«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Վերջին ակորդները կհնչեն մայիսի 28-ին

Վերջին ակորդները կհնչեն մայիսի 28-ին
23.05.2017 | 10:41

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության այս մրցաշրջանի ավարտը հանգամանքների բերումով համընկնում է հայոց պետականության տոներից մեկի հետ: Ամեն ինչի մեջ խորհրդանշական բան փնտրող հայության ստվար զանգվածին ուղղված մեր հորդորն է առանձնապես լուրջ չվերաբերվել այս պատահական համընկնմանը կամ ավետաբեր ինչ-որ բան տեսնել մեր ֆուտբոլի առնչությամբ, քանզի մենք մեր հույսի լույսն անդարձ թողել ենք անցած դարի 70-ականներում, ու մեր տրտմությունը կշարունակվի դեռ այնքան, քանի դեռ Փոքր Մհերը դուրս չի եկել փակի տակից: Ինչ վերաբերում է չեմպիոնական մրցավազքը մինչև անցած հանգստյան օրերը շարունակող «Յուվենտուսին» ու «Ռեալին», նրանք իրենց սրերը պատվով դրեցին պատյան ու չեմպիոնի կարգավիճակով են ընդառաջ գնում եվրոպական ակումբային գլխավոր խաղարկության գլխավոր մրցակցությանը:

ԳԵՐՄԱՆԻԱ
Հանդիպման 90-րդ րոպեն է, քեզ համար ոչինչ չնշանակող խաղում 2:1 հաշվով հաղթում ես, չեմպիոնությունն էլ վաղուց նվաճել ես, թվում է՝ էլ ինչ իմաստ կա ինքդ քեզ կոտորելու: Բայց չէ՜: Այս թիմի անունն է «Բավարիա», պայքարում է մինչև վերջին վայրկյանը, մինչև վերջին շունչը ու դրա համար էլ այն աշխարհի մեծագույն ակումբներից մեկն է: Իսկ հանդիպման վերջնահաշիվը 4:1 է: Միայն ափսոս, որ դա եղավ «Ֆրայբուրգի» հետ խաղում, թիմ, որը եվրագոտում հայտնվելու այնքան ռեալ շանս ուներ:
Վերջին տուրում հաղթական գրաֆիկով շարժվում էր և «Լայպցիգը», սակայն փոխչեմպիոնը վերջին տասը րոպեներին տեմպը թուլացրեց՝ «Այնտրախտին» տալով հաշիվը հավասարեցնելու հնարավորություն՝ 2:2:
Խիստ լարված պայքարում նվաճվեց առաջնության բրոնզե մեդալը: Մի պահ Դորտմունդի «Բորուսիան» անգամ կախված էր մազից, սակայն վերջին տասնհինգ րոպեներին «Վերդերի» դարպասին նշանակված երկու տասնմեկմետրանոցները հաղթանակ բերեցին դորտմունդցիներին՝ 4:3:
Ամենայն հավանականությամբ, այն էլ սեփական հարկի տակ, Դորտմունդի «Բորուսիայի» պարտության անհավանականությունը չար կատակ խաղաց մինչ վերջին պահը երրորդ տեղի համար պայքարող «Հոֆենհայմի» հետ, սակայն խոստովանենք, որ համառ ակումբի համբավ ունեցող «Աուգսբուրգն» էլ այդ մրցակցությունում պակաս չդիտվեց: Զրոյական ոչ-ոքին «Հոֆենհայմին» թույլ չտվեց վեր բարձրանալ չորրորդ հորիզոնականից, ինչը, ի դեպ, պակաս արդյունք չէ: Համենայն դեպս, եվրախաղարկությունների մասնակցությունն ապահովված է: Այս խնդիրը լուծեցին նաև սեփական հարկի տակ «Բայերին» անփառունակ զիջած «Հերտան» (2:6) ու վերջին ակնթարթին եվրախաղարկությունների մասնակցություն ձեռք բերած «Քյոլնը», որը հյուրընկալելիս 2:0 հաշվով առավելության հասավ «Մայնցի» նկատմամբ:
«Բավարիան» մրցաշրջանն ավարտեց 82, «Լայպցիգը»՝ 67, Դորտմունդի «Բորուսիան»՝ 64 միավորով: 31 գոլով երկրի լավագույն ռմբարկուն դարձավ Օբամեյանգը (Դորտմունդի «Բորուսիա»), նրանից մեկով է պակաս խփել «Բավարիան» ներկայացնող Ռոբերտ Լևանդովսկին:

ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնի վերջին հանդիպումն էլ երկրի նորընծա չեմպիոնն ավարտեց հաղթանակով՝ 3:2 հաշվով պարտության մատնելով «Ռենին», իսկ առաջնության մյուս երկու մրցանակակիրները ստիպված եղան միավորներ կիսել մրցակիցների հետ: Հետաքրքրական է, որ եթե խաղի վերջին վայրկյաններին «Պարի Սեն Ժերմենը» ստիպված եղավ դա անել հյուր ժամանած «Կաննի» հետ դիմակայությունում՝ ձեռքից բաց թողնելով հաղթանակը (1:1), «Նիցցան» այդ նույն վերջին վայրկյաններին «Լիոնի» հետ արտագնա մրցակցությունում խուսափեց պարտությունից՝ 3:3:
«Մոնակո» (95), ՊՍԺ (87), «Նիցցա» (78), «Լիոն» (67) քառյակին (փակագծերում նշված են թիմերի ունեցած միավորները) եվրախաղարկություններում ընկերակցելու իրավունք ստացավ «Բաստիային» նվազագույն հաշվով հաղթած «Մարսելը»: 35 գոլով առաջնության լավագույն ռմբարկուն «Պարի Սեն Ժերմենը» ներկայացնող Էդինսոն Կավանին է:

ԱՆԳԼԻԱ
Պրեմիեր լիգայի վերջին տուրում անխտիր հաղթանակ տարան առաջին վեցյակը կազմած բոլոր թիմերը, իսկ դա նշանակում է, որ մրցաշարային աղյուսակի գլխամասում տեղաշարժեր չեն կարող լինել: Երկրի նորընծա չեմպիոնը՝ «Չելսին», 5:1 հաշվով հաղթեց «Սանդրլենդին», փոխչեմպիոն «Տոտենհեմն» իր գերազանցությունը «Հալ Սիթիի» նկատմամբ ձևակերպեց արձանագրված գոլերի 7:1 հարաբերակցությամբ, «ՈՒոտֆորդը» ծնկեց բրոնզե մեդալների տեր դարձած «Մանչեստր Սիթիի» առաջ (0:5), «Լիվերպուլը» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Միդլսբրոյի» դարպասը, պակաս համոզիչ չէր «Արսենալը» «Էվերտոնի» հետ դիմակայությունում (3:1), հաղթական ավարտ ունեցավ «Մանչեստր Յունայթեդ»-«Կրիստալ Պալաս» ճակատումը՝ 2:0: Նկատենք, որ առանց եվրախաղարկության մասնակցության չմնաց նաև «Էվերտոնը»:
Հիշատակենք նաև, թե առաջնությունում վեցյակը որքան միավոր վաստակեց: «Չելսիի» անվան դիմաց գրանցվեց 93, «Տոտենհեմի»՝ 86, «Մանչեստր Սիթիի»՝ 78, «Լիվերպուլի»՝ 76, «Արսենալի»՝ 75, «Մանչեստր Յունայթեդի»՝ 69: Ինչ վերաբերում է լավագույն ռմբարկուին, «Էվերտոնը» ներկայացնող Ռոմելու Լուկակուի հետ մրցավեճում ճակատագրական եղավ վերջին երկու խաղում «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի խփած վեց գնդակը: Նա մրցաշրջանն ավարտեց մրցակիցների դարպասի 29 գրավումով:


ԻՏԱԼԻԱ
Դեռևս մեր նախորդ հրապարակման մեջ էինք ասել, որ առաջնության «Ռոմա»-«Յուվենտուս» դիմակայությունում ձախողվելուց հետո երկրի գործող չեմպիոնն իրեն այդ կարգավիճակում կվերահաստատի մայիսի 21-ին՝ «Կրոտոնեի» հետ խաղում: Այդպես էլ եղավ, «ծեր սինյորան» հաղթեց երեք անպատասխան գնդակի առավելությամբ ու վերջին տուրից առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար: Ինչ վերաբերում է «Ռոմային» ու «Նապոլիին», սրանք էլ են հաղթական հանդիպումներ ունեցել: «Գայլերը» համոզիչ էին «Կիևոյի» հետ արտագնա խաղում՝ (5:3), իր հերթին «Նապոլին» սեփական հարկի տակ հույսի նշույլ իսկ չթողեց «Ֆիորենտինային»՝ 4:1: «Ռոմա»-«Նապոլի» զույգից թե ով կլինի երկրի փոխչեմպիոնը, ով՝ բրոնզե մեդալակիրը, հայտնի կդառնա մայիսի 28-ին: Այդ օրը «գայլերը» տանը կընդունեն «Ջենովային», «Նապոլին» հյուր կգնա «Սամպդորիային»:
Անկախ վերջին տուրի արդյունքներից՝ եվրագոտում են նաև արտագնայում «Էմպոլիի» նկատմամբ նվազագույն հաշվով առավելության հասած «Ատալանտան», տնային խաղում 1:3 հաշվով «Ինտերին» զիջած «Լացիոն», երեք անպատասխան գնդակի առավելությամբ սեփական դաշտում «Բոլոնիային» պարտության մատնած «Միլանը»: Ինչ վերաբերում է լավագույն ռմբարկուին, սույնի առնչությամբ եկեք առանձնապես չշտապենք, քանի որ վերջին տուրը կարող է շատ բան փոխել: Ֆուտբոլասերին հիշեցնենք լոկ, որ այս պահի դրությամբ 28 գնդակ գրանցված է «Ռոմայի» ներկայացուցիչ Ջեկոյի անվան դիմաց, նրանից ընդամենը մեկ գնդակով է հետ մնում Մերտենսը («Նապոլի»):

ԻՍՊԱՆԻԱ
Լա լիգայի ընթացիկը երջանիկ ավարտ ունեցավ Մադրիդի «Ռեալի» համար: Մալագայում տեղի համանուն թիմի հետ պայքարում չեմպիոնական ոսկե մեդալների համար պայքարող «արքայականին» լիովին բավարարում էր և ոչ-ոքին, սակայն Զինեդին Զիդանի սաները համարեցին, որ հաղթական ավարտն ավելի տպավորիչ կլինի ու հասան իրենց ուզածին՝ 2:0: Իր վերջին հանդիպումը հաղթանակով ավարտեց նաև «Բարսելոնը»: Այս թիմի համար 4:2 հաշվով հաղթանակն առանձնապես տպավորիչ չես համարի, սակայն իրավիճակը լիովին փոխվում է, երբ հաշվի ենք առնում, որ «Էյբարի» հետ մրցակցությունը կատալոնյան ակումբը, փաստորեն, սկսել է -2 հաշվից, ու այդ -2-ն իր իսկ անփութության հետևանքն է: Իհարկե, այս հաղթանակը թեթև մխիթարություն է կապտանռնագույնների երկրպագուների համար, բայց փոխչեմպիոն լինելն էլ առանձնապես վատ չէ, եթե դա չենք դիտում որպես էն անտեր սրտի նույնքան անտեր սփոփանք:
Մրցանակային եռյակից հաղթական հանդիպում է ունեցել նաև «Աթլետիկոն»՝ 3:1 հաշվով առավելության հասնելով «Աթլետիկի» նկատմամբ: Առաջ անցնելով ասենք, որ բասկերի համար այս պարտությունը ճակատագրական եղավ, քանի որ «Սելտային» հյուրընկալված ու խաղը ոչ-ոքի ավարտած (2:2) «Ռեալ Սոսիեդադը» կարողացավ ներխուժել լավագույն վեցյակ՝ նվաճելով եվրախաղարկությունների մասնակցության իրավունք:
Մեկ օր առաջ հաղթական մրցելույթ էր ունեցել նաև երկրի չորրորդ թիմը՝ «Սևիլիան»՝ հինգ անպատասխան գնդակով հաստատելով առավելությունն «Օսասունայի» նկատմամբ: Հավելենք, որ եվրախաղարկությունների մասնակցության իրավունքը նվաճած «Վիլյառեալն» արտագնայում 3:1 հաշվով պարտության է մատնել «Վալենսիային»:
Ինչ վերաբերում է առաջնության ռմբարկուին, այստեղ Լիոնել Մեսին 37 գոլով դուրս էր մրցակցությունից: Ի դեպ, նրան հաջորդողը նույնպես ներկայացնում է կատալոնյան ակումբը: Նա 31 գոլ հեղինակած Սուարեսն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ