Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ընտրություններն անցան, հիմնախնդիրները մնացին

Ընտրություններն անցան, հիմնախնդիրները մնացին
23.05.2017 | 01:00

Դարձել է ավանդույթ. Երևանի և, ընդհանրապես, Հայաստանի մյուս քաղաքների ղեկավար կազմի ընտրությունների ժամանակ քաղաքաբնակների ուշադրությունը սևեռվում է մակերեսային այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են աղբահանությունը, քաղաքային տրանսպորտի աշխատանքի կազմակերպումը, տարածքների կանաչապատումը և այլն, և այլն:


Իրականում, սակայն, մի՞թե հիշյալ խնդիրներն այնքան օրհասական են, որ միայն դրանց ճիշտ կազմակերպումով են պայմանավորված երևանցիներիս ապահով կյանքն ու երջանիկ ապագան:
Համոզված եմ` քաղաքի հիմնական պրոբլեմները ճիշտ ընկալելու համար պետք է հարցում կազմակերպել բնակիչների շրջանում: Նման մի հանպատրաստից հարցում ես անցկացրի իմ շրջապատում: Եվ ահա ինչ պարզեցի: Առաջին տեղում բոլորի համար աշխատանքի խնդիրն էր: Հետո, չզարմանաք, կրկին աշխատատեղերի հարցն էր. մարդիկ մտահոգված էին իրենց ընտանիքների երիտասարդ անդամների համար: Ասել է` ցանկացած մեկին ամենից շատ հուզում են աշխատանքի բացակայությունն ու գործազրկության բարձր մակարդակը: Այս պրոբլեմն առավել ցավոտ է հատկապես պրոֆեսիոնալ մասնագետների ու երիտասարդության համար: Հետո գալիս էին չնչին թոշակներին ու նպաստներին (որոնցով ապրելն անհնար է) վերաբերող խնդիրները: Հարցվածները բողոքում էին նաև մեր քաղաքի աղմուկից, փաստում, որ Օղակաձև զբոսայգու, Հրազդանի կիրճի սրճարաններից հնչող երաժշտությունը (մինչև սահմանված 23.00-ն ու մի քանի ժամ էլ դրան գումարած) նյարդայնացնող է, խանգարում է ու չի թողնում, որ մարդիկ քնեն, հանգստանան:


Պարզեցի նաև, որ երևանցիները «կուշտ» են քաղաքի տարբեր ծայրերում դղրդացող, օլիգարխիկ խնջույքների ավարտն ավետող սալյուտ-որոտներից:
Տեղին է արձանագրել` խորհրդային տարիներին պետական տոների առթիվ բոլոր մայրաքաղաքներում ու հերոս-քաղաքներում սալյուտ էր տրվում, բա՞յց… տեղական ժամանակով ժամը 21.00-ին, որ աշխատավորների քունը չխանգարվեր:
Իսկ այսօր նման տոների առիթով Երևանում սալյուտը տրվում է ժամը 23.00-ին: Հարց մեր իշխանություններին` բայց ինչո՞ւ ոչ 21.00-ին, ինչպես նախկինում էր:
Մեր քունը խանգարող երևանյան աղմուկի առիթով տեղին կլինի հիշել խորհրդային տարիների մի պատմություն: Մի մարդ ամեն օր խմած և ուշ տուն էր գալիս, երբ բոլոր հարևաններն արդեն քնած էին լինում: Սովորության համաձայն, կոշիկները հանում ու գետնովն էր տալիս: Ձայնից ներքևի հարևաններն արթնանում էին, քունները խախտվում էր: Որքան էլ հարևանները խոսում-բողոքում էին, անիմաստ էր, ելք չկար: Վերջը գործը հասավ դիվանբաշուն: Դատավորը խիստ որոշում կայացրեց` մի անգամ էլ կրկնելու դեպքում խստորեն կպատժվի: Հաջորդ օրն այս մարդը տուն է գալիս, սովորականի նման կոշիկը հանում ու գետնովն է տալիս և… հիշում է դատավորին: Մյուս կոշիկը հանում է և զգուշորեն վայր դնում: Հարևաններն արթնանում են, սպասում երկրորդ կոշիկի ձայնին: Երկար են սպասում, հետո բարձրանում են վերև, թե.
- Ա՛յ մարդ, երկրորդ կոշիկդ էլ հանիր, որ մենք քնենք:
Հիշյալ պատմությունն ավելի զվարճալի ու ճոխ տարբերակով ամռանն ամեն գիշեր կրկնվում է Երևանում… Սպասում ենք, թե ականջներս սղոցող ռաբիսը ե՞րբ կվերջանա, որ քնենք: Նյարդայնացած գուշակում ենք` վերջի՞ն համարն էր, թե՞…


Հարցս ուղղում եմ մեր իշխանավորներին. սիրելիներս, մի՞թե չեք տեսնում կամ չեք լսում, թե գիշերային ժամերին մեր քաղաքում ինչեր են կատարվում: Մի՞թե անտեղյակ եք, որ խախտվում են հարյուրհազարավոր քաղաքացիների արժանապատվության, ընտանիքի պաշտպանության, առողջության սահմանադրական իրավունքները, երբ սահմանված 23.00 ժամից հետո, մեր հանգիստը խանգարում ու մեր առողջությունը քայքայում են հայոց «քեֆչի հասանները»: Հարգելիներս, ինչո՞ւ չեք գալիս ու կտրում գիշերային այս «ահաբեկիչների» դեմը: Սահմանե՞լ եք ժամերը, բարի եղեք հետևելու ձեր իսկ կայացրած որոշումների կատարմանը, օրենք ու իշխանություն կիրառեք: Թե չէ խոսո՜ւմ եք, խոսո՜ւմ... ծրագրերից, աղբահանությունից, կանաչապատումից:


Ի միջի այլոց, աղբահանության ու կանաչապատման խնդիրը իմ անցկացրած հարցումների մասնակիցներին քիչ էր հետաքրքրում: Դրանք զբաղեցրին երկրորդական նշանակության խնդիրների վերջին հորիզոնականները:
Կարծում եմ` պետք չէ Երևանը դրախտ դարձնել մեր քաղաքացիների համար: Պարզապես պետք է անել ամեն ինչ, որ մեր երկրի մայրաքաղաքը դժոխք չդառնա երևանցիներիս համար: Այսօր ապրում ենք դժոխային պայմաներում. չկա աշխատանք, չկան ապրուստի միջոցներ, չկա քուն ու դադար, չկա հույս, չկա հավատ ապագայի նկատմամբ, մարդկանց նվազագույն երազանքն է ապրել, ինչպես խորհրդային տարիներին էր, ունենալ աշխատանք ու ապրուստի ընդունելի միջոցներ, անվճար կրթության, բուժման ու հանգստի հնարավորություն: Կյանքի այն պայմանները, ինչը ստեղծվել է հետխորհրդային մեր երկրում ու, մասնավորապես, Երևան քաղաքում իրական դժոխք է դարձել, որից պետք է դուրս գալ, պետք է ելքեր գտնել:
Բայց վերադառնանք հայաստանցիներիս հուզող կարևոր խնդիրներից առաջինին. իշխանությունները պետք է մտածեն աշխատատեղեր ստեղծելու մասին:
Հարց` բայց ինչպե՞ս, եթե հենց Երևանում հազարից ավելի գործարաններ ու ֆաբրիկաներ քանդված, քայքայված ու թալանված են: Առավել ևս, քաղաքապետարանին չեն պատկանում, գտնվում են նրա ենթակայությունից դուրս: Այս խնդիրը պարզաբանման ու մանրամասն վերլուծության կարիք ունի, որին կանդրադառնամ թռուցիկ: Միայն հիշեցնեմ, որ արծարծվող խնդիրը վերաբերում է ոչ միայն Երևանին: Այն գտնվում է Հայաստանի տնտեսության զարգացման առաջնահերթությունների դաշտում:
Չեմ կասկածում` Հայաստանի տնտեսությունը ճգնաժամային իրավիճակից կկարողանա դուրս գալ միայն այն դեպքում, եթե նախ և առաջ հաղթահարվի Երևանի տնտեսական ճգնաժամը, ստեղծվեն բարձր վճարվող բավարար աշխատատեղեր պրոֆեսիոնալ բանվորների, ինժեներների ու երիտասարդ մասնագետների համար:


Սկսենք նրանից, որ բավարար աշխատատեղեր ստեղծելու համար պետք է նոր արտադրություններ կազմակերպել, իսկ արտադրություններ կազմակերպելու համար պետք է ունենալ համապատասխան արտադրանք՝ երաշխավորված իր սպառման շուկաներով: Այստեղ երկու մոտեցում կա.
ա) նոր արտադրություններ կազմակերպել և արտադրանք տալ արդեն ձևավորված շուկաների համար,
բ) կազմակերպել նոր արտադրություններ ու արտադրել բոլորովին նոր ապրանքատեսակներ, որոնք նորություն կլինեն միջազգային շուկայի համար:
Նման իրավիճակ կարող է ստեղծվել հելիոֆիկացիայի իմ ծրագիրը իրականացնելու պարագայում, արտադրության համար պատրաստ տեխնիկան նորություն է աշխարհի մակարդակով, ու այն տարածելու համար անհրաժեշտ է ձևավորել արևային տեխնիկայի հայկական ու համաշխարհային շուկաները: Սա շատ դժվարին, բայց ստացվող գործ է, որն ունի մի ակնհայտ առավելություն. տևական ժամանակով մենք կարող ենք առաջ ընկնել մեր պոտենցիալ մրցակիցներից, շուկաներում ունենալ մոնոպոլ դիրքեր ու աշխատել բարձր շահութաբերության ռեժիմում: Հայաստանի տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու համար սա կլինի աշխատող տարբերակ, որ, իմ համոզմամբ, առայժմ այլընտրանք չունի:
Բոլորովին այլ խնդիր է, թե մեր իշխանություններն ինչու են իրենց տեսադաշտից անընդհատ դուրս թողնում այս աշխատող տարբերակը ու, ավելին, մշտապես պայքարել ու պայքարում են հելիոֆիկացիայի երկրաստեղծ ծրագիրը Հայաստանում իրականացնելու դեմ:
Ի՜նչ արած, չուտողի մալը ուտողին հալալ է… Մեր ծրագրի իրականացումը կփորձենք սկսել Հայաստանից դուրս՝ առաջնորդվելով պարտադրված իմ հետևյալ նշանաբանով` որտեղ հայություն, այնտեղ հայկական արդյունաբերություն:


Մեր դժբախտությունն այն է, որ Հայաստանում ու, հատկապես, Երևանում ձևավորվել են զարգացած «ատկատային» տնտեսական հարաբերություններ, իսկ կոռուպցիան հասել է իր գագաթնակետին: Այդ պայմաններում մենք հնարավորություն չունենք զարգացնելու մեր արդյունաբերությունն ու տնտեսությունը՝ հիմնվելով վերը նշված «ա» մոտեցման վրա, չնայած հայտնի արտադրանքների համար արդեն կան ձևավորված ներքին շուկաներ, որոնց համար պետք է կազմակերպել համապատասխան ապրանքների արտադրություններ:
Դիտարկենք էներգախնայող LED լամպերի հիման վրա մշակված փողոցային լուսարձակների արտադրության կազմակերպման խնդիրը: Նման լուսարձակների արտադրության կազմակերպումը դժվարություն չի ներկայացնում մեր մասնագետների համար ու արդեն կան հայկական մի քանի ընկերություններ, որոնք արտադրում են այնպիսի LED լուսարձակներ, որոնք իրենց որակական հատկանիշներով ու գործարանային գներով գերազանցում են աշխարհի լավագույն ֆիրմաների տված արտադրանքը: Փողոցային լուսարձակների հայկական շուկան կազմում է մոտ 100 հազար կոմպլեկտ, որոնք բախշվում են հետևյալ կերպ. Երևանի համար անհրաժեշտ են 48 հազար հատ, բանակի, մարզահրապարակների՝ 20-25 հազար հատ, մոտ 30 հազար հատ էլ հանրապետության մյուս բնակավայրերի ու միջքաղաքային ճանապարհները լուսավորելու համար:


Եթե գերմանական բրենդային ֆիրմաների LED լուսարձակները մոտավորապես ձեռք են բերվում 1400 եվրոյով, բացարձակ նույնի չինականը` 350 դոլարով, ապա հայկական ընկերությունների արտադրածների գները տատանվում են 100-ից 200 դոլարի սահմաններում: Եթե փորձենք գնահատել LED լուսարձակների հայկական շուկայի ծավալներն ըստ արտադրող երկրների, ապա կստանանք հետևյալ մոտավոր թվերը. 140 միլիոն եվրո՝ գերմանական բրենդային լուսարձակների դեպքում, 35 միլիոն դոլար՝ չինական անորակության դեպքում ու 10-20 միլիոն դոլար հայկական բարձրորակ LED լուսարձակների պարագայում:
Հարց մեր շարքային քաղաքացիներին` եթե ընտրության հնարավորությունը ձեզ տրվեր, ապա հայկական շուկայի, մասնավորապես, Երևանի փողոցների լուսավորության համար դուք ո՞ր երկրի LED լուսարձակները կընտրեիք՝ գերմանակա՞նը (գերմանացի բրենդային բանվորների աչքը լույս), չինակա՞նը (չինացի բանվորների աչքը լույս), թե՞ հայկականը՝ թույլ տալով Հայաստանում, մասնավորապես Երևանում, ստեղծել մոտ հազար նոր ու բարձր վճարվող աշխատատեղ:


Նշեմ, որ բոլոր երկրների արտադրության LED լուսարձակները նման են միմյանց, կոնստրուկտիվ ու տեխնոլոգիական լուծումներով ոչնչով չեն տարբերվում, որովհետև հավաքվում են նույն տիպի ու որակի կիսահաղորդչային բազային էլեմենտներից՝ լուսադիոդներից: Հավաքման աշխատանքները ևս մատչելի են սկսնակ ձեռնարկությունների համար, այստեղ գերակշռում է կանանց աշխատանքը, թեթև ու մաքուր աշխատանքը շատ հարմար է երիտասարդների և ուսանողների համար:
Խորհրդային տարիներին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մի քանի մասնագիտությունների համար LED լամպերի նախագծման ու հավաքման գործը կատարում էին 4-րդ կուրսի ուսանողները՝ կուրսային աշխատանքների ու պրակտիկայի շրջանակներում:
Կանգ առնենք մի կոնկրետ օրինակի վրա: Տարիներ առաջ Երևանի Դալմայի այգիների համար պետք էր ընտրել LED լուսարձակներ: Ե՞վ… Շարունակությունը կպատմի LED լուսարձակներ արտադրող ընկերության տնօրեն Հրայր Մելքոնյանը.
-Տարբեր ֆիրմաների կողքին դրված էին նաև մեր արտադրության LED լուսարձակները: Քաղաքապետը եկավ ու կանգնեց մեր լուսարձակի տակ:
-Շատ լավն է, գերմանական է, չէ՞:
-Ոչ,- ասացի,- տեղական է, հայկական:
-Չէ՛, մեզ գերմանականն է պետք, բրենդայինը:
Ընտրեց բրենդայինը՝ գերմանականը:
Այս զրույցի ազդեցության տակ ես որոշեցի ստուգել արտասահմանից բերված LED լուսարձակների որակը, վերցրի լյուքսմետրն ու անցա Դալմայի մայրուղով՝ ծայրից ծայր:
Չափումներս ցույց տվեցին, որ, համենայն դեպս, այնտեղ գերմանական որակ չկար: Համոզված եմ` տեղադրված են գերմանական նախագծման, բայց չինական արտադրության լուսարձակներ: Այս հարցն առանց այլևայլության պետք է բարձրացվի, պետք է ստուգվեն ու գնահատվեն Երևանի քաղաքապետարանում «ատկատային» գործարքներով հնարավոր ձեռքբերումները: Ի վերջո, պետք է հասկանալ` ի՞նչ հիմնարար պատճառներ կան, որ մեր քաղաքը իրեն դուրս է դրել ներքին արտադրողի համար շուկա ծառայելու հնարավորությունից: Սա, ի վերջո, թույլ կտա հասկանալ, թե երկրի տնտեսությունն ինչու է շարունակում դոփել տեղում:


Եթե Երևանի գործարանները քաղաքապետարանին չեն պատկանում, դա դեռ չի նշանակում, թե քաղաքապետարանը պետք է լվանա ձեռքերն ու մի կողմ քաշվի մեր արդյունաբերական խնդիրներից:
Երևանի քաղաքապետարանը պարտավոր է քաղաքի կարիքների համար անհրաժեշտ բոլոր նյութերը, ապրանքներն ու սարքավորումները պատվիրել մեր գործարաններում ու ֆաբրիկաներում՝ սկսած հիվանդանոցների սպիտակեղենից, վերջացրած դիտահորերի կափարիչներով, կաբելով ու LED լուսարձակներով, որովհետև նրան է պատկանում նյութերն ու տեխնիկան ձեռք բերելու բացարձակ իրավունքը:
Եթե քաղաքի կարիքների համար տվյալ քաղաքապետն ընտրեր հայկական արտադրության LED լուսարձակները, ապա այսօր, հավանաբար, կունենայինք կայացած լուսատեխնիկական մի քանի ձեռնարկություններ, որոնց արտադրանքը կարող էր նաև արտահանվել, դիցուք, ԵԱՏՄ երկրներ: Բարձր վճարվող աշխատավարձերով երիտասարդ բանվորների ու ինժեներների թիվը գուցե և կաճեր՝ հազարից դառնալով 10 հազար: Ասել է` մենք աստիճանաբար կկարողանայինք ստեղծել բազմաթիվ աշխատատեղեր:


Իսկ ոմանք պնդում են, թե աշխատատեղերի ստեղծումը քաղաքապետարանի գործը չէ, քաղաքապետարանը պարտավոր է միայն փողոցները մաքրել, աղբը հանել ու ծաղիկներ տնկել: Իմ կարծիքով` այդ գործը լավագույնս կարող է անել նաև «Սանիթեք» ընկերությունը, եթե համապատասխան պայմանագիր կնքվի:
Տեղական շուկան զբաղեցնելով արտասահմանյան ապրանքներով, Երևանի քաղաքապետարանը ուղղակիորեն փակում է մեր ձեռնարկությունների ճանապարհը, խոչընդոտում է նրանց կայացմանն ու զարգացմանը:


Հիշեցնեմ, որ խորհրդային տարիներին Հայաստանում կար միութենական նշանակության լուսատեխնիկական «Լույս» խոշորագույն արտադրական միավորումը՝ իր գործարաններով ու նախագծային ինստիտուտներով, որոնք երկու տասնյակ հազարի աշխատատեղեր էին տալիս Երևան, Ղափան ու Կիրովական քաղաքներին: Իսկ Մարալիկի լուսատեխնիկական գործարանը միակն էր ԽՍՀՄ-ում, որը խիստ ֆոնդավորված լուսարձակներ էր տալիս խորհրդային բոլոր գործարանների ու ֆաբրիկաների ներքին ու արտաքին լուսավորությունը կազմակերպելու համար:
Նույն միավորման Երևանի լամպերի գործարանում էր աշխատում տեխնիկական միջոցների գծով Հոլիվուդի օսկարակիր Աշոտ Նալբանդյանը, որն Ամերիկայում կարողացավ կազմակերպել Երևանում ստեղծված գերհզոր լամպերի արտադրությունը (Աշոտ Նալբանդյանի մասին «Իրատեսը» արդեն պատմել է):
Ցավոք, այսօրվա դառն իրականությունն է` այն, ինչ հնարավոր է արտադրել տեղում, չի արվում, գերադասում են դրսից բերել ու լուծել այլ երկրներում աշխատատեղեր ստեղծելու սոցիալական խնդիրները: Իսկ մե՞րը: Մերը կարող է նաև սպասել, մենք «ջոմարդ» ազգ ենք` առաջին հերթին ուրիշների խնդիրները:


Այն, ինչ պատմեցի, մեր քաղաքային-տնտեսական կյանքի կոնկրետ օրինակներից միայն մեկն է: Նման հազարավոր օրինակներ կարելի է վկայակոչել ու ցույց տալ, որ մեր գործերը շատ վատ են, անչափ վատ, այսպես շարունակել չի կարելի: Այլապես ժողովուրդ, երկիր ու քաղաք ենք կորցնելու:
Մեր ղեկավար այրերը պետք է օժտված լինեն տնտեսական հայրենասիրության հատկանիշներով, չսահմանափակվեն միայն իրենց ծառայողական խնդիրներով, իրենց աղբահանությամբ ու կանաչապատմամբ:
2017-ի հունվարին տեղի ունեցած մի խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսպես դիմեց ՀՀ քաղաքապետ Տարոն Մարգարյանին.
-Դու ճիշտ արեցիր, որ LED լուսարձակների գործը տվեցիր մասնավորին, թող մասնավորն իր «ջեբից» գումար դնի ու այդ գործը լրիվ անի:
Իհարկե, ես գիտեմ, թե ինչ «ջեբի» մասին է խոսքը… Չեմ ցանկանում մանրամասնել, որ շատ չհիասթափեցնեմ հավատը կորցրած մեր ընթերցող բանվորին, ինժեներին ու գիտնականին:
Մեր չինովնիկները, ստացվում է, ամեն ինչ վերցրել են իրենց ձեռքն ու անում են ամեն հնարավորը, որ իրենցից բացի ոչ մեկին «արև չկպնի»: Ստեղծել են «ջեբի», ավելի ճիշտ` «ջեբկիրական», տնտեսական հարաբերություններ: Իսկ գիտե՞ք, թե ինչու են Հայաստանի գործարար աշխարհի առաջ փակել բոլոր ճար ու ճամփաները: Փակել են ու միշտ փակ են պահելու, որովհետև առանձնակի վախ ունեն ազատ շուկայական հարաբերություններից: Այն է` վախենում են ազատ մրցակցությունից…


Հայաստանում ու հետխորհրդային բոլոր երկրներում ձևավորված «ատկատային» տնտեսություններն ունեն զարգացման ընդգծված սխեմա. ամեն կերպ խոչընդոտել տեղական արտադրողներին, այն, ինչը կարելի է արտադրել տեղում, ներկրել արտասահմանից, փողեր աշխատել «ատկատներով», իսկ հետագայում` նաև տեղերում սեփական արտադրություններ կազմակերպելով, հիմնականում բրենդային ֆիրմաների դուստր ձեռնարկություններ կազմակերպելու միջոցով:


Մեր դեպքում տնտեսական լուրջ հաջողությունների հասնելն անհնարին է, մի կերպ շնչելու, ջրի երեսին մնալու համար մեր օլիգարխներն ու չինովնիկական դասը ստիպված են մշտական բարձր մակարդակի վրա պահել գործազրկությունը՝ հաշվի առնելով, որ գործազրկության բարձր մակարդակը ենթադրում է նաև միջին աշխատավարձի ցածր շեմը, որը մշտապես հրապուրել ու հրապուրելու է գլոբալիզացիայի կողմնակիցներին ու միջազգային կորպորացիաներին: Տեղական արտադրողները միայն ու միայն խանգարելու են արտասահմանյան գործարար համայնքի ծրագրերի իրականացմանը մեր երկրում:
Հայաստանցիներիս դեմ վարվող արդյունաբերական-առևտրային մամլիչ քաղաքականությունը հաջողությամբ իրականացվել ու իրականացվելու է մեր երկրում ու մեր քաղաքում՝ մեր ընտրյալ իշխանավորների աջակցությամբ ու անմիջական մասնակցությամբ: Այս առիթով արժե հիշատակել «Պետական գնումների մասին» հայկական օրենքի հայտնի դրույթները, որոնք, կարելի է ասել, տեսականորեն բացառում են հայկական ֆիրմաների մասնակցությունը տարաբնույթ մրցույթ-տենդերներին, որոնց միջոցով որոշվում են բացառապես արտասահմանյան մատակարար ֆիրմաները՝ իրենց բրենդներով ու բրենդային սերտիֆիկատներով: Ահա այստեղ է, որ կարող ենք ասել` նրանց դեմ խաղ չկա…
Չեմ երկնչի ասել` Հայաստանի տնտեսության զարգացումը պլանավորված ձևով խոչընդոտվում է մեր իշխանությունների ձեռամբ: «Բայց ինչո՞ւ» հարցի հնարավոր պատասխանը դուրս է հայ մարդու բանականության սահմաններից:


Հայաստանի տնտեսական զարգացումը պետք է սկսվի Երևանից ու ավարտվի Երևանով, այլ տարբերակ չունենք, որովհետև Երևանում է կենտրոնացած մեր գիտական մտքի ու արդյունաբերական պոտենցիալի 95 տոկոսը: Հույս չունենանք (ընդհանրապես շանսեր էլ չկան), թե Հայաստանի տնտեսական զարգացումը կարող է սկիզբ առնել մարզերից՝ Գյումրի, Վանաձոր կամ այլ քաղաքներից:
Մի օրինակ էլ բերեմ Երևանի չլուծված կենցաղային փոքրիկ խնդիրներից: Ստացվեց այնպես, որ փչացել էր մեր բնակարանի ջրամատակարարման մուտքային կափույրը (ՉպվՑՌսՖ), ջուրը կաթում էր: Խնդիր չէ, հեշտությամբ կվերանորոգեմ կամ կփոխեմ: Դրա համար պետք էր սկզբում ջուրը կտրել` փակելով նկուղային հարկում գտնվող ընդհանուր կափույրը: Սկզբում, ինչպես կարգն է, «Երևանջրի» համաձայնությամբ պետք էր պոկել ջրի հաշվիչի կապարակնիքը: Զանգահարում ես «Երևանջրի» սպասարկող օպերատորին, անմիջապես գալիս են, նկարում են փչացած հանգույցն ու վերանորոգման համար ժամանակ տալիս: Դրանից հետո սկսվում է փորձությունների մի ողջ շղթա: Նախ, նկուղային հարկը մշտապես փակ է, մեր շենքի բնակիչներն ու կողմնակի անձինք ողջ նկուղը վերածել են պահեստների՝ իրենց դռներով ու փականներով: Մի քանի օր հետո գտանք այն սենյակի դռան բանալին, որտեղ գտնվում է մեր շքամուտքի ընդհանուր կափույրը, պարզվեց, որ այն չի աշխատում, թեև մի ամիս առաջ բնակիչներիցս 5-հազարական դրամ էին հավաքել այն վերանորոգելու համար: Ի՞նչ անել, հաջորդ կափույրը (որը սպասարկում է մեր շենքը) տեղադրված է Մոսկովյան փողոցի կենտրոնում գտնվող դիտահորում: Դարձյալ չէր աշխատում:

Ամբողջությամբ լցված էր շինարարական թափոններով, մնացել էր մեկ տարբերակ` անջատել քաղաքի «Կենտրոն» թաղամասի ջրամատակարարումը: Բայց դրա համար պահանջվում էր 50 հազար դրամ (կաշառք) տալ: Չտվեցի, որովհետև կյանքումս կաշառք չեմ տվել ու չեմ վերցրել, նույնիսկ ընտրակաշառքից եմ հրաժարվել: Իմ ջրի գործը չարեցի, մեր ջուրը դարձյալ իր համար կաթկթում է, ու ես մտորում եմ մեր քաղաքի ջրամատակարարման 24-ժամյա հաճույքների մասին: Մինչ այդ, երբ ջուրը տրվում էր որոշակի գրաֆիկով, նման վերանորոգման աշխատանքները հնարավոր էր կատարել օրվա որոշակի ժամերի՝ առանց ջուրը կտրելու: Հիմա այդ հնարավորությունը չունենք, ստիպված ենք հանդուրժել ու սպասել նոր վթարների: Աստված «էլ բեթարից ազատի»:


Մեր բնակարանների ջրամատակարարման խողովակները մնացել են խորհրդային տարիներից, հիմնականում փտած են, կապիտալ նորոգման կարիք ունեն: Ո՞վ է դրանցով զբաղվելու, ի՞նչ կլինի, եթե հանկարծ լուրջ վթար պատահի ու ջրենք ներքևի հարևաններին: Սա էլ է դառնում անհանգստության ու մտահոգության լուրջ թեմա: Իսկ ի՞նչ են մտածում մեր քաղաքային իշխանությունները, ինչո՞ւ ջրամատակարարումը իրականացնող կազմակերպությունների պայմանագրերի մեջ այդ խնդիրները հստակեցված չեն:
Հ2-ի հեռուստաեթերից մեր քաղաքացիներին միալար իրազեկում են «Երևանջրի» ամենօրյա ծանուցումները` որտեղ ու երբ է դադարեցվելու ջրամատակարարումը: Համոզված եմ` դրանք նման են մեր դեպքին. մի փոքրիկ կափույրի նորոգման համար կարող են մի ողջ թաղամաս ջրազրկել, պետք է հետևել ու, անհրաժեշտության դեպքում, մեկ-երկու օրվա հաշվարկով ջուր կուտակել:


Ի դեպ, մեր ջրի կաթոցի աննշան խնդիրը քաղաքային մեկ այլ խոշոր պրոբլեմ էլ բացահայտեց. Երևան քաղաքի բազմաբնակարանային շենքերի նկուղային հարկերը, որոնք հիմնականում նախատեսված են որպես ռմբապաստարաններ (бомбоубежище) և գազապաստարաններ (газоубежище), հիմնականում անհայտ մարդկանց կամոք դրված են փակի տակ, գտնվում են անմխիթար վիճակում: Պատերազմող երկիր ենք, մի օր պետք կգան, Աստված մի արասցե:


Երևանի քաղաքապետը ի պաշտոնե միաժամանակ քաղաքացիական պաշտպանության շտաբի պետն է ու այս խնդիրը պետք է կարողանա պահել իր ուշադրության կենտրոնում՝ աղբահանության ու կանաչապատման աշխատանքներից զատ:

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 7372

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ