Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Անակնկալ Պոլսի՞ց, թե՞ Անկարայից

Անակնկալ Պոլսի՞ց, թե՞ Անկարայից
25.05.2017 | 23:13

Ճիշտ տեղն ու ժամանակը

Մայիսի 24-ին հրաժարական տվեց Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և սկիզբ դրվեց պատրիարքի ընտրություններին: Բարդ պատմության հայտնի մանրամասների մեջ չմտնելով՝ ասեմ, որ նա հայտարարությամբ մեկնաբանել է իր խոսքազանցությունն ու հրավեր է ուղարկել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին, որ ժամանի ու որպես ընտրված պատրիարքական տեղապահ գլխավորի պատրիարքի ընտրության նախընտրական գործընթացը: «Այս քայլն անելու համար պետք է սպասեինք ճիշտ տեղին ու ճիշտ ժամանակին: Արդեն հասունացել է նպատակահարմար պահը»,- բանաձևել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
«Հանրապետութեան Վսեմաշուք Նախագահ Տիար Ռ. Թ. Էրտողան ներկայ տարեմուտին մեր համայնքին փոխանցած էր իր պատգամը՝ որպէսզի պատրիարքական ընտրութեան համար սպասենք մինչեւ 16 Ապրիլ 2017 թուականին տեղի ունեցած հանրաքուէին։ Ընթացքին դժուար թէ նոր կարգադրութիւն մը ըլլար պատկան իշխանութիւններուն կողմէ։ Մենք ընդհանուր փոխանորդի մեր պաշտօնը տեւականացուցինք՝ հաշուի առնելով, ըստ էութեան, երկու հանգամանք։ Առաջինը այն էր, որ յաչս պետութեան Պատրիարքական Աթոռը անտէր ու անգլուխ չէր կրնար մնալ։ Երկրորդ պարագան այն էր, որ առանց պետութեան հետ ներդաշնակութեան չէինք կրնար գործնականօրէն ձեռնարկել պատրիարքական ընտրութեան։ Այս երկու ստիպողական պարագաները հաշուի առնելով՝ ցայսօր սպասեցինք, որպէսզի մեր Պատրիարքութեան կայունութիւնը չենթարկուի վտանգի եւ այս ճանապարհին յանձն առինք բազում զոհողութիւններ, դիմադրեցինք բողոքներու, մանաւանդ մեզի դէմ դիտումնաւոր կազմակերպուած մաշեցուցիչ արշաւներու։ Այդ բոլորը անտեսեցինք՝ Պատրիարքական Աթոռի գերագոյն եւ անսակարկելի շահերը գերադասելով։ Հաւատարիմ մնացինք նաեւ մեր Սուրբ Եկեղեցւոյ կարգ ու կանոնաց՝ հակառակ այն պնդումներուն, թէ արհամարհած էինք զանոնք»՝ գրել է նա ու բացատրել «ճիշտ տեղն ու ճիշտ ժամանակը». «Այս պահուն այլեւս ունինք տարրական պայմաններ, յարմար գետին մը եւ այս բոլորով կրնանք կեդրոնանալ պատրիարքական ընտրութեան գործընթացը յառաջ մղելու նպատակին վրայ։ Զանազան առիթներով յայտնած ենք, որ ճանչցած ենք ու կը ճանչնանք մեր հոգեւորականաց դասու երիցագոյն անդամ Գերաշնորհ Տ. Գարեգին Արքեպիսկոպոս Պեքճեանի հանգամանքը՝ որպէս տեղապահ։ Ընթացքին որոշ շրջանակներու տխուր ջանքերով ստեղծուած է թիւր տպաւորութիւն, թէ մեր երկուքին միջեւ կան պայքար, մրցակցութիւն եւ հակադրութիւն»։

Նա վստահ է, որ համայնքը ունի անհրաժեշտ ազդանշանները՝ պատրիարքական ընտրության աշխատանքները սկսելու համար և առաջարկում է իր անձը իբրև «անկեղծ ու պատրաստակամ հոգեւոր եղբայր մը, գործակից մը, որ Պատրիարքարանի լուծը վերջին շուրջ տասը տարիներուն կրած ըլլալու փորձառութեամբ միշտ իրեն պիտի զօրակցի՝ որպէսզի մեր Աթոռը այլեւս ժամ առաջ ունենայ իր նոր ազգընտիր գահակալը»։ Համարեք տգեղ պատմության գեղեցիկ ավարտ՝ նոր պատմությանն ընդառաջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Այսպես Պոլսի ու Անկարայի միջև հայտնվեց Մոսկվան, որտեղ Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի արտագնա նիստում հարցը քննարկվեց ու հայտարարություն ընդունվեց: Վստահաբար եղել են այլ ազդակներ, որ թույլ են տալիս ընտրյալ տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին ստանձնել պարտականությունները: Հիմա սկսվում է բուն պատմությունը՝ պատրիարքի ընտրությունը, որին Անկարան նորից միջամտելու է: Եվ ոչ միայն Անկարան:
Հուսանք՝ նաև Էջմիածինը իբրև իր ուղիղ պարտականության կատարում:

Դիտվել է՝ 1255

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ