Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ջեյմս ՈՒոռլիքը նորից «ձիու վրա է» և մասնակցում է հայ ժողովրդի դեմ ուղղված գաղտնի գործողությանը

Ջեյմս ՈՒոռլիքը նորից «ձիու վրա է» և մասնակցում է  հայ ժողովրդի դեմ ուղղված գաղտնի գործողությանը
30.05.2017 | 10:27

Զարմանալի բան է. էս ի՜նչ հմտորեն են ԱՄՆ-ի իշխանությունները և՛ իրենց հայ համայնքին, և՛ Հայաստանի մի երկու հազար քաղաքացիների իրենց հույժ հակահայ քաղաքականությունը ներկայացնում իբրև հայամետ քաղաքականություն։ Է՛լ ավելի զարմանալի է, որ տարիներ ի վեր հազարավոր, և կամ տասնյակ հազարավոր հայեր (եթե նկատի ունենանք ԱՄՆ-ի հայ համայնքը) շարունակում են թույլ տալ իրենց մատների վրա խաղացնել։ Այդ թվում նաև այն հարցում, թե ով ում կողմից է Արցախյան հարցում, ով ինչպես է իրեն դրսևորել 2016-ի ապրիլին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ժամանակ։


Ես անձամբ քանիցս ուշադրություն եմ հրավիրել այն բանի վրա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) ԱՄՆ-ի նախկին համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի գործունեության բոլոր տարիներին բազմիցս աչքի է զարնել, թե ինչպես է այդ ՈՒոռլիքը նախանձելի հետևողականությամբ բացահայտ շանտաժով հանդես գալիս Հայաստանի ու Արցախի հանրապետությունների հասցեին, շատ թափանցիկ ակնարկելով, որ պատերազմի վերսկսման հարցը կախված է... ԱՄՆ-ից։ Տարիներ ի վեր, սկսած, առնվազն, 2013 թվականից, երբ նույն ՈՒոռլիքը նշանակվեց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ, այդ անձնավորությունը մի 5-6 անգամ, փաստորեն, ուղղակի սպառնացել է հայ ժողովրդին լայնամասշտաբ պատերազմի վերսկսմամբ։ Նշեմ. ավաղ, ԱՄՆ-ում ցանկացած կառավարող վարչակազմի օրոք, սկսած մոտավորապես 2005-2006 թվականներից, ներկայացուցիչներ են նշանակել մոլի թրքասերների և Թուրքիայի լոբբիստների, ինչը, փաստորեն, ինքնաբերաբար նշանակում էր «ադրբեջանասերներ» և Ադրբեջանի լոբբիստներ, նկատի ունենալով Անկարայի և Բաքվի մտերմության աստիճանն ու նրանց ռազմական ու ռազմահետախուզական համագործակցության խորությունը։

Այո, ամեն ինչ սկսվեց հենց տխրահռչակ Մեթյու Բրայզայից` թրքուհի Զեյնո Բարանի ամուսնուց և՛ այլն, և՛ այլն։ Ասենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ում ներկայիս ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը ևս թրքասեր է, և, իհարկե, կարգավորման գործում ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Ադրբեջանի շահերի պաշտպան։ Ճիշտ է, համարվում է, որ Հոգլանդը ԱՄՆ-ի կողմից ԵԱՀԿ ՄԽ համանախագահի ժամանակավոր պաշտոնակատար է։ Բայց Դոնալդ Թրամփի վարչակազմը ինչ-որ չի շտապում կողմնորոշվել այդ պաշտոնի թեկնածուի հարցում, ու երևի մենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում ԱՄՆ-ից նշանակված թրքասերներին դեռ բավական երկար ստիպված կլինենք հանդուրժել։


Եվ, ի դեպ, համառոտակի այն մասին, որ վերջին մի քանի տարիները մի տեսակ բուռն բանավեճերի առարկա են դարձել գոնե Հայաստանում և սփյուռքահայ համայնքների մի շարք շրջանակներում։ 2016-ի սեպտեմբերին անձամբ պարոն ՈՒոռլիքն իր հարցազրույցներից մեկում խոստովանեց, որ, չնայած հակամարտության գոտի զինամատակարարումների վրա Կոնգրեսի դրած արգելքի վերաբերյալ հռետորաբանությունը, ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, զենք է մատակարարում Ադրբեջանին. «Մենք շատ սահմանափակ քանակությամբ պաշտպանական զենք ենք մատակարարում նրանց (այսինքն` հակամարտ կողմերին- խմբ.)... Մենք սահմանափակ ռազմական համագործակցություն ենք տրամադրել երկու կողմերին էլ»։

Ինչպես կարելի է նկատել, ՈՒոռլիքը ոչ միայն պարզապես խոստովանում է «երկու կողմերին էլ» սպառազինությունների մատակարարման փաստը. նա անցած տարի խոստովանեց... ԱՄՆ-ի օրենքների խախտման փաստը (հետաքրքիր է, ամերիկյան օրենքների ո՞ր հոդվածով, եթե Կոնգրեսն արգելել է)։ Այնուհետև նա հստակորեն ամբողջ հայությանը հասկանալ տվեց, որ ԱՄՆ-ի համար... չկա հակամարտության երեք կողմ, ինչպես սովորաբար ընդունված է 1994 թ. ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումներից հետո, այլ կա հակամարտության միայն երկու կողմ` Հայաստանն ու Ադրբեջանը։ Ես աշխարհի բոլոր հայերին շատ կխնդրեի կոշտ և առանց որևէ այլընտրանքի հիշել Ջ. ՈՒոռլիքի անցած տարվա սեպտեմբերի այդ խոստովանությունները, որովհետև այդ խոստովանություններից, թեպետև անուղղակիորեն, բայց միաժամանակ միանգամայն բացահայտ բխում է այն հետևությունը, թե Արցախի հարցում ում կողմից է ԱՄՆ-ը։


Երբ 2016-ի դեկտեմբերի վերջին «գործի դերակատար» պարոն ՈՒոռլիքը հանկարծ հայտարարեց, թե ժամանակից շուտ հեռանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պոստից, հիշում եմ, դա ընդունվեց թե՛ տարակուսանքով, թե՛ ուրախությամբ։ Հիշեցնեմ. նախկին համանախագահը Հայաստանին ու Արցախին ուրախացրեց Twitter-ի էջում կատարած անձնական գրառումներով, հենց այդտեղ էլ հաղորդելով, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտում 30-ամյա «ազնիվ» աշխատանքից հետո ինքը երջանիկ է, որ «գործընկեր է դառնալու Ռուսաստանի ամենամեծ ու հեղինակավոր իրավաբանական ֆիրմայում», հղում կատարելով «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև ու գործընկերներ» ընկերության կայքին։ Իսկ բուն իրավաբանական ֆիրմայի կայքում գրված էր, որ ՈՒոռլիքն ընկերության թիմին կմիանա Վաշինգտոնում 2017-ի հունվարին։ Հաղորդման համաձայն, ամերիկացի դիվանագետը կհամակարգի միջազգային և ամերիկյան հաճախորդների հետ տարվող աշխատանքը, հաճախորդների հետ աշխատանքի ռազմավարական զարգացումը, օրենսդրական և հանրային քաղաքականությունը։ Բայց, ինչպես հետո պարզվեց, ամեն ինչ այնքան էլ հստակ չէ ՈՒոռլիքի առնչությամբ։ «Պարապ գործերի վերակացուն» հանկարծ արդեն 2017-ին, չգիտես ինչու, հասցնում է երկու անգամ անդրադառնալ Արցախի հարցին և կարգավորման գործին։ Այդ ինչո՞ւ հանկարծ։ Ո՞վ է լիազորել ընդամենը «Վաշինգտոնում ռուսական իրավաբանական ֆիրմայի գործընկերոջը» հիմա հանդես գալու արցախյան հարցով։ Հիշում եմ, որ շտապ կարգով արձագանքեցի ամերիկացի սադրիչ դիվանագետի հերթական գոհարներին։ Դա իր արտացոլումը գտավ «Ո՞վ է սեղմում ՈՒոռլիքի գլխում Էլեկտրոնիկի կոճակը» հետազոտություն-հոդվածում (09.03.2017 թ.)։ Հիշեցնեմ նաև, որ 2016-ի սեպտեմբերից հետո անցած կարճ ժամանակամիջոցում դա իմ հարկադրական անդրադարձն էր «ՈՒոռլիքի թեմային». սկզբում հարկ էր եղել այդ մարդու գործունեության վրա ուշադրություն հրավիրել «Ժամանակն է ԱՄՆ-ը հանելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների թվից» հետազոտություն հոդվածում (05.11.2016 թ.)։

Ընդ որում, անցած տարի ես հայ հասարակության ուշադրությունը հրավիրել էի այն բանի վրա, որ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը Բաքվում ՈՒոռլիքի տված մամուլի ասուլիսի մասին հոկտեմբերի 23-ի հաղորդագրության մեջ ընդգծել էր հետևյալը. ամերիկացին հայտարարեց, որ «Գրավյալ հողերը պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը։ Բանակցությունների տարրերի մեջ են մտնում նաև փախստականների ու հարկադիր վերաբնակեցվածների վերադարձն իրենց հողեր, տարածքում խաղաղապահների տեղակայումը։ Այս ամենը քննարկումների առարկա կլինի։ Ապագա կարգավիճակի որոշման հարցն առաջադրել է հենց նախագահ Իլհամ Ալիևը, և մենք ողջունում ենք դա»։ Հիշեցնեմ, Ալիևը ոչինչ չի առաջադրել, նա կրկնել է վաղուց ձանձրացրած թեզը Արցախի ինքնավարության մասին։ Այն, ինչ մենք ազգովին վաղուց ենք մերժել` դեռ նախկին ԽՍՀՄ-ի ժամանակներում։


Իսկ 2017-ի փետրվար-մարտին ես ուշադրություն եմ հրավիրել այն բանի վրա, որ ՈՒոռլիքը, ըստ էության, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի բնակչությանը հրահրում է զանգվածային ելույթներ ունենալու իրենց իշխանությունների դեմ. «Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիները պետք է իրենց իշխանություններից պահանջեն գործուն միջոցներ ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման և վերջնական խաղաղության հաստատման ուղղությամբ»։ Այնուհետև զարմացնում է աշխարհին. նրա ասելով, «մինչև հիմա պարզ չէ, թե իրականում ինչ է կատարվում շփման գծում», հասկանալի չէ, թե ով է առաջինն սկսել կրակել։ «Անցած տարվա ապրիլյան մարտական գործողությունների զոհերի ճշգրիտ թիվը մինչև հիմա հայտնի չէ»,- ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահը։ Եվ դա այն դեպքում, երբ 2016 թ. ընթացքում Ի. Ալիևը բազմիցս անկեղծորեն ու հրապարակայնորեն խոստովանել է. Ադրբեջանն է 2016-ի ապրիլին սկսել ագրեսիան։ Եվ հենց այդ ժամանակ էլ առաջադրել էի այս վարկածը. ՈՒոռլիքին ու նրա ղեկավարներին քաջ հայտնի է, որ ավարտվում է այն ժամանակը, երբ կարելի էր կոտրտվելով ձևացնել, թե ԱՄՆ-ը մասնակից չի եղել պատերազմական գործողությունների բռնկմանը հակամարտության գոտում, հատկապես Իրանի հետ սահմանի անմիջական մոտակայքում։ Դա հենց Հորադիզի նույն բարձունքներն են ու Ջաբրայիլի ուղղությունը, որտեղ համարյա մեկ տարի առաջ ծայրաստիճան լարված ու «շիկացած» էր։ Եվ «ուոռլիքներին», անգամ պաշտոնաթող եղած, առաջադրանք է տրված շարունակելու այնպիսի տպավորություն ստեղծել, թե ԱՄՆ-ը կապ չի ունեցել։ Եվ ինչն է հետաքրքիր. 2016-ի սեպտեմբերյան հարցազրույցում, երբ ՈՒոռլիքը, այնուամենայնիվ, խոստովանել է ԱՄՆ-ից Ադրբեջան կատարվող «սահմանափակ զինամատակարարումների» փաստը, նա ասել է նաև, որ ԱՄՆ-ի համար ցանկալի կլիներ «որոշ բարձունքների» հանձնումը Արցախում։ Հիշեցնեմ ՈՒոռլիքի «բարբաջանքներից» արված ևս մեկ մեջբերում. «Երկու նախագահներն էլ պետք է պատրաստ լինեն առաջ ընթանալուն, նրանք երկուսով պետք է որոշեն, որ եկել է հաշտության ժամանակը։ Կարևոր է հասկանալ, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է քննության առնվի, միաժամանակ պետք է քննարկվի նաև տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու հարցը»,- ասել է նա։ Պարոն պաշտոնաթողը բառ առ բառ կրկնել է Ադրբեջանի թելադրանքը, ուրիշ ոչինչ։


Ես այն ժամանակ հայ հասարակությանն ու Սփյուռքին ուղղված մի հարց էի տվել. ինչո՞ւ ոչ ոք հարց չի բարձրացնում այն մասին, որ մասնավոր անձը շարունակում է թելադրել մի բան, որը լիովին արտացոլում է «ադրբեջանական մոտեցումը» արցախյան խնդրին, մեր հայրենակիցներին առաջարկելով ԱՄՆ-ին հավաքական կարգով մեղադրել հակահայ դավադրության մեջ։ Չէ՞ որ այդ հենց ամերիկացիներն են, որ կոշտ ձևով չեն պնդում հետաքննության մեխանիզմների ներդրումը, իմանալու, թե «ով է առաջինն սկսում կրակել», եթե «ուոռլիքները» նույնիսկ 2017 թ. շարունակում են պնդել, թե «մինչև հիմա պարզ չէ»։ Թե ում պարզ չէ, պետք է փորձեմ պարզել։ Միգուցե ամերիկացիների համար պարզ չէ նաև այն, թե ով է խոչընդոտում հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության այդպիսի մեխանիզմների ներդրմանը, իսկ հիմա, հաշվի առնելով, որ թշնամին վերսկսել է Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները, ապա նաև հայ-ադրբեջանական սահմանում...

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3089

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ