Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ես վերադարձել եմ (հատված Ego eimi գրքից)

Ես վերադարձել եմ (հատված Ego eimi գրքից)
19.05.2017 | 13:04

Այսօր Այդին ՄՈՐԻԿՅԱՆԻ մահվան օրն է:

Մուհամեդը քայլում էր Երուսաղեմով ու ոչ ոք նրան ուշադրություն չէր դարձնում: Մարգարեին թվում էր, որ բոլորն իրեն են նայում ու եթե ինքը թույլ տա՝ պատրաստ են գետնատարած փռվել իր առաջ ու սպասել իր մի բառին, մի շարժումին, մի հայացքին: Բայց նա քայլում էր Հին քաղաքի ոլոր-մոլոր փողոցներում, նույնիսկ սայթաքում էր երբեմն թաց սալահատակին ու… ոչ ոք նրան չէր մոտենում: Իսկ ես այստեղ եղել եմ, ես այստեղ հիշողություններ ունեմ, ինչո՞ւ ինձ չեն հիշում: Մուհամեդը ծարավ էր, նա կանգնեցրեց մի անցորդի, որ հարցնի՝ որտեղի՞ց կարելի է ջուր գտնել: Պարզվեց՝ հույն է, բայց խոսում էր արաբերեն, խանութի տեղն ասաց ու խորհուրդ տվեց, թե որ ջուրը գնի: Հույնն ի՞նչ գործ ունի այստեղ:
Մուհամեդը Հունական թաղամասում էր ու չէր ուզում բազիլիկից շատ հեռանալ: Ի՞նչ է՝ տաճար չէ՞ր տեսել: Տեսել էր: Բայց բազիլիկում ինչ-որ կանչող ու ձգող ուժ կար: Մտնի՞ ներս: Ինչո՞ւ են քրիստոնյաները ուղղափառ ու կաթոլիկ հնարել, որ միմյանց տարբերե՞ն: Անգամ Հարության տաճարում ամեն մեկն իր Հիսուսն ունի՝ քմծիծաղեց Մուհամեդը: Մոռացավ հարցնել՝ ինչո՞ւ ես հանդուրժում, թե՞ հարցրեց, բայց նա չպատասխանեց:


Զգաց, որ նորից է ուզում Հիսուսին տեսնել: Հանգիստ, կնստեն Հորդանանի ափին ու կխոսեն: Հանգի՞ստ: Հա, ի՞նչ ունեն անհանգստանալու: Աշխարհը, աշխարհը, Մուհամեդ, դուք չեք կարողանում այլևս պահել աշխարհը, բաժանել ու վերաբաժանել, վերավերաբաժանել՝ դա չէ՞ ձեր արածը: Մե՞ր: Մուհամեդը փշաքաղվեց: Մտել էր բազիլիկ: Մի քայլ էր արել միայն ու փշաքաղվեց: Պատերը շարժվեցի՞ն, թե՞ թվաց: Հաջը, ինչո՞ւ այդքան ուխտավորներ զոհվեցին հենց սրբավայրում: Ո՞ր սրբավայրում: Նրանք ուխտի էին եկել քո դուռը, ինչո՞ւ վերամբարձ կռունկը պիտի շրջվեր: Ի՞նչ քամի: Կռունկը այդտեղ ընդհանրապես ի՞նչ գործ ուներ: Մարգարե, մի խուսանավիր, դու ամեն ինչ գիտես ու ամեն ինչ դու շատ լավ գիտես: Մուհամեդը ժպտաց՝ ինքն իրեն: Միայն իրեն: Բազիլիկում աստվածային խաղաղություն էր՝ Մուհամեդը անմիջապես գնահատեց: Անմիջապես զգաց աղոթքների ուժը: ՈՒզում էր մոտենալ խորանին, բայց դուրս եկավ: Ինչու են քրիստոնյաները հնարե՞լ ուղղափառներին ու կաթոլիկներին: Իսկ ինչո՞ւ էին խաչակրաց արշավանքների գնում ու Սուրբ Հողի ազատագրության համար մեռնում: Հիսուսի գերեզմա՞նն էր նրանց պետք: Բայց մի՞թե Հիսուսը գերեզման ունի: Չունի ու երբեք չի ունեցել: Որովհետև Հիսուսը միայն երեք օր է երկրից բացակայել: Մնացած բոլոր օրերին նա եղել է այստեղ ու ամենուր, որտեղ ապրում են մարդիկ:
Արևը կծեց ու մարգարեն հիշեց, որ այդպես էլ ջուր չխմեց, բայց և արդեն ծարավ չէր: Հիմա ի՞նչ, իջնի՞ Հայկական թաղամաս: Սրբոց Հակոբյանց մայրավա՞նք: Գնա ու կանգնի խորանի առաջ ու մոմ էլ վառի՞: Մուհամեդ, դու խելագարվել ես: Դու խելագարվել ես, մարգարե, դու ընդհանրապես ի՞նչ գործ ունես Հունական թաղամասում, դու ունես քո մզկիթները, գնա ու այնտեղ մտածիր, թե ինչու են քրիստոնյաները բաժանվել կաթոլիկների և ուղղափառների: Իսկ մտածելու ի՞նչ կա: Պարզ, հազարամյակներ հայտնի պատասխան կա, մտածելու ոչինչ չկա:
Ամեն ինչ վաղուց հայտնի էր, բայց դու թույլ տվիր, որ իսլամն էլ երկատվի: Քո ինչի՞ն էին պետք սուննիներն ու շիաները: Դու ինչո՞ւ նրանց միասնական մահմեդական չպահեցիր, ինչո՞ւ նրանք կրկնեցին քրիստոնյաների ճանապարհը, կարող էիր, չէ, նրանց սխալներից հեռու պահել քո ծառաներին: Բայց ո՞վ ասաց, որ սխալ էր:


Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ Տերը մարդկանց բաժանեց՝ նրանց տարբեր լեզուներ տալով, որ չկարողանան միմյանց հետ շփվել: Այդպես է: Բայց այդպես է մարդկանց տեսակետից: Իրականում Տերը նրանց ինքնություն տվեց, որ հնարավորություն ունենան իրարից տարբերվել ու պատմություն ստեղծել, կենսագրություն: Տերը նրանց բաժանեց ու տվեց միավորվելու հնարավորություն, եթե հասկանան խաղաղության գինը, ու տվեց պատերազմ, երբ խաղաղության գինն ընկնում է: Իսկ պատերազմների միջև, խաղաղության ժամանակ նրանք ծնում են որդիներ, որ դառնան զինվոր ու դուստրեր, որ որդիներ ծնեն: Ամեն ինչ այնքան պարզ է:
Հորդանանի ջրերը նման են շոկոլադով կաթի, փափուկ են ու ջերմ: Հովհաննես Մկրտիչը այդ ջրերում օծեց Հիսուսին ու հավերժ սրբացրեց Հորդանանը: Դու ինչո՞ւ ես ուզում հենց Հորդանանի ափին հանդիպել Հիսուսին: Դա նրա տարածքն է: Ոչ, դա իմ տարածքն է: Հիսուսի ու իմ միջև իմ ու քո չկա: Կա, մարգարե, կա: Կրկնեմ՝ ո՞րն է: Հիմարություն է: Իրականում չկա, եղածը նույն պատճառն է, որով քրիստոնյաները հնարեցին կաթոլիկությունն ու ուղղափառությունը, մահմեդականները սուննիների ու շիաների բաժանվեցին: Դա էր Տիրոջ կամքը: Տերն ուզում էր, որ երկրի վրա հավերժական լինեն պատերազմնե՞րը: Տերն ուզում է, որ երկրի վրա մարդիկ ընտրեն պատերազմել, թե խաղաղության մեջ ապրել: Տերն ազատություն է տվել, որ իրար սպանե՞ն: Տերը նրանց Ղուրան է տվել, որ իմանան՝ ինչ անել, երբ անել, ինչ չանել ու ինչու չանել:


Ինչո՞ւ Տերը չի պաշտպանում իր Ղուրանը, որ մարդիկ ինչ ուզում են՝ չհասկանան՝ նույն տողերը կարդալով: Ինչո՞ւ վայր ընկավ վերամբարձ կռունկը: Որ մարդիկ հասկանան՝ սխալների դիմաց միշտ հատուցում կա ի վերուստ: Բայց ինչո՞ւ են մեղքեր գործում ոմանք, հատուցում՝ ուրիշները:
Անարդար է, մարգարե, քո կառուցած աշխարհն էլ անարդար է: Տիրոջ տասը պատվիրանները քրիստոնյաները մինչև հիմա չեն սովորել կատարել, նրանք կարող էին և Ղուրանը չհասկանալ: ՈՒրեմն ինչո՞ւ ես ընդունում նրանց աղոթքները՝ օրը քանի՞ անգամ: Թիվը կապ չունի: Կարևորը անկեղծությունն է: Նրանք ոչ միշտ են անկեղծ: Երբ աղոթքին խառնվում է ավանդույթը, աղոթքը կորցնում է ուժը: Սովորույթով Աստծո հետ չես խոսի: Աստված ձայնդ չի լսի, երբ հոգիդ չի խոսում, երբ մարմնիդ մասին ես մտածում:
Յաֆֆայի դարպասներով Մուհամեդը դուրս էր եկել Հին քաղաքից ու նրա առաջ Երուսաղեմն էր ու Երուսաղեմը չէր: Մարգարեն շատ հանգիստ էր: Նա գիտեր, որ երկրի վրա ամեն ինչ անփոփոխ է՝ ինչպես հարյուր, ինչպես հազար ու ավելի տարի առաջ և ոչինչ երկրի վրա կատարվող երկրում չի որոշվում, ուրեմն իզուր է Հիսուսը վերադարձել, ուրեմն ինքը չի վերադառնա: Ահեղ դատաստանը իր գործը չէ: Ինքն ունի իր Ալ Աքսան, Հիսուսը՝ իր Հարության տաճարը, հրեաներն՝ իրենց սինագոգերը:


Բայց եկել՝ եկել ես, ինչո՞ւ չես ուզում Բուդդային էլ հանդիպել: Տարածությունը քեզ համար ոչինչ է, հաջորդ քայլով դու կարող ես Տիբեթում լինել: Իսկ Տիբեթո՞ւմ է Բուդդան:
Առաջին անգամ երկրի վրա Մուհամեդը լիաթոք ծիծաղեց ու իր ծիծաղի ձայնն այնքան զրնգուն էր, որ երբևէ երկնքում չէր լինում: Չէ, ուրիշ է կյանքը երկրի վրա ու արժի ստեպ-ստեպ գալ՝ թեկուզ ծիծաղելու, թեկուզ լաց լինելու, թեկուզ ոչինչ չանելու: Հանկարծ Մուհամեդը ցանկացավ, որ իր գալն իմանան ու այլևս իր ոտնահետքը ուրիշ տեղ երկրպագեն, Յաֆֆայի դարպասներից դուրս, այստեղ ու այս պահին: ՈՒ՝ հետո: ՈՒ՝ միշտ:
Ո՞վ ասաց, որ աստվածները մեկ ոտնահետք են ունենում: Աստվածների ոտնահետքերով են մարդիկ քայլում:


Արևը այրում էր խայտառակ: Երկնքում ոչ մի նշույլ ամպ չկար: Բացարձակապես: Կապույտի ու արևագույնի միջև մարգարեն երկնքում տեսնում էր այն ամենը, ինչ որևէ մեկը երբևէ չի տեսնում, ու հանգիստ էր՝ ոչինչ, ոչինչ աշխարհում չի փոխվել ու չի փոխվում: Ինչո՞ւ գոնե մոլլաները չզգացին իր ներկայությունը: Չէ՞ որ նրանք ամեն օր ալլահի հետ են խոսում: Հա, խոսում են, բայց միայն իրենք են խոսում, ալլահի խոսքը նրանց չի հասնում: ՈՒ դա ճիշտ է՝ լսեն, կխենթանան, մեղք են: Դու այդպես էլ Հայկական թաղամաս չմտար: Սիոնը տեսա՝ բավական է:
Մուհամեդը ջրի ձայն լսեց: Ծարավն արթնացավ ավելի ուժեղ, քան արևն էր այրում: Ջուրը: Մարգարեն արագ քայլեց դեպի աղբյուրը, որ բխում էր քարե փողրակից: Հին, շատ հին շինություն էր, քարերը նույնիսկ մի քիչ փշրվել ու մի քիչ մամռոտել էին: Ջուրը սառն էր, կենարար, մարգարեն խմում էր ու խմում: Նրան թվում էր, որ ջրի ումպերն անմիջապես լցվում են երակները ու հասնում սրտին, սիրտը վաղուց էր սպասում այդ մի քանի ումպին՝ այնքան վաղուց, որքան մարգարեն իրեն հիշում էր:
Մարգարեն խմում էր ջուրը, հետո ափն առավ ու շփեց արևից ջերմացած դեմքը, զովությունը տարածվեց մարմնով մեկ: Մարգարեն թևերն էլ շփեց ջրով ու հայացքը հանկարծ կանգ առավ գրերի վրա: Աղբյուրի վրա գրեր կային: Ժամանակի մեջ մի քիչ աղոտած, խոր հատված, եզրերը փշրված, բայց ընթեռնելի տառեր էին: Մուհամեդը ձեռքը դրեց գրերին ու ցավ զգաց: Ցավը շամփրեց ոտքերը ու ծակեց քունքերը:


«1915 թվին Երուսաղեմում այս աղբյուրը կառուցեցինք մենք, որ Վանից ենք եկել՝ ի հիշատակ մեր սպանված ծնողների ու զավակների: Փառք Տիրոջը, որ մեզ կյանք տվեց»:
Մուհամեդը չկարդաց, լսեց նրանց խանձված ձայնը ու տեսավ նրանց աչքերը: Դու չմտար Հայկական թաղամաս, բայց դու ո՞ւր կարող ես գնալ քո պատմությունից: Նրանք հենց այդ ցավով են կառուցել այս աղբյուրը, որ անապատում ջուր է տալիս, իսկ քո ծառաները սպանում էին նրանց՝ ասելով անհավատ: Հիմա անհավատն ո՞վ է: Մարգարեն կանգնել էր աղբյուրի մոտ ու նայում էր երկնքին: Ներքև նայելու ուժ չուներ: Դո՞ւ էիր ուզում, որ քո ոտնահետքերը լինեն երկրում: Որ քո անունով… Մարգարեն նորից հակվեց աղբյուրին, ջուրը հոսում էր նրա դեմքով ու թրջում հագուստը, ափի մեջ խաչաձև ցավ էր զգում: Շամբալան քեզ ոչինչ չի տա: Քեզ նոր ոչինչ Բուդդան չի ասի՝ տուն գնա, Մուհամեդ: Տուն գնա:

Մարիամը ժպտում էր: Նա միշտ էր ժպտում, երբ չգիտեր ինչ ասել: Հիսուսը հավաքել է աշակերտներին ու իրեն նորից չի կանչել: Հետո ինչ: Հուդան անգամ եկել է, իսկ իրեն չի կանչել: Մարիամը ժպտում էր ու նրա ժպիտի մեջ այնքան անզորություն կար, որ դեմքը ցավում էր: Իսկ ինքը կգնա ու կասի՝ ես եկել եմ ու դուք առանց ինձ ոչինչ էլ չեք կարող անել: Ես եկել եմ, որ ձեր սեղանին հացից ու գինուց բացի նաև սեր դնեմ, որ դուք իրար նայելուց բացի գոնե երբեմն ինքներդ ձեզ նայեք: Ես հայելի եմ, որ դուք տեսնեք ձեզ: Որ դուք ձեր հիշողությունների մեջ չխրվեք-մնաք, որ վերադառնաք, եթե իսկապես վերադարձել եք, այս կյանքին ու այս պահին՝ այստեղ, հիմա, երբ մենք միասին ենք: Հետո դուք նորից կգնաք ու չեք հանդիպի իրար, բայց դուք միշտ պիտի զգաք, որ այստեղ, հիմա մենք բոլորս միասին ենք եղել: Մենք: Միասին: Բոլորս: Վերջապես: Ինչպես այն ժամանակ, երբ ինձ նորից չէիք կանչել: Իսկ ես նորից ձեզ հետ էի:
Ձիթենյաց այգին ողողվել էր երեկոյի լույսով: Արև չկար ու լուսին չկար, աստվածալույս էր այգում: Ձիթենիների պտուղները դեռ չէին հասունացել, աշուն պիտի գար դեռ, պտուղների մեջ արևն ու քամին հողից քաշած միս ու ավյուն պիտի ամբարեին: Ձիթենիները այնքան ամուր էին հողին կառչել՝ երկու հազար տարի ու ավելի՝ նրանք այստեղ էին ու աշխարհում ամեն ինչ տեսել էին, գիտեին, հասկանում էին ու հիշում էին: Ձիթենիները սպասում էին: Նրանք գիտեին, որ հենց այստեղ, հենց հիմա ոչ մեկից կանչված չլինելով՝ հավաքվելու են նրանք, որ երկու հազար ու ավելի տարի առաջ այստեղ՝ իրենց կողքին ու իրենց հետ երկար մի գիշեր ապրեցին՝ առաջին ու վերջին գիշերը Երուսաղեմում, որ տևեց մի քանի օր:


Հիսուսն արդեն եկել է: Իսկ Մարիամն առավոտից գինի ու ձուկ է բերել, որ կողովի մեջ պահել է տաճարում՝ միայն իրեն հայտնի խորշում, որ արտաքինից չի երևում, բայց հանում ես մի քար ու պահուստ է բացվում: Մարիամն իր պահուստում նաև հաց ու թուզ է պահել, արմավ ու խաղող, որ գնել է շուկայում: Խաղո՞ղ: Հա, Մարիամը ուզում է՝ երեկոն հիշվի:
Ձիթենյաց այգում այնքան մարդ կար, նրանք խոսում էին տարբեր լեզուներով ու արագ-արագ լուսանկարվում էին, չգիտես ինչու՝ պարտադիր հպվում էին կլորակ քարին ու համբուրում էին՝ հայացքները երկինք հառած: Նրանք պտտվում էին տաճարի շուրջը, ուշադիր զննում ձիթենիները, ավելի համարձակները երբեմն մի քանի ոստ էին պոկում ու անմիջապես թաքցնում գրպաններում, բայց ոչ ոք չէր տեսնում առաքյալներին, որ եկել էին, այստեղ էին ու երկար-բարակ ողջագուրվելուց հետո իրար պատմում էին իրենց կարծիքով ամենակարևորը: Հիսուսը նայում էր նրանց ու չէր էլ փորձում լսել՝ ինչ են խոսում: Հիսուսին նրանք չէին տեսնում, բայց սպասում էին ու ոչ մեկը մոտ չէր գալիս Մարիամի բացած երկար սեղանին, թեև սոված էին ու ծարավ, իսկ Հուդայի ձեռքին հաց կար ու նա ծամում էր հացը, կուլ էր տալիս ու չէր էլ զգում, որ հացը չի պակասում:
Պետրոսը նստել էր քարին ու ջղային շփում էր ոտքը, նորից սայթաքել էր ու ոտքը ցավում էր:
Թովմասը աչքերն արցունքոտած՝ ձիթենու ճյուղերից էր կառչել, ուզում էր պտուղ պոկել, բայց պտուղները այնքան խակ էին ու այնքան ամուր, որ Թովմասը քարկտիկ կարող էր խաղալ, եթե հաջողվեր պոկել ծառից:


Թադեոսը գնում-գալիս էր ու մեկ առ մեկ մոտենում էր նոր եկողին ու բոլորին նույն բառերն էր ասում՝ իմացա՞ք, որ իմ հայերը նահատակներին սրբադասեցին, իմացա՞ք: Բոլորն էլ գիտեին, բայց Թադեոսը շարունակում էր պատմել ու պատմել՝ հասկացա՞ք, թե իմ հայերն ինչ արեցին: Եվ միայն Հուդան նրան պատասխանեց՝ իսկ իրենք հասկացա՞ն:
Հովհաննեսը ամենաուրախն էր, ամենաուրախը, որ ամեն ինչ գիտեր, ամեն ինչ գրել էր արդեն, բայց ոչ բոլորն էին նրա գրածը հասկացել ու Հովհաննեսը հիմա հույս ուներ, որ վերջապես կսկսեն հասկանալ:
Անդրեասը այնքան լուրջ էր ու ծանրակշիռ, որ տեղից չէր շարժվում, երբ երբեմն առ երբեմն նրան էին դիպչում եկեղեցի եկած ուխտավորներն ու զբոսաշրջիկները, որ նրան չէին տեսնում, բայց բնազդաբար նրա կողմը չէին գալիս:
Բարդուղիմեոսը Մարիամի հետ գնում-գալիս էր տաճար ու այնտեղից կողովներ էր բերում, երբեմն նայում էր երկինք ու Մարիամին ասում էր, որ լուսինն այս գիշեր այնքան կլոր է, այնքան կլոր է, լիալուսին է՝ ինչպես նիսան ամսին է լինում միայն: Իսկ Մարիամը ծիծաղում էր ու ասում՝ գնա, նստիր, ոտքի տակ մի ընկիր:
Սիմոնը հետը մոմեր էր բերել ու ասում էր՝ բերել եմ, որ գիշերը վառեմ՝ իրար տեսնենք: Մոմերը թափանցիկ բաժակների մեջ էին ու Սիմոնը բացատրում էր, որ դա ապակի չէ, այլ ավելի թեթև ու ամուր նյութ է, շատ հարմար է:


Մատթեոսը ուզում էր հարցնել՝ ե՞րբ է ՈՒսուցիչը գալու, բայց գիտեր, որ ոչ ոք իր հարցին չի պատասխանի: Մատթեոսը ուզում էր Հուդային հարցնել՝ դո՞ւ ինչու ես եկել, բայց գիտեր, որ այդ հարցին էլ ոչ ոք չի պատասխանի: Մարիամը կզայրանա ու կասի՝ տեղդ նստիր, քեզ ինչ:
Հակոբոսը փայտե խաչեր էր բերել հետը, նա ժամանակ առ ժամանակ հայտնվում էր եկեղեցու դռանը ու խաչերը բաժանում էր խաչակնքվելով մուտք գործողներին, ձեռքը դնում էր նրանց գլխին ու օրհնանքի մի քանի բառ էր ասում, հետո նորից անհետանում էր ու ոչ ոք չէր հարցնում՝ որտեղի՞ց եկավ և ո՞ւր գնաց խաչեր բաժանող մարդը:
Մի երեխա սայթաքեց ծառի տակ ու ընկավ, Ֆիլիպոսը նրան գրկեց ու օդ բարձրացրեց այնքան արագ, որ նրան չտեսնող ծնողներին թվաց, թե երեխան ոչ թե վայր, այլ վեր ընկավ, պարզապես՝ կանգնած տեղը թռավ ու մի քիչ կախվեց օդում: Նրանք իրենց տղայից ամեն ինչ սպասում էին ու բոլորովին չզարմացան, իսկ երբ երեխան սկսեց պատմել, որ ինքը ընկավ, բայց չընկավ, նրան ոչ ոք չհավատաց, ասացին՝ մի հնարիր: Հովհաննեսը նույնպես ծիծաղում էր Ֆիլիպոսի ու երեխայի վրա ու նրանք թվում էին երեք երեխա, որ անհայտ խաղ են խաղում: Հակոբոսը Թադեոսին ասում էր, որ հայերը սրբադասումից հետո դարձել են ավելի զորեղ, բայց իրենց ուժը գործածել չգիտեն՝ հասկացնել է պետք: Հիմա ի՞նչ՝ նրանք հավաքվել են ու սպասում են ի՞նձ: Իսկ եթե ես չգամ, եթե ես հենց հիմա հեռանամ, նրանք մնալո՞ւ են Ձիթենյաց այգում: Թե՞ հեռանալու են՝ այդպես էլ չհավատալով, որ ես վերադարձել եմ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2537

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ