Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էրդողանն արեց հերթական քայլը

Էրդողանն արեց հերթական քայլը
22.05.2017 | 10:00

Մայիսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կառավարող կուսակցության արտահերթ համագումարում ընտրվեց կուսակցության նախագահ՝ հաղորդել է «Անադոլու» գործակալությունը: Սա նորություն չէր, վաղուց էր հայտարարված, որ Էրդողանը գլխավորելու է կուսակցությունը՝ սահմանադրական փոփոխությունները նրան այդ հնարավորությունը տվել են: ԱԶԿ-ի 1414 պատվիրակներ քվեարկել են նրա վերադարձի օգտին: Էրդողանը շնորհակալություն է հայտնել կուսակիցներին և իբրև ԱԶԿ նախագահ առաջին ելույթում ասել, որ մտադիր է առաջիկայում վերացնել վարչապետի պաշտոնը, մինչդեռ սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ պիտի մտնեին նախագահական հաջորդ ընտրություններից հետո:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ԱԶԿ-ի նախագահ վերընտրվելը գուցե սպեղանի դնի Թուրքիայի նախագահի ԱՄՆ-ում ստացած «վերքերին»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա հանդիպումը դիվանագիտական ու քաղաքական ձախողում էր՝ Էրդողանը չստացավ իր գլխավոր հարցերին դրական պատասխան: Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումը ոչ այսօրվա, ոչ վաղվա հարց է՝ մեկ: Երկրորդ և գլխավորը՝ Դոնալդ Թրամփը չի հրաժարվի Սիրիայում կռվող քրդերին աջակցությունից, մինչդեռ Թուրքիայում նրանց համարում են ահաբեկիչներ, իսկ ԱՄՆ-ը և Թուրքիան պայքարում են ահաբեկչության դեմ: Եվ երրորդ՝ չի բացառվում, որ Թուրքիայի նախագահը այլևս ԱՄՆ ոչ պաշտոնական, ոչ աշխատանքային, ոչ մասնավոր այցեր չունենա: Մայր ցամաքից մայր ցամաք նրա այցերը մշտապես ավարտվում են սկանդալներով:

Մուհամեդ Ալիի հուղարկավորության համար ԱՄՆ մեկնած Թուրքիայի նախագահին բռնցքամարտիկի հարազատները թույլ չտվեցին սեփական ծեսն անել ու նրա այցը վերածվեց, մեղմ ասած, ավելորդության, մինչդեռ ծրագրված էր իբրև մուսուլմանական աշխարհի առաջնորդի դերում PR ակցիա: Բայց այդ սկանդալը ոչինչ էր՝ վաշինգտոնյան սկանդալի համեմատությամբ: Թուրքիայի նախագահի թիկնապահները Վաշինգտոնում ԱՄՆ դեսպանատան առաջ բողոքի ցույց անող թուրքերին ու քրդերին տապալեցին գետնին ու սկսվեց ծեծկռտուք՝ կարծես իրենց երկրում էին: ԱՄՆ-ի համար սա աննախադեպ ու անկանխատեսելի վարքագիծ էր, որ երկար-բարակ դատապարտվեց Կոնգրեսում ու Սենատում, Էրդողանի համար՝ ընդամենը պատասխանն էր Դոնալդ Թրամփի հետ ձախողված հանդիպման: Հազիվ թե ԱՄՆ-ում Էրդողանին նորից ընդունեն՝ նրա անկառավարելի վարքագծի տեսանկարահանումները հանրայնացնելուց հետո: Բայց Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վրա այդ սկանդալը կազդի այնքանով՝ որքանով: ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը դեռ հանգիստ պաշտոնավարում է, ոչ էլ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը առանձնապես անհանգստանալու պատճառներ ունի, եթե հաշվի չառնենք, որ դեսպանատան մերձակայքում ժամանակ առ ժամանակ ահաբեկչական հարձակումներ են լինում:

Դիտվել է՝ 897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ