Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ո՞վ է ասել, որ եթե նրանք հասնեին մինչև Արցախյան շարժում, ամեն մեկը մի Մոնթե չէր դառնա»

«Ո՞վ է ասել, որ եթե նրանք հասնեին մինչև Արցախյան շարժում,  ամեն մեկը մի Մոնթե չէր դառնա»
26.05.2017 | 11:28

Լույս է տեսել գրականագետ, արձակագիր, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ «Պայթյուններ Թուրքիայում և… ոչ միայն. ASALA-ն` ներսից» գիրքը: «Իր կառուցվածքով այն կարելի է կոչել իրապատում-վեպ: Շարադրել եմ որպես գեղարվեստական ստեղծագործություն, բայց ամենը, ինչ կտեսնեք գրքի էջերում, իրականություն է: Այս ժանրն ընտրել եմ նյութն ավելի հետաքրքիր մատուցելու նպատակով, քանի որ փաստագրությունն այսօր փոքր լսարան ունի»,- մեզ հետ զրույցում ասաց Կարո Վարդանյանը։ Անդրադառնալով գրքի ստեղծման շարժառիթին` նշեց, որ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը, ուզենք, թե չուզենք, մեր նորագույն պատմության էջերից մեկն է, ընդ որում` կարևորագույն էջերից մեկը, և որքան շատ ենք զգուշանում այդ թեմայից, այնքան ավելի ու ավելի են խեղաթյուրվում կազմակերպության ստեղծման նախադրյալները, նպատակները, արդյունքները. «Լինում են կամայական հոդվածներ, հրապարակումներ, կարծիքներ, և պատկերացրեք, որ այդ հեղինակներից ամենաբարեխիղճներն անգամ շատ հեռու են իրական պատմությունը ներկայացնելուց, զուտ այն պատճառով, որ ուսումնասիրողը, պատմաբանը, ինչպես ընդունված է, հիմնվում են մամուլի, ժամանակի հրապարակումների վրա: Մանավանդ որ կազմակերպությունն ուներ իր պաշտոնական օրգանը` «Հայաստան» ամսաթերթը: Բայց, պարզ է, գաղտնի կազմակերպության մասին դատողություններ անել, առավել ևս, հավակնել այդ կազմակերպության պատմությունը ներկայացնելուն` հենվելով մամուլի վրա, մեղմ ասած, հուսալի չէ, գոնե ինձ հավատ ու վստահություն չի ներշնչում: Մամուլը նրա համար էր, որ կազմակերպությունն իր գաղափարները հանրահռչակեր, կարողանար չարախոսությունների, զեղծարարությունների դեմն առնել: Մինչ այդ նրանք իրենց կոչերը թռուցիկներով, պաստառներով, հայտարարությունները մարդաշատ վայրերում պատերին փակցնելով էին անում, ինչը չնչին արդյունք էր տալիս»:
«Պայթյուններ Թուրքիայում և… ոչ միայն...» գրքում, թերևս, կա անդրադարձ մամուլին` ըստ անհրաժեշտության, բայց նյութի հիմնական աղբյուրը հենց մասնակիցներն են, մարդիկ, ովքեր ձերբակալվել են, իրենց պատիժը կրել, բացահայտվել: Զրուցակիցս նշում է, որ նրանք պատմում են այն, ինչի համար ձերբակալվել են, այլ բան իրավունք չունեն ասելու, որ չվտանգեն, չվնասեն ընկերներին. «Այն էլ ասեմ, որ նրանք ամեն ինչ չէ, որ գիտեն: Կազմակերպության դրվածքն այնպիսին էր, որ ամեն մարտիկ պիտի հնարավորինս մյուսի մասին քիչ բան իմանար, եթե չիմանար` շատ ավելի լավ»:


Գրքի ստեղծման ազդակ են դարձել չբացահայտված անդամներից մեկի տրամադրած տեղեկությունները, որոնցից շատերը առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ: Այդ առեղծվածային, հետաքրքիր անձնավորությունը հեղինակ է Թուրքիայի և թրքամետ մի շարք երկրների շահերի դեմ իրականացված ավելի քան 100 պայթյունի: Այս պատմությունից զատ, հեղինակը գրքում ընդգրկել է տարիներով հավաքած տեղեկությունները, որոնք օգնում են ամբողջական պատկերացում կազմելու ASALA-ի ստեղծման նախադրյալների, նպատակների, զինյալ գործունեության արդյունքների և ներքին խոհանոցին առնչվող բազում հարցերի մասին:


Կարո Վարդանյանը չի շրջանցել նաև կնճռոտ թեմաները, հատկապես 1983-ի հուլիսի դեպքերը, որ հանգեցին ողբերգության. «Եղան զոհեր, բախում, արյունահեղություն, եղան մատնություններ, բացահայտումներ, և բանակի ուժականությունը զգալիորեն կոտրվեց: Դավադրության արդյունքում զոհ գնացին Խաչիկ Հավարյանը, Վիգեն Այվազյանը, մատնվեցին և ստիպված ասպարեզից հեռացան, մեկուսացան տասնյակ մարդիկ, անունները եթե ասեմ, ինչպես նախորդ երկու անունները, ոչինչ ասած չեմ լինի` առայժմ: Ո՞վ է ասել, որ եթե նրանք հասնեին մինչև Արցախյան շարժում, ամեն մեկը մի Մոնթե չէր դառնա: Ես երանի կտայի, որ ազատամարտում քսան Մոնթե ունենայինք»:


Զրուցակիցս նկատում է, որ եթե մենք Մոնթեի կյանքը, գործունեությունը ուսումնասիրենք, չենք կարող դիտարկել միայն արցախյան հատվածը: Որքան էլ Մոնթեն խստորեն հրաժարվում էր իր անցյալից որևէ բան պատմելուց, նա անցել է ԱՍԱԼԱ-ի դպրոցը, թրծվել է այդ դպրոցում` որպես հրամանատար, փայլուն կազմակերպիչ: Գրքի հեղինակը կոչ է անում, որ բոլոր նրանք, որոնց հետաքրքիր է այս թեման, մեծագույն ըմբռնումով մոտենան նշված խնդիրներին, որովհետև կազմակերպության ներսում չեն կարող տարաձայնություններ չլինել: Սակայն կազմակերպությունը, Կարո Վարդանյանի ձևակերպմամբ, վեր է իր անհատ անդամներից, կազմակերպությունից վեր միայն հայրենիքն է. «Ամենից հեշտը կլիներ շրջանցել այս հարցերը, ինչպես շատերն են անում, բայց դա արդար չէ: Միևնույն է, վաղը-մյուս օրը խոսվելու է, գրվելու է, ու ես մտահոգ եմ, թե ինչ նկատառումներով է դա արվելու»:


Հեղինակի համար առաջնային է գործողության մասնակիցների` վետերանների արձագանքը: «Չեք կարող երևակայել, թե նրանց հետ շփումը այս թեմայի շուրջ ինչ նուրբ ու բարդ է, ամեն մանրուք կարող է խոցել նրանց: Հիմա ինձ շատ ավելի թեթև ու բավարարված եմ զգում, արդեն կան առաջին արձագանքները: Մեծագույն հպարտությամբ եմ ասում` Վազգեն Սիսլյանը (որ հիմա ներկա է այստեղ), ոգևորությամբ եկավ ինձ մոտ, ասաց, որ գրքում ճանաչել է իրեն: Պատմաբան Գևորգ Յազըճյանը, որ ճանապարհ է անցել մարտիկների հետ, խոստովանեց, որ լաց է եղել ընթերցելիս: Վարուժան Կարապետյանը զանգեց, խիստ հուզված ասաց, որ չի կարողանում քնել, որովհետև վերապրում է իրենց անցած ճանապարհը: Ավելի մեծ գնահատական չկա, քան երբ հերոսները ճանաչում են իրենք իրենց, իրենց ընկերներին, վերապրում անցած ճանապարհը, երիտասարդությունը, որ անցկացրել են բանտերում»:
Ընթերցողի գնահատականը, տպավորությունը կարևոր են, այս դեպքում արդեն` որպես գեղարվեստական ստեղծագործություն:


«Պայթյուններ Թուրքիայում և… ոչ միայն. ASALA-ն` ներսից» գիրքը լույս է ընծայել Լիբանանի «Սփիւռք» պարբերաթերթը:
Գրախանութներում հատուկենտ օրինակներ կան: Զրուցակիցս նշեց, որ գրքի տպաքանակը, դեռ գրախանութներ չհասած, սպառվել է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ. Գ. -Կարո Վարդանյանի հետ առավել ընդարձակ զրույցը` «Իրատեսի» առաջիկա համարներից մեկում` «...Եվ ոչ միայն մշակույթի մասին» խորագրի ներքո:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6670

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ