Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մենք ապրում ենք 2017-ի մայիսին

Մենք ապրում ենք 2017-ի մայիսին
26.05.2017 | 00:30

Շնորհավորում եմ՝ Հայաստանի Հանրապետությունն արդեն ունի կառավարություն: Մայիսի 25-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ավետեց, որ Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը, ընդհանուր առմամբ, այս փուլում դրական է գնահատվում և բոլոր անդամները վերանշանակվում են: Կառավարությունը հետայսու 19 նախարարի փոխարեն կունենա 18-ը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի պաշտոնը վերացվել է: Միակ նոր, իրականում հին նախարարը, Դավիթ Հարությունյանն է՝ նա կլինի արդարադատության նախարար՝ «պրոֆեսիոնալ իրավաբան, քաղաքական գործիչ, մեր շատ լավ ընկեր»:

ԳՄ նիստում քննարկվել են նաև ԱԺ ղեկավարության ձևավորումը, ապագա աշխատանքները, հանձնաժողովների, պատվիրակությունների ու բարեկամական խմբերի կազմերը քննարկման փուլում են: Փաստացի՝ Կարեն Կարապետյանին հնարավորություն տրվեց 2017-2018-ը գնալ իր 9 ամիս առաջ ընտրած թիմով՝ հավելած ՀՅԴ նախարարները և Դավիթ Հարությունյանը: Հընթացս պարզվեց, որ ՀՀԿ-ում չկան «թվացյալ, արհեստական և շինծու հակասություններ». «Մեր կուսակցությունը մեկ քաղաքական թիմ է, մեր կուսակցության մեջ չկան թիմեր: Այդ քաղաքական թիմի ղեկավարը Սերժ Սարգսյանն է, վարչապետ Կարեն Կարապետյանը մեր կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի առաջին տեղակալն է, ՀՀԿ թիմի ներկայացուցիչն է: Պարոն վարչապետի ղեկավարը պարոն նախագահն է: Մենք ՀՀԿ անդամներ ենք, մենք ընտրել ենք նախագահ Սերժ Սարգսյանին: Խնդրում եմ մամուլի հրապարակումներ անողներին, «քաղաքագետներին» այստեղ չփնտրել այն, ինչ գոյություն չունի»:


Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց նաև, որ վերանշանակված կառավարությունը ՀՀԿ-ի կառավարությունն է, որը իրականացնում է ՀՀԿ-ի ծրագիրը: Նա խնդրեց ՀՅԴ-ին և ԱԺ քաղաքական մեծամասնությանն արհեստական չտարբերակել: Հետագա զարգացումներին վերաբերող հարցին ՀՀԿ մամլո խոսնակն ընթացիկ պատասխան տվեց. «Մենք այս պահին ապրում ենք 2017-ի մայիսին, և խոսում ենք մայիսյան կառավարության մասին, 2018-ի ապրիլից հետո կապրենք՝ կտեսնենք»:
ԳՄ նիստին չէր մասնակցում վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նա Կազանում էր, մասնակցում էր պատգամավոր Կարեն Կարապետյանը:


ՈՒ՝ ի՞նչ:
1. Իրականում մեկ տարվա համար կառավարություն փոխելն անիմաստ էր, բայց դա չի նշանակում, որ նախարարները մեկ տարի անփոփոխ աշխատելու են։
2. Կառավարությունը ՀՀԿ-ի կառավարությունն է՝ չի նշանակում, որ Կարեն Կարապետյանից վերցվում է պատասխանատվության բեռը:
3. «Պարոն նախագահը» և նրա «պարոն վարչապետը» շարունակելու են դիրքային պայքարը՝ մեկ տարվա սահմանափակումով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Էդուարդ Շարմազանովը սկզբում հիշատակեց գլխավոր իրադարձությունները՝ հայրենակիցներին ու Հայ առաքելական եկեղեցու բոլոր զավակներին շնորհավորեց, ապա շնորհավորեց «Մանչեստր Յունայթեդի» հաղթանակն ու Հենրիխ Մխիթարյանին՝ գոլի համար:

Դիտվել է՝ 1272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ