Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ճանապարհ, որը տանում է դեպի շաքարավազային տաճար (քաղաքական չինգաչգուկ)

Ճանապարհ, որը տանում է դեպի  շաքարավազային տաճար (քաղաքական չինգաչգուկ)
19.05.2017 | 13:07

ՆԱԽԵՐԳ


Դուք զգացի՞ք, ինչպիսի հրաբուխներ ժայթքեցին 3-րդ ազատ-անկախ (և առայժմ ազատ անկման մեջ հայտնված) հանրապետությունում։
«Հայազն» հայտնի-անհայտ քաղմարմինը յուր ղեկապետ Արմեն Մկրտչյանի դեմքով խրոխտ հայտարարեց, որ պատրաստվում է զբաղվելու շաքարավազի (հետագայում նաև ձեթի, տախտակի, ալյուրի և այլնի) ներկրմամբ։ Կեցցե՛ք, կանաչ ճանապարհ ձեր նախաձեռնությանը։ Սա առաջին, բավականին անսպասելի հրաբուխն էր, թերևս, ալեկոծված Աժդահակ լեռան ընդերքում։
ՀՅԴ-ն վերստին դաշնագրվեց ՀՀԿ-ին, ձևավորելով խորհրդարանական հերթական, անշուշտ նաև` ազգապետափրկչական կոալիցիան։ Այս հրաբուխը, վստահ լինենք, որ ժայթքել է լյառն Արարատի այն լանջից, ուր հանգրվանել է Նոյյան տապանը։

ՄԱՀ` ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻՆ


«Հայազն» հայկազուն կուսակցությունն անվերապահ ծանոթ է արևելյան հեքիաթին` քաջ և գեղադեմ ասպետի, ամենակուլ ու ժանտալիցք հրեշի մասին։ Մերօրյա ներկրումային այս հեքիաթն ինչպիսի վերջերգ կունենա հետագայում, ինչ խոսք, ցույց կտա ամենազոր, ամենակուլ ժամանակը։ Ահա նաև կուսակցապետի հռչակագիր-խոստովանանքը. «Որքանով որ ես եմ տեղյակ` շաքարավազ ներկրելու դաշտում մենաշնորհ կա, և ես պատրաստ եմ օրինակ ծառայել` կոտրելու այդ կարծրատիպերը, որ հնարավոր չէ շաքարավազ ներկրել Հայաստան։ Իմ քայլն առաջին հերթին քաղաքական ակցիա է, հետո նոր միայն բիզնես»։ Շունչներս պահենք և բարին մաղթենք և՛ «Հայազնին», և՛ նրա մունետիկ Արմեն Մկրտչյանին։ Շունչներս պահենք, զի կարծես թե մենաշնորհների դեմ պատերազմի ճակատ է բացվում։ Ահավասիկ, «Հայազնից» առաջ երջանկաբեր լուրեր թևածեցին Կումայրի հայրաքաղաքից։ Փառապանծ մարզիկ, զտարյուն արմենոիդ Ալեքսանյանը Արթուր հուժկու թափով կամենում է հավաբդային մենաշնորհը խորտակել, որը, առայժմ, գտնվում է նշանավոր մենաշնորհատեր և հռչակավոր «պալիծիկ» (այս եզրույթը վերոնշյալ մենաշնորհատիրոջ քաղաքական նախընտրանքն է, սեփական զբաղմունքը խորհրդարանում տեսակավորելու համար) և, վերջապես` լավաշային գլխավոր նվիրաբեր Ալեքսանյան Սամվելի գործունեության տիրույթում։ Բայց շաբաթը նենգորեն նախորդեց ուրբաթին. համացանցն ինձ հուշում է մի պահ խոր շունչ քաշել։ Ահա թե ինչ է գրել տիար Արմենը Մկրտչյան յուր ֆեյսբուքյան էջում. «Շաքարի 1-ին փուլի հաշվետվություն. 3 օր ռուս-վրացական սահմանին կանգնեցված ապրանքը, անցնելով բոլոր ստուգումները, «չերևացող» ձեռքի շնորհիվ հետ ուղարկվեց, իսկ մեր ռուս գործընկերները հրաժարվեցին շարունակել, տեղ հասցնելը համարելով անհնար... Առաջիկա օրերին փաստաթղթավորված ուսումնասիրությունը կներկայացնենք, իսկ հիմա կշարունակենք բանակցություններն այլ ֆիրմաների հետ։ Հ. Գ. Վստահ ենք, որ ստեղծվածը բացահայտելու ենք շուտով` հաջորդ դուխով ֆիրման գտնելուց հետո»։


«Հայազնն» ու Արթուր Ալեքսանյանը, բարեբախտաբար, «մի ծաղկով գարուն չեն»։ Ճանաչված քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն աշխետ ձին հեծած ներխուժել է մենաշնորհային դաշտ. «Ես պարզապես ուզում եմ բիզնեսով զբաղվել։ Հավի բդի իդեան եկավ Արթուր Ալեքսանյանից, բայց չի բացառվում, որ փորձեմ ներկրել նաև ալյուր, ձեթ, կարագ։ Պարզապես ուզում եմ տեսնել, կհաջողե՞մ բիզնեսում, թե՞ ոչ»։ Մի խոսքով` կարծրատիպերի դեմ քաղաքական-հանրային արշավներ են կազմակերպել։ Մինչև սույն հողմաղացը պտտվի ամբողջ թափով, օրեր կանցնեն և թանկ ժամեր։ ՈՒ, ինչ խոսք, կպարզորոշվի` ՀՀ-ում մենաշնորհը նահանջո՞ւմ է, թե՞, այնուամենայնիվ, մնում է մեր կաղապարված օրվա, մեր կռապաշտ տարվա և մեր նորանկախական-գերկախյալ դարի տիրակալը։


Եվ այս պահին խիստ պատմական ձեր հեզ ծառան գերվստահ է` շաքարավազի և հավաբդի, ալյուրի ու կարագի, սպիրտի և այլնի ներկրման և իրացման մենաշնորհների դեմ պետք է ծավալել ազգային-ազատագրական պատերազմ։
Այնպես որ, ոտքի ելնենք, սա է ելքը, սա է մեր գոյության «Հայկական հարցը»։

ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ


Գլխավոր ճակատամարտից առաջ հողմաղացը քուն է մտել, երազում էլ խորունկ մտքեր է կարդում, որոնք շարակարգել է գրականագետ և մշակութային արթուն պահակ տիար Դավիթը Գասպարյան. «Մենք մեծ ժողովուրդ էինք, մեծ երկրի տեր և անգամ աշխարհակալական անցյալով։ Հայկ Նահապետը, Արամ Աշխարհակալը, Տիգրան Մեծը, Սասունցի Դավիթն ու մյուսները հեռավոր ժամանակների մեջ են, բայց չմոռանանք, որ մենք` որպես ժողովուրդ, նրանց արյան և նրանցով առարկայացող պատմական հիշողության կրողն ենք»։ Ներկա ներկրողները և գլխավորը` նրանց կոշտուկավոր ոտքի (նաև ոտքի) առաջ կանաչ ճանապարհներ հարթողները ո՞ւմ արյան կրողն են, արգո Դավիթ, մի՞թե Հայկ Նահապետի։ Անհնար է։ Գուցե Արամ Աշխարհակալի՞։ Անհամ կատակ է։ Այդ դեպքում ի՞նչ է, նրանք Սասունցի Դավթի արյան և պատմական հիշողության կրո՞ղն են։ Ոչ։ Բայց որտեղի՞ց են նրանք հայտնվել, այս է խնդիրը։ Սրա լուծումը եկեք առաջադրենք խորհրդարանական նորածնունդ, բայց և այնպես, խիստ բազմափորձ քաղաքական կոալիցիային` ի դեմս ՀՀԿ-ՀՅԴ ներդաշնակության դաշնակցական թևին։ Չէ՞ որ ՀՅԴ-ն, ի վերջո, սոցիալ-հեղափոխական կուսկառույց է։ Չէ՞ որ այսօր հենց սոցիալական ընդվզման ճիշտ ժամանակն է` հեղափոխական (ո՛չ հեղաշրջումային) խնդրի առաջադրմամբ և վերջինիս վերջնագրային լուծմամբ։ Սակայն միացնենք հողմաղացյան մեր արծաթահնչուն ձայնափողը և տառ առ հնչյուն ընկալենք ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ տիար Աղվան Վարդանյանի մարգարեությունը, որը հնչեց կոալիցիոն հուշագրի ստորագրման վեհապանծ պահին, նախագահական հանրապետության վերջին նախագահի նստավայրում. «Երեք հիմնարար արժեքներ են դրված մեր հուշագրի հիմքում։ Դրանք են մեր սահմանների անվտանգությունը, տնտեսության կարգաբերումն ու զարգացումը, երկրում որակական արմատական բարեփոխումներ անելու վճռականությունը»։ Մի խոսքով` ՀՅԴ հավաքական կերպար «Կտրիճ Դավոն» հանում է թուրը։ Եվ թուրն այս շողշողում և պսպղում է և չալպուտուրիկ նժույգներն են խրխնջում` սարն ի վեր, ձորն ի վար։ Չափազանց նշանավոր է տիար Աղվանի այս որակումը` «տնտեսության կարգաբերում»։ Հարստացա՞վ հայոց ներկա բառաշխարհը, հարկավ։ Ձեր հեզ ծառան միանում է Հո-Հի-Դա-ի բառապեղման սրարշավին և իր կողմից շենացնում արդի քաղաքատնտեսական բառամթերքը` առաջարկելով, որ կոալիցիոն հուշագրի տնտեսական մասը, այսուհետև, թևեր առնի այս կարգախոսի ներքո` «ՀՀ կոալիցիոն տնտեսության կարգաբերման տեսլականը»։

Երկրում որակական արմատական գլխավոր բարեփոխման հիմնաքարը մենաշնորհների ամորձատումն է։ Արդի կոալիցիան երանելի վիճակում է այսօր գտնվում, զի շատ շուտով սոցիալ-հեղափոխական քաղմարմին Հո-Հի-Դա-ն կառաջարկի տնտեսության կարգաբերման իր հակամենաշնորհային տեսլականը, իսկ նժդեհական արմատական ՀՀԿ-ն էլ ձեռնամուխ կլինի դրա կենսագործմանը։ Ի վերջո, չէ՞ որ հենց ՀՀԿ անդամ-գործարարներն են ներկրում և՛ շաքարավազ, և՛ հավաբուդ, և՛ ալյուր, և՛ այլն։ Այսպիսով անհնարին ոչինչ չկա, քանզի, ինչպես գիտենք, այս լուսնի տակ ոչինչ հավերժ չէ։

ՎԵՐՋԵՐԳ
Այսօր կաքավուն ճառաբանության և բոցաշունչ խոստումների փոխարեն թող որ «Ելքն» ու «Երկիր ծիրանին» (նաև` ՀԱԿ-ը, նաև` այլք) զբաղվեն ներկրումներով, այսպիսով ձեռք մեկնելով կառավարության նախաձեռնած հակամենաշնորհային պայքարին։ Սա է ծիրանագույն երկիր կառուցելու ելքը։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ