Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ինձ զգում եմ մարտկոցի նման, որը գալիս ու լիցքավորվում է Հայաստանում»

«Ինձ զգում եմ մարտկոցի նման, որը գալիս ու լիցքավորվում է Հայաստանում»
26.05.2017 | 11:24

«Իրատեսի» հյուրը թավջութակահար, Չայկովսկու անվան մրցույթի ոսկե մեդալակիր, Մովսես Խորենացու մեդալակիր Նարեկ Հախնազարյանն է: Օրեր առաջ նա՝ իր դաշնակահար մայրիկի՝ Գայանե Հախնազարյանի նվագակցությամբ, հանդես եկավ համերգով, որը բարեգործական նպատակի էր հետամուտ. համերգի ողջ հասույթն ուղղվելու է Կոշի մանկական վերականգնողական կենտրոնին: Համերգի տոմսերի վաճառքից և բարեգործական հանգանակությունից գոյացած 1 մլն դրամին հավելվեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի անձնական նվիրատվությունը՝ 2 մլն դրամի չափով: Աշխարհահռչակ մեր հայրենակիցն իր զգացողություններն է կիսում այդ երեկոյի և առհասարակ իր բեմական կյանքի այլևայլ դրվագների առնչությամբ:

«ԻՀԱՐԿԵ, ՉԵՄ ՈՒՆԵՑԵԼ ՏՐԱԴԻՑԻՈՆ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ՈՒՆԵՑԵԼ ԵՆ ՄԵՐ
ԲԱԿԻ ՇԱՏ ԵՐԵԽԱՆԵՐ»


-Նարեկ, երբ մեծանում են պրոֆեսիոնալ երաժիշտների ընտանիքում և դառնում անվանի երաժիշտ, ինչպես Դուք, այդպիսի մարդիկ ունենո՞ւմ են տրադիցիոն մանկություն, թե՞ նրանց մանկությունն անցնում է մասնագիտական մշտական վերահսկողության պայմաններում և, փաստորեն, զերծ է լինում մանկությանը բնորոշ ինչ-ինչ տարրերից:
-Ես, իհարկե, չեմ ունեցել տրադիցիոն մանկություն, ինչպիսին ունեցել են մեր բակի շատ երեխաներ: Երբ փոքր էի, մտածում էի, որ ընդհանրապես չունեմ մանկություն: Բայց երբ հիմա հետ եմ նայում, հասկանում եմ, որ շատ լավ, հավասարակշռված մանկություն եմ ունեցել: Ծնողներիս պարտադրանքով ես և՛ ներդրում եմ արել իմ ապագայի համար՝ ճիշտ օգտագործելով իմ ժամանակը, և՛ ունեցել մանկական ուրախություններ՝ խաղացել ֆուտբոլ, այլ խաղեր, արել չարաճճիություններ: Այնպես չէ, որ ամբողջ ժամանակ փակված եմ եղել չորս պատերի մեջ և կյանք չեմ տեսել, մանկություն չեմ ունեցել:
-Հայոց Արշակ 2-րդ և պարսից Շապուհ արքաների մասին ավանդազրույցը, որ վկայում է հայրենի հողից ուժ առնելու բացառիկ հատկության մասին, վստահ եմ, հայտնի է Ձեզ: Աշխարհի մեծագույն բեմահարթակներում հաջողությամբ ելույթներ ունեցած երաժիշտ լինելով՝ հայ բեմում նվագելիս զգո՞ւմ եք հայրենի հողից եկող այդ ուժը:
-Պրոֆեսիոնալ տեսակետից Հայաստանում հեշտ չէ նվագելը: Դա շատ պատասխանատու բան է, որովհետև դահլիճում նստածների մեծ մասին դու անձամբ ես ճանաչում: Իսկ մթնոլորտը, դահլիճը շատ մեծ դեր են կատարում երաժշտի հաջողության հարցում: Ցավոք, Հայաստանում չունենք այնպիսի դահլիճ, որտեղ ելույթ ունեցող երաժիշտը կկարողանա մոռանալ տեխնիկական խնդիրների, ակուստիկ դժվարությունների մասին և զբաղվել միայն երաժշտությամբ: Մեր ամենամեծ դահլիճը՝ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահը, ունի շատ լուրջ նորամուծությունների, թարմացումների կարիք: Որպես թավջութակահար՝ կարող եմ ասել, որ շատ անհարմար է նվագել մեր դահլիճում: Նաև դժվար է նվագել մեր նվագախմբերի հետ: Որքան էլ մեր նվագախմբերը փորձում են զգայուն լինել, միևնույն է, արդյունքն այն չի լինում, որովհետև մեր դահլիճները սխալ են կառուցված: Երաժշտական դահլիճը չպիտի ծավալվի ըստ լայնության, այլ պիտի լինի երաժշտական հնչողության համար ճիշտ հաշվարկված: Իսկ հանդիսատեսի առումով ինձ համար շատ հաճելի է այստեղ նվագել, բայց և՝ շատ պատասխանատու: Եթե խոսենք ոչ պրոֆեսիոնալ չափանիշներով, ես, այո՛, ունենում եմ Արշակ 2-րդի զգացողությունները, երբ գալիս եմ Հայաստան ու ելույթ ունենում մայր հողի վրա: Հաճախ եմ ասում, որ ինձ զգում եմ մարտկոցի նման, որը գալիս ու լիցքավորվում է Հայաստանում: Տարվա մեջ մի քանի անգամ անպայման գալիս եմ, որովհետև եթե երկար եմ բացակայում Հայաստանից, ինձ դատարկված եմ զգում, ուժս կորցրած:
-Դուք նախաձեռնեցիք բարեգործական համերգ, որի հասույթը պիտի ուղղվի Կոշի մանկական վերականգնողական կենտրոնին: Հնարավո՞ր է, որ երբևէ նման մի նախաձեռնությամբ հանդես գաք՝ Հայաստանում համերգային լավ դահլիճ ստեղծելու նպատակով:
-Ես երազում եմ Հայաստանում լավ դահլիճ ունենալու մասին, բայց հիմա մենք առաջին հերթին պիտի մտածենք մեր երաժիշտներին, անսամբլներին ապահովելու մասին: Մեզ մոտ մշակույթի, երաժշտության ոլորտում մեծ խնդիրներ կան կադրերի առումով: Պետք է կադրեր պատրաստել, որպեսզի դահլիճներում ելույթ ունեցողներ լինեն: Մենք չունենք թավջութակահարներ, գրեթե չունենք ջութակահարներ: Փողային գործիքների մասին էլ չեմ խոսում: Իհարկե, մի քանի ամիս առաջ այցելեցի Չայկովսկու անվան դպրոց և շատ ուրախացա, որ այն վերանորոգվել է, գնվել են նոր գործիքներ: Շփվեցի տնօրենի հետ և զգացի, որ որոշակի աշխատանքներ են կատարվում այնտեղ: Հույս ունեմ, որ կոնսերվատորիան էլ կհետևի այդ օրինակին: Մեզ պետք են ոչ շատ, բայց բարձր որակավորում ունեցող դասախոսներ, ուսանողներին հարկավոր է հատկացնել որոշակի թոշակ, որ նրանք կարողանան գործիքներ գնել: Այսինքն, պետք է ֆինանսների ավելի ճիշտ բաշխում կատարվի մեզ մոտ:

«ԿՈՇԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՆՄԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՐՎԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ»


-Կոշի մանկական վերականգնողական կենտրոնի հանդեպ ցուցաբերած Ձեր վերաբերմունքը ոչ միայն նրանց նյութապես օգնելու, այլև թույլ մտավոր ու ֆիզիկական տվյալների տեր երեխաների համար նվագելու, ուսուցողական ծրագիր իրականացնելու քայլը կարող էր բնութագրական լինել հարուստ կենսափորձ, պատկառելի տարիք ունեցող մարդկանց և ոչ Ձեզ նման երիտասարդ մեկի համար: Ինչպե՞ս եք կարողանում այդքան լայնախոհ լինել:
-Ինձ թվում է, որ մարդասիրությունը տարիքի հետ կապ չունի: Եվ շատ կարևոր է, թե ինչ դաստիարակություն ես ստացել: Ես մեծացել եմ այնպիսի ընտանիքում, այնպիսի մթնոլորտում, որտեղ ընդունված է եղել օգնել մարդկանց, եթե կա այդպիսի հնարավորություն: Ես տասնութ տարեկանում ստիպված եմ եղել լքել Հայաստանը՝ շա՜տ շատ սիրելով իմ երկիրը: Եվ հիմա առիթը բաց չեմ թողնում՝ վարպետության դասեր տալու, իմ փորձը փոխանցելու համար: Չնայած հիմա ես այդ փորձը դեռ ձեռք եմ բերում, որովհետև ընդամենը 28 տարեկան եմ: Եվ փորձ ձեռք եմ բերելու մինչև կյանքիս վերջը: Բայց արդեն իսկ ունեմ փորձի որոշակի պաշար, ինֆորմացիա, որը կարող եմ փոխանցել: Կան երաժիշտներ, որոնք իրենց իմացածը գաղտնի են պահում, չեն ցանկանում ուրիշներին փոխանցել: Ես այդպիսին չեմ: Եթե կարող եմ օգնել կրտսեր կոլեգաներիս, հեշտացնել նրանց պրոֆեսիոնալ կյանքը, ապա պետք է անեմ: Ինչ վերաբերում է Կոշի կենտրոնին, ասեմ, որ ես շատ սենտիմենտալ, հոգատար մարդ եմ: Փողոցում անօգնական կենդանի տեսնելիս չեմ կարողանում անտարբեր անցնել: Մի անգամ Մոսկվայում փողոցից մի կատու տարա տուն, և հիմա շատ ուրախ ապրում ենք միասին: Իսկ երեխաները մի առանձին պատմություն են: Անցյալ տարի այդ կենտրոնի աշխատակիցներից մեկը մոտեցավ փողոցում, պատմեց կենտրոնի մասին, հրավիրեց իրենց մոտ: Ես անմիջապես արձագանքեցի, գնացի և ուղղակի ապշած մնացի սիրո այն քանակությունից, որ կար այդ հաստատությունում: Նվագեցի նրանց համար, շփվեցի երեխաների հետ, իսկ նման երեխաների հետ շփվելը շատ ծանր բան է: Իմացա, որ նրանք ծանր ֆինանսական վիճակում են գտնվում և որոշեցի աջակցել: Շատ ուրախ եմ, որ իմ նախաձեռնությունը լայն արձագանք ունեցավ մարդկանց մեջ, ես ներգրավեցի նաև մամուլի ներկայացուցիչներին: Հանրապետության առաջին տիկնոջ աջակցությունը շատ կարևոր փաստ է: Եվ ես հույս ունեմ, որ կլինեն նրա օրինակին հետևողներ, աջակցություն կլինի նաև ղեկավար այլ անձանց կողմից: Կոշի կենտրոնի նման հաստատություններին անհրաժեշտ օգնություն տրամադրելը պետք է համարվի առաջնահերթություն մեր երկրում: Մանավանդ որ այս հաստատությունը Երևանում չէ, մարզում է և սպասարկում է տասնվեց մարզերի երեխաների:


«ԻՄ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ 80-90 ՏՈԿՈՍՈՎ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՆ ԼԻՆՈՒՄ ՀԱՅ
ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»


-Կոմպոզիտոր Էդվարդ Հայրապետյանը Ձեզ է նվիրել «Մենախոսություն» ստեղծագործությունը, որը կատարեցիք Ձեր նախաձեռնած բարեգործական համերգի ընթացքում: Ի՞նչ զգացողություն ունեք այս գործի նկատմամբ, ի՞նչ ապրումներով եք կատարում այն:
-Ես արդեն մի քանի անգամ նվագել եմ ինձ նվիրված գործեր: Դա անում եմ մեծ պատասխանատվությամբ և շատ յուրահատուկ զգացումով: Դա տարբերվում է այն զգացումներից, որոնցով կատարում եմ Բեթհովենի, Շումանի, մյուսների գործերը: Էդվարդ Հայրապետյանի գործը կատարելիս ունեի զգացում, որ այդ պահին պատմություն է գրվում: Համոզված եմ, որ Էդվարդ Հայրապետյանն արժանի է դասվելու ամենատաղանդավոր, ամենահանճարեղ, առնվազն, հայ կոմպոզիտորների շարքում: Եվ երբ այդպիսի կոմպոզիտորը նվիրում է քեզ ստեղծագործություն, դա մի արտառոց բան է: Երբ զրուցում էի կոմպոզիտորի հետ, նա ասաց, որ ստեղծագործությունը ոչ միայն նվիրված է ինձ, այլև գրելիս աչքի առաջ ունեցել է հենց ինձ, հաշվի է առել իմ կատարողական որակները: Այս ամենը կրկնապատիկ պատիվ է բերում ինձ ու կրկնակի բավականություն պատճառում:
-Առաջիկայում ծրագրված են համերգներ Լոնդոնում, Լուգանոյում, Այնդհոֆենում, Սեուլում, Տոկիոյում, այլուր: Այս համերգների ընթացքում ներկայացվելո՞ւ են հայ կոմպոզիտորների գործերը:
-Անշո՛ւշտ: Իմ համերգային ծրագրերում 80-90 տոկոսով ընդգրկված են լինում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Տարբեր դահլիճներում հնչել են Ալեքսանդր Հարությունյանի, Ադամ Խուդոյանի գործերը, որոնք շատ ջերմությամբ է ընդունում դրսի հանդիսատեսը: Բոլորովին վերջերս փոխադրեցի թավջութակի համար Էդվարդ Բաղդասարյանի «Նոկտյուրնը»:
-Այդ ստեղծագործությունը շատ անսպասելի և տպավորիչ երանգ էր ստացել թավջութակի՝ Ձեր մեկնաբանությամբ:
-Շատ եմ սիրում այդ գործը, երրորդ անգամ էի կատարում: Կարծում եմ, որ այն կմտնի իմ հիմնական հայտագրի մեջ, ինչպես Էդվարդ Հայրապետյանի «Մենախոսությունը»:

«ԵՍ ԸՆԴՈՒՆԵՑԻ ԱՄԵՆԱՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ՝ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՉԱՅԿՈՎՍԿՈՒ ԱՆՎԱՆ 14-ՐԴ ՄՐՑՈՒՅԹԻՆ»


-Համերգի ընթացքում կատարեցիք Ժյուլ Մասնեի «Մտորում» ստեղծագործությունը, որը ճակատագրական ընտրության խնդիրն է արծարծում: Ինքներդ եղե՞լ եք նման ընտրության առաջ:
-Պրոֆեսիոնալ կյանքում ամենաճակատագրական որոշումն ընդունեցի, թերևս, 2011 թվականին, երբ մտածում էի՝ մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել Չայկովսկու անվան 14-րդ մրցույթին: Ես մասնակցել էի նախորդ մրցույթին և շատ վրդովված էի ժյուրիի կաշառված լինելու, ինձ անարդարացիորեն 5-րդ մրցանակը տալու պատճառով: Մեծ հիասթափություն էի ապրել և ինքս ինձ խոստացել էի այլևս երբեք չմասնակցել այդ մրցույթին: Բայց երբ ծանոթացա 14-րդ մրցույթի ժյուրիի կազմին, հասկացա, որ արդար ընտրություն է կատարվելու, և կարելի է մասնակցել: Ժյուրիում ընդգրկված էին ամենահարգված, անվանի երաժիշտները՝ Մարիո Բրունելոն, Լին Հառելը, Ռալֆ Կիրշբաումը, Քշիշտոֆ Պենդերեցկին: Մարդիկ, որոնց անունները երբեք չեն շրջանառվել մրցութային սկանդալների մեջ: Իմ մերձավոր շրջապատում 90 տոկոսը դեմ էր իմ մասնակցությանը` վախենալով, որ նորից կկոտրվեմ, նոր հիասթափություն կապրեմ: Բայց ես ընդունեցի ամենաճակատագրական որոշումը՝ մասնակցել Չայկովսկու անվան 14-րդ մրցույթին: Մասնակցեցի և հաղթեցի:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2483

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ