Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ջինը շշից դուրս է եկել անվերադարձ

Ջինը շշից դուրս է եկել անվերադարձ
23.05.2017 | 00:07

Իրանի նախագահական ընտրություններում 41220131 ընտրողների քվեաթերթիկների հաշվարկով Հասան Ռոհանին ստացել է 23549616 ձայն (57 %), Իբրահիմ Ռաիսին՝ 15786449 (38,5 %): Գործող նախագահը վերընտրվեց: 1979-ի իսլամական հեղափոխությունից հետո նախագահական ընտրություններն այդքան սուր քաղաքական պայքար դեռ չէին ունեցել: Իրանը կրոնապետություն է, և երկրի ղեկավարը Գերագույն հոգևոր առաջնորդն է:

Այո, կա նախագահ, որ միաժամանակ վարչապետն է, բայց զինված ուժերը, արտաքին քաղաքականությունը, լրատվամիջոցները հոգևոր առաջնորդի ենթակայության տակ են՝ գլխավորից երկրորդական որոշումներն ընդունում է նա, ու նրա որոշումները քննարկման ենթակա չեն: Երբ այաթոլա Ալի Խամենեին ընտրություններից առաջ հրապարակավ քննադատում է նախագահին, որ չի կարողացել իր պաշտոնավարության ընթացքում շարքային իրանցու կյանքը բարելավել, որ երկրում մեծ է գործազուրկների թիվը, որ տնտեսության ցանկալի աճը չկա, դա հոգևոր դասի դատավճիռն էր, որ նվազեցնում էր Ռոհանիի վերընտրության շանսերը: Ավելին՝ նրա մրցակից Իբրահիմ Ռաիսին էր դառնում հոգևորականների թեկնածու: Գրեթե ինքնաբերաբար: Առանց չափազանցության՝ ընտրելով բարեփոխիչ Հասան Ռոհանիին՝ Իրանն ընտրեց իր ապագան՝ հրաժեշտ տալով անցյալին, որ մարմնավորում էր պահպանողական Իբրահիմ Ռաիսին՝ խոստանալով հաղթանակից հետո սահմանել իսլամական հեղափոխության արժեքներով կառավարում: 38 տարի է անցել իսլամական հեղափոխությունից, և այս ընտրությունները վկայեցին, որ ջինը շշից դուրս է եկել անվերադարձ: Իրանի ժողովուրդը չի ցանկանում ապրել 1979-ի օրենքներով:

Նրան ցույց են տվել ազատությունը ու նա պատրաստ է փորձությունների ևս մի քանի տարիների միջով հասնել իր որոնած կյանքին: Իբրահիմ Ռաիսիի ստացած 38,5 % ձայները վկայում են, որ բարեփոխումները միանշանակ չեն ընկալվում, հասարակության մեջ ազատական գաղափարները գերակշռում են, բայց չի նվազել պահպանողականների դիմադրությունը: Նախագահ Հասան Ռոհանին շարունակելու է ներքին ու արտաքին քաղաքականությունը, որ վարել է չորս տարի, բայց հիմա ավելի դժվար է լինելու: Միջազգային պատժամիջոցները ամբողջությամբ հանված չեն: Նավթի գնանկումը թույլ չտվեց ակնկալված եկամուտները ստանալ: Ռոհանիին հաջողվեց ինֆլյացիան 40 %-ից իջեցնել 8 %-ի: 2016-ին ՀՆԱ-ի աճը հասավ 4 %-ի: Նա պետք է անկորուստ դիմակայի Դոնալդ Թրամփի հակաիրանական հարձակումներին և գործի նոր իրավիճակում, երբ Սաուդյան Արաբիան և Իսրայելը ԱՄՆ-ի մեծ աջակցությունն են ստանում: Մերձավոր Արևելքում ձևավորվում է հակաիրանական դաշինք՝ Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Հորդանանի մասնակցությամբ, իհարկե, նաև Պարսից ծոցի միապետերի: Թուրքիայի հետ էլ Իրանի հարաբերությունները հեռու են նորմալ լինելուց: Եվ կա Սիրիայի ճգնաժամը: Բացի այդ՝ Իրանի մասնատման սպառնալիքը: 4 տարին կարճ ժամանակ էր պահպանողական Մահմուդ Ահմադինեժադի կառավարումից հետո երկիրը քաղաքական մեկուսացումից ու տնտեսական անկումից միջազգային ինտեգրման ու տնտեսական աճի հասցնելու համար: Եվս 4 տարին անհրաժեշտություն էր, ու շարքային ընտրողը հավատաց իր նախագահին՝ շանս տվեց փոխելու իր կյանքը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Հայ-իրանական հարաբերությունները կարող էին ու կարող են ավելին լինել: Հասան Ռոհանիի վերընտրությունը շանս է նաև Հայաստանի համար՝ կողքին ունենալ հարևան, որ պատերազմ չի սկսի ու ճանապարհները չի փակի, որ շահագրգիռ է Հայաստանը զարգացած ու տարանցիկ երկիր տեսնել՝ միջազգային ասպարեզում:

Դիտվել է՝ 1145

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ