Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Եթե ԱԱԾ պահեստի փոխգնդապետի նկատմամբ են այսպես վարվել, ապա պարզ է շարքային քաղաքացիների վիճակը

Եթե ԱԱԾ պահեստի փոխգնդապետի նկատմամբ են այսպես վարվել, ապա պարզ է շարքային  քաղաքացիների վիճակը
26.05.2017 | 11:14

Ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում, մոտ ժամանակներս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական կարող է նշանակվել ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արամ Գահնապետյանը:

Մեզ հասած տեղեկության համաձայն, գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնում նա ՀՀ-ում գործող բոլոր փորձագիտական կազմակերպությունների նկատմամբ դեֆակտո թելադրողի կամ համակարգողի կարգավիճակ է ձեռք բերելու կամ, առնվազն, դատախազական վերահսկողության գործում այս կամ այն կերպ իր դերակատարությունն է ունենալու:
Արդեն նշել ենք, որ 2015 թ. դեկտեմբերի 3-ին ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ն է հենց իր տնօրենի` Արամ Գահնապետյանի ստորագրությամբ տվել բազմաթիվ և ակնհայտ կեղծ փաստերի վրա հիմնված, մի շարք կեղծիքներ և բացահայտ անճշտություններ պարունակող 03.12.2015 թ. թիվ 26241507 փորձագիտական եզրակացությունը թիվ 13144015 քրեական գործի առնչությամբ: Ընդ որում` դատաապրանքագիտական այդ խայտառակ եզրակացությունը տրվել է չնայած այն բանին, որ և՛ Ա. Գահնապետյանը, և՛ փորձաքննությունն իրականացրած փորձագետ Արման Աբրահամյանը, և՛ հիշյալ ՊՈԱԿ-ի շինարարատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Ա. Հովսեփյանը քաջատեղյակ են եղել, որ տվյալ վիճելի խնդրի շուրջ քրեական գործ է հարուցված, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում այդ քրեական գործի նախաքննությունն է ընթանում: Ավելին. շատ լավ տեղյակ են եղել նաև, որ փորձաքննությունն իրականացվում է և իրենց կողմից եզրակացությունը հիշյալ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Վ. Մեսրոպյանին տրվելու է նշված քր. գործի շրջանակում դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն նշանակելու վերաբերյալ վերջինիս կամ քննիչի որոշման հիման վրա:
Բնականաբար, հարց է առաջանում` այդ ամենին տեղյակ լինելով հանդերձ, նրանք ինչո՞ւ են տվել բազմաթիվ և ակնհայտ կեղծ փաստերի վրա հիմնված, մի շարք կեղծիքներ և բացահայտ անճշտություններ պարունակող հիշյալ փորձագիտական եզրակացությունը: Կարծում եմ` ամեն ինչ շատ պարզ է…


Նախ, տվյալ փորձագիտական եզրակացությամբ վերոնշյալ քրեական գործով տուժող ճանաչված, Երևանի Պուշկինի 4 հասցեում գտնվող տներից մեկի բնակիչ և սեփականատեր, 702,6 քմ մակերեսով հողամասի համասեփականատեր Ալֆրեդ Կզարթմյանի անշարժ գույքը 2015-ի ապրիլի 3-ի, ինչպես նաև փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ գնահատվել է ընդամենը 100 մլն դրամ, քանի որ դա ուղղակիորեն բխում է ազդեցիկ հովանավորներ ունեցող, շինարարական բիզնեսում հայտնի օլիգարխ Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ` Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանի հիմնադրած, նրանց պատկանող, Ս. Մայրապետյանի ղեկավարած (տնօրեն) «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության շահերից: Սամվել Մայրապետյանն իր շինարարական բիզնեսը ծավալելու նպատակով աչք է տնկել նաև ԱԱԾ պահեստի փոխգնդապետ Ալֆրեդ Կզարթմյանի հիշյալ գույքի վրա, ՀՀ կառավարության որոշումներով արդեն երրորդ անգամ բացառիկ գերակա հանրային շահ է ճանաչվել նաև Երևանի Պուշկինի 4 հասցեում գտնվող անշարժ գույքի (հողամասի, որի վրա կառուցված են մի շարք շինություններ) նկատմամբ, տարածքի իրացման իրավունքը տրվել է Մայրապետյանի ղեկավարած «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը:


Երկրորդ. «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ն իր այդ եզրակացությամբ, ըստ էության, հիմք է նախապատրաստել, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ա. Մխիթարյանը կարճի իր վարույթում գտնվող վերոնշյալ (թիվ 13144015) քրեական գործը, մեղադրանք չառաջադրի Ա. Կզարթմյանի հիշյալ գույքը գնահատած, վերջինիս կարծիքով, դեֆակտո Մայրապետյանին պատկանող կամ նրա հետ կապված «Անիկոմ» ՍՊԸ-ի տնօրեն Պյոտր Գրիգորյանցին և գնահատման մասնագետ Գ. Ստեփանյանին, քանի որ նույն գույքի շուկայական արժեքի վերաբերյալ «Անիկոմի» վերջին` 2015 թ. ապրիլի գնահատման (98 700 000 դրամ) և իր գնահատման (2015 թ. ապրիլի 3-ի դրությամբ` 100 մլն դրամ) միջև տարբերությունը մեծ չէ:


Ի դեպ, քննիչը վերոնշյալ քրեական գործը` հարուցված դեռ 2015 թ. ապրիլի 27-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ), բազմաթիվ քննչական գործողություններ չկատարելով հանդերձ, հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճելուց և այն ժամանակ Երևան քաղաքի դատախազ (այժմ` ՀՀ գլխավոր դատախազ) Արթուր Դավթյանի որոշմամբ կարճման որոշումը վերացնելուց հետո առայժմ չի կարճել, բայց անցած ավելի քան 2 տարում «Անիկոմ» ՍՊԸ-ի տնօրեն Պյոտր Գրիգորյանցին և գնահատման մասնագետ Գ. Ստեփանյանին այդպես էլ մեղադրանք չի առաջադրել:


Հիշենք, որ վերոնշյալ քրեական գործը հարուցվել է 2015-ի ապրիլին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀԴՊ) գլխավոր վարչություն Ա. Կզարթմյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման և նշված հաղորդման առթիվ տվյալ վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա: Կզարթմյանն իր հաղորդման մեջ նշել է, որ «Անիկոմին» «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի պատվիրած հիշյալ հասցեի գույքի գնահատման ժամանակ նշված ընկերության տնօրեն Պյոտր Գրիգորյանցը և գնահատման մասնագետ Գ. Ստեփանյանն իրենց կարգադրիչ և այլ լիազորությունները «Անիկոմ» ՍՊԸ շահերին հակառակ և «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության օգտին օգտագործելով, առանց համապատասխան հետազոտություններ կատարելու և սեփականատերերի քանակի վերաբերյալ կեղծ տվյալներ մտցնելով, 2014 թ. նոյեմբերին կազմել են անշարժ գույքի գնահատման հաշվետվություն, որտեղ ընդհանուրը 203,2 քմ մակերեսով եռահարկ տան արժեքում չեն ներառել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող շուրջ 93 244 000 դրամ արժողության, ընդհանուրը 180 քմ հողամասի արժեքը, ինչի արդյունքում իրեն պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող առանձնապես խոշոր չափերի վնաս:


«Անիկոմ» ՍՊԸ-ն Կզարթմյանի հիշյալ գույքը, բավարարելով Մայրապետյանի ու նրա ղեկավարած «Լոկալ Դիվելոփըրզի» շահերը, առաջին անգամ (2010 թ.) գնահատել է ընդամենը 66300000 դրամ, 2-րդ անգամ (2014 թ. նոյեմբերին)` ընդամենը 85 մլն դրամ: Երրորդ անգամ (2015 թ. սպրիլի 3-ին), զգուշանալով քրեական գործի հարուցումից (ոստիկանությունում նյութերն արդեն նախապատրաստվում էին, Պյոտր Գրիգորյանցն էլ արդեն կանչվել էր այնտեղ բացատրություն, թե ցուցմունք տալու), նպատակ ունենալով մեղմելու իր և գնահատման մասնագետ Գ. Ստեփանյանի վիճակը, ընկերության տնօրեն Պյոտր Գրիգորյանցը «Անիկոմ» ՍՊԸ-ի անունից Կզարթմյանի նշած գույքը գնահատել է 100 մլն դրամ, ինչը նույնպես Մայրապետյանի շահերից բխող ու չափազանց փոքր գումար է, քանի որ տվյալ գույքի արժեքը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 02.02.2011 թ. թիվ 10-0146-Պ փորձագիտական եզրակացության համաձայն, 2011 թ. փետրվարի 2-ի դրությամբ մոտ 194 մլն դրամ է:


Ընդգծենք, որ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը միակ փորձագիտական կազմակերպությունը չէ, որի տված փորձագիտական եզրակացության (անշարժ գույքի գնահատականի) և «Անիկոմ» ՍՊԸ-ի տված գնահատականի միջև հսկայական տարբերություն կա: 2010 թ. «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի պատվերով «Անիկոմը» կատարել է Երևանի Պուշկինի 4 հասցեում գտնվող մեկ այլ տնատիրության կամ սեփականատիրոջ (Արեգնազ Սնխչյանի) անշարժ գույքի (տան և հողամասի) գնահատում ու 22.11.2010 թ. դրությամբ դրանք միասին գնահատել ընդամենը 15 700 000 դրամ: Մինչդեռ, 2011թ. հունիսի 11-ին Հայ փորձագետների միության «Հայ-ռուսական անկախ դատական փորձաքննությունների կենտրոնը» նույն անշարժ գույքն իր փորձագիտական եզրակացությամբ գնահատել է շուրջ 92 մլն դրամ, այսինքն` գրեթե 6 անգամ ավելի: Ընդ որում, ինչպես ակադեմիայի հիշյալ ՊՈԱԿ-ի, այնպես էլ վերոնշյալ կենտրոնի փորձագետների եզրակացություններն իրենց իրավական կարգավիճակով անհամեմատ բարձր են ու հավաստի «Անիկոմի» ու ցանկացած նմանաբնույթ գնահատող ընկերության, նրա գնահատողի «Գույքի շուկայական գնահատման հաշվետվությունից»: Իրենց իրավական կարգավիճակներով էապես տարբերվում են նաև փորձագետն ու մասնագետը (գնահատողը), ի տարբերություն վերջինի, փորձագետը, օրինակ, փորձաքննությունից առաջ նախազգուշացվում է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին: Սրանք հանգամանքներ են, որոնք ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ա. Մխիթարյանը պետք է հաշվի առներ մեկ այլ կազմակերպության նոր փորձաքննության կատարում նշանակելուց առաջ, բայց…


ԱԱԾ պահեստի փոխգնդապետ Ալֆրեդ Կզարթմյանն իր իրավունքների և օրինական շահերի ոտնահարման, ինչպես նաև այս ամենում առկա կոռուպցիայի վերաբերյալ դեռ 2016 թ. նոյեմբերի 4-ին գրավոր դիմում է ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանին, քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին: Թե նշված պաշտոնյաները կամ նրանց ղեկավարած կառույցներն ինչպես են վարվել Կզարթմյանի դիմումի հետ, ինչ ընթացք են տվել դրան, այս պահի դրությամբ դեռ սպառիչ կերպով չգիտենք, բայց տեղյակ ենք, որ վարչապետին ուղարկված դիմումը վերահասցեագրվելով, ի վերջո, հայտնվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հիշյալ քննիչի` Ա. Մխիթարյանի մոտ:
Վերոնշյալ դիմումին ու դրան տրված ընթացքին առաջիկայում կանդրադառնանք առանձին, այժմ ներկայացնենք վարչապետին ուղղված Կզարթմյանի հաջորդ` 2017 թ. մարտի 28-ի դիմումը, որը նախորդի նման վերահասցեագրվելով, ի վերջո, նույնպես հայտնվել է քննիչ Ա. Մխիթարյանի մոտ: Դրանում նշելով, որ բազմիցս դիմել է վարչապետին, ինչպես նաև գլխավոր դատախազ Ա. Դավթյանին հիշյալ քր. գործի, մեղմ ասած, անբավարար վարման ընթացքի վերաբերյալ, Ա. Կզարթմյանը գրել է, որ այդ քրեական գործը հարուցվել է Մայրապետյանի «Լոկալ Դիվելոփըրզ» և «Անիկոմ» գնահատող կազմակերպությունների կողմից Պուշկին, Տերյան, Լալայանց և Կողբացի փողոցների 25-ից ավելի սեփականատերերի գույքի գնահատման ժամանակ թույլ տրված ակնհայտ կեղծ և ոչ օբյեկտիվ գնահատման կապակցությամբ: Դիմումատուն նշել է նաև, որ այլ գնահատող կազմակերպություններ բնակիչների հողի և բնակարանների արժեքը գնահատել են 2-3 անգամ ավելի:
Տեղեկացնելով, որ վերը նշված քրեական գործով, ինչպես նաև Կենտրոնի դատարանում ընթացող դատական լսումների (կապված այն տարածքների հետ, որոնք կառավարության որոշումներով, բացառիկ գերակա հանրային շահի ապահովման պատճառաբանությամբ պետք է իրացվեն) շրջանակներում նշանակվել են դատաապրանքագիտական փորձաքննություններ, որոնք անցկացրել է արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ Արման Աբրահամյանը, Կզարթմյանն իր վերոնշյալ դիմումում գրել է, որ «Այս երիտասարդի կողմից կատարված գնահատումները պարունակում են ակնհայտ կեղծիքների և միտումնավոր անճշտությունների մի ամբողջ փունջ», ապա հավելել, որ դրանց վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է առանձին` դիմումին կից գրությամբ:


Ինչպես իր դիմումում նշել է Կզարթմյանը, փորձաքննության եզրակացություններն ուղղված են միայն մեկ նպատակի` հաստատել «Անիկոմ» գնահատող ՍՊԸ-ի կատարած ակնհայտ կեղծ գնահատման հաշվետվությունները և դատարանի միջոցով ավարտին հասցնել Կենտրոնի բնակիչների թալանը:
Վարչապետին իր 28.03.2017 թ. դիմումով տեղյակ պահելով, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժինը և Երևան քաղաքի դատախազությունը մերժել են կեղծ եզրակացություն տալու վերաբերյալ փորձագետ Ա. Աբրահամյանին քրեական պատասխանատվության ենթարկելու իր դիմումը, Ա. Կզարթմյանը գրել է.
«Սակայն նույն վարչական շրջանի դատարանը (դատավոր Ն. Բաղդասարյան) գտավ, որ նախաքննական մարմինը չի կատարել բազմաթիվ քննչական գործողություններ, որոնց արդյունքում հնարավոր չի եղել կատարել օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն: Քաղաքի դատախազությունը բողոքարկեց այդ որոշումը վերաքննիչ քրեական դատարանում, որի կայացրած որոշման համաձայն, նյութերը նորից կուղարկվեն Շենգավիթի դատարան, լրացուցիչ դատավարական գործողություններ կատարելու համար:
Այժմ, առանց սպասելու դատարանի վերջնական որոշմանը, ՀՀ ԴԱՀԿ ծառայությունը փորձում է արագացված տեմպերով կատարել Կենտրոնի դատարանի որոշումը, նորից անցկացնել դատաապրանքագիտական փորձաքննություն իմ սեփականության վերաբերյալ (180 քմ հողատարածք և 207 քմ շինություն), նույն «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ Ա. Աբրահամյանի, հնարավոր է նաև ուրիշ մեկի հետ միասին:


Համոզված եմ, որ այդ փորձաքննությունը ևս կլինի կեղծիքներով հարուստ և կողմնակալ` հօգուտ «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության:
Ավելացնեմ, որ այդ փորձաքննության կենտրոնում էր «տեղավորվել» Մայրապետյանի «Անիկոմ» ՍՊԸ-ի տնօրեն Պ. Գրիգորյանցը, որը, բարեբախտաբար, ինչպես նաև «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գահնապետյանը, 3 ամիս առաջ ազատվել են աշխատանքից: Կարծում եմ, որ արդարադատության նախարարությունը անելիքներ ունի վերականգնելու այդ ՊՈԱԿ-ում նորմալ մթնոլորտը»:


Իր նույն դիմումում Ա. Կզարթմյանն անդրադարձել է նաև քր. գործի վարման ընթացքին, որին առաջիկայում միգուցե դեռ կանդրադառնանք, իսկ դիմումն ավարտել է հետևյալ պարբերությամբ. «Հարգելի պարոն Կարապետյան: Կենտրոնի բնակիչները համոզված են, որ, ունենալով շատ բարձր վարկանիշ ՀՀ քաղաքացիների շրջանում, Դուք կանեք ամեն ինչ կոռուպցիայի դեմ պայքար մղելու գործում, կստեղծեք արդար միջավայր իրավապահ համակարգում` պաշտպանելու ՀՀ քաղաքացիների օրինական և արդար շահերը»:
Թերևս առավել ուշագրավ է վարչապետին Կզարթմյանի վերոնշյալ դիմումին կից ներկայացված «Փորձագետ Ա. Աբրահամյանի կողմից թույլ տրված հիմնական կեղծիքները և բացահայտ անճշտությունները» վերտառությամբ տեղեկանքը:
«Աբրահամյանը պնդում է,- նշված է Կզարթմյանի այդ գրության մեջ,- որ 702,6 քմ հողատարածքը ունի հինգ համասեփականատեր, իբր հենվելով Կենտրոնի կադաստրից ստացված տվյալների վրա, և նրա կարծիքով ինձ պատկանում է ոչ թե 180 քմ հողատարածք, այլ 140 քմ (մեր տարածքում երեք գնահատող կազմակերպություն 1 քմ հողամասի արժեքը գնահատել է 1350-1500 դոլար): Իսկ որ 5 համասեփականատեր լինելու հանգամանքը ակնհայտ կեղծիք է, հաստատվում է բազմաթիվ փաստաթղթերով: Քրեական գործի շրջանակներում անցկացված առերեսման ժամանակ տարածքի կառուցապատմամբ զբաղվող Մայրապետյանի «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Կ. Գանջալյանը գրավոր հաստատեց, որ տարածքի սեփականատերերի թիվը չորսն է և նրանք ձեռք են բերել երեք տարածք և մնացել է միայն իմ սեփականությունը հանդիսացող 1/4 հողատարածքը»:


Բացի դրանից, ինչպես իր հիշյալ տեղեկանքում նշել է Կզարթմյանը, «Անիկոմ» ՍՊԸ-ն, տեսնելով, որ հարուցվել է քրեական գործ, քննչական մարմնին է ներկայացրել գնահատման 3-րդ հաշվետվությունը, որտեղ արդեն նշել է, որ 702,6 քմ տարածքում կա չորս համասեփականատեր: Ավելին, Կենտրոն թաղապետարանի հողահարկի վճարման բոլոր փաստաթղթերում միանշանակ նշված է չորս համասեփականատեր թիվը, իսկ այդ գանձումները կատարվում են կադաստրից ստացած տվյալների հիման վրա:
«Ինչ վերաբերում է հինգերորդ «սեփականատիրոջը», ապա Աբրահամյանը թող ներկայացնի նոտարով հաստատված իմ և մյուս համասեփականատերերի համաձայնությունը այդ տարածքը իրացնողի կողմից ձեռք բերելու վերաբերյալ, ինչպես պահանջում է օրենքը, և ինչպես դա տեղի է ունեցել մնացած երեք սեփականատերերի դեպքում,- գրել է Կզարթմյանը դիմումին կից իր հիշյալ գրության մեջ:- Փորձագետը պարտավոր է ներկայացնել նաև գոյություն չունեցող հինգերորդ համասեփականատիրոջ վճարած գեթ մեկ հողի հարկի վճարման կտրոն:


Այսպիսով, 702,6 հողատարածքի 1/4 հանդիսացող 176 քմ շուկայական ամենացածր գնով արժեքը կազմում է 176 x 1300 $ = 228000 ԱՄՆ դոլար: Իսկ Աբրահամյանի կողմից ընդունված հինգ համասեփականատերերի դեպքում ինձ պատկանող 140 քմ արժեքը կկազմեր 140 x 1300$ = 182000 $: Այսինքն, միայն այս դրվագով փորձ է արվում հափշտակել 46000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ»:
Նույն գրության մեջ դիմումատուն նշել է նաև. «Անհասկանալի է, թե գնահատում իրականացնող փորձագետի կողմից որտեղից կամ ինչ հաշվարկների արդյունքում է ստացվել, որ իմ բնակելի տան շահագործման տարիքը կազմում է «միջինացված» 35 տարի, այն դեպքում, երբ բնակելի տուն կառուցելու շինթույլտվությունը եղել է 1995 թ., իսկ շինարարության ավարտը գրանցվել է 2005-ին, որոնց վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը իմ կողմից ներկայացվել են:
Բնակելի տան ծախսային մեթոդով հաշվարկի ժամանակ «կարճաժամկետ ծառայության էլեմենտների չվերականգնվող մաշվածքի հաշվարկի» և վերացվող ֆիզիկական մաշվածքի հաշվարկի աղյուսակներում բերված առանձին էլեմենտների ծառայության ժամանակահատվածները և ֆիզիկական մաշվածքները չեն համապատասխանում իրականությանը…»:


Վերը շարադրվածից արդեն իսկ պարզ է դառնում, որ դրանք հաշվարկվել են բնակելի տան միջին տարիքն ընդունելով 35 տարի, մինչդեռ Կզարթմյանի բնակելի տան կարճաժամկետ ծառայության տարրերը և առանձին շինարարական աշխատանքներն ունեն առավելագույնը 11-12 տարվա հնություն: Սա ևս վկայում է, որ փորձագետը նման հաշվարկների միջոցով ակնհայտորեն ցանկացել է հնարավորինս ցածր գնահատել բնակելի տան արժեքը:
Փորձագետի կազմած եզրակացության մեջ նշված է, որ նմանատիպ շենքերի նորմատիվային շահագործման տարիքը սահմանված է 125 տարի, այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ, որ 11-12 տարեկան շինության համար փորձագետը վերջնականապես ընդհանուր մաշվածք է ընդունել 45,79 %-ի չափով, որը որևէ տրամաբանությունից դուրս է: Նույնիսկ եթե հիմք ընդունենք փորձագետի կողմից չգիտես ինչ հաշվարկների արդյունքում ստացված բնակելի տան «միջին» տարիքը` 35, ապա այս դեպքում բնակելի տան ֆիզիկական մաշվածքը պետք է լինի շուրջ 28 %, սակայն հնարամիտ փորձագետը փաստացի ստացել է 45,79 %:


Վարչապետին տեղեկացնելով նաև վերը շարադրվածի մասին, Կզարթմյանն իր հիշյալ գրության մեջ գրել է. «Միգուցե փորձագետը իմ 11-12 տարեկան տան տարիքը «միջինացրել է» իմ տանը կից 1880-90 թթ. կառուցված շատ գեղեցիկ մառանի տարիքի հետ, միայն թե նա նշում է, որ այդ մառանը կառուցվել է 1928 թ. (փորձագետը խառնում է նկուղի տարիքը և իմ պապի կողմից 1928 թ. այդ տարածքի գնման տարեթվերը): Նշեմ, որ այդ մառանը ոչ ինժեներական և ոչ էլ կոնստրուկտիվ առումով որևէ կապ չունի իմ բնակելի տան հետ և պահպանվել է միայն որպես ճարտարապետական արժեք ներկայացնող կառույց: Նշեմ, որ այդ մառանի ընդհանուր 43 քմ տարածքի միայն 10-12 քմ մակերեսն է գտնվում իմ շինության ծայրամասում»:


Պուշկինի 4 հասցեում գտնվող 702,6 քմ հողամասի գնահատման ժամանակ փորձագետի կողմից «տրանսպորտային մատչելիությունը» գործոնով պայմանավորված ուղղումը` -5 %-ի չափով օբյեկտ-անալոգ N2-ի (Երևան, Եկմալյան փողոց) նկատմամբ, ինչով ներկայացվել է, թե համեմատվող օբյեկտ-նմանակն ունի համեմատաբար լավ տրանսպորտային մատչելիություն, լավ դիրքայնություն և տեղակայման գրավչություն, ամբողջովին սուտ է: Իր հիշյալ տեղեկանքում նշելով այս մասին, Կզարթմյանը շարունակել է. «…քանի որ մասնագետների հետ ես եղել եմ նշված հասցեում և այդ հողատարածքը ընդհակառակը իմ տնից և հողամասից շատ ավելի վատ դիրք ունի, և փորձագետը -5 %-ի փոխարեն պետք է ավելացներ +5 % չափով»:
Ինչպես նշել է դիմումատուն իր նույն գրության մեջ, փորձագետի սուբյեկտիվ կարծիքով, Երևանի փոքր կենտրոնում, Հանրապետության հրապարակի հարևանությամբ, ինչու չէ, նաև մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ գտնվող բնակելի տունը դիտարկվել է որպես վատ տրանսպորտային մատչելիություն, վատ դիրքայնություն և տեղակայման գրավչություն ունեցող անշարժ գույք:


«Տեղեկացնեմ նաև,- վարչապետին հասցեագրած իր հիշյալ տեղեկանքում գրել է Կզարթմյանը,- որ իմ և փորձված մասնագետների կողմից ստուգվել է որպես համեմատական տվյալներ օգտագործված բոլոր 4 օբյեկտ-անալոգների իսկությունը, ինչի արդյունքում փաստացի պարզվել է, որ փորձագետը ակնհայտ սուտ տվյալներ է կիրառել հողամասի արժեքը ցածր ստանալու համար, ինչը ապացուցվում է նրանով, որ օբյեկտ-անալոգ N2-ի սեփականատիրոջից հեռախոսազանգի միջոցով պարզվել է, որ Եկմալյան փողոցի հողատարածքի 1 քմ առաջարկի արժեքը 1800 ԱՄՆ դոլար է, սակայն փորձագետը նշված հողատարածքի 1 քմ նախնական արժեքը նշել է 1300 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և այդ արժեքից կատարել ուղղումներ՝ միտումնավոր պակասեցնելով հետազոտման և գնահատման օբյեկտ հանդիսացող Պուշկինի 4 հասցեում գտնվող իմ հողամասի արժեքը: Ինչ վերաբերում է N3 և N4 օբյեկտ-անալոգների իսկությանը, ապա դրանց ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այդպիսի մակերեսներով հողատարածքներ Թումանյան փողոցում չեն հայտնաբերվել: Փորձագետի եզրակացության մեջ առկա են այլ անճշտություններ, որոնց ես չեմ անդրադառնա»:


Վերջում ներկայացնենք Կզարթմյանի հիշյալ դիմումին կից ներկայացված տեղեկանքի թերևս ամենակարևոր հատվածը. «Տեղեկացնեմ նաև, որ փորձաքննության եզրակացությունը ուղղված է միայն մեկ նպատակի՝ հաստատել Մայրապետյանի «Անիկոմ» գնահատող ՍՊԸ-ի կողմից կատարված ակնհայտ կեղծ գնահատման հաշվետվությունը և փորձել դատարանի միջոցով ավարտին հասցնել Կենտրոնի բնակիչների սեփականության թալանի գործընթացը: Ձեզ եմ ներկայացնում նաև Տերյան և Լալայանց փողոցների մի խումբ բնակիչների ցուցակը, որոնց սեփականության գնահատումը նույնպես կատարել է «Անիկոմ» ՍՊԸ-ն, դրանց փորձաքննությունը կատարել է փորձագետ Աբրահամյանը, հաստատելով «Անիկոմի» ակնհայտ կեղծ և անճշտություններով հարուստ գնահատման հաշվետվությունները:
Վերը նշվածից պարզ երևում է, որ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կատարած ցանկացած փորձաքննություն կլինի ոչ օբյեկտիվ և կողմնակալ, ուստի այդ կառույցի կատարած և կատարելիք գնահատումները առայժմ պետք է բացառվեն, մինչև փորձագետի գործողություններին իրավական գնահատական տալը»:


Ճիշտ է, վարչապետին հասցեագրված հիշյալ դիմումից հետո «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Կզարթմյանի անշարժ գույքի վերջին գնահատումը 2017 թ. ապրիլի 27-ին կատարել է ոչ թե Արման Աբրահամյանը, այլ նույն ՊՈԱԿ-ի շինարարատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Վահրամ Սաֆարյանը, սակայն այդ օրվա դրությամբ փորձագետի նրա արտոնագիրն ուժը կորցրած է եղել: Բնականաբար, հարց է առաջանում՝ նա ի՞նչ շահագրգռություն է ունեցել, որ ուժի մեջ գտնվող արտոնագիր չունենալով հանդերձ, Կզարթմյանի անշարժ գույքի գնահատման նպատակով ԴԱՀԿ աշխատակիցների հետ եկել է նրա տուն ու գնահատել նշված գույքը:
Հուսանք, որ ՀՀ քննչական կոմիտեն ու ՀՀ գլխավոր դատախազությունն ուշադիր կլինեն վերոնշյալ քրեական գործի քննության նկատմամբ, քննիչ Ա. Մխիթարյանն էլ, այնուամենայնիվ, կիրականացնի բազմակողմանի, լրիվ, անաչառ և օբյեկտիվ քննություն ու դրանով քրեական գործի նախաքննությունը կհասցնի դրանում առկա փաստերից բխող տրամաբանական ավարտին, կկայացնի ճիշտ որոշումներ:


Պետք է նկատի ունենալ, որ քր. գործի վարույթի կարճման որոշման և դատարանի այն վերացնելու Կզարթմյանի պահանջը չբավարարելու դեպքում, վերջինս, դատարանի այդ վճռի ներպետական բողոքարկման հնարավորություններն սպառելուց և արդյունքի չհասնելուց հետո, ստիպված է լինելու դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ հայտնաբերելու պարագայում Հայաստանի Հանրապետությանը հօգուտ Կզարթմյանի տուգանելու է մինչև 100 մլն դրամի չափով: Այդ գումարը վճարվելու է ոչ թե սխալ վճիռներ կայացրած դատավորների գրպանից, այլ հարկատուներիս վճարած գումարներից ձևավորված ՀՀ պետբյուջեից: Ստացվելու է, որ մոտ 100 մլն դրամ Մայրապետյանը շահելու է, և մինչև 100 մլն դրամ բյուջեն ու մենք բոլորս տուժելու ենք, ինչն անհանդուրժելի է: Այդ դեպքում պայթելու է մեծ սկանդալ:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6793

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ