Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Սա ազգադավ որոշում է, ոչ թե դավադիր»

«Սա ազգադավ որոշում է, ոչ թե դավադիր»
23.05.2017 | 01:14

ՀՀ կառավարության շրջանառած նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում է լուծարել ՀՀ լեզվի պետական տեսչությունը, քննարկումների և մտահոգության տեղիք է տվել: Թեմայի շուրջ զրուցել ենք արձակագիր ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:


-Ըստ Ձեզ` սա դավադի՞ր որոշում է` հեռահար նպատակներով (երկրորդ պետական լեզվի հաստատում, օտարալեզու դպրոցների վերաբացում և այլն), թե՞ նման նախագծի հիմք են հանդիսացել լեզվի տեսչության աշխատաոճն ու բացթողումները:
-Լեզվի տեսչության լավ կամ վատ աշխատանքն այստեղ կապ չունի։ Սա հայահալած քաղաքականություն է, որ վարվում է արդեն քանի՜ տարի։ Տեսեք՝ պետաջակցությունից զրկել հայ գրողին (ազգային փոքրամասնությունները ստանում են աջակցություն), միավորել դպրոցներն ու համայնքները, այսինքն` վերացնել գյուղական մտավորականությանը (վերջին անգամ ռուսական ցարի օրոք են բռնի ուժով հայկական դպրոցներ փակվել), հիմա էլ` լեզվի տեսչությունը։ Այսինքն, այն ամենը, ինչն ապահովում է հայ մարդու ինքնությունը` վերացնել։ Սրա սկիզբը վաղուց էր դրված, վաղուց ի վեր ոչ մի հեռուստաալիքով չկա հայերենին նվիրված հաղորդում, դա արգելված է պետականորեն, գիտությանը և արվեստին հատկացվող, հիմա արդեն՝ չհատկացվող ծիծաղելի գումարները, գիտնականին ու արվեստագետին հավաքարարից ցածր աշխատավարձ նշանակելը և այլն, և այլն, շատ բանի մասին են խոսում։ Ոչ մի կենդանի գիտնականի, արվեստագետի կամ գրողի անուն չի տրվում, անգամ գրականագետներն ասում են. «Գրականություն կա, բայց հիմա չենք ուզում անուններ տալ»։ Ինչո՞ւ չեն ուզում, որովհետև հրամայված է հեղինակություններ չստեղծե՞լ, որ ժողովուրդը չհարգի՞, չգնահատի՞ իր լեզուն, որ չվստահի՞ իր ուժերին։ Էլ չեմ խոսում նորմալ մտավորականի արհամարհված, անտեսված վիճակի, աշխարհով մեկ ցրիվ եկած գիտնականների մասին: Լեզվի տեսչության լուծարումը Հայաստանը հայաթափելու, գյուղը վերացնելու վերջնական էտապն է հատուկ նրանց համար, ովքեր համարձակություն ունեցան այս տարիներին չարտագաղթելու։ Այնպես որ, սա ազգադավ որոշում է, ոչ թե դավադիր։ Սրանով նրանք ոչ թե արտագաղթ, այլ արդեն, մասշտաբը հաշվի առնելով, հայ ժողովրդի էվակուացիան են ավարտին հասցնում։ Հարցնում եք՝ կա՞պ ունի ռուսերենը։ Ռուսերենը՝ ո՛չ, Ռուսաստանը՝ այո՛։ Վերջին հաշվով, բերեք չթաքցնենք, որ նոր վարչապետը եկել է Հայաստանը ռուսիֆիկացնելու, և հենց ինքն էլ նման որոշումներ է ընդունում։ Օտարալեզու դպրոցների բացումը ինձ չի վախեցնում, նախ, ովքեր օտար լեզու սովորել են, գիտեն, որ դա հնարավոր է միայն մայրենի լեզվի լավ իմացության հիմքի վրա, երկրորդ՝ մենք ունենք աշխարհի հետ շփման կարիք, մենք այս աշխարհի մի մասն ենք և չենք կարող հավերժորեն մեկուսացած ապրել։ Եթե չենք կարողացել այնպես անել, որ աշխարհը սովորի մեր լեզուն, այլ ելք չկա՝ մենք պետք է սովորենք օտար լեզուներ, այդ թվում` ռուսերեն։ Բայց Ռուսաստանի և նրա դրածոների վարած սխալ քաղաքականությունը հասցրեցին այն բանին, որ մենք այսօր հակակրանք ունենք այդ լեզվի հանդեպ, և շուտով ռուս մարդը վախենալով ոտք կդնի Հայաստան։
-Լեզվի տեսչությունը պետք է չաշխատի՞, թե՞ պետք է լավ աշխատի: Եթե սպառել է իրեն, ենթադրվում է, որ պետք է ավելի բարձր կարգավիճակ ունեցող նոր մարմին ստեղծել: Մինչդեռ նախատեսվում է ԿԳՆ Լեզվի պետական տեսչության և Կրթության պետական տեսչության փոխարեն ստեղծել մեկ կառույց՝ Կրթության տեսչական մարմին:
-Շատ հաստատություններ կան մեր երկրում, որոնք ունեն վերակառուցման կարիք, բայց երբ փոխարենը ոչինչ չառաջարկելով միանգամից խոսում են լուծարելու մասին, սա պետության կողմից տարրական ինքնահարգանքի բացակայություն է։ Ի վերջո, հարգանքը լեզվի հանդեպ հարգանք է այդ լեզուն կրողի՝ հայ մարդու հանդեպ։ Ինչ վերաբերմունքի է այսօր արժանանում հայ մարդը, ինձնից լավ գիտեք։ Մշակութային, գիտական օջախները մեր երկրում ծախսատար հաստատություններ չեն, ու դժվար է դրանց հանդեպ նման վերաբերմունքը բացատրել բյուջեի խեղճությամբ։ Եվ սա այն դեպքում, երբ ավելի շատ նախարարություններ ունենք, քան 80-միլիոնանոց Ֆրանսիան կամ 160 միլիոնանոց Ռուսաստանը։
-Չե՞ք կարծում, որ կան որոշակի դրական փոփոխություններ հայերենը արժևորելու առումով: Օրինակ, եթե նախկինում մոդայիկ էր հայերենը օտար բառերով համեմելը (ավելին` կենցաղում օգտագործվող շատ բառերի հայերեն համարժեքը գրեթե անծանոթ էր), այսօր, մեղմ ասած, անհաճո է: Դրական այս տեղաշարժը լեզվի տեսչության աշխատանքի՞ արդյունքն է, թե՞ մամուլում, սոցցացնցերում նվիրյալների վարած քարոզարշավների, մեծ հաշվով` անկախացած Հայաստանի ձեռքբերումը:
-Այո, դրանում ճշմարտություն կա. մեր բառապաշարում այլևս չկան այդ քանակով ռուսերենից փոխառություններ կամ պարզապես ռուսերեն բառեր, թուրքերեն բառեր, անգլերենի հաղթարշավ էլ կարծես տեղի չի ունենում: Եթե կան էլ, զուտ որպես հոմանիշներ` բացասական իմաստով։ Այսինքն, եթե ասում ենք՝ էսինչի յարն է, դա նույն սիրելի կինը չէ, բացասական երանգ՝ արհամարհանք կամ ծաղր է պարունակում։ Նախ, առաջինը` ուզենք, թե չուզենք, լեզուն կենդանի օրգանիզմ է և ապրում է իր զարգացումը, թեև դանդաղ, թեև աննկատ` ինքնամաքրվում է, ինչքան էլ մենք խանգարենք դրան։ Երկրորդ՝ սա ոչ մեկի աշխատանքն էլ չէ, սա ժողովրդի ինքնապաշտպանական բնազդն է, որ սրվում է աղետի պահերին։ Մեր բնազդներն ավելի հեռատես են, քան մենք։
-Ինքներդ նկատե՞լ եք, թե որտեղ և ինչպես է ամենից շատ խախտվում լեզվի մասին օրենքը:
-Ի՞նչ ասել է լեզվի մասին օրենք, շարքային մարդու համար լեզուն մտածողություն է, բառն էլ՝ մտքի սիմվոլը, ինչ քո ուղեղի և հոգու պարունակությունն է, նույնն էլ քո խոսքն է։ Բնականաբար, գրողը կամ գիտնականը, ուսանողն ու դասախոսը նույնիսկ ցանկության դեպքում չեն կարող խախտել լեզվի մասին օրենքը։ Լեզվի մասին օրենքը խախտում են տգետները: Հետո՞ ինչ, որ նրանց ավելի շատ է եթեր տրամադրվում։ Այ հենց նրանք, ովքեր մշակույթի ու մշակույթի գործչի փոխարեն, գիշեր-ցերեկ սերիալ կամ քաղաքական գործչի են պրոպագանդում, նրանք էլ խախտում են լեզվի մասին օրենքը։
-Երբեմն միջոցառումներ են անցկացվում օտար լեզվով` առանց զուգահեռ հայերեն թարգմանության: Ինչպե՞ս եք բացատրում այս միտումը:
-Եթե խոսքը պաշտոնական հանդիպումների մասին է, դա տարրական ինքնահարգանք է։ Եթե անգամ մենք հոյակապ գիտենք անգլերեն կամ ռուսերեն, պետք է պարտադիր թարգմանվի, որպես ինքնահարգանք, որպես հարգանք սեփական անձի և սեփական պետության հանդեպ։
-Լեզվի դերը` առավել ևս փոքր ժողովրդի կյանքում:
-Նյարդերիս վրա ազդում է «փոքր ժողովուրդ» արտահայտությունը։ Դա ևս մի արհեստական գործոն է, որով վախեցնում ենք ինքներս մեզ։ Մեր քանակի մասին խոսելիս հաշվի ենք առնում Հայաստանում անցկացրած մարդահամարը, որի արդյունքներն էլ են կասկածելի, իսկ աշխարհում այդպիսի մարդահամար, կարծես, չի էլ արվել։ Ինչ հիշում եմ, պնդում են, որ մենք աշխարհում ութից-տասը միլիոն ենք, բայց այդ ողջ ընթացքում ժողովուրդն աճ է տվել, չէ՞։ Հիսուն տարում առնվազն երկու սերունդ բազմացել է, չէ՞։ Մեզ փոքր հռչակելն էլ մարդկանց ստրկացնելու, խեղճացնելու «տրյուկ» է, իբր՝ փոքր ենք, քիչ ենք, ի՞նչ կարող ենք փոխել էս մեծ աշխարհում։ Եթե կուզեք, դա մեր ծուլության ու անհեռատեսության արդարացումն է նաև։ Այնպես որ, երբ, Աստված չանի, կմնանք տասը հոգի, այն ժամանակ էլ մեզ կհամարենք փոքր ազգ։ Եթե մենք փոքր լինեինք, այսօր մեզ և մեր լեզվի հետ այսպես չէին վարվի։ Ազգը գնահատելու միակ չափորոշիչը մշակույթն է, ոչ թե մարդկանց քանակը։ Ինչքան մեծ է քո ստեղծած մշակույթը, այնքան մեծ ես դու, քո ազգը։ Չկա լեզու՝ չկա մշակույթ։ Չկա մշակույթ՝ չկա ազգ։ Սրանք աքսիոմներ են, որ դժվար թե չիմանան մեր իշխանավորները։ Հիշենք հայտնի ասացվածքը. «Այն, ինչ չի կարող ոչ մի սուր անել, լեզուն է անում»։
-Եվ վերջին հարցը` ի՞նչ անել:
-Միակ գործնական քայլը, որ մենք կարող ենք անել մեր լեզուն պահպանելու և պաշտպանելու համար, մեր մշակույթը, պատմությունը և հատկապես գրականությունը պրոպագանդելն է, գոնե երկրի ներսում։


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2984

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ