Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մեկ օրվա չորս կետերը

Մեկ օրվա չորս կետերը
19.05.2017 | 13:27

Ամփոփենք՝ երեկվա օրն առատ էր իրադարձություններով՝ օրընթաց ու հեռագնա: Նախ՝ ԱԺ նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը: Բայց՝ այլընտրանքով: «Ելքն» առաջադրեց Էդմոն Մարուքյանի թեկնածությունը: Նրան 12 պատգամավոր ձայն տվեց, եթե «Ելքի» բոլոր 9 պատգամավորները նրա օգտին են քվեարկել, որտեղի՞ց ավելացան 3 ձայները: Ընդամենը 1 քվեարկությամբ երեկ ԱԺ-ն ուրվագծեց իր հետագա գործունեության տրամաբանությունը: Եթե «Ծառուկյան» դաշինքն ընդդիմադիր է, ինչո՞ւ խմբակցությունը որոշում կայացրեց քվեարկել «խղճի մտոք», ոչ թե հօգուտ ընդդիմադիր թեկնածուի: Եվ՝ քվեարկեց հօգուտ ՀՀԿ-ի թեկնածուի՝ ապահովելով նրա 88 ձայնը: Ընդդիմության նո՞ր տարբերակ է, թե՞ հին այլընտրանքն է: Հետայսու ևս Գագիկ Ծառուկյանը խաղալու է նույն շրջանակում՝ անվանական ընդդիմության և իրական իշխանության: Իսկ ընդհանրապես նոր պատգամավորները նաև անարդյունավետ են գործում՝ նրանք չհասցրին ԱԺ փոխնախագահներ ընտրել և ընտրությունները թողեցին այսօրվան:

Ամբողջ 1 օր Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը, Միքայել Մելքումյանը կմնան շարքային պատգամավոր, բայց՝ կդիմանան: Հատկապես Միքայել Մելքումյանը: Վստահ եղեք, որ այսօր նրան ոչ միայն «Ելքը» ձայն կտա՝ համարելով ընդդիմադիր, այլև՝ ՀՀԿ-ն՝ համարելով յուրային: Իսկ ՀՀԿ-ի թեկնածուներին համատեղ ձայն կտան ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, մի քանիսը գուցե ձեռնպահ մնան:
Երեկ հրաժարական տվեց կառավարությունը և երեկ էլ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ: Կառավարության անդամների նշանակումը ևս տեխնիկական հարց է, բայց անակնկալներ, իհարկե, կլինեն: Ինչպես իր առաջին, այնպես էլ երկրորդ կառավարության մասին Կարեն Կարապետյանը չի կարողանա ասել՝ «Իմ թիմը»: Կասի՝ «Մեր թիմը»՝ նկատի ունենալով ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի իրեն պարտադրված նախարարներին, որոնցից ազատվելու իրական տարբերակ չունեցավ:


Ճիշտ երեկ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հայտարարեց, որ սկսվում է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման գործընթացը, որը կավարտվի օգոստոսի 31-ին: 2016-ին Գերմանիան, 2017-ին Ավստրիան չկարողացան Ադրբեջանի վետոն հաղթահարել: «Հայաստանի հետ համագործակցությունը միշտ էլ շատ արգասաբեր է եղել»՝ հայտարարեց Լամբերտո Զանիերը և ընդգծեց, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է համագործակցությունը Հայաստանի հետ հիմնական 3 ուղղություններով՝ քաղաքական-ռազմական, տնտեսական-բնապահպանական և մարդկային զարգացման:


Օրվա բուռն ու անկարևոր իրադարձությունների լրահոսում համարյա աննկատ մնաց, որ Պերմյակովը փոխանցվեց Ռուսաստանի Դաշնությանը: Դա արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի վերջին նվերն էր՝ նա արեց՝ ինչ իրենից պահանջվում էր և պարգև ստացավ ԱԺ փոխնախագահի պաշտոնը: Ավետիսյանների սպանված ընտանիքին նա գիշերը երազում չի տեսնի, ի վերջո, ինքն ի՞նչ մեղք ունի: Ինքն ի՞նչ կապ ունի: Ինքն արել է հնարավորը՝
«ՌԴ իրավասու մարմինների հետ անցկացված խորհրդակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն հայկական կողմի ներկայացուցիչների համապատասխան հարցումների դեպքում Վ. Պերմյակովի պատժի կատարման վերաբերյալ հետագայում տեղեկատվություն տրամադրելու մասին»: Ավելին՝ ՌԴ-ն ընդունել է ՀՀ դատարանի դատավճիռը՝ ցմահ բանտարկություն: Հետաքրքիր է՝ կայազորը ինքնակամ լքելու համար ՌԴ օրենքներով 10 տարվա բանտարկության դատապարտված հանցագործը՝ պատիժը կրելուց հետո կվերադարձվի՞ Հայաստան: Իհարկե՝ ոչ: 10 տարի հետո որտե՞ղ կլինի Արփինե Հովհաննիսյանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ԱԺ-ին իր ուղերձում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսում էր ներքին թշնամուն՝ անարդարությանը պատերազմ հայտարարելու մասին: Ի՞նչ պատերազմ, եթե միանգամից կապիտուլյացիոն ակտ է ստորագրվում:

Դիտվել է՝ 20079

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ