Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պիետրո Դելա Վալեն և Ջրօրհնեքը Նոր Ջուղայում 1620 թ.

Պիետրո Դելա Վալեն և Ջրօրհնեքը Նոր Ջուղայում 1620 թ.
26.05.2017 | 11:57

Իտալացի ճանապարհորդ, գրող, երաժշտական քննադատ Պիետրո Դելա Վալեն (Pietro Della Valle, 1586-1652) ծնվել է Հռոմում, ունևոր, ազնվական, բարձրաշխարհիկ արիստոկրատի ընտանիքում: Նա իր ժամանակի իտալական ինտելեկտուալ վերնախավի ներկայացուցիչն էր, տիրապետում էր լատիներենի ու հունարենի, անտիկ դիցաբանության և Աստվածաշնչի գիտակ էր, Հռոմի ՈՒմորիստի (Accli degli Umoristi) ակադեմիայի անդամ:


Նեապոլցի բժշկապետ Մարիո Սցիպիանոյի խորհրդով նա 1614-1626 թթ. ճամփորդություն է կատարում Թուրքիայում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում ու Հնդկաստանում: Եթե նրա ուղեգիծը մտովի վերարտադրենք, ապա կստացվի հետևյալ պատկերը` Կ. Պոլիս-Եգիպտոս-Երուսաղեմ-Դամասկոս ու Հալեպ-Բաղդադ-Հնդկաստան-Ալեքսանդրետ-Կիպրոս-Հռոմ:
1616 թ. նա Հալեպում տեսնում է մի գեղեցկուհու` նեստորական կաթոլիկ հորից ու հայուհուց ծնված Սիտի Մաանի Գիորիդայի դիմանկարը, սիրահարվում, մեկնում է Բաղդադ և ամուսնանում: 1621 թ. Պարսից ծոցից Հնդկաստան ճանապարհին հղի Մաանին հիվանդանում է տենդով ու մահանում: Կնոջ կորուստն այնպիսի ծանր հարված է հասցնում Դելա Վալեին, որ նա Մաանիի մարմինը զմռսում է և հինգ տարի տանում հետը, որպեսզի հողին հանձնի Հռոմի իրենց ընտանեկան դամբանում: Հարկ է նշել, որ Մաանին ժամանակին որդեգրել էր կախեթական ազնվական տոհմից սերած մի վրացուհի որբի` Թինաթին դե Սիվային, որի հետ Դելա Վալեն երկրորդ անգամ ամուսնանում է և ունենում 14 երեխա:
1626 թ.` 12 տարի անց, ճանապարհորդը վերադառնում է Հռոմ, առաջին անգամ Եվրոպա բերելով հնամենի գրություններով աղյուսե տախտակներ Նինվեից և պարսկական կատու: Նրան ընդունում են մեծ պատիվներով, իսկ Հռոմի ՈՒրբանոս XVIII պապը նշանակում է «ննջարանապետ»:


Պ. Դելա Վալեն մի շարք աշխատությունների հեղինակ է, բայց ամենակարևորը, անշուշտ, նրա «Պիետրո Դելա Վալեի ճանապարհորդությունը» (Viaggi di Pietro Della Valle) եռահատորն է, որից առաջինը լույս է տեսել նրա մահվանից երկու տարի առաջ, իսկ երկրորդն ու երրորդը 1658 թ. հրատարակել են նրա չորս որդիները: Ամբողջ ճամփորդության ընթացքում Դելա Վալեն իր տպավորությունները, տեսածն ու լսածը շարադրել է նամակների տեսքով և պարբերաբար ուղարկել Նեապոլ` Սցիպիանոյին, որպեսզի նա խմբագրի: Եռահատորը հրատարակվել է 38 այդպիսի նամակների հիման վրա, բայց մեզ համար առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում 1618-1621 թթ. գրված 18 նամակները, որոնք վերաբերում են Սեֆյան Պարսկաստանին: Հետաքրքրում են, որովհետև կարևորագույն սկզբնաղբյուրային տեղեկություններ են պարունակում ոչ միայն Պարսկաստանի իրավական, դատական ու վարչական համակարգերի, զինված ուժերի, մետաքսի մշակման և արտադրության, մշակույթի, արհեստների, սովորույթների, կերակրատեսակների, ըմպելիքների, դեղերի, համեմունքների, գների, կշիռների, դրամական փոխարժեքների, Շահ Աբասի բնավորության ու վարքագծի, այլև հայերիս` նորջուղայեցիների մասին:


«Ճամփորդությունը» թարգմանվել է ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, հոլանդերեն ու պարսկերեն և գրեթե անուշադրության է մատնվել հայերիս կողմից: Ասում եմ «գրեթե», որովհետև 1850 թ. «Բազմավէպը» հայերին վերաբերող երկու հատված տպագրել է Մուրատ-Ռաֆայելյան վարժարանի աշակերտ Անտոն Փամբուքճեանի թարգմանությամբ: Հաշվի առնելով XVII դ. առաջին քառորդի իտալերենի ենթադրյալ առանձնահատկությունը, ինչպես նաև XIX դ. կեսի արևմտահայերենի լեզվական խրթինությունը, ես ինձ իրավունք վերապահեցի խմբագրել աշակերտի թարգմանությունը, վերածել արդի ընթեռնելի արևելահայերենի և Զայանդերուդ գետում 1620 թ. Ջրօրհնեքի արարողությունը պատկերող հատվածը հանձնել ընթերցողի դատին:

«Սպահանում գտնվող թագավորը ցանկանում է անձամբ ներկա լինել հանդիսությանը, ինչպես արդեն քանիցս պատահել էր: Մի քանի շաբաթ առաջ իր մոտ էր կանչել Խոջա Նազարին` Ջուղայի պարագլուխներից ու հարուստ քրիստոնյաներից մեկին, որ եղբոր` Խոջա Սաֆարի մահից հետո դարձել էր ջուղայեցոց ազգապետ: Թագավորը նրան հարցրել էր` արդյո՞ք այս տարի էլ ծեսը պիտի կատարեն և պատրաստվո՞ւմ են դա հանդիսավոր կերպով անել: Խոջա Նազարը պատասխանել էր, թե տոնը կատարում են ամեն տարի և այս տարի էլ պիտի անեն, եթե իր հրամանքը լինի: Թագավորը պատվիրում է, որ հանդիսավոր նշեն, քանզի ինքն էլ է ցանկանում մասնակցել: Սա իմանալով` ջուղայեցիք պատրաստվեցին ամենայն հանդիսավորությամբ տոնը կատարելու, և ծեսը այսպես եղավ:
Տոնի օրը, լուսանալուն պես, թագավորը զինվորներին կարգեց բոլոր ճանապարհների գլխին` Ջահարբաղ թաղի դիմաց, ինչպես նաև կամրջի վրա, որտեղից անցնում են Ջուղա գնալու համար, և հրամայեց, բացի պատվավոր մարդկանցից, մյուսներին թույլ չտալ ձիով անցնել, որպեսզի ձիերի շատությունն ու մարդկանց ամբոխը գետում քահանաների արարողություններին չխանգարեն: Իսկ Ջուղայի ամեն տուն, որ գտնվում էր գետի առափնյակին, պատրաստվեց թագավորի գալուստին. կանայք իրենց ազգականուհիների ու բարեկամուհիների հետ կրում էին շքեղ զգեստներ ու զարդեղեն, ամեն դռան առաջ տասնհինգ-քսան կանանցից բաղկացած խումբ էր կանգնած, իսկ դռների մոտի լայն պատշգամբներում գեղեցիկ ու թանկարժեք սպասքներում դրել էին խորտիկներ և ըմպելիքներ: Բոլոր պատշգամբները` երկրի սովորության համաձայն, զարդարված էին գորգերով, բանած թաղիքներով ու գեղեցկատես բարձերով: Ջուղայի մյուս կանայք, ըստ կարելվույն պճնազարդված, հերթագայությամբ շարվել էին գետի եզերքին, այն տեղին մոտ, ուր պիտի կատարվեր ծիսակարգը: Կանայք տղամարդկանցից զատ էին, թագավորի զինվորների հսկողության ներքո, որոնք թույլ չէին տալիս ոչ ձիու և ոչ էլ որևիցե տղամարդու` ինչ աստիճանի էլ որ լիներ, մոտենալ նրանց ու մեծ հարգանքով և ամենայն քաղաքավարությամբ նրանց առանձին էին պահում: Եվ քանի որ Սպահանի ու Աբասաբադի մահմեդական կանայք էլ էին եկել, նրանց էլ տեղ տրվեց, բայց Ջուղայի քրիստոնյա կանանցից զատ, որովհետև թագավորն այդպես էր կամեցել: Կանանց մոտ, բայց նրանցից առանձին, թափորով եկան և գետի եզերքին կանգնեցին քահանաները` իրենց խաչերով, արծաթե ծնծղաներով ու վառած մոմերով: Նրանք տասներկու եկեղեցիներից էին, որոնցից տասը գտնվում էին Ջուղայում, երկուսը` Սպահանում: Իրենց քահանաների հետ եկել էին նաև այլ վայրերի բազմաթիվ հայեր, որոնք թեպետ Ջուղայում չէին ապրում, բայց եկել էին ջուղայեցիների ամբոխին միանալու: Խաչերը արծաթե էին` գեղեցիկ ու մեծամեծ, մի մասը` ոսկեզօծ, մի մասն էլ` բյուրեղապակե և այլ թանկագին նյութերից պատրաստված: Մի եվրոպացի, որ հետաքրքրությամբ հետևում էր, ինձ ասաց, որ շուրջ հարյուր հատ խաչ է հաշվել, ավելին չէր կարողացել համրել, այդ թվում և` կլոր ու զանազանակերպ արծաթե ծնծղաները, որոնք խաչերի նման ամրացված էին գավազաններին: Այդ ծնծղաները` ցնցվելով ու ներդաշնակելով մետաղյա այլ նվագարանների հետ, որոնց անվանում էին չանկ, ունկնահաճո ձայն էին արձակում:


Խաչեր, ծնծղաներ կամ ճրագներ (որ էին մեղրամոմե հաստ կերոններ, քանզի մեր կերոններից այստեղ չկային) բռնած քահանաները հագել էին արևելյան ու եվրոպական ոճով ասեղնագործված, ոսկեթել բանվածքով տեսակ-տեսակ շուրջառներ: Դրանք չորս հարյուրից պակաս չէին, քանզի ամեն խաչի մոտ չորս շուրջառավոր կար:
Ամբողջ թափորը աշխարհականների հետ ըստ աստիճանակարգի շարվեց գետի եզերքին, իսկ նրանց հետևում կանգնեցին այլ հոգևորականներ: Մեզ, որ ձի հեծած էինք, տեղ տրվեց գետի ափից անդին, որտեղից ոտքով անցնելով կարելի էր հայտնվել մի կղզյակի վրա, որ առաջացել էր գետի ցամաքումից: Ձիավորներից բացի, շատերը ոտքով անցնում էին տախտակների վրայով, շատերն էլ ոտքի վրա կամ ձի հեծած գտնվում էին Ջուղայի դիմաց` Սպահանի Աբասաբադի կողմում, գետափին:


Կարմելյան կրոնավորների փոխանորդ Հայր Իոհանը, ավգուստինցիների առաջնորդը` իր փոխանորդով և ես` մի քանի այլ պորտուգալացիների հետ, թեպետ ձիու վրա պիտի մնայինք, քանզի թագավորի մոտ հարկ էր ձիու վրա մնալ, այդուհանդերձ, ջուղայեցիներին հարգանք մատուցելու նպատակով արքայի գալուստից առաջ ձիերից իջանք և երկար շրջեցինք խաչակիրների հետ, ի վերջո գնացինք դիմավորելու հայոց պատրիարքին, որի անունն էր Մելքիսեդեկ: Հայր Իոհանի և առաջնորդի գլխավորությամբ նրան բերեցինք մինչ այն վայրը, որտեղ կանգ առավ թագավորին սպասելու, իսկ մենք նորից ձի հեծանք և գնացինք մեր նախկին տեղը` թագավորին դիմավորելու, ապա նրա հետևից ընթանալու, ինչպես սովորությունն էր:
Ահա այսպես կանուխ առավոտից հանդեսը պատրաստ կանգնած էր, բայց թագավորը շատ ուշացավ և երբ եկավ, գրեթե կեսօր էր: Բայց սպասումը ձանձրալի չեղավ, որովհետև եղանակը մեզ պատիվ արեց` ոչ տաք էր, ոչ ցուրտ, իսկ երկինքը պատեցին ամպերը, որոնք թեպետ անձրև էին կանխագուշակում, բայց մեզ պաշտպանում էին արևից, որն այս կողմերում ավելի այրող է, քան Իտալիայում: Իսկ հայերը վերոհիշյալ նվագարանների ձայնակցությամբ պարում էին և ըմբշամարտում, ինչի շնորհիվ ժողովուրդը երկար ժամանակ զվարճացավ:
Վերջապես թագավորը հասավ Ջահարբաղի ճամփան` սովորականից շատ ավելի անճոռնի զգեստ հագած, գլխին փետուր խոթած ու շատ զվարթ, իր երկու որդիների ուղեկցությամբ, որոնցից կրտսերը (մյուսին չկարողացա բազմության մեջ նկատել) հագել էր ճոխ ու հարուստ ոսկեթել զգեստ և ձին էլ նույնությամբ զարդարել: Որդիներից բացի, թագավորի հետևից գալիս էին ներքինապետ Յուսուֆ աղան, թագավորի սիրելի Էսֆենդիյար բեյը, պալատի հազարապետ աղա Հաջին և արքայի սիրական մի կին, որի անունն էր Դելալա ղըզ: Նրանց հետևում էին այլ պալատականներ, արքայական տան ծառայողներ, իսկ վերջում` ձիավորների մի մեծ խումբ: Ճանապարհն անցնելիս, իրենց տան դռան առաջ կանգնած ջուղայեցի կանանց մոտ թագավորը մի պահ կանգ էր առնում, ձիու վրայից խմում, ուտելիքից համտես անում և դիտում կանանց պարը, որոնցից յուրաքանչյուր խումբ մեկիկ-մեկիկ պարելով էր նրան դիմավորում:


Երբ հասավ խաչերին, ուղիղ գնաց պատրիարքի մոտ և նրա դիմաց ձիով մտավ գետը` որդիների, ընտանիքի մի քանի ծառայողների, մեր քահանաների, իմ և այստեղ գտնվող երկու-երեք անգլիացիների ուղեկցությամբ. բոլորս միասին տասներկու-տասնհինգ ձիավոր էինք: Տեսնելով մեր Հայր Իոհանին, արքան նրան իր մոտ կանչեց, կողքի մարդկանց նշան արեց տեղ բացեն, որպեսզի անցնի, և ամենայն պատվով ու քաղաքավարությամբ ընդունեց նրան: Ապա սկսեց իր սովորական վառվռուն եռանդով, հետ ու առաջ անելով և անձամբ հրամայելով արարողությունը կարգավորել, թե` այսինչ տեղում թող պատրիարքը կանգնի, այստեղ արարողությունները կատարվեն, այնտեղից քահանաները մոտենան, հասարակ ժողովուրդը տեղ բացի խաչերի համար, որպեսզի կուտակում և անկարգություն չլինեն և այլ նմանօրինակ կարգադրություններ:
Թագավորի առջև արարողությունները կատարելուց հետո (որոնք ոչ այլ ինչ էին, եթե ոչ որոշ աղոթքներ, մեռոնը գետի ջրի մեջ կաթեցնելը, մի քանի ջերմեռանդ անձանց լողալը ջրի մեջ և այլն), թեպետ անձրև սկսվեց, բայց արքան հետ չդարձավ, այլ շատ քաղցրությամբ կես ժամի չափ զրուցեց մի քանի հրավիրյալ վրացի քրիստոնյա ազնվականների հետ, որոնք իր հյուրերն էին ու իմ բարեկամները, ինչպես նաև ջուղայեցի ազնվականների և Հայր Իոհանի հետ, իսկ քահանաներն իրենց խաչերով կանգնած էին: Հետո թագավորը մտավ խաչավորների մեջ, որոնցից ոմանք այնքան մոտ էին, որ թվում էր, թե ինքն է խաչը բռնել: Զրուցելուց զատ, նա` խոսքից խոսք ցատկելու իր սովորության համաձայն, ջուղայեցի Խոջա Նազարին հարցրեց, թե հայերն ո՞ւմ են ավելի լավ քրիստոնյա համարում` վրացիների՞ն, թե՞ եվրոպացիներին: Խոջա Նազարը, որի կինը թեպետ վրացի ազնվականուհի էր, և հայերն ու վրացիները միմյանց ատում էին, պատասխանեց, թե վրացիները եվրոպացիներից ավելի լավ են ծոմ պահում: Հարկ է ասել, որ Արևելքի քրիստոնյաների շրջանում պահքը շատ ավելի խիստ է, և պահքի զորությունն այնքան մեծ են համարում, ասես դրանով է պայմանավորված բարեպաշտ քրիստոնյա լինելը, ուստի ով ավելի լավ է պահքի հետևում, նա ավելի ջերմեռանդ քրիստոնյա է, թեև այլ հարցերում պատվիրազանց էլ են լինում: Պահքի հանդեպ խստապահանջ լինելու հարցում հայերը գերազանցում են բոլոր ազգերին, իսկ եվրոպացիները կամ լատինական դավանանքի անձինք ամենաթույլն են:


Բայց թագավորը, որ ինքն էլ պահքի ջատագով չէր, պատճառաբանելով, թե իր կազմվածքին հարմար չէ, ասաց, որ իր հարցը պահքին չի վերաբերում, թող եվրոպացիները որքան ուզում են ուտեն, այլ ցանկանում է իմանալ, թե ով է սուրբ պաշտամունքի մեջ ավելի օրինապահ: Այնժամ Խոջա Նազարը, կարծելով, թե թագավորն այդ է ուզում լսել և կամ հիրավի այդպես մտածելով (քանզի իրավամբ մեզ էլ էր բարեկամ և մշտապես լատինական դավանանքի խոսք էր քարոզում), ասաց, թե եվրոպացիները քրիստոնեական կարգի մեջ շատ ճշտապահ ու լավն են: Ապա թագավորը հարցրեց Հայր Իոհանին` իսկ դուք` եվրոպացիներդ, ի՞նչ եք կարծում` վրացինե՞րը, թե՞ հայերը: Սկզբում հոգևորականը պատասխանեց, թե բոլորի մեջ էլ լավ ու վատ կա, բայց երբ թագավորը ցանկացավ ավելի ստույգ պատասխան ստանալ, ասաց, թե հայերն ավելի լավն են:


(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3302

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ