ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

«Թանգարաններն այսօր միայն գեղեցիկ արվեստների տաճարներ չեն, դրանք նաև տարածքներ են, որ ծառայում են հանրությանը»

«Թանգարաններն այսօր միայն գեղեցիկ արվեստների տաճարներ չեն, դրանք նաև տարածքներ են, որ ծառայում են հանրությանը»
19.05.2017 | 13:13

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանն այս տարի Հայաստանում և Արցախում մասնակցելու է 113 թանգարան: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս միջոցառմանը միացել են մի շարք նոր թանգարաններ:
Այս մասին լրագրողներին տեղեկացրեց մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԸ, նշելով նաև, որ ծրագրի շրջանակում` մայիսի 20-ին, կգործարկվի թանգարանների մասին տեղեկությունների համակարգ հանդիսացող «Աուդիովիզուալ գիդ» բջջային հավելվածը: Տարվա ընթացքում հավելվածը կներդրվի յոթ թանգարաններում, ներկայումս գործում է Սերգեյ Փարաջանովի, Մարտիրոս Սարյանի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարաններում: Բանախոսը նշեց նաև, որ համաեվրոպական միջոցառման այս տարվա կարգախոսն է` «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարանում», որն ընդունվել է ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի առաջարկով: «Մեզ միացել է նաև Գերմանիայի ազգային կոմիտեն,- մանրամասնեց ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի տնօրեն ՄԱՐԻՆԵ ՀԱՐՈՅԱՆԸ:- Խորագրի մոտիվացիան Հայոց ցեղասպանությունն էր, Հոլոքոստը, հիմնական շեշտը դրված էր նրա վրա, որ աշխարհում բռնությունների ալիքը գնալով ավելի ու ավելի է բարձրանում: Փախստականների խնդիրը, Սիրիայի դեպքերը, այս ամենը նպաստեցին, որ խորագիրն ընդունվի, որովհետև, իսկապես, թանգարաններն այսօր միայն գեղեցիկ արվեստների տաճարներ, մշակութային ժառանգությունը պահպանելու վայրեր չեն, դրանք նաև տարածքներ են, որ ծառայում են հանրությանը: Այսօր ոչ մի թանգարան անտարբեր չի կարող մնալ այն ամենին, ինչ կատարվում է իր համայնքում, իր երկրում և, ընդհանրապես, աշխարհում: Պատահական չէ, որ վերջին տարիներին թանգարաններն առավելապես ընկալվում են որպես կրթական տարածքներ, նաև սոցիալական լուրջ պատասխանատվություն են վերցնում իրենց վրա»:


«Մեր թանգարանները պատրա՞ստ են մարդկանց աննախադեպ մեծ հոսքն ընդունելու: Նման պայմաններում հնարավո՞ր է թանգարանը ճանաչել, և մեկօրյա այցելությամբ չի՞ ավարտվում արդյոք թանգարանի նկատմամբ հետաքրքրությունը». «Իրատեսի» այս հարցերին ի պատասխան Արև Սամուելյանն ասաց, որ Երևանի կենտրոնում գտնվող ոչ մեծ թանգարանները պատրաստ չեն այդպիսի մեծ հոսքի, այդ պատճառով ամեն թանգարան իր մոտեցումն է ցուցաբերում, օրինակ, Երվանդ Քոչարի թանգարանում հերթափոխերով են այցելուները ներս մտնում: Բացի այն, որ տարածքը մեծ չէ, ցուցանմուշների համար էլ կարող են վտանգավոր իրավիճակներ ստեղծվել: Ինչ վերաբերում է թանգարանների այցելության խթանման հարցին, փոխնախարարն ասաց, որ անվճար այցելության օրերը խթանում են նաև ֆինանսական ցուցանիշը. «Եթե գալիս են, ծանոթանում են թանգարանին, ցանկություն է առաջանում հետագայում նույնպես վերադառնալու թանգարան` միգուցե ընկերներով, ընտանիքի հետ և այլն: Թանգարանների գիշերվա խորհրդավոր միջավայրը գրավում է հատկապես երիտասարդներին. ավելի աշխարհիկ պայմաններում շփվում են արվեստի, մշակույթի հետ, ինչու ոչ, նաև ընկերներ են ձեռք բերում»:

Արև Սամուելյանը նշեց նաև, որ այս ավանդույթի հիմքը դրվել է Ֆրանսիայում:
Մարինե Հարոյանն ավելացրեց, որ մինչ օրս վիճում են, թե ումն է առաջնությունը` Ֆրանսիայի՞նը, թե՞ Գերմանիայինը. «Գերմանացիներն են առաջին անգամ «Թանգարանների գիշեր» անցկացրել, բայց այն միջազգային դարձրել են ֆրանսիացիները: Մեզ մոտ միանգամից ընդունվեց, և տարեցտարի այցելուներն ավելացան: Մարդիկ սպասում են այդ օրվան, որը նաև տոն է, ու հաճախ գալիս են ոչ այնքան թանգարանները դիտելու, որքան թանգարաններում անցկացվող տարաբնույթ հետաքրքիր միջոցառումներին մասնակցելու: Իսկ փոխադարձ կապ լինում է, հետո գալիս են, ընկերներին են բերում, նաև ավելի խորությամբ են ծանոթանում թանգարանին: Մի օրինակ բերեմ. անցալ տարի գրականության և արվեստի թանգարանի առաջին այցելուն երիտասարդ հայրիկ էր` տղայի հետ: Մենք ասացինք, որ առաջին այցելուն է, և տղան կարող է իր դասընկերների հետ անվճար գալ թանգարան: Մի քանի ամիս անց` սեպտեմբերին, ամբողջ դասարանը մեզ հյուր եկավ»:
Թանգարանների միջազգային օրվա, «Թանգարանների գիշեր»-ի առիթով կազմակերպվող միջոցառումների շրջանակում մայիսի 19-ին Հայաստանի ազգային գրադարանում կբացվի գրատպության թանգարանը, որը այցելուին կներկայանա հայ գրատպության պատմությունը ներկայացնող հետաքրքիր ցուցադրությամբ` հնատիպ գրքեր, կլիշեներ, տպագրական մեքենաներ և այլ գիտաօժանդակ նյութեր:


Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն ՏԻԳՐԱՆ ԶԱՐԳԱՐՅԱՆՆ ասաց, որ թանգարանն ունի 6 սրահ, որոնք ներկայացնում են հայերեն տպագիր գրքի անցած ճանապարհը՝ սկսած նախագրային շրջանից: Ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայր ստեղծող նորաբաց թանգարանը հագեցած է արդի տեխնոլոգիաներով: «Գրատպության թանգարան ունենալու գաղափարը ծագել է դեռևս 2012-ին, երբ նշվեց Հայ գրատպության 500-ամյակը, և ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը ճանաչեց Գրքի համաշխարհային մայրաքաղաք»,- նշեց գրադարանի տնօրենը:
Հավելենք, որ այս տարի թանգարանային տոնական միջոցառումները կսկսվեն Թանգարանների միջազգային օրը` մայիսի 18-ին, կեզրափակվեն մայիսի 20-ին` «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1797

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ