Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Թարգմանում է շատ ակտիվ, բանաստեղծություններ գրում և հրատարակում է շատ մեկուսի»

«Թարգմանում է շատ ակտիվ, բանաստեղծություններ գրում և հրատարակում է շատ մեկուսի»
23.05.2017 | 01:17

Գրողների միության մեծ դահլիճում տեղի ունեցավ Ժերար դը Ներվալի «Սիլվի. Վալուայի հիշողությունները» և Իվ Բոնֆուայի «Մեծ Արջը» գրքերին նվիրված ընթերցում: Հատվածներ (հայերեն և ֆրանսերեն) ընթերցեցին գրքերի թարգմանիչ ՇՈՒՇԱՆԻԿ ԹԱՄՐԱԶՅԱՆԸ, ինչպես նաև ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի 4-րդ կուրսի ուսանողուհիներ Ալիսա Բաբայանը,Վարդ Մազմանյանը, Լյուդմիլա Գալստյանը: Շուշանիկ Թամրազյանը ներկայացրեց նաև ուշագրավ դրվագներ ֆրանսիացի ականավոր գրողներ Ներվալի և Բոնֆուայի կյանքից: ՀԳՄ նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ նկատեց, որ առաջին անգամ է թարգմանական գրականությունը ներկայացվում այս ձևաչափով, հույս հայտնելով, որ այն կդառնա սկիզբ գեղեցիկ ավանդույթի:


Բանաստեղծ, թարգմանիչ ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍԻՑ հետաքրքրվեցի` ինչպե՞ս է գնահատում Շուշանիկ Թամրազյանի պոեզիան և թարգմանությունները, մանավանդ որ նրա թարգմանություններում էլ երևում է պոետը: «Այսօր եթե նայեք եվրոպական հայտնի բանաստեղծներին, կտեսնեք, որ թարգմանական գործունեությունը գրեթե միահյուսված է բանաստեղծական, գրողական գործունեությանը: Շուշանիկ Թամրազյանը և թարգմանում է, և բանաստեղծություններ է գրում, թարգմանում է շատ ակտիվ, բանաստեղծություններ գրում և հրատարակում է շատ մեկուսի,- ասաց Հակոբ Մովսեսը:- Թարգմանական գործունեությունը մի քիչ ծածկում է բանաստեղծական գործունեությունը, բայց ես գիտեմ, որ մեր ժամանակակից բանաստեղծության երիտասարդ սերնդի ամենաաչքի ընկնող դեմքերից է` նուրբ զգացողությունների, նուրբ զուգորդումների բանաստեղծ: Դա ոչ թե զգացմունքներ հորդող, զգացմունքներ նկարագրող, այլ գոյության ընդերքները հետազոտող բանաստեղծություն է»:


Ինչ վերաբերում է թարգմանական գրքերին, Հակոբ Մովսեսը նշեց, որ դրանք պատկառելի ծավալ են կազմում. «Թարգմանում է` ոճականորեն զգալով իր թարգմանության ամբողջ ուղն ու ծուծը, իսկ ֆրանսիացի ժամանակակից ականավոր բանաստեղծ Իվ Բոնֆուային Շուշանիկը պարզապես Հայաստան «բերեց», նաև կապելով նրան հայկական թեմայի հետ: Մենք այսօր չենք հասկանում` ինչ է նշանակում այն, որ Իվ Բոնֆուան Հայաստանի մասին էսսե է գրում: Հետո կհասկանանք դրա իմաստը»:


«Հաճախ աչքի են ընկնում ոչ թե արժեքավոր, այլ լավ գովազդվող գործերը: Ի՞նչ է պետք, որ մաքուր գրականությունը ընթերցողին հասնի» հարցին ի պատասխան զրուցակիցս ասաց, որ ոչինչ պետք չէ անել, էստրադան, պլեբսը, փողոցը շատ են մտցված բանաստեղծության մեջ: Հույս հայտնեց, որ դրանք կամաց-կամաց դուրս կմղվեն, երբ մենք ավելի գրագետ դառնանք, բանաստեղծության էքսզիստենցիալ, գոյաբանական կշիռը հասկանանք:
«Գովազդի անհրաժեշտություն չկա՞» հարցին ի պատասխան ասաց. «Գովազդ պետք չէ, ինքն իր գովազդն է, իսկ էստրադան, պլեբսը, եթե մի օր չգովազդվեն, կմեռնեն»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2288

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ