քաղաքային ինքնավարություն է` իր հոգևոր պետով, օրենսդիր ու գործադիր մարմիններով, ազգային կառույցներով, ինքնուրույն կյանքով ապրելու իրավունքով: Այստեղ ազգային գործը եռում է, մշտապես ու պարբերաբար կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, այցելում են թե՛ իրանցի, թե օտարերկրյա բարձրաստիճան անձինք, պատվիրակություններ, ունի պատգամավոր ԻԻՀ մեջլիսում և եթե ունենար նաև հիմներգ ու զինանշան, ազգային այս կազմավորումը կարելի կլիներ անվանել «Նոր Ջուղայի քաղաքային ինքնավարություն»:
Այս ամենը հնարավոր է դարձել, առկա է բացառապես Իրանի կառավարության, միմիայն իրանական իշխանությունների բարյացակամության շնորհիվ: Ես իրանագետ չեմ և չեմ խոսի Իրանի արտաքին ու ներքին քաղաքականության, հայ-իրանական միջպետական փոխհարաբերությունների, մարդու ազատությունների, իրավունքների և նմանատիպ խնդիրների մասին: Ինձ հետաքրքրում էր հայաքաղաքը, և Նոր Ջուղան աչքի առաջ ունենալով, կարող եմ անվարան հաստատել` հայ-իրանական հարաբերություններն օրինակելի են և հիմնված են փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության վրա: Եվ այս պնդումն ամենևին էլ քաղաքական նրբանկատության դրսևորում չէ:


Դժբախտաբար, պատմությանը հայտնի են տասնյակ օրինակներ, երբ արտագաղթած հայը հիմնել, ստեղծել, արարել է, ու մի տգեղ օր տիտղոսակիր բնակչությունը հայտարարել է` «մեր երկիրը` մեզ» ու սկսել հալածել, ձուլել, դուրս մղել կամ, որ ավելի հրեշավոր է, ցեղասպանել հայ տարրին, ասես այդ երկրի բոլոր դժբախտությունների արմատը հայն է եղել: Իրանի պատմության մեջ երբեք չեն եղել «Պարսկաստանը` պարսիկներին» կարգախոս ու դրանից բխած ծանր հետևանքներ հայերիս համար: Նոր Ջուղայում կան փողոցներ, որոնք կրում են իրան-իրաքյան պատերազմում զոհված հայորդիների անունները. սա հարգանքի դրսևորում չէ՞: Հայերիս երբեմն թույլատրվում են բաներ, որոնք արգելված են մյուսներին: Սա հանդուրժողականության դրսևորում չէ՞: Նոր Ջուղայի գերեզմանատանը մտովի զուգահեռ էի տանում… Ադրբեջանի հետ. գազանաբարո, բարբարոս ազերիները ջարդուփշուր արեցին հին Ջուղայի հազարավոր հնադարյա տապանաքարերը, իսկ այստեղ իրանական իշխանությունը աչքի լույսի պես էր պահպանում 400-ամյա հանգստարանը: Թուրքիան ցեղասպանեց մեր ժողովրդին, ոչնչացրեց հոգևոր, մշակութային, նյութական արժեքները, Իսլամական պետություն կոչեցյալը պայթեցրեց-ավերեց համաշխարհային մշակույթի հուշարձան Պալմիրան: Իրանը պահում-պահպանում է մեր ամեն պատմամշակութային հուշարձան: Ադրբեջանը, Թուրքիան, Իսլամական պետությունն էլ են մահմեդական, Իրանն էլ: Առաջին երեքն իրենց էությամբ, բնույթով ավերող, ոչնչացնող են, Իրանը` պահպանող: Սա նշանակում է, որ կրոնական պատկանելությունը ամենևին էական չէ (քի՞չ են եղել քրիստոնյա երկրներ, որտեղ հայերիս բռնի դավանափոխ են արել ու ձուլել): Խնդիրը ժողովրդի, երկրի քաղաքակրթված լինելն է: Իրանն իր հազարամյակների պատմությամբ է քաղաքակրթվել և գիտե դրա արժեքը: Նա, նախ, հարգում է ինքն իրեն, սրբությամբ պահպանում է իր ավանդույթները, իր պատմության յուրաքանչյուր էջը, որոնցից մեկը վերաբերում է մեզ` հայերիս:

Թե՛ ես, թե՛ Նոր Ջուղայի այլ մասնագետներ աչքաթող ենք արել մի կարևորագույն հանգամանք: Իրավ է, Նոր Ջուղայի կորիզը կազմում էին հինջուղայեցիները, բայց նրանցից բացի կային նաև Հայաստանի այլ վայրերից բռնագաղթածներ: Շահ Աբասի բռնության հետևանքով տեղի ունեցավ մեկ վայրում մեկտեղում, ներգաղթային համախմբում, և այդ միասնականությունը հանգեցրեց նվաճումների: Ինչո՞ւ էր հանճարը պատգամում. «Ո՜վ հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», արդյո՞ք ոչ այն պատճառով, որ մեր ժողովրդի բոլոր ձեռքբերումները եղել են հավաքականության բռնկումների շնորհիվ: Եվ այստեղ ինքնաբերաբար զուգահեռ է առաջանում հայաստանյան իրականության հետ:
Նոր Ջուղայի եկեղեցիներում ես տեսնում էի բարեպաշտ, գլխահակ հավատացյալների, լսում նրանց աղոթող ձայները և… մտաբերում մերօրյա աթեիստներին: Խորհրդային իշխանության 70 տարիների ընթացքում մենք ապրեցինք աթեիզմի, Աստվածամերժության պայմաններում, մոռացանք-կորցրինք կապիտալի ու բարերարության մշակույթները, հեռացանք մեր ավանդական ուղուց: Փոխարենն ստացանք ոչ թե իսկական ժողովրդավարություն, այլ կեղծ «դեմոկրատիա», մի մոդել, որ Արևմուտքն արտահանում է երրորդական, չորրորդական երկրների ու ժողովուրդների համար, և որն իր ավերը գործում է ներքին հայտնի և անհայտ ուժերի ձեռամբ` պետականությունը չկայացնելու առաքելությամբ: «Դեմոկրատիայի» առաջին հարվածը ստացան ու ստանում են ավանդական արժեքները` եկեղեցին, կրթությունը, բարոյական բոլոր նորմերը, պետականակիր ինստիտուտները: Կապիտալի մշակույթ կորցրած Հայաստանում իշխող դարձավ փողը, մամոնան, ու երկրում հաստատվեցին պլուտոկրատական կարգեր: Դարուկես առաջ «Բազմավէպը» պլուտոկրատիան թարգմանեց «հարստապետություն», բայց դա բառի ճշգրիտ և ամբողջական իմաստը չէր արտահայտում, այդ բառն ունի շատ ավելի լայն նշանակություն: Ես չեմ ուզում անգամ այդ բառի իմաստը հաղորդել, բացեք բառարաններն ու կարդացեք: Փողը, անձնապես հարստանալու մոլուցքը դարձան գերիշխող` միլիոնավոր անճարներին արտագաղթի մատնելով, իսկ մնացողներին վերածելով փողի ստրուկների: Ազգանվիրումի, հայրենասիրության, ինտելեկտի փոխարեն փողը դարձավ չափանիշ:


«Դեմոկրատիան» ծնեց կաշառված իշխանավորների, հեշտությամբ նշանակված, բայց դժվարությամբ ազատվող պաշտոնյաների, մորեխիկի պես սկզբունքների վրայով ցատկոտող, լաչառ ու հիստերիկ քաղաքական «գործիչների», գրիչ շարժող անտաղանդների, որոնք դպրոցական դասագրքերից դուրս նետեցին դասականներին և իրենք բռնեցին նրանց տեղը, մտավոր խանձարուրում գտնվող անմեղսունակ լրագրողների, համացանցային հայրենասերների ու նրանց քննադատողների, հազարումի այլ զրթուզիբիլի և բոլորին պատվիրեց` քանդե՛ք երկիրը, քանդելով ինքնահաստատվե՛ք ու թույլ մի՛ տվեք, որ հայի հավաքականության նոր բռնկում տեղի ունենա:


ՈՒ քանդում են, և թե սա մինչև երբ ու որքան պիտի շարունակվի, չգիտեմ:
Մեկ բան հաստատ է` «դեմոկրատիան» հաջողությամբ ավարտին է հասցրել զանգվածային ապուշացման գործընթացը: Իսկ բոլոր նրանք, ովքեր կփորձեն հավատարիմ մնալ ավանդական, հազարամյակների բովով անցած արժեքներին, պլուտոկրատների կողմից կդատապարտվեն դաժան պատժի, լավագույն դեպքում` մոռացության և անէության:

Մտածմունքներս ընդհատում է տաքսու վարորդ Վրեժը: Մեքենան կանգնեցնում է քամհարվող ճամփեզրին, հանում թերմոսը, երկու պլաստմասսայե ըմպանակ, թե.
-Գիտեմ, որ առանց սուրճի ու ծխելու Ձեզ համար դժվար է…
Անկեղծորեն զգացված էի այդ ուշադրությունից:
Արդեն լուսանում էր, մթությունը տեղը զիջում էր մոխրագույն նրբերանգներին: Ես վերադառնում էի հայրենիք, որտեղ, ընտանիքիցս ու մի քանի ընկերներիցս բացի, ինձ ոչ մի լավ բան չէր սպասում:
Բայց տրտում զվարթությամբ հետս տանում էի Նոր Ջուղայում Վերին կամքի ընդունելության երեք Նշանները` ամեն առավոտ ու գիշեր հյուրանոցի լուսամուտից երևացող Սբ Արեմաթացի եկեղեցու խաչակիր գմբեթն ու զանգակատունը, դեղին աչքերով սև կատվին և հայր սուրբի օրհնանքը:


Այո, ես բնակվում եմ Հայաստանում, բայց ապրում եմ իսկական հայոց աշխարհում, որի նշանաբանն է. «Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի եւ վաստակն ապրողաց օրհնեալ եղիցի»:


Երևան-Նոր Ջուղա-Երևան

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2547

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ