Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բագրատունյաց մայրաքաղաքի ղևոնդյանական տեսլականը

Բագրատունյաց մայրաքաղաքի ղևոնդյանական տեսլականը
23.05.2017 | 10:33

Հայ կերպարվեստում առանձնանում են պատմանկարագրական թեմատիկ աշխատանքները: Հայտնի են Հովհաննես Այվազովսկու «Նոյն իջնում է Արարատից» (1887 թ.), Հմայակ Արծաթպանյանի «Դեպի լավագույն աշխարհ» (1919 թ.), Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» (1907 թ.), «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» (1895 թ.), «Կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի դիմանկարը» (1906 թ.), Հակոբ Կոջոյանի «Սասունցի Դավիթ» (1922 թ.), Գրիգոր Խանջյանի` Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի պատկերազարդումները (1958 թ.), Վան Խաչատուրի Մատենդարանի սանդղավանդակի որմնանկարները, «Ավարայրի ճակատամարտը» խճանկարը (1956-60 թթ.), Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» գոբելենը (1981-1985 թթ.), Կասկադ համալիրի որմնանկարներն ու հարթաքանդակները, Ռ. Ղևոնդյանի՝ Երևանի Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի ընթերցասրահի «Հայոց աշխարհ» որմնանկարները (1982-1984) և այլն:


Այս ստեղծագործություններում հեղինակները պատմական կոնկրետ դեպքերի և դեմքերի նկարչական պատկերումը զուգակցել են բնապատկերի, պատմաազգագրական նյութերի և իրողությունների հետ՝ կտավին հաղորդելով խոսուն և հարուստ կոլորիտ: Մի շարք նկարիչներ էլ Հայաստանը պատկերել են մեծադիր համայնապատկերային բնանկարի տեսքով (Մ. Սարյան, Փ. Միրզոյան և այլք):


Բայց այնպիսի ժանր, ինչպիսին պատմանկարչությունն է, կարծես անտեսվել է: Հայ կերպարվեստի պատմության այս բացը լրացվում է նկարիչ Ռուբեն Ղևոնդյանի կերտած «Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք՝ Անի»-ի համայնապատկերային մեծադիր կտավով (2005-2010 թվականներ): Կտավը Ռուբեն Ղևոնդյանը մտահղացել է դեռևս 1980-ականներին: Նա բազմակողմանի ուսումնասիրել է հայոց 12 մայրաքաղաքներից Անիի պատմությունը, աշխարհագրական դիրքը, գլխավոր հատակագիծը, պաշտամունքային կառույցների տիպաբանությունը, գեղարվեստական հարդարանքը և այլն:
Իր ապագա աշխատանքը առավել համոզիչ ու տպավորիչ դարձնելու համար նույնիսկ փորձել է ամենակարևոր հուշարձանների մանրակերտեր պատրաստել՝ դրանց մասշտաբային հարաբերականությունները համայնապատկերում ճիշտ տեղադրելու և ներկայացնելու համար: ՈՒսումնասիրել է ազգագրական հարուստ նյութ (հագուստ, զենք, լուսանկարներ, գրավոր նյութեր, զարդանախշային հորինվածքներ և այլն): Այս բազմակողմանի հետազոտական նյութերի հիման վրա ստեղծել է մեծադիր նախնական համայնապատկեր նախ` մատիտով, ապա (2,55x3,76 մ) գուաշով, որտեղ Անին մեզ է ներկայանում իր թաղամասերով, միջնաբերդով, Աշոտյան և Սմբատյան պարիսպներով (աշխատանքը գտնվում է Ա. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում):
Ռուբեն Ղևոնդյանը մտադիր էր այս նախնական տարբերակից հետո անցնել յուղաներկ տարբերակին, սակայն 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժը խոչընդոտեց ծրագրի իրականացմանը: Ղևոնդյանի գերնպատակը, սակայն, մնաց անսասան: Նա որոշեց ավելի ընդլայնել ծրագիրը, Անին պատկերել ոչ միայն բուն քաղաքի տեսքով, այլև արվարձաններով. սա արդեն հաջորդ տարբերակն էր: Հարկ է նշել, որ այս նոր տարբերակն առաջինի հետ ցուցադրվեց ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպված Անիի մայր տաճարի հազարամյակին նվիրված ցուցահանդեսի ժամանակ:


Եվ ահա վերջապես Ղևոնդյանին հաջողվեց 2010-ին ավարտել իր երազանքի քաղաքի յուղաներկ տարբերակը (3x5 մ), համադրված անեցիների տոնական շքերթը պատկերող հավելումով, որը չկար նախորդ տարբերակներում:
Այսօր այդ մեծադիր կտավը գտնվում է Ա. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» սրահում: Իրենից ներկայացնում է 10-11-րդ դարերի Անին իր փողոցներով, թաղերով, պարիսպներով, պալատներով, եկեղեցիներով:
Քաղաքն այսօր մեզ նայում է Ռուբեն Ղևոնդյանի տեսլականով: Փաստորեն, պատմական ժանրի այն բացառիկ կտավներից է, որ վերականգնված (թեկուզ` որոշ պայմանականություններով) մեզ է փոխանցում հայ ճարտարապետության և քաղաքաշինության գլուխգործոցներից մեկը՝ Անին: Սա մի կտավ է, որը հուշում է և սովորեցնում, թե ինչպիսին են եղել միջնադարյան Հայաստանի քաղաքները, քաղաքացիները, կենցաղը, ավանդույթները, քաղաքային բնակչության հագուկապը: Դիտելով համայնապատկերը` ակամա ուզում ես խառնվել տոնական բազմությանը, վարպետ-շինականներին, հոգևորականներին, թագավորի կողքին կանգնել, հաղորդվել կաթողիկոսի «Հայր մերին», դառնալ Անիի արժանի քաղաքացի: Զգացողություններ, որ միայն հպարտության, կարոտի և գալիք ծրագրերի իրականացման հույս են հաղորդում դիտողին:

Ափսոս, որ նման պատմանկարագրական կտավներ չկան Վանի, Դվինի, Արտաշատի և հայոց այլ մայրաքաղաքների ու բնակավայրերի մասին: Եվ փառք ու պատիվ Ռուբեն Ղևոնդյանին, որ այս կտավով լրացրեց այդ խոցելի բացը, և իզուր չէ, որ հատկապես դպրոցականները երկար կանգնում են այս կտավի առջև ու բարձրաձայն իրար հետ բանավիճում, թե ով որ թաղում կուզենար ապրել։ Բանավեճն այնքան է բորբոքվում, որ թե՛ իրենք, թե՛ կողքից դիտողներն իրենց զգում են արդեն անեցիներ և հեռանում են սրահից նորից վերադառնալու ցանկությամբ:


Անի ՀԱՅԿԱԶՈՒՆ
Արվեստաբան
Լուսանկարները` հեղինակի Հատվածներ Ռ. Ղևոնդյանի «Բագրատունյաց թագավորական շրջանի Անին» համայնապատկերից

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ