ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Օրակարգն ու սրիկաները

Օրակարգն ու սրիկաները
26.05.2017 | 00:34

2017-ի ցուրտ գարունն ավարտվում է: Տեղ-տեղ դեռ անգամ ձյուն է տեղում, անձրևը, քամին ու կարկուտը օրվա օրակարգում են՝ եղանակները խառնվել են բնության ժամացույցով: Քաղաքական ժամացույցը կամաց դանդաղեցնում է պտույտը՝ հինգ տարի ոչ մի ընտրություն՝ համապետական մակարդակում: Շատ-շատ Արտաշատի ընտրություններում մի քիչ աշխատանք կլինի: Վճարովի՝ որոշակի տարածքում սահմանափակված ընտրողների համար: Սկսվում է մեծ ցիկլը՝ խաղաղության, աշխատանքի, վերակառուցման, նախապատրաստության, հանգստի, լճացման՝ անվանեք ինչպես կուզեք: Պիտի իմանաս՝ ինչ ես անելու ուրբաթ, եթե վախճանվել ես հինգշաբթի՝ հին իմաստնություն է, որ ոմանց համար ամեն ինչ այս ու այն աշխարհներում հերքում է, ոմանց համար՝ հաստատում:


Ընտրական ցիկլը ավարտվեց ու սկսվում է էլիտայի փոփոխության ցիկլը: Եվ որովհետև դա չի կատարվել բնական՝ ընտրության ճանապարհով, հիմա կատարվում է կամայական՝ իշխանության մեջ առավել հարմար դիրքեր ստանալու նպատակադրումով: ՀՀԿ-ի ներսում վերադասավորումները չունեն ու չեն ունենալու քաղաքական նշանակություն՝ ոչ թե այս կամ այն խմբի գաղափարական տեղատվությունն ու մակընթացությունն են վկայում, այլ այս կամ այն խմբի առավել մրցունակությունը իշխանության համար հրմշտոցում կուսակցության ներսում, որը հասարակության համար բովանդակային փոփոխություն չի նշանավորելու՝ ընդհանուր պլատֆորմ ունենալով նույն արտաքին պլացդարմը: Չասեմ՝ որ երկիրը: Եվ չասեմ, թե որքան անկայուն է այդ երկրի հետաքրքրության կայունությունը, ինքներդ հաշվարկեք, թե որտե՞ղ են ՀԱԿ-ը, ՀՎԿ-ն, ՕՐՕ-ն, որ նույն պլացդարմն էին ցատկահարթակ դարձրել: ՈՒ՝ թռան: Ձևացնենք, որ ինչպես զարգացած երկրում, Հայաստանում էլ հաջորդ ընտրություններին նախապատրաստվում են նախորդ ընտրությունների օրից: Գոնե պետք է մտածեն՝ ոմանք պահել իշխանությունը, ոմանք՝ իշխանության գալ, իսկ ժողովուրդը՝ ոմանցից ոմանց ընտրել ու չընտրել: Վերջին խորհրդարանական ու մայրաքաղաքային ընտրություններից հետո տրենդի մեջ է ընտրողին մեղադրելը: Անսկզբունքային է:

Անհետևողական: Անաղուհաց: Կաշառակեր: Կարճամիտ: Բողոքական: Խեղճ: Վախկոտ: Հա, ինչո՞ւ ոչ: Կյանքը «Ծափիկ-ծափիկ ծիրանիկ, ունեմ տատիկ ու պապիկ» շուտասելուկի պես ամեն ինչ չի տալիս մի ծափիկով, կամ՝ մի քանի: Եթե քո արժեքային համակարգի հիմքում մի կլորիկ դատարկություն է, ամեն ինչ ընդունելի է, դու էլ ամեն ինչի ընդունակ ես: Ինչո՞ւ հենց դու պիտի լինես սկզբունքային, անկաշառ ու հեռատես հիմարը, եթե շուրջբոլորդ բարգավաճում են անսկզբունք, կաշառատու ու կաշառառու, բութ դատարկագլուխները: Ինչո՞ւ: Դո՞ւ ես երկրի պորտը: Թե՞ երկրի աղն ես: Հենց այդտեղից երկիրը սկսում է թարս պտտվել: Հենց այդպես ՀՀԿ-ն պահեց (մի քիչ էլ ՀՅԴ-ին տվեց) իշխանությունը երկրում ու մայրաքաղաքում: Զիբիլիքսով, ասֆալտով, դուռ-պատուհան փոխելով, ննջարան-լողարանում պայմանավորվելով: ՈՒրեմն՝ ի՞նչ էլիտայի փոփոխության մասին է խոսքը: Տարբերությունը ո՞րն է, եթե իշխանության մեջ a, b, c անձանց փոխարինում են d, e, f անձինք, կամ a, b, c անձինք դառնում են A, B, C՝ պաշտոն ստանալով: Մանդատ, պորտֆել, ֆինանս՝ ի՞նչ տարբերություն: Լծակն է արժեքը, ոչ թե աշխատանքը, գիտելիքը, փորձը, մարդկային որակներն ու մասնագիտական մակարդակը: Մթնոլորտը գաղջ էր, գաղջում է դրայվով՝ նոր ոգու միջամտությամբ: Վկան՝ հայտնի ու անհայտ սկանդալները, որ մնացին ու մնալու են անպատիժ, բացահայտեցին ընտրությունների բովանդակությունը: Ոչ միայն: Հասարակության բուն կերպարը: Հարմարվողական, սպառողական, հիվանդ: Մոռացեք էլիտայի փոփոխությամբ որևէ փոփոխություն ստանալու մասին: Ելքը արժեքների ու մթնոլորտի փոփոխությունն է: Իդեալների գլխատումից հետո գալիս է Ոսկե հորթի պաշտամունքը, երբ մարգարեներն ուշանում են, Ոսկե հորթն է իդեալ դառնում: Շրիշակի մակարդակը, որտեղից միայն հատակն է երևում: Նույնիսկ եթե լաքապատ է, գորգապատ, գորգը ոսկեթելից է հյուսված ու ադամանդներ են փայլում նախշերի մեջ: Հատակը մնում է հատակ:

Քաղաքական օրակարգում հիմա կառավարության հարցն է: Նոր կառավարությունը խորհրդարանին ներկայացնելու է ոչ կարճաժամկետ ծրագիր՝ ինչպես սեպտեմբերին: Վարչապետ վերանշանակված Կարեն Կարապետյանը կորցրել է գլխավոր հաղթաթուղթը՝ նա այլևս նորանշանակ չէ՝ 9 ամիս աշխատում է: Այդ ընթացքում երեխա է ծնվում: Ի՞նչ ծնվեց նրա վարչապետությունից: Բացի տտիպ անեկդոտները, որ վարչապետն ու նրա ուղեկիցները պատմում էին ընտրարշավում: Դրայվով սկսեց և ո՞ւր հասավ Կարեն Կարապետյանը: Ախտորոշե՞ց երկիրը: Անկողմնակա՞լ: Գտա՞վ բուժումը: Արտաքին ներդրումների ներգրավումով տնտեսություն պահելը գիտեին թե Տիգրան Սարգսյանը, թե Հովիկ Աբրահամյանը՝ պարտքը անձամբ չեն վճարելու: Երկրի ներքին ռեսուրսը գործողության մեջ դնելու կարողություն ունի՞ վարչապետը, աշխատուժի փոխարեն ապրանք արտահանել կարո՞ղ է: Եթե այո, ո՞ւմ է սպասում: Բոլոր «պայթուցիկ» ակումբները, որ բերելու են այլ պետություններում շրջանառվող ֆինանսներ, այդ պետություններից կախման մեջ են դնելու Հայաստանի տնտեսությունը՝ մենեջեր վարչապետը դա գիտի: Դա՞ է նրա հույսը՝ փողը կտան ու փողին տեր լինելով՝ տեր կլինեն՝ ում տվել են փողը: Տնտեսության դիվերսիֆիկացիան այլևս մոռացվա՞ծ ու վա՞տ պատմություն է: Մեկ է՝ ռուսական կապիտալը ու մոնոպոլիան տնտեսության մեջ Հայաստանը պահում է տարածաշրջանում փակված ու զմռսված արտաքին պարտքով, իսկ հարևանները համագործակցում են միմյանց հետ ու միջազգային ծրագրեր իրականացնում (Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին արդեն իրականություն է դառնում, Հյուսիս-Հարավը, փաստորեն, փակվել է): Հայաստանը շարունակում է չտեսնելու տալ իր շահը: ԱՄՆ-ի ութ միլիարդը, որ հանկարծ կարող է էներգաանկախություն ապահովել: Հարևան Իրանին, որ հանկարծ կարող է գազային այլընտրանք դառնալ: Հայաստանը սպասում է ռուս-վրաց-աբխազական երկաթուղու վերագործարկմանը: Թեև գիտի, որ քաղաքական ֆիկցիա է: Պարբերաբար նետվող խայծ, երբ այլընտրանք է ուրվագծվում հորիզոնում: Վերին Լարսի հույսին ապրող երկրի վարչապետ լինելը անեծք է: Աշխարհում անեծքներին չեն հավատում ու սպասում են, որ Հայաստանը քաղաքական կամք կունենա Մետաքսի մեծ ճանապարհի մաս դառնալու: Հայաստանը, սակայն, գիտի, որ Ռուսաստանը այդ ճանապարհն ուզում է անցկացնել Չինաստան-Ղազախստան-Ռուսաստան երթուղով, ու՝ չի համարում, որ մեծերի ոտքի տակ ընկնելը խելամիտ է: Նրանք, ովքեր սեփական խելամտությանն են ապավինում, միջազգային ասպարեզում սուբյեկտության այլ կարգավիճակ ունեն:

Նկատե՞լ եք, որ ՀՀ նախագահը վերսկսել է նախարարներին հանդիպելը, որ անում էր Հովիկ Աբրահամյանի վարչապետության վերջին ամիսներին՝ նախագահի և վարչապետի իրավասությունները զուգահեռելով և կրկնօրինակելով Պուտինին, որ պարբերաբար Կրեմլ է կանչում նախարարներին, հաշվետվություններն ընդունում ու հանձնարարականներ տալիս, մեկ-մեկ էլ հարցնում՝ Մեդվեդևից գո՞հ են:
Վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում սահմանված է կառավարության կազմավորումը: Կարեն Կարապետյանը վերանշանակվեց մայիսի 18-ին՝ կառավարության հրաժարականի օրը: Հունիսի առաջին շաբաթում արդեն նոր կառավարությունը պիտի նշանակված լինի: ՀՅԴ-ն լռում է իր պորտֆելների ու թեկնածուների մասին, գործող նախարարներին պահելու ցանկությամբ: ՀՀԿ ԳՄ-ում քննարկվում են թեկնածուները: Կարեն Կարապետյանին հաջողվեց վերացնել Դավիթ Հարությունյանի համար ստեղծված պորտֆելը՝ նա նախարար էր առանց նախարարության, նրա պաշտոնը վերածվում է կառավարության աշխատակազմի ղեկավարի հայեցողական պաշտոնի: Մեկ նոր նախարար կառավարությունը ստույգ կունենա՝ արդարադատության: Եթե Դավիթ Հարությունյանը նշանակվի, նախագահ-վարչապետ հաշիվը կդառնա 1:1: Նորն էլ հին կդառնա: Սիմվոլ չէ՞:


Սիմվոլներն իշխանության մենաշնորհը չեն՝ քաղաքական սիմվոլիկայում հավերժությանն են հավակնում նախկին պաշտոնյաները՝ արդեն հնչեց ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի ձայնը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ ձայնը, լռում է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը դեռ: Րաֆֆի Հովհաննիսյանը, օրինակ, ՕՐՕ-ի ձախողումը «հերթական չընտրությամբ» բացատրեց և հրապարակեց նոր խնդիրը՝ արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմադիր ուժերի միավորում։ Ավելի մեծ աբսուրդ, քան իշխանության հաղթանակն էր ընտրություններում: Անիմաստ ու աբստրակտ միավորման իդեֆիքսը «Ժառանգության» ստվերն է դարձել, ոչ մի ձախողում չի համոզում, որ անկապ ու իրավիճակային միավորումն ապարդյուն է: Նա համակրում է «Ելքին» և խորհուրդ տալիս չմեծամտանալ. «Պետք չէ կարծել, որ «Ելքը» առաջինն է մեր հայոց արդի պատմության մեջ, որ ինչ-որ բան է փոխելու: «Ելքը» եկել է, ուր որ եկել է, որովհետև ունեցել է նախորդներ»: Որտեղի՞ց հնարեց, որ «Ելքն» առաջինն է «մեր հայոց արդի պատմության մեջ»: Կամ՝ «ունեցել է նախորդներ»: Ո՞Ւմ՝ «Ժառանգությա՞նը»: «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքի փորձո՞վ: Գուցե բացատրեր, թե ինչո՞ւ «Ժառանգությունը» նախընտրեց կազմել ՕՐՕ դաշինք, ոչ թե «Ելքին» միացավ: Եթե առաջին տեղի հարցը չէր ու տարաձայնությունները սկզբունքային էին, ի՞նչ հիմքով հիմա պիտի միավորվեն արտախորհրդարանական ու խորհրդարանական ուժերը: Կա՞ արտախորհրդարանականն այլևս: Հասկանալի պատճառներով ՀՎԿ-ի ձայնը չի գալիս, անհասկանալի պատճառներով ՀԱԿ-ը լռում է, ԱԴ-ն ասես չի էլ եղել, թեպետ բավական է՝ միանար «Երկիր ծիրանիին», ու ամեն ինչ կզրնգար: Այլընտրանք կլինե՞ն նրանք կամ նրանցից որևէ մեկը, կամ՝ որևէ նոր ուժ ի հայտ կգա՞: Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, փաստորեն, ասել է, որ ամուսնու վրա հույս չդնեն: Նա ճշտել է, որ Սեյրան Օհանյանը երկար տարիներ եղել է Հայաստանի ռազմա-քաղաքական պատասխանատուներից մեկը և չի դադարի լինել, ու հավելել է՝ ամուսինը «նորմալ, մարդկային հարաբերություններ ունի բոլոր կուսակցությունների, երկրի բոլոր կարևոր պաշտոններում գտնվող անձանց հետ: Բոլորը բոլորի հետ շփվում են, անկախ նրանից, թե ինչպիսի կարծիքներ ունեն ապագայի (երկրի կառավարման ձևի) վերաբերյալ: Եվ երբևիցե չեմ կարծում, որ այդ հարաբերությունները թշնամական կլինեն»: Իզուր չէր պաշտպանության նախկին նախարարը երկար ժամանակ Ռուսաստանում: Սամվել Բաբայանի կալանքն ինչո՞ւ երկարացվեց, եթե ամեն ինչ անցյալում է: Թե՞ նա կասկածյալ է մնալու մինչև 2018-ի ապրիլը: Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ի հայտ եկավ և Պարույր Հայրիկյանը, որ ասի՝ բոլորի նպատակը պետք է լինի սահմանադրության վերականգնումը, իսկ նրանք, ովքեր շեղվում են օրակարգից, «սրիկա» են: Պատկերացրի՞ք՝ օրակարգի ու սրիկաների փոխհարաբերություններում ինչպես է բերում իշխանության բախտը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ինչի՞ մասին է խոսելու վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ-ում՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը: Կարո՞ղ է շեղվել նախագահի ուղերձից՝ խորհրդարանի առաջին նիստում: ՈՒղերձի տնտեսական մասից: Ի՞նչ է նա անելու առաջիկա հինգ տարիներին, որ 2040-ին քառապատկվի- հնգապատկվի ՀՆԱ-ն՝ հասնելով 55-60 միլիարդ դոլարի, որ արտահանումը լինի 40 տոկոս, արտագաղթը դադարեցվի ու հեռացածները վերադարձվեն, Հայաստանի բնակչությունը 4 միլիոն լինի: Դա գործող նախագահի փոքրիկ վրե՞ժն էր վարչապետից, որ հիմա պարտավոր է կամ կրկնել նախագահին ու ասել՝ ինչպե՞ս, կամ՝ ասել, որ դա իր ծրագիրը չէ: Ոչ ոք չի կարող նախագահին այպանել, որ պետության երկարաժամկետ ռազմավարություն է առաջադրում՝ դա նրա իրավունքն է՝ գործող Սահմանադրությամբ: Բայց անեկդոտ է դառնում՝ 13 տարում կամ 1 միլիոն արտագաղթյալ վերադարձնել, կամ ծնելություն ապահովել: ՈՒ՝ նորմալ կյանք բոլորի համար: Իսկ վարչապետ Սերժ Սարգսյանը իր թվերի ու ծրագրերի տակից դուրս կգա՞: Թե դա էլ օրակարգ է գալիս՝ օրակարգ չունենալու պատճառով՝ «սրիկաների» դեմ: Սքանչելի օրեր ենք ապրում, բայց չենք զգում: Երևի հոգնել ենք էլիտայից ու մեր պլեբեյությունից:

Դիտվել է՝ 1228

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ