Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դրվագների սատանան

Դրվագների սատանան
23.05.2017 | 00:08

Մեր կյանքը դրվագների շարք է ու հատվածական է՝ ինչպես ամեն ինչ տիեզերքում, մենք գերադասում ենք պատրանքը, որ ամբողջական ենք ինքներս ու ամբողջական է կյանքը: Անհիմն: Դրվագից դրվագ անցումների արագությունն է գուցե մոլորության պատճառը: Դրվագների իրարահաջորդումի ոչ միայն արագությունը, այլև անհամրելի բազմազանությունն է խաբում: Ոմանց հաջողվում է բոլոր դրվագներում պահպանել ինքնությունը, ոմանց համար դա ավելորդ բեռ է: Ինքնության բեռը իսկապես ծանր է:
Մայիսի 18-21-ը՝ 3 օր աշխատեց նոր Ազգային ժողովը՝ բազում դրվագներ ընծայելով:

Դրվագ 1. ԱԺ նախագահի ընտրություն՝ առաջին անակնկալը՝ խորհրդարանական կառավարման անցնող երկրում խորհրդարանի նախագահ է ընտրվում 70-ն անց, հրաշալի մանկաբույժ և ոչքաղաքական գործիչ, որ տասնամյակներ առաջ, աշխատանքի բերումով, հայտնվել է իշխանական նոմենկլատուրայում և նախագահից նախագահ է անցնում՝ պահպանելով պաշտոնները, որոնց արժանի էր ինքնին, բայց եթե թիմում չես, ուրեմն ո՞վ ես դու: Արա Բաբլոյանը լինելու է անվանական նախագահ, շատ խիստ և սկզբունքային, ԱԺ-ն ղեկավարելու է ոչ նա:


Դրվագ 2. ԱԺ ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ընտրությունը: Նա հավաքեց ամենաշատ ձայները (84-13) և լինելու է երկրորդը իշխանական հիերարխիայում: Դարձյալ անվանական: Եվս հինգ տարին նրա համար նույնքան հաջող ու խաղաղ չեն անցնելու, նա իր համար էլ անակնկալ հայտնվելու է ինտրիգների կենտրոնում, որոնց նպատակը մեկուսացումն է և սոսկ նիստ վարողի գործառնությունը՝ իբրև ԱԺ փոխնախագահ: Ազգային ժողովում հետայսու խորհուրդ է գործելու: Վստահ եղեք, որ անգործունակ է լինելու, որովհետև անդամների մեծամասնությունն ազատ չէ իր քայլերում:


Դրվագ 3. ԱԺ ՀՀԿ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ընտրությունը: Նրա հավաքած ձայների հարաբերակցությունը (73-22) ցույց տվեց, որ նրանից վախենում են և նրան լավ են ճանաչում: Գիտեն՝ ինչի է ունակ և ինչպես կարող է իրեն պարտադրել ու միշտ ջրից չոր դուրս գալ: ՀՀԿ-ի «նոր ոգին» ի դեմս նրա առաջ է գնում, բայց կա բումերանգի վերադարձի օրենքը: Շատ արագ աշխատակազմում փոփոխությունները ցույց կտան՝ ո՞վ և ինչպե՞ս է ԱԺ-ն ղեկավարում, ո՞ւմ սիրելին է վարչապետների սիրելի արդեն ոչ այնքան երիտասարդ կադրը:


Դրվագ 4. ԱԺ ԲՀԿ փոխնախագահ Միքայել Մելքումյանի ընտրությունը: Սա ամենազավեշտալին էր: Նրան տրված (65) ու չտրված (29) ձայները մի կողմ: Մինչև ինչքա՞ն կարող է մարդու բախտը բերել: Այնքան, ինչքան չի բերում մյուսներինը: Երբ Մարզահամերգային համալիրում Իշխան Զաքարյանն ընտրարշավի սկիզբը նշանավորող ելույթ էր ունենում՝ ի փառս ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի, պարզ էր՝ Նաիրա Զոհրաբյանի աստղը խամրում է, Վարդան Բոստանջյանի ռեստարտի աստղը դեռ չի սկսել փայլել, Վերահսկիչ պալատի հրաժարական տված նախագահը ֆավորիտ է: Համենայն դեպս՝ շտաբի պետ: Ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանը հանկարծ հասկացավ՝ ինչ բոլորը գիտեին՝ Իշխանը իր իշխանը չէ, ու բերեց մի մարդու բախտը, ում կյանքը էսսե է ճամբարափոխության մասին, Գագիկ Ծառուկյանը դեռ դա չի հասկացել:


Դրվագ 5. ԱԺ մշտական հանձնաժողովների ձևավորումը: 5-րդ գումարման ԱԺ-ում մշտական հանձնաժողովները 12-ն էին, բայց պատգամավորներն էլ 131-ն էին, 6-րդ գումարման ԱԺ-ում՝ 105: Կար հանձնաժողովների թվի կրճատման նոմինալ պատճառ (հանձնաժողովները կոչված են հիմնախնդիրների լուծմանը, ոչ թե հարմարեցվում են պատգամավորների քանակ-որակին): ՀՀԿ-ն հայտարարեց, որ հանձնաժողովները կլինեն 9-ը: 6-ը կնախագահեն իրենք, 3-ը՝ ԲՀԿ-ն:

Դ’ Օնդտի բանաձևով (չունե՞ք տպավորություն, որ բելգիացի մաթեմատիկոս Վիկտոր Դ’Օնդտը ՀՀԿ ընդհատակյա անդամ է, աշխարհում տարածված այլ մեթոդներ էլ կան՝ ֆրանսիացի Անրի Սենտ-Լագյուի, բրիտանացի Թոմաս Հեյրի, որ կատարելագործեց գերմանացի Հորստ-Ֆրիդրիխ Նիմեյերը, իսկ բելգիացին ՀՀԿ-ում մրցակից չունի): Բոլորը երջանիկ էին: Բացի «Ելքից»: Ստացվեց, որ ԱԺ առաջին երեք օրերն անցան «Ելքի» դրոշի տակ: Նախ՝ «Ելքն» առաջարկեց ԱԺ նախագահի թեկնածու Էդմոն Մարուքյանին, նա ստացավ 12 ձայն (Արա Բաբլոյանը ստացել էր 88): Մեկ քվեարկությամբ «Ելքը» ի ցույց դրեց, որ «ինքնըստինքյան ընդդիմություն» (ինչպես ձևակերպել էր Գագիկ Ծառուկյանը դաշինքի կարգավիճակը) 6-րդ գումարման ԱԺ-ում նշանակում է իշխանական ընդդիմություն: ԲՀԿ-ն ընտրեց ՀՀԿ թեկնածուին՝ հայտարարելով, որ խղճի մտոք է քվեարկելու, ինչո՞ւ հարցը նույնիսկ չտրվեց: «Ելքը» հայտարարեց, որ ԲՀԿ-ի խղճի մտոք ընտրությունը նրան տարավ դեպի ՀՀԿ, իսկ ինքը կշարունակի նրան ընդունել իբրև ընդդիմություն և ձայն կտա նրա թեկնածուներին: «Ելքի» մարտավարական քայլը ոմանց թվաց Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր լինելու լեգիտիմացում: Ինչո՞ւ և ինչպե՞ս քաղաքական մեկ ուժը պիտի մյուսին լեգիտիմացնի ու ինչո՞ւ պիտի իր լուծելիք խնդիրների շարքում դասի քաղաքական այլ ուժի խնդիրները:


Դրվագ 6. ԱԺ-ն կունենա 9 մշտական հանձնաժողով՝ Առողջապահության և սոցիալական (Հակոբ Հակոբյան, ՀՀԿ, 80-13), Եվրոպական ինտեգրման (Նաիրա Զոհրաբյան, «Ծառուկյան», 73-17), Արտաքին հարաբերությունների (Արմեն Աշոտյան, ՀՀԿ, 56-36), Պաշտպանության և անվտանգության (Կորյուն Նահապետյան, ՀՀԿ, 81-11), Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի (Վարդան Բոստանջյան, «Ծառուկյան», 85-7), Պետաիրավական և հանրային (Հրայր Թովմասյան, ՀՀԿ, 78-16), Տնտեսական (Խոսրով Հարությունյան, ՀՀԿ, 78 -15), Տարածքային կառավարման և գյուղատնտեսության (Վարդևան Գրիգորյան, «Ծառուկյան», 87-6), Ֆինանսաբյուջետային (Գագիկ Մինասյան, ՀՀԿ, 92-1):
Երբ առաջին օրը «Ելքը» նիստերի դահլիճում հայտնվեց միայն երկրորդ նիստին (նաև՝ ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը)՝ անտեսելով ՀՀ նախագահի ու Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձներն ու պատգամավորական երդումը, դրսևորեց ընդդիմադիր լինելու ցուցադրական կողմը, որ շոշափելի դարձրեց մյուս նիստերում՝ ելույթներով և հարցերով, որոնց պատասխանները ինքնախոստովանական ցուցմունք էին դառնում: Հատկապես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի պաշտպանության հարցում՝ այստեղ ի հայտ եկավ ՀՀԿ-ի հին ոգին, որ ոչ մի «նորով» չես սքողի: Հրայր Թովմասյանը հայտարարեց. «Ամեն մի հանձնաժողովի ստեղծումը հինգ տարվա ընթացքում մոտավորապես 70-80 միլիոնի լրացուցիչ ծախս է մեր պետբյուջեի վրա», ուրեմն ինչո՞ւ չառաջարկեց հանձնաժողովների նախագահներին հասարակական կարգով աշխատել, որովհետև ի՞նքն էլ նախագահ էր դառնալու: Գևորգ Կոստանյանը հայտարարեց. «ՀՀԿ-ի կողմից այս նախագծի ներկայացումը ամենևին քաղաքական, անգամ կուսակցական շահ չունի: Առավել ևս՝ դա բացարձակ չի կարող կոչված լինել կամ նպատակ ունենալ զրկել ընդդիմադիր խմբակցության հանձնաժողովի նախագահի պաշտոնից» և հավելեց, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ ամբողջ համակարգն է զբաղվում՝ ՄԻՊ-ից իրավապահներ: Գևորգ Կոստանյանը, որ գլխավոր դատախազի պաշտոնից առողջական պատճառներով էր հրաժարական տվել, հիմա էլ խնդիր ունի՝ հիշողության: Բոլորովին «չի հիշում», թե անձամբ ինչպես պաշտպանեց և ինչպես տեր եղավ տղամարդու խոսքին Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո, ՛՛տեղյակ էլ չէր, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի մարդու իրավունքների «վերջին» պաշտպանությանը Պերմյակովին Ռուսաստանին հանձնելն էր:
Վահրամ Բաղդասարյանը պաշտոնամոլության մեջ «Ելքին» մեղադրեց, ասաց՝ հանձնաժողովի նախագահի աշխատավարձ ու ծառայողական մեքենա եք ուզում: Համարյա ինքնակենսագրական ստացվեց նրա ելույթը: «Ելքը» տանուլ տվեց՝ մեծամասնությունը կողմ քվեարկեց 9 հանձնաժողովի առաջարկին, բայց կարողացավ կիսել ԲՀԿ-ն և ստիպել ՀՀԿ-ին ցուցադրել ռազմավարական ու մարտավարական զինանոցի զրնգուն ու ժանգոտ դատարկությունը, երբ չհնչեց ոչ մի խելամիտ փաստարկ, եղան քաղաքական մեղադրանքներ ու անհամոզիչ ելույթներ: Չհասկացվեց, թե ինչու ՀՀԿ-ն պահպանեց Եվրաինտեգրման հանձնաժողովը, երբ չստեղծեց եվրասիական ինտեգրման հանձնաժողով: Առավել ևս որ Հրայր Թովմասյանի «փաստարկը» սպանիչ էր՝ «Նախատեսվում է մոտ ապագայում Եվրամիության հետ քաղաքական ոլորտի խոր համագործակցության համաձայնագրի ստորագրում»: Ինչպես անցած գումարման ԱԺ-ում, այս գումարման ԱԺ-ում էլ Եվրաինտեգրման հանձնաժողովն ունենալու է զրո նշանակությո՞ւն: Իսկ բյուջե՞ն, իսկ խնայողությո՞ւնը: Փաստացի՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցը լուծված է, իսկ եվրաինտեգրմանը՝ ոչ: Ըստ ԱԺ մեծամասնության տրամաբանության, իսկ դեֆակտո՞:


Դրվագ 7. ԲՀԿ-ի խառնաշփոթը: Որևէ մեկը գիտի՞ «Ծառուկյան» խմբակցության կազմը: Խաչիկ Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը, Արտյոմ Ծառուկյանը հրաժարականի դիմումներ ներկայացրին Արա Բաբլոյանին: Վահան Կարապետյանը, Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը դաշինքի խմբակցության նիստում էին մանդատից հրաժարվել: Արարատ Զուրաբյանը, սակայն, հերթական հրաժարականը տվեց հրաժարականից: Իշխան Զաքարյանը այդպես էլ խորհրդարան չեկավ, նույնպես պատրաստվում է մանդատը դնել: Հայտնի չէ՝ ովքե՞ր են փոխարինելու մանդատներից զրկվածներին: Հիմա ի՞նչ գերբնական ուժ է պետք լեգիտիմացնելու «ինքնըստինքյան» ընդդիմությանը:
Սրանք դրվագներ էին, բայց դրվագների մեջ է… սատանան:


Անահիտ ՍԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Բոլոր նրանց, որ կարող են դեռ հարցնել՝ ու ի՞նչ, պատասխանեմ միանգամից.
1. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որ 50 տարվա հեռանկար էր գծում, նմա՞ն էր մեկ տարի հետո նախագահականից դուրս եկող մարդու ամփոփիչ խոսքի: Նա մնում է: Մնալու է իբրև վարչապետ: ԱԺ նախագահի նշանակումն էլ դա է հաստատում: Արա Բաբլոյանը կարճ է պաշտոնավարելու՝ մեկ տարի, ոչ ավելի:
2. ՀՀԿ-ն այս ԱԺ-ում էլ ներկայանալու է ագրեսիվ արխայիզմով, օգտագործելու է կոալիցիոն մեծամասնությունը՝ կրկնելու քաղաքականությունը, որ ուղերձում փոխել էր խոստանում ՀՀ նախագահը: Ոչ մի փոփոխություն: Բոլոր կարկառուն ՀՀԿ-ականները՝ պաշտոնավորված ու անպաշտոն, կառչած են մնալու դեմագոգիայի, սոփեստության ու քաղաքական պոպուլիզմի փրկարար խարիսխից, նրանց չեն ասել, որ դա տեղապտույտի տրամաբանությունն է, նավարկության համար շարժիչ է պետք, կամ գոնե՝ առագաստ: Շարժումը նրանց համար նույնն է, ինչ ինքնասպանությունը, նրանցից ոչ ոք կամիկաձե չէ: ՀՀԿ-ի ներսում չի լինի ապստամբություն, ո՞վ ասաց, որ ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը ՀՀԿ անդամ է: Նա կուսակցական է այնքանով, որքանով դա պարտադիր պայման է վարչապետ լինելու: Վկա նախկին վարչապետը:
3. Երեք օրում Գագիկ Ծառուկյանը ապացուցեց, որ 2015-ը ճիշտ էր, իզուր վերադարձավ, եթե ավելին չի անելու: Քաղաքական դաշտը, իհարկե, հիմնականում մաքրվեց խորհրդարանական մակարդակում, բայց հստակ կլիներ առանց ԲՀԿ-ի, ու ԲՀԿ-ն կլինի այնքան ու այնպիսին, որքան ու ինչպիսին պետք է ՀՀԿ-ին:
4. «Ելքը» լինելու է անկանխատեսելի ընդդիմություն, որ իր քայլերի առանցքում դնում է ոչ թե իմիջը, այլ արդյունքը: Իսկ արդյունքը ոչ թե ԱԺ-ում է տեսնում, այլ հասարակական կարծիքի վրա ներգործելու ու փոփոխություններն անխուսափելի դարձնելու մեջ: Նրանք 50 տարի չեն սպասի, նրանց թիրախը 2022-ն է:
5. Էլիտայի փոփոխություն հնարավոր է միայն համակարգի փոփոխությունից հետո:
6. Նոր որակի խորհրդարան կլինի, երբ հասարակությունը փոխի որակը:
7. Հասարակությունը որակը կփոխի, երբ համակարգը փոխվի:
Ինքներդ սկիզբն ու վերջը գտեք դրվագների իրարահաջորդումի մեջ՝ սատանան այնտեղ է, որտեղ Աստված չկա: Թե՞ կա: Մնաց կառավարության կազմավորումը:

Դիտվել է՝ 1110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ