Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Թեժ կետերից մեկը, որտեղ բազմաթիվ երկրների շահեր են բախվում, Ղարաբաղն է»

«Թեժ կետերից մեկը, որտեղ բազմաթիվ երկրների շահեր են բախվում, Ղարաբաղն է»
26.05.2017 | 00:48

Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները բավական ուշագրավ են: Մինչ սահմանում լարվածություն էր, Ադրբեջանը մեր զինտեխնիկան էր խոցում, իսկ հայկական կողմն էլ պատասխան գործողություն էր իրականացնում, դիվանագիտական հարթությունում ևս իրադարձությունների պակաս չկար: Նախ` խորհրդարանի անդրանիկ նիստում երկրի ղեկավարը խոսեց հակամարտության, դրա վերաբերյալ նախընտրական քարոզարշավում հնչած տեսակետների մասին, ինչին հաջորդեց ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությունը: Այլ խոսքով, կարծես հակամարտության համար նոր փուլ է սկսվել: Զարգացումները «Իրատեսի» հետ զրույցում մեկնաբանեց քաղաքագետ ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

-Պարոն Սարգսյան, ի՞նչ է կատարվում այսօր ղարաբաղյան հակամարտության շուրջ:
-Կա դիվանագիտական լճացում: Ապրիլյան պատերազմից հետո այդպես էլ չհստակեցվեց, թե բանակցություններն ինչպես պետք է շարունակվեն: Վիեննայում որոշումներ ընդունվեցին, և պարզվեց, որ Ադրբեջանը որևէ ցանկություն չունի հետևելու դրանց: Հայաստանը պնդեց: Շատ հարցեր մեզանում բարձրացվեցին` Ղարաբաղի ճանաչում, Հայաստանի և Ղարաբաղի միջև փոխօգնության պայմանագրի կնքում: Հայտարարություններ եղան նաև առ այն, որ Ադրբեջանը պետք է վերադառնա մինչ ապրիլն ունեցած դիրքերը: Միջազգային հանրությունը ևս հստակեցրեց իր դիրքորոշումը, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման իրավական հիմքը 1994-95 թթ. պայմանագրերն են: Կոնկրետ վիճակ ստեղծվեց, երբ Ադրբեջանի առաջ բարդ պայմաններ դրվեցին, սակայն նա չկատարեց դրանք: Ավելին, փորձեր արեց Ռուսաստանի միջոցով մեղմելու կամ փոխելու վիճակը: Մինչև վերջերս հույս ուներ, որ Թուրքիայի, հատկապես Ռուսաստանի միջոցով հօգուտ իրեն կշտկի իրավիճակը և կստիպի միջազգային հանրությանը և Հայաստանին, որ այդ պարտադրանքից իրեն ազատեն: Սա չիրականացավ: Ամենաէականն այն է, որ այդ հարցում Ադրբեջանին աջակցություն չցուցաբերեց Ռուսաստանը: Սրան գումարած ՌԴ-ն սկսեց Հայաստանը զինել նորագույն տեխնիկայով: Ամեն ինչ այսքանով առկախվեց մինչ փետրվարը, երբ Ադրբեջանը նույն ոճով փորձեց նորից սրել իրավիճակը, բայց այս անգամ այլ իրավիճակ ստեղծվեց: Փետրվարի 21-ին խոշոր անհաջողություն ունեցան սահմանում, սա հոգեբանական մեծ ճնշում էր այդ երկրի համար: Հետևեցին նաև միջազգային հանրության, հատկապես ՄԱԿ-ի հայտարարությունները, որ կոնֆլիկտը ռազմական լուծում չունի: Դրանից հետո Ադրբեջանը սկսեց մերձենալ իսլամական աշխարհի հետ ու փորձեց նրան տրամադրել Հայաստանի դեմ: Թուրքիայի հետ համատեղ զինավարժություններ անցկացրեց, խոսեց շանտաժի լեզվով, փորձեց գնել ժամանակակից զենքեր այլ երկրներից: Այս ամենը շարունակվում է հիմա: Արաբական երկրների ղեկավարների հետ Թրամփի հանդիպմանը ներկա էր նաև Ադրբեջանը: Ասել է` Ադրբեջանն այլընտրանքային ուժերի աջակցություն է փնտրում: Օրինակ, վերջերս խոսք եղավ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան միավոր ստեղծելու մասին: Այս ամենն ուներ մեկ տրամաբանություն` հակահայկական բլոկ ձևավորել: Վերջերս էլ Ադրբեջանի արտգործնախարարն ասաց, որ ընդունելի տարբերակ կարող է լինել տարածքների հանձնումը խաղաղության դիմաց: Ասաց, բայց դա էլ օդում մնաց:
-Նոր ձևավորված խորհրդարանի առաջ Սերժ Սարգսյանը բավական հանգամանալից ելույթ ունեցավ: Խոսեց նաև ղարաբաղյան հակամարտության մասին: Ի՞նչ կառանձնացնեիք այդ ելույթից:
-Ելույթի` հակամարտությանն առնչվող հատվածը նախ պատասխան էր Ադրբեջանի արտգործնախարարի վերոնշյալ հայտարարությանը: Մամեդյարովի հայտարարությունը պետք է պատասխան ունենար, որը տվեց Սերժ Սարգսյանը: Հիշեց Կազանի փաստաթուղթը` փաստելով, որ եթե ուզում եք բանակցել, սա է Հայաստանի համար ընդունելի տարբերակը:
-Սերժ Սարգսյանը նաև քննադատության սլաքներ ուղղեց Տեր-Պետրոսյանին և Վարդան Օսկանյանին` նկատելով նրանց հայտարարած լուծումների անկենսունակությունը:
-Նրա քննադատությունում ակնարկ կար, որ Ղարաբաղի հարցի լուծմանը լավագույնս ինքն է տիրապետում: Փաստելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 97-ին ոչ թե կարգավորման ծրագիր էր ներկայացրել, այլ ընդամենը զինադադարի նոր ռեժիմ էր հաստատել, Օսկանյանի առումով էլ փորձեց ապացուցել, որ Մադրիդյան սկզբունքներում ինքնորոշման իրավունքի ճանաչումն այնպես չի ամրագրված, ինչպես Կազանյան փաստաթղթում է: Տեր-Պետրոսյանին տրված գնահատականները, անկասկած, միանշանակ ճիշտ էին, որովհետև առաջարկած լուծման եղանակը բավական վիճելի է, օրինակ, ինչի համար մեր սուվերեն տարածքը, որը պահպանում է հայ զինվորը, տալ այլ երկրի, իմաստը ո՞րն է: Չկա բացատրություն:
-Նախագահի ելույթին հաջորդեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական մեղադրանքը, երբ ուղիղ տեքստով ասվում էր, որ սահմանում կատարվածի մեղավորությունն Ադրբեջանինն է: Մինսկի խումբը մշտապես հավասարության նշան է դրել երկու կողմերի միջև ու զսպվածության կոչ արել, սակայն առաջին անգամ խոսում է միայն Ադրբեջանի մասին: Սա ի՞նչ է նշանակում:
-Դա Ադրբեջանի որդեգրած նոր քաղաքականության գնահատականն է:
-Ինչո՞ւ հիմա:
-Ադրբեջանն արդեն բացահայտ ցույց էր տալիս, որ արհամարհում է Մինսկի խմբի համանախագահների մոտեցումը, նրանց տեսակետն իրեն բացարձակապես չի հետաքրքրում: Սրա մասին է խոսում նաև Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը: Այս քայլերով Ադրբեջանը ցույց է տվել, որ իր համար Մինսկի խումբը «ավտարիտետ» չէ: Այս մասին մշտապես գրվում էր նրանց մամուլում: Այս արհամարհանքն էլ պետք է հանգեցներ նման գնահատականի, երբ համանախագահները պարզ ասացին, թե ով է մեղավորը: Չնայած Ադրբեջանի վերաբերմունքին, նրանց բոլոր լրատվամիջոցները թաքցրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության այդ հատվածը: Սա ցույց է տալիս, որ ադրբեջանցիները հասկացել են` սա կատակ չէ:
-Եթե Ադրբեջանը մշտապես արհամարհել է այս կառույցի կարծիքը, վերջին հասցեական հայտարարությունը ինչ-որ հետևանք կունենա՞:
-Ադրբեջանը երբևէ ոչ մի կարծիքի, հայտարարության չի ենթարկվի: Լավ է, որ Հայաստանում էլ սա արդեն հասկացել են: Շատ էական է, որ հայկական քաղաքական միտքը վերջապես գիտակցել է, որ երբևէ չի լինելու այնպես, որ Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը:
-Ի՞նչ պետք է հետևի այդ գիտակցությանը:
-Պետք է ճիշտ քաղաքականություն վարել: Սկզբում պետք է իրականությունը լիովին հասկանալ, հետո քաղաքականություն մշակել: Հիմա ինչու է Տեր-Պետրոսյանն ասում, որ տարածքները հանձնենք միջազգային հանրությանը: Տարբեր մեկնաբանություններ կարելի է տալ սրան: Մեկն այն է, որ սա հնարք է, երկրորդն էլ իբր այն է, որ եթե մենք մեզ խելոք պահենք, միջազգային հանրությունը կստիպի Ադրբեջանին և հարցերը կլուծվեն: Սրանք միամիտ մոտեցումներ են: Իրականությունը հետևյալն է` այդ երկիրը երբեք չի հրաժարվի Ղարաբաղից: Սա միայն քմահաճույք չէ: Ադրբեջանը դա անելու իր դրդապատճառն ունի: Մի կողմից` մերոնք խոսում են կարգավորման մասին, մյուս կողմից` աշխարհը, Հայաստանից սկսած, Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի տարածք: Ո՞վ այս պայմաններում կճանաչի Ղարաբաղի անկախությունը: Այո, Ադրբեջանը կորցրել է այդ տարածքը, բայց ամբողջ աշխարհը նրան է տվել այն տնօրինելու իրավունքը: Դրա համար նրանք ամեն օր հայտարարում են, թե դա իրենց տարածքն է, իրենք զինտեխնիկան խոցել են իրենց տարածքում:
-Եթե, ինչպես նշում եք, աշխարհը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, Հայաստանը կարո՞ղ է ողջ աշխարհի դեմ դուրս գալ:
-Ժամանակին ինչո՞ւ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի անկախությունը, անում-պրծնում են, հետո ժողովրդին կրակը գցում: Հիմա այդ երկիրն ասում է, որ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն իրավունք ունի օրինական զենք կիրառելու տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Հիմա ինչո՞ւ պետք է Ադրբեջանը համաձայնի ինչ-որ բան քեզ տալուն: Բոլոր գնահատականները տալիս սա պետք է հիմք ընդունել: Իրականությունը սա է` այդ տարածքների բոլոր իրավունքները տրված են ուրիշ պետության: Հիմա տերպետրոսյանները, քոչարյանները, սարգսյանները թող գան ու ասեն, թե ինչպես լուծենք այս հարցը: Աշխարհն ունի նման իրավիճակներում հստակ լուծում` զրկում է ուրիշ երկրին այդ իրավունքից: Երբ մենք զրկենք Ադրբեջանին այդ իրավունքից, կարող ենք ասել, որ հասել ենք լուծման:
-Հայաստանի դիվանագիտությունն ունա՞կ է նման մեծ քայլի:
-Մենք շատ «յուրահատուկ» դիվանագիտություն ունենք: Մինսկի խումբը ինչ ասի, մենք պետք է խելոք լսենք, ասենք` թող նրանք գնան որոշեն, մենք կենթարկվենք, ավելորդ բաներ չենք անի: Այս մտածողությունը ոչ մի կապ չունի քաղաքականության հետ: Մենք պետք է այդ երկրին զրկենք օրինական զենք կիրառելուց, իսկ թե ինչպես ենք դա անելու, դրա համար կան միջազգային իրավունք և միջազգային հարաբերություններ: Տարբեր երկրների հետ աշխատանք պետք է տանել: Եթե դու նպատակ ես դնում, դրանից հետո մշակում ես հայեցակարգը: 25 տարի նման նպատակ դրված չի եղել, հակառակ արգելք կա` ոչ մի բան չի կարելի անել, դա խանգարելու է բանակցություններին: Դրա համար 25 տարվա ընթացքում ով ինչ-որ բան էր առաջարկում, գլխին էին տալիս ու ասում` դա խանգարելու է բանակցություններին: Ամերիկյան յոթ նահանգ ճանաչել է Ղարաբաղի անկախությունը, որևէ մեկը հետաքրքրվե՞լ է այս հարցով, գոնե գնան, խոսեն այդ մարդկանց հետ, ասեն` ձեզ ի՞նչ է պատահել, որ Ղարաբաղ եք ճանաչել: Չեն հետաքրքրվել, որովհետև հին տաբուների մեջ են: Չեմ զարմանա, որ մի օր էլ, երբ ողջ աշխարհը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, Հայաստանը չճանաչի: Սերժ Սարգսյանը խորհրդարանում այս մասին պիտի խոսեր: Եթե նախորդներին պետք է մեղադրել, ապա պետք է հենց այս հարցերում մեղադրել, որ գնացել, երկիրը տվել եք Ադրբեջանին: Ինչի՞ համար, հույսներդ էլ դրել եք ուրիշների վրա: Նա չի խոսում այս մասին, քանի որ շարունակում է նախորդների քաղաքականությունը:
-Ձեր խոսքից կարելի՞ է ենթադրել, որ ղարաբաղյան հակամարտության այսօրվա վիճակի պատճառը ժամանակին դրված սխալ հիմքերն են:
-Ողջ խնդիրն իրավական դաշտում է: Քաղաքականությունը պայքար է իրավունքների համար: Այս բանաձևը Հայաստանում չի գործում: Մարդիկ չգիտեն էլ, թե քաղաքականությունն ինչ է, կարծում են` առևտուր է: Մարդը, որ կարծում է, թե քաղաքականությունն առևտուր է, այդպես էլ դիտարկում է ողջ աշխարհը: Ինչո՞ւ ենք աջուձախ իրավունքները բաժանում: Բաժանում ենք, նրանք էլ իրավունք են ստանում զենք կիրառելու, զենք գնելու, մեզ արգելելու, մեկուսացնելու: Այդ իրավունքները մենք ենք նրանց տվել, մեզնից հետո էլ ողջ աշխարհը: Այս բաները մեզանում չեն հասկանում, որովհետև կարծում են, որ ուժը հովանավոր ունենալն է: Հայ քաղաքական մտքի մեջ իրավունքի ֆենոմենը երբևէ չի եղել:
-Կա շատ հակասական ձևակերպում, թե ուժն է ծնում իրավունք: Համամիտ չե՞ք:
-Հակադիր հարց` ուժը որտեղի՞ց է ծնվում: Անընդհատ դա ասում են, բայց այս երկրում նման բան չկա: Հայը չգիտի ուժը որտեղից է ծնվում: Այդ ինչպես է, որ բոլորը, այդ թվում` թուրքերը, ադրբեջանցիները գիտեն, թե որտեղից է ծնվում ուժը, իսկ մենք չգիտենք: Եթե դու չգիտես` ինչից է ծնվում ուժը, դու չես կարող ուժեղ լինել: ՈՒժի չափանիշ, չափորոշիչ չունենք: Պատճառը շատ պարզ է, որովհետև մենք ունենք ցեղասպանության սինդրոմ: Մենք ունենք օսմանահպատակների մտածելակերպ:
-Ի վերջո, այս տարիների ընթացքում չթոթափվե՞ց այդ ծանր բեռը:
-Եթե մարդիկ չգիտեն ուժն ինչ է, ինչպե՞ս է թոթափվել: Ես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ եմ եղել, երբ այդ մարդկանց հետ խոսում էինք, հաջողությունները, նվաճումները մեզ չէին վերագրում, ասում էին` դա մենք չենք արել, դա ԿՀՎ-ի, ԿԳԲ-ի ձեռքի գործն է: Քո նվաճած հաջողությունը, ասում են, քո շնորհքը չէ, ԿԳԲ-ի արածն է: Սա է օսմանահպատակության արդյունքը: 400 տարվա ստրկությունն արյան մեջ է: Փաստորեն, մենք չկանք, եթե մի հաջողություն էլ ունեցել ենք, դա մենք չենք արել, մեզ տվել են: Որ ազգերը հասկացել են, թե ինչ է ուժը, զարգացման ուղիով են ընթանում, ովքեր չեն հասկացել, դեպի անկում են գնում:
-Այսօր ղարաբաղյան հիմնախնդիրը գերտերությունների համար որքա՞ն է կարևորված, ի՞նչ հետաքրքրություն ունի:
-ՈՒժերի հավասարակշռության տեսանկյունից Ղարաբաղը մեծ գործոն է: Իսկ թե ինչպես են զարգանում բանակցությունները, պայմանավորված է մեծ տերությունների շահերով, մեր պահվածքով: Ղարաբաղը բոլորին է հետաքրքիր: Վեր են կացել գնացել արաբական երկիր, որ ի՞նչ անեն: Սաուդյան Արաբիայում 110 մլրդ դոլարի զենքի գործարք է կնքվել, ինչի՞ համար: Դրա միջոցով են աշխարհում ուժերի հավասարակշռությունը կարգավորում: Թեժ կետերից մեկը, որտեղ բազմաթիվ երկրների շահեր են բախվում, Ղարաբաղն է: Համաշխարհային նշանակության օջախ է այս հակամարտությունը: Դրա համար դու պետք է ցույց տաս, որ կայուն, միջազգային սուբյեկտ ես, ճանաչում ես քո իրավունքները, կարող ես խնդիրներ լուծել: Դու այն երկիրը չես, որ լացես ու ինչ-որ բան խնդրես: Ադրբեջանը տարել Ռուսաստանին 5 մլրդ դոլար է տվել, տանկեր է բերել, Ղարաբաղին «Իսկանդերներ» են տվել: Սրանք վերլուծություններ և լուրջ եզրահանգումներ պահանջող թեմաներ են, որոնց մասին պետք է խոսել այլ լեզվով, քանի որ հայկական քաղաքական միտքը ի զորու չէ ընկալելու զարգացումների ընթացքը:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5678

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ