Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Անցել են այն ժամանակները, երբ աշխատանքային կոլեկտիվները «բերման էին ենթարկվում» թատրոն»

«Անցել են այն ժամանակները,  երբ աշխատանքային կոլեկտիվները  «բերման էին ենթարկվում» թատրոն»
19.05.2017 | 13:09

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկը հարստացել է նոր ներկայացումներով: Թատրոնի երիտասարդ տնօրեն Տիգրան Վիրաբյանի պաշտոնավարման հինգ ամիսներին աճեմյանցիները երեք նոր ներկայացում են հանձնել հանդիսատեսի դատին: Առաջիկայում նախատեսվում են ևս երեքը։ Հակոբ Պարոնյանի «Շողոքորթը» ներկայացման առաջնախաղից հետո «Իրատեսը» զրուցեց ՏԻԳՐԱՆ ՎԻՐԱԲՅԱՆԻ հետ:


-Դահլիճը մի՞շտ է այսպես լեփ-լեցուն:
-Գյումրու թատրոնը, հուրախություն մեզ, հանդիսատեսի խնդիր չունի. և՛ այսօրվա, և՛ վաղվա ներկայացման տոմսերը օր առաջ սպառվել են: Մենք ստիպված էինք չպլանավորված մեկ ներկայացում էլ ավելացնել մայիսի 24-ին` հանդիսատեսի մշակութային պահանջը բավարարելու համար: Ասեմ նաև, որ մենք աշխատում ենք աբոնեմենտային համակարգով, բավականին շուտ ծրագրում ենք ներկայացումները, հունվար, փետրվար ամիսներին արդեն գիտենք, թե ինչ ներկայացումներ ենք խաղալու մայիս, հունիս, հուլիս ամիսներին:
-Հանդիսատեսին ավելի շատ հետաքրքրում են նո՞ր ներկայացումները:
-Բոլոր ներկայացումները: Պրեմիերաները, բնական է, ավելի շատ հանդիսատես են բերում, բայց ունենք ներկայացումներ, որ երկար տարիներ թատրոնի խաղացանկում են: Օրինակ,«Չար ոգին» 15 տարի խաղում ենք, «Հրեշը լուսնի վրա»` 10 տարի և այլն:
-Ինչո՞ւ թատրոնը 41 տարվա ընդմիջումից հետո որոշեց անդրադառնալ «Շողոքորթին»:
-Մենք պետք է պարոնյանական լեզուն վերադարձնեինք Գյումրու թատրոն: Պարոնյանական լեզուն շատ թատերային է, կերպարները` գունեղ, հետաքրքիր: Հանդիսատեսն ուներ այս ներկայացման կարիքը:
-Ներկայացման ուղերձը, բարձրացված խնդիրներն արդիական են նաև այսօ՞ր:
-Թատրոնը չի կարող շոշափել ժամանակի խնդիրները, ժամանակի զարկերակը, չի կարող վեր չհանել ժողովրդին վերաբերող խնդիրներ: Մենք հանրահավաքներում չենք խոսում մեր խնդիրների մասին, սա է մեր ամբիոնը, մեր պայքարը, կռվի մեր ձևը: Մենք ասում ենք` շողոքորթությունը ցավ է, մենք ծաղրում ենք այդ երևույթը և այդպես էլ դաստիարակում մեր հանդիսատեսին:
-Ասում են` գյումրեցիները մեկ եկեղեցում են գլխարկը հանել, մեկ` թատրոնում: Թատրոնի պաշտամունքն այսօ՞ր էլ կա:
-Բնականաբար: Ինքներդ էլ տեսաք, դահլիճը 700-տեղանոց է, մենք այսօր նստարանների կողքին ստիպված ենք եղել 100 աթոռ ավելացնել:
-Նաև հյուրեր ունեիք նախարարությունից:
-Նաև հյուրեր ունեինք, որոնք գնել էին տոմսերը, սա նույնպես աննախադեպ է, երբ մշակույթի նախարարը տոմս է գնում ու գալիս ներկայացում դիտելու, գոնե ես նման բան չեմ տեսել:
-Իսկ ի՞նչ խնդիրներ ունի թատրոնը:
-Խնդիրները շատ են` տեխնկական վերազինում, շենքային պայմանների բարելավում: Չի կարող թատրոնը խնդիրներ չունենալ, բայց, ամենակարևորը, մենք գիտենք բոլոր խնդիրները և այդ խնդիրների լուծման ճանպարհները:
-Ընթացիկ ներկայացումների մասին գյումրեցիները տեղեկանում են թատրոնի ֆեյսբուքյան էջից, աֆիշներից: Հանդիսատես-թատրոն կապը, կարծես թե, ամուր է:
-Այսօր հնարավոր չէ աշխատել առանց ներկայացումները հանրահռչակելու, առանց հանդիսատեսին իրազեկելու: Անցել են այն ժամանակները, երբ բանվորները, աշխատանքային մյուս կոլեկտիվները «բերման էին ենթարկվում» թատրոն: Մենք իրազեկում ենք, մարդիկ` հետաքրքրվում: Ինչո՞ւ է միշտ լեփ-լեցուն Գյումրու թատրոնը, որովհետև մենք փորձում ենք միշտ հետաքրքիր լինել: Ինքներդ ասացիք, որ արդիական թեմա է շոշափվել, բնականաբար, այսօրվա մարդուն հետաքրքրում են այսօրվա թեման, այսօրվա խնդիրները:
-Ձեր ամենասիրելի ներկայացումը ո՞րն է:
-«Հրեշը լուսնի վրա»: Ես ունեմ սիրելի ներկայացումներ, բայց առանձնացնելը փոքր-ինչ սուբյեկտիվ է:
-Ի դեպ, թատրոնի դերասանները փայլում էին իրենց խաղով։
-Մերոնք ֆանտաստիկ են, ես բոլորին շատ սիրում եմ, բոլորին շնորհավորում եմ ու վստահ եմ, որ իրար հետ դեռ շատ ավելին կանենք:
-Երևանից հաճա՞խ եք հանդիսատես ունենում:
-Երևանյան հանդիսատեսը սիրում է մեր թատրոնը: Նրանք միշտ ակտիվ են, միշտ մեր կողքին են: Ե՛վ նրանք են գալիս, և՛ մենք ենք գնում ներկայացումներով, հյուրախաղերով: Սեպտեմբերից սկսվում է մեծ հյուրախաղային շրջանը, ինձ թվում է` մենք դեռ շատ անելիք ունենք:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3411

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ