«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մինսկի խումբը զարմացրեց

Մինսկի խումբը զարմացրեց
19.05.2017 | 17:50

ԵԱՀԿ Մինսկի խմբի պարիտետային ու չեզոք, անհասցե հայտարարություններին կամ տևական լռությանը սովոր լինելով, այդ պատմական դարձած «հավասարության» տասնյակ բացատրությունների ու մեկնաբանությունների ծանոթ լինելով՝ Մինսկի խմբի համարյա բոլոր նախկին ու ներկա համանախագահներից, արդեն երկրորդ անգամ ստանում ենք հասցեական և առաջին անգամ հստակ հասցեական հայտարարություն: Սա դիվանագիտական «ոչ» է Ադրբեջանին և հստակ արգելք նոր ագրեսիա սկսելու մտադրությանը: Երեկ ՌԴ ԱԳՆ ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, վերջին օրերին ղարաբաղյան շփման գծում լարվածության աճին և միջադեպերին անդրադառնալով ասել էր. «Տարբեր աղբյուրներից ստացած մեր տեղեկությունների համաձայն՝ իրավիճակը սրվել է, երբ մայիսի 15-ին Ադրբեջանի տարածքից հարվածել են հակառակ կողմում գտնվող ռազմական օբյեկտին: Մյուս կողմը, բնականաբար, արձագանքել է: Թե ինչ չափով է վնասվել այդ օբյեկտը, տարբեր տեղեկություններ կան: Ես ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել ռուսական կողմի դիրքորոշումը։ Ռուսաստանը, որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ երկիր, դատապարտում է իրավիճակի սրումը հակամարտության գոտում և կոչ է անում բոլոր կողմերին՝ անհապաղ ձեռնարկել բոլոր քայլերը՝ էսկալացիային վերջ տալու համար»:


Մարիա Զախարովայի խոսքի մեջ կա նաև այլ կարևոր պահ՝ նա նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման մասին ռուսական կողմը տեղեկություն չունի, որ նշանակում է՝ այս պայմաններում ԱԳ նախարարների հանդիպումը նպատակային չէ և պատճառը Բաքվի գործողություններն են:
Զարմանալի է նաև, որ ՌԴ ԱԳՆ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները գրեթե նույնական են: Փաստորեն՝ Մոսկվան ևս միանում է ընկալմանը, որ նոր ագրեսիան իր շահերից չի բխում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերին լարվածության աճը սկսվել է ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետևանքով: «Մի շարք վստահելի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռ են արձակել Շփման գծից այն կողմ` խոցելով զինտեխնիկա: Մայիսի 16-ից մինչև մայիսի 17-ը հայկական զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել տարբեր տրամաչափի ականանետային կրակով: Երկու կողմերի այս գործողությունները հրադադարի նշանակալի խախտումներ են, որոնք մտահոգության տեղիք են տալիս»՝ մայիսի 18-ի երեկոյան հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, դեսպաններ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ): Փաստելով, որ կողմերի կորուստների մասին ստացվում է իրարամերժ տեղեկատվություն, համանախագահները նշում են, որ թե իրենք, թե ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը շարունակում են տեղեկատվություն և վերլուծություններ հավաքել` իրավիճակի մասին ավելի լիարժեք և ճշգրիտ պատկերացում կազմելու համար:

«Համանախագահները դատապարտում են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումները և կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները հակամարտության գոտում լարվածության հետագա աճը կանխելու համար»,- եզրափակում են համանախագահները:
Իսկ մայիսի 18-ին և լույս 19-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել՝ 90 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 1300 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է 60- միլիմետրանոց ականանետ (1 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60- միլիմետրանոց ականանետ (1 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (1 արկ): Բայց դա արդեն «սովորական» դարձած խախտումներ են, առանց որոնց Բաքուն իր առաքելությունը չի պատկերացնում:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով Կիպրոսում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստում, շեշտել է, որ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել զինադադարի համաձայնագրերը:

Իր ելույթում նա անդրադարձել է «Ժողովրդավարական անվտանգության» հայեցակարգի շուրջ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի տեսակետին, որ ժողովրդավար երկրները առավել քիչ հավանական է պատերազմ սկսեն, և ընդգծել. «Ակնհայտ է, որ ավտորիտար ռեժիմները նման երկընտրանքի առջև չեն կանգնում։ Նման իրավիճակի ականատես եղանք 2016-ի ապրիլին, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սանձազերծեց Արցախի ժողովրդի դեմ՝ իրականացնելով միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ»: «Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո երկու գագաթնաժողով է գումարվել, որտեղ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ միտված խաղաղ գործընթացի առաջ մղման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծմանը: Բաքուն հրաժարվում է իրականացնել այս համաձայնությունները՝ չնայած դրանց կարևորությունն ընդգծվել է բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջերս՝ ապրիլի 28-ին կայացած եռակողմ հանդիպման ընթացքում: Ավելին, հակառակվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային հանրության հետևողական կոչերին՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը, Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ զինադադարի համաձայնագրերը»,- հայտարարել է Նալբանդյանը:


Այսօր խորհրդարանում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ևս արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը՝ նշելով, որ առաջին անգամ հասցեական քննադատություն հնչեց Ադրբեջանի նկատմամբ: «Կարծում եմ, որ մենք պետք է ճիշտ գնահատենք այդ քայլը, որ այդտեղ ոչ միայն նշանակություն ուներ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը և ոչ կառուցողական մոտեցումը խաղաղությամբ հարցի լուծմանը, այլև ուներ, վստահ եմ, մեծ նշանակություն Հայաստանի վերջին ժամանակների հստակ քայլերով ժողովրդավարության ընդլայնումը, միևնույն ժամանակ»՝ ասաց Արա Բաբլոյանը: Խորհրդարանի նախագահը կարևորեց Հայաստանի դիվանագիտական քայլերը, որ հաջողված են, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության լուման ոչ պակաս նշանակություն ունի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եվ, այնուամենայնիվ, ինչո՞ւ հենց հիմա Մինսկի խումբը որոշեց հասցեական հայտարարություն անել, երբ այդ առիթները Բաքուն բազմիցս տվել է ու տալիս է:
Մասնավորապես՝ նույնը կարող էին անել փետրվարին, երբ Ադրբեջանը գրոհել ու ստացել էր կանխարգելիչ հարված՝ կորցնելով հետախուզական-դիվերսիոն ջոկատի հինգ զինծառայող, նրանց դիերն էլ մնացել էին չեզոք գոտում: Այն ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խումբը, գրոհողի ու գրոհին պատասխանողի հանգամանքը մի կողմ թողած՝ հայկական կողմին մարդասիրության կոչ էր անում՝ դիերը վերադարձնելու համար: Փաստորեն՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը երկու օր առաջվա սադրանքի մեջ ավելի մեծ վտանգ է տեսնում, քան զինտեխնիկայի վնասման կամ պատասխան հարվածից ոչնչացման: Այսինքն՝ նրանց հայտնի՞ են Բաքվի նոր մտադրությունները, որոնք կանխելու նպատակ ունի իրենց հայտարարությունը:


Դիտարկելով Ադրբեջանի ռազմական ու դիվանագիտական գերատեսչությունների միմյանց ներհակ գործողությունները՝ այս հարցին դժվար է պատասխանել: Մի կողմից ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԱԳ նախարարների հանդիպում է ուզում ու առաջարկում է քննարկման օրակարգ՝ «տարածքներ խաղաղության դիմաց», մյուս կողմից Պնախարար Զաքիր Հասանովը կրակում է այդ հանդիպման հնարավորության վրա: Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ Բաքուն գործում է բանակցային գործընթացի դեմ, ամեն օր ռազմական նոր ագրեսիա ձեռնարկելու պատրաստակամությամբ: ԵԱՀԿ Մինսկի խումբը այս անգամ նոր ագրեսիայի շանս չի տա Բաքվին՝ դա է նշանակում նրանց հասցեական ու հստակ հայտարարությունը: Փորձեք և կստանաք տարածքային կորուստ ու պատժամիջոցներ՝ չեն ասել, բայց հասկացրել են համանախագահները: Իսկ թե դրանից հետո ինչ օրակարգով ու ինչպես կբանակցեք՝ մտածեք ինքներդ: Ադրբեջանում քաղաքական ու ֆինանսատնտեսական լարված իրավիճակը Ղարաբաղի հաշվին լիցքաթափելու Իլհամ Ալիևի նոր փորձը կվտանգի նրա իշխանությունը, և դա նրան ասվել է չափազանց հստակ ու միանշանակ:

Դիտվել է՝ 1714

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ