Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իրանն ընտրեց կառավարության ղեկավար, որն էլ հենց երկրի նախագահն է

Իրանն ընտրեց կառավարության ղեկավար, որն էլ հենց երկրի նախագահն է
26.05.2017 | 10:57

2017 թ. մայիսի 19-ին Իրանում անցկացվեցին հերթական նախագահական ընտրությունները, և դրանք ճանաչվեցին ոչ միայն կայացած, այլև հստակ, «ավանդական» ելք ունեցան: Այսինքն, վերընտրվեց գործող նախագահ Հասան Ռոհանին: Իրանի համար դա բնականոն բան է: Բայց ո՞վ է իրականում ընտրվել: Համարձակվեմ պնդել. նա, ով, համաձայն Իրանի սահմանադրության, իրական ղեկավարն ու հրահանգիչն է այն ամենի, ինչ կա Իրանում: Այսինքն՝ Ռահբորը՝ Իսլամական հեղափոխության Գերագույն հոգևոր առաջնորդը, Նորին սրբություն այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին:


Չէ՞ որ Իրանի սահմանադրությամբ հենց նրան են վերապահված երկրի գործադիր իշխանության (իհարկե, նաև հոգևոր) բոլոր լիազորությունները: Սահմանադրությամբ պարզապես վարչապետի պաշտոն նախատեսված չէ, այն պետք չէ, քանի որ բոլոր իրանցիները հստակորեն գիտեն, որ գլխավորը այաթոլլահն է, իսկ ցանկացած նախագահ, «բարեփոխիչ», թե «պահպանողական», տվյալ ժամանակամիջոցի համար հարմար կառավարության ղեկավարն է ընդամենը:


2017 թ. ընտրությունները հետաքրքրական են նրանով, որ այաթոլլահ Խամենեին որոշել էր կրկնել 2013-ի նախադեպը, այսինքն՝ հանձնարարել էր ամեն ինչ ավարտել քվեարկության մեկ փուլով: Ինչը և տեղի ունեցավ: Ահա թե ինչ հաղորդվեց մայիսի 20-ին. Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին 100 տոկոս ձայների հաշվարկման հիման վրա վերընտրվեց նախագահական երկրորդ ժամկետով: Այդ մասին հաղորդում է IRNA-ն, վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարար Աբդոլռըզա Ռահմանի Ֆազլիի պաշտոնական հայտարարությունը: Հաղորդվում է, որ Ռոհանին հավաքել է քվեների 57 տոկոսը, ստանալով 23 մլն 549 հազար ընտրողների աջակցությունը: Եվ դա այն դեպքում, երբ, ինչպես ընտրությունների օրը, այսինքն՝ մայիսի 19-ին, հաղորդում էին հենց իրանական լրատվամիջոցները, տարբեր քաղաքներում անցկացված փողոցային հարցումները ցույց էին տալիս, որ Իրանի նահանգների մեծ մասում նախագահական ընտրություններում առջևից ընթանում էր Ռոհանիի ընդդիմախոս, պահպանողական Էբրահիմ Ռաիսին:


Ես առայժմ կմեջբերեմ այն, ինչ հաղորդում էին իրանական լրատվամիջոցները: Նախնական գնահատումներով, մայիսի 19-ին Թեհրանի ժամանակով 22.00-ի դրությամբ Իրանի նախագահի թեկնածու, Մեշհեդի իմամ Ռըզայի Սուրբ գերեզմանի պահապան, սկզբունքայինների (պահպանողականների) ներկայացուցիչ Էբրահիմ Ռաիսին հաղթանակի ավելի մեծ հնարավորություններ ուներ ոչ մեծ քաղաքներում ու գյուղերում, նշում է «Mehr News»-ը: Փողոցներում անցկացված հարցումները ցույց էին տալիս, որ բարեփոխական թեկնածու, գործող նախագահ Հասան Ռոհանին առաջատար դիրքեր ունի Իրանի 12 նահանգներում, իսկ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին առջևում է 15 նահանգներում: Համապատասխանաբար, Ռոհանին ավելի շատ քվեների էր հավակնում Արևմտյան Ադրբեջանի նահանգներում, Ալբորզում, Իլամում, Բուշեհրում, Սիստանում և Բելուջիստանում, Քավզինում, Քրդստանում, Քերմանում, Քերմանշահանում ու Յազդում:


Միևնույն ժամանակ, հարցումների համաձայն, ավելի մեծ թվով մարդիկ Ռաիսիին էին նախընտրում Արդեբիլում, Հարավային Խորասանում, Խորասան-Ռեզավիում, Հյուսիսային Խորասանում, Գոլիստանում, Խուզստանում, Սեմնանում, Ֆարսում, Կումում, Կոհգուլույե և Բոյեր-Ահմեդում, Գիլյանում, Լուրեստանում, Մարկեզիում և Համադանում: Խառը արդյունքներ էին գրանցվել երկու նահանգում՝ Բահթիարիա-Չհարմահալում, ինչպես նաև Թեհրանում: Վերջինում, սակայն, որպես կանոն, գերակշռում էին բարեփոխումների կողմնակիցները: Նախնական արդյունքները ցույց էին տալիս նաև, որ երկու առաջատար թեկնածուները հավասար քանակությամբ քվեներ ունեն երեք նահանգներում՝ Սպահանում, Զենջանում և Արևելյան Ադրբեջանում:


Մարկեզիի նահանգն ու մայրաքաղաք Թեհրանը միշտ չափազանց կարևոր են Իրանի համար: Առավել ևս, որ նախագահական ընտրությունների օրը տեղի էին ունենում նաև ուրիշ ընտրություններ՝ Թեհրանի խորհրդի ընտրությունները, որոնցից էր կախված, թե ով էր գլխավորելու մայրաքաղաքը: Մինչև հիմա, անկախ այն բանից, թե ով է ընտրվել Իրանի նախագահ, գրեթե միշտ Թեհրանի քաղաքագլուխ է եղել պահպանողականների՝ սկզբունքայինների ներկայացուցիչը: Ինչպես ներկայիս քաղաքագլուխ Գալիբաֆը, որը ևս նախագահի թեկնածուներից էր, բայց փուլերից մեկում հանեց իր թեկնածությունը հօգուտ Էբրահիմ Ռաիսիի: Եվ ահա Թեհրանում, ինչպես նաև մայրաքաղաքային Մարկեզիի նահանգում առջևից էր ընթանում... հենց Ռաիսին:


Բայց չէ՞ որ հաղթող հռչակվեց մեկ ուրիշը, և վերջնական արդյունքներով քվեների 57 տոկոսը բաժին ընկավ գործող նախագահ Ռոհանիին: Եվ հաշվի առնելով այն, որ ընտրություններով զբաղվում է Իրանի ՆԳՆ-ն, իսկ այն, իր հերթին, գտնվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «զգայուն վերահսկողության» ներքո, իսկ ԻՀՊԿ-ն ուղիղ տանում է դեպի Ռահբորը, ապա կատարվածը այնքան էլ շատ վարկածներ չունի: Նախ, և սա ևս ավանդույթ է, Իրանում մի քանի ժամով երկարացվեց քվեարկության բուն ժամանակը: Ներկայացվում է մասնակցության ցուցանիշը՝ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 71 տոկոսը: Եվ այստեղ ինչ-որ բաներ սկսում են կարծես «չբռնել» իրար: Որովհետև մայիսի 19-ի երեկոյան 18.00-19.00-ի սահմաններում իշխանություններն ասում էին, թե մասնակցությունն ապշեցուցիչ է, արդեն մոտ 70 տոկոս: Եվ ստացվում է, որ «ավելացված ժամանակի» ընթացքում ընդամենը 1-2 տոկո՞սն է եկել: Հարց՝ այդ դեպքում էլ ի՞նչ կարիք կար երկարացնելու քվեարկության տևողությունը, չէ՞ որ առանց այդ էլ մասնակցության տոկոսը բարձր էր:


Երկրորդ, ինչ-որ տարօրինակ բան, այնուամենայնիվ, տեղի ունեցել է: Բայց, քանի որ պահպանողական Ռաիսին, չնայած հընթացս արտահայտած բողոքներին, առայժմ չի ասել, դատական կարգով վիճարկելո՞ւ է արդյունքները, թե՞ ոչ, ապա դա էլ է մտնում այաթոլլահ Խամենեիի սցենարի մեջ: Իսկ խոսքը ահա թե ինչի մասին է. մինչ երկրում ընտրական տեղամասերի պաշտոնական փակումը, ընդ որում՝ մի 3-4 ժամ առաջ, Էբրահիմ Ռաիսիի ընտրական շտաբը հայտարարեց, թե որոշ քաղաքների ընտրական տեղամասերում քվեաթերթիկների պակաս է զգացվում: «Մի շարք քաղաքներում ընտրաթերթիկները վերջացել են երեք ժամ առաջ: ՆԳՆ-ն նորերը չի տալիս: Քվեաթերթիկներ չեն տրամադրվում այն ընտրատեղամասերին, որտեղ Ռաիսին առաջ է անցնում Ռոհանիից»,- ասվում է հայտարարության մեջ: Ա՜յ քեզ իրանական նորամուծություն ընտրական տեխնոլոգիաներում: Ես չեմ ուզում խորանալ այն հարցում, թե ինչպես և ինչ են իրանցիները կազմակերպում իրենց ընտրություններում: Դե, որովհետև ամեն երկիր, ամեն ժողովուրդ իր ընտրական ավանդույթներն ունի: Համապատասխանաբար, հետապնդվող արդյունքներին հասնելու իր եղանակները: Մյուս կողմից էլ, մեզ ոչինչ չի տա ուրիշի հոգու խորքերը «քրքրելը», մեզ բավական է իմանալ միայն, որ Իրանում ամեն ինչ որոշել և որոշելու է բացառապես Ռահբորը՝ այաթոլլահ Խամենեին:


Կարծում եմ՝ զարմանալի չէ, որ վերընտրվելու առթիվ Ռոհանիին առաջիններից մեկը, եթե ոչ ամենաառաջինը, շնորհավորեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Իր շնորհավորական հեռագրում նա հավաստել է, որ ՌԴ-ն պատրաստ է շարունակելու ակտիվ համատեղ աշխատանքը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային առումով երկրների հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ: Պուտինն ավելացրել է, թե ինքը վստահ է պայմանավորվածությունների հաջող իրականացման հարցում, այդ թվում՝ վերջերս Հասան Ռոհանիի Ռուսաստան կատարած այցի ժամանակ ձեռք բերվածների: Այդ համաձայնագրերի կատարումը կլինի ի շահ երկու երկրների ժողովուրդների և կընթանա Մերձավոր և Միջին Արևելքում ու ամբողջ աշխարհում անվտանգության և կայունության պահպանման հունով, ասվում է Կրեմլի կայքում:


Երկրորդը շնորհավորել է... Եվրամիությունը: Մասնավորապես, Թեհրանին իր շնորհավորանքներն է հղել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: «Իրանցիները ոգևորությամբ մասնակցեցին իրենց երկրի քաղաքական կյանքին: Ես շնորհավորում եմ նախագահ Ռոհանիին զորեղ մանդատ ստանալու առթիվ»,- գրել է նա Twitter-ում: Նա նաև նշել է, որ «ԵՄ-ն պատրաստ է շարունակելու աշխատանքը Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ պլանի լիակատար իրագործման (ԳՀՀՊ, Իրանի և աշխարհի վեց տերությունների միջուկային համաձայնագիր- խմբ.), երկկողմ գործակցության, տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»:


Զարմանալիորեն, առաջին շնորհավորողներից մեկն էլ մեր նախագահ Սերժ Սարգսյանն էր: Սովորաբար Հայաստանի նախագահի աշխատակազմն «սպասում է»: Իսկ այս անգամ՝ գովելի արագ արձագանք: Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոհանիին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: «Համոզված եմ, որ Ձեր հետագա պաշտոնավարման ընթացքում բարեկամ և հարևան Իրանը կշարունակի հետևողական զարգացման իր ուղին, կարևոր ու նշանակալի ավանդ դնելով տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման գործում»,- ասվում է Հայաստանի նախագահի ուղերձում: Հայաստանի առաջնորդը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իրանական ջերմ ու բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել բոլոր ոլորտներում, ցուցադրելով երկու ժողովուրդների գործակցության որակապես նոր մակարդակ: «Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նորանոր հաջողություններ Ձեր նախաձեռնություններում, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ կայուն խաղաղություն և բարօրություն»,- ասված է շնորհավորական ուղերձում:


Իսկ հետո արդեն տարբեր մակարդակի շնորհավորանքների ալիք է բարձրանում: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն, Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյ, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբե և արտգործնախարար Ֆումիո Կիշիդ, Չինաստանի նախագահ Սի Ցզինպին, Կանադայի արտաքին գործերի նախարար Քրիստիա Ֆրիլանդ, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոն... Բոլորին, իհարկե, չես հիշի... Օրինակ, Մակրոնը հայտարարել է. «Նախագահ Ռոհանիի վերընտրությունը ամրապնդում է հույսերը, որ նրա կառավարությունը ճշգրտորեն կհետևի 2015 թ. հուլիսի 14-ի պատմական համաձայնագրին, որը հնարավորություն է ընձեռում դիվանագիտական միջոցներով կարգավորելու միջուկային հարցի շուրջ եղած տարաձայնությունները և մասնակցելու Իրանի ու միջազգային ընկերակցության փոխհարաբերությունների նոր փուլին: Ֆրանսիան, իր հերթին, կշարունակի զգոնություն հանդես բերել ԳՀՀՊ-ի տարրերի խստիվ կատարման առնչությամբ»:


Աշխարհը շատ լավ է գիտակցում Իրանի գերնշանակությունը համաշխարհային քաղաքականության համար: Փառք Աստծո, որ այս անգամ առանձնակի գիտակիցների ցուցակում տեղ է գտել նաև մեր Հայաստանը: Բայց հարմար առիթով, ես համոզված եմ, հարկ կլինի մեկ անգամ ևս անդրադառնալ Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ