Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարներն աղբամաններով, երկաթե արգելապատնեշներով և ձեռքի տակ ընկած այլ առարկաներով բարիկադներ են կառուցում։ Ոստիկանությունը պարբերաբար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և հատուկ այլ միջոցներ է կիրառում մայրաքաղաքի կենտրոնական պողոտաները բացելու համար:                
 

Իրանցիներն ընտրեցին առաջընթացը

Իրանցիներն ընտրեցին առաջընթացը
26.05.2017 | 00:53

Իրանում անցած շաբաթ տեղի ունեցած ընտրություններով արևմտամետ և բարեփոխիչ համարվող Հասան Ռոհանին վերընտրվել է նախագահի պաշտոնում՝ ընտրությունների առաջին իսկ փուլում հավաքելով մոտ 56 տոկոս ձայն: Ընտրություններում Իրանի գործող նախագահի հիմնական մրցակիցն էր համարվում կոշտ գծի հետևորդ, պահպանողական Էբրահիմ Ռաիսին, որը ստացել է քվեների մոտ 38 տոկոսը։


Փորձագետների դիտարկմամբ, Ռոհանիի վերընտրությունը որոշակիորեն կնպաստի Իրան-Արևմուտք հարաբերությունների հետագա բարելավմանը: Հենց այդ հեռանկարի հետ է Իրանը կապում երկրի տնտեսական վիճակի աշխուժացման հնարավորությունը:
Իրանագետ ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ իրանական հասարակությունը մեծ մասամբ աշխարհիկ հասարակություն է, իսկ Ռաիսին հանդես էր գալիս խիստ պահպանողական դիրքերից։ Նա նույնիսկ ցանկանում էր նոր սահմանափակումներ մտցնել, ինչը իրանցիների համար անընդունելի էր։ Բացի այդ, իրանական հասարակությունը երկար տարիներ գտնվել է միջազգային պատժամիջոցների ներքո, և Հասան Ռոհանիի կողմից Վիեննայում ստորագրված միջուկային համաձայնագրին հաջորդած ժամանակաշրջանը բնակչությունն արժևորեց ու շարունակեց աջակցել գործող նախագահի կուրսին։
Իրանցիները, փաստորեն, ընտրեցին արևմտյան կենսաձևը։ Նույն իրանցի զբոսաշրջիկները երբ գալիս են Հայաստան, տեսնում ենք, որ նրանք ժամանակակից ոճն են սիրում։ Նրանք ցանկանում են համագործակցել աշխարհի հետ, և նախագահի ընտրություններն ու Ռոհանիի ստացած ձայները դրա ապացույցն էին։


Հետաքրքիր է, որ Իրանի նախագահական ընտրությունների օրերին ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփը հանդես եկավ Իրանի նկատմամբ սուր հայտարարություններով։ Թրամփն իր խոսքում ընդգծեց, որ երբեք չի կարելի թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա, Իրանը պետք է անհապաղ դադարեցնի ահաբեկիչների ու գրոհայինների ֆինանսավորումը, պատրաստումն ու զինումը։


Արմեն Վարդանյանը նկատեց, որ Թրամփի նախընտրական քարոզարշավի հենց սկզբից ակնհայտ էր, որ նա փոխելու է քաղաքականությունն Իրանի նկատմամբ. «Եթե նախկինում Բարաք Օբաման Իրանի նկատմամբ վարում էր ներգրավման քաղաքականություն, ապա Թրամփն ի սկզբանե հայտարարում էր, որ միջուկային համաձայնագիրը դարի վատագույն փաստաթուղթն է, և պարզ էր, որ Թրամփն այս երկրի նկատմամբ վարելու է զսպման ու մեկուսացման քաղաքականություն։ Ռոհանիին այլընտրանք չկար։ Ռոհանիի այլընտրանք Ռաիսին առաջարկում էր հետընթաց դեպի ավտորիտարիզմ։ Իրանցիները պետք է ընտրեին կա՛մ պրոգրեսը, կա՛մ ռեգրեսը։ Իրանի հանրությունն ընտրեց առաջընթացը»։


Թրամփի այցը Սաուդյան Արաբիա արդյո՞ք տարածաշրջանում ծանրության կենտրոնը Թուրքիայից, Իրանից չի տեղափոխվում դեպի Սաուդյան Արաբիա։ Իրանագետը կարծում է, որ Սաուդյան Արաբիան շարունակում է մնալ տարածաշրջանում կարևոր խաղացողներից մեկը։ Այս երկիրը վերջին տարիներին բավականին լուրջ լոբբինգ է անում ԱՄՆ-ի սենատում` վարձելով շատ լուրջ լոբբիստական կազմակերպությունների։ Ֆինանսական միջոցներ է հատկացնում նաև ամերիկյան որոշ կազմակերպությունների, հիմնադրամների, որպեսզի իր վարկանիշը բարձրացնի։ «Թրամփը վախեցնելու քաղաքականություն է որդեգրել և, ըստ էության, Իրանի միջոցով սաստում է Սաուդյան Արաբիային ու հասնում է նրան, որ իր այցի շրջանակներում Սաուդյան Արաբիայի հետ կնքվի 110 միլիարդ դոլարի սպառազինման պայմանագիր, իսկ առաջիկա 10 տարում պետք է մոտ 350 միլիարդ դոլարի զենք վաճառի Սաուդյան Արաբիային։ Նույն կերպ, ի դեպ, Թրամփը կարծես փորձում է Հյուսիսային Կորեայի միջոցով վախեցնել Հարավային Կորեային։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային տերություն լինելուն, ապա Սաուդյան Արաբիան վերջին 10-20 տարում միշտ էլ այդպիսին եղել է, չի կարելի թերագնահատել նրա դերը Մերձավոր Արևելքում»,- նշեց Արմեն Վարդանյանը։


ԱՄՆ-ի նախագահի կտրուկ հայտարարություններն Իրանի վերաբերյալ էլ ավելի կսերտացնեն վերջինիս հարաբերությունները Չինաստանի, Ռուսաստանի, Եվրամիության հետ, թեև Արմեն Վարդանյանը կարծում է, որ Իրանը նշված երեք ուժային կենտրոնների հետ բավականին զարգացրել է իր հարաբերությունները։ Սկսած նախապատժամիջոցային ժամանակաշրջանից՝ Չինաստանի հետ բավականին լուրջ հարաբերություններ ուներ։ Չինաստանը Իրանի տնտեսական գործընկերն էր, տարեկան ապրանքաշրջանառությունն այն ժամանակ 40 միլիարդ դոլարի էր հասնում։ Պատժամիջոցային ժամանակաշրջանում, երբ Իրանի վրա նավթային էմբարգո էր դրվել, վերջինս Չինաստանի միջոցով բարտերային ճանապարհով ապրանքափոխանակություն էր կատարում. Իրանը Չինաստանին նավթ էր տալիս, փոխարենը ստանում էր այլ ապրանքներ։ Ռուսաստանի հետ պատժամիջոցները վերացնելուց հետո բավականին լավացել են առևտրատնտեսական կապերը, մոտ 2 անգամ մեծացել է արտաքին առևտրի ծավալը։ Եթե մինչև պատժամիջոցները դրանք հազիվ 1 միլիարդ 200 միլիոնի էին հասնում, ապա այժմ 2 միլիարդն անցել են։ Ռուսաստանի օգնությամբ կառուցվել է Բուշերի ատոմակայանը, այժմ երկրորդ էներգաբլոկն է կառուցվում։ Բացի այդ, ՌԴ-ն մեծ ծավալի զինամթերք է վաճառում Իրանին։ Ռուսաստանը նույնիսկ Իրանը համարում է երկրորդ Հնդկաստան, այն առումով, որ Հնդկաստանը աշխարհում ռուսական զենքի թիվ 1 գնորդն է։ Այդպիսի ներուժ ունի նաև Իրանը, որը վերջին ժամանակներս մեծ քանակությամբ ռուսական զենք է գնել։ Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա այս կառույցի հետ հարաբերությունները կրկին բավականին բարելավվել են։ Պատժամիջոցների վերացումից հետո Թեհրանում բացվեց ԵՄ ներկայացուցչությունը, իր դեսպանատունը վերաբացեց Մեծ Բրիտանիան (թեև այն այժմ ԵՄ անդամ չէ)։ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ իրենք չեն միանալու Թրամփի հակաիրանական արշավին։ Այնպես որ, Իրանն այս երեք կենտրոնների հետ շարունակելու է զարգացնել իր հարաբերությունները։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2164

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ