Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կառավարման ռետինե տրամաբանությունը

Կառավարման ռետինե տրամաբանությունը
30.05.2017 | 09:24

Այսօր արտահերթ նիստում ԱԺ-ն քննարկելու է կառավարության կառուցվածքային փոփոխոթյունների հարցը՝ կառավարությունը ցանկանում է կրճատել աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը: Մինչև անցած շաբաթ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարը Դավիթ Հարությունյանն էր, նա արդեն արդարադատության նախարարն է: Նրանից առաջ՝ 2013-14-ին, այդ պաշտոնում էր Վաչե Գաբրիելյանը: Այն ժամանակ նոր պաշտոնի անհրաժեշտությունը հիմնավորող կառավարությունն այժմ հիմնավորում է այդ պաշտոնի վերացումը: 2013-ին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում էր, որ փոփոխությունների ժամանակաշրջանում անհրաժեշտ է կոորդինացնել մի քանի գերատեսչությունների բարեփոխումները: Ստացվում է, որ կառավարության կառուցվածքը որոշվում է ոչ թե կառավարման անհրաժեշտությունից ելնելով, այլ՝ որոշակի մարդկանց պաշտոն տալու «անհրաժեշտությունից»:

Իսկ երբ նրանք անցնում են նոր պաշտոնի, պաշտոնատեղը դառնում է ավելորդ: Բնականաբար՝ այդ կարծիքին չեն պաշտոնատար հանրապետականները՝ ԱԺ պետաիրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հորդորել է «մութ սենյակում սև կատու չփնտրել»: Հետաքրքիր է՝ չինացիներն այդ ասացվածքը հնարած չլինեին, հայերն ինչ էին ասելու ամեն անգամ, երբ չգիտեն ինչ ասել: Հրայր Թովմասյանը դա էլ է հիմնավորում. «Յուրաքանչյուր փուլում կառավարությունը ինքն է որոշում, թե դերերի ինչպիսի վերաբաշխում ունենալ, և յուրաքանչյուր պաշտոնատար անձի ինչպիսի դերակատարում վերապահել: Եվ այստեղ մութ սենյակում սև կատու փնտրելու անհրաժեշտություն չկա: Կառավարությունը, այո, այդ փուլում գտել է, որ տվյալ պաշտոնատար անձին նաև քաղաքական դերակատարում է վերապահում, որպեսզի նա մասնակցություն ունենա որոշակի քաղաքականության մշակմանը: Մյուս դեպքում վարչապետը որոշում է, որ իրականում էդտեղ տիրույթը վարչապետի և աշխատակազմի ղեկավար-նախարարի միջև է բաժանվում, մյուս դեպքում վարչապետը որոշում է, որ այդ գործառույթները ինքը կստանձնի և կառավարության առջև ինքը պատասխանատվություն կկրի: Այլևս քաղաքական որոշումներ, ծրագրեր և այլն, և այլն, այն, ինչ որ կանոնադրությամբ նախատեսված է, դուք այլևս չեք տեսնելու»: Ավելի հեշտ չէ՞ր ասել՝ այո, կամայական են ընդունվում որոշումները՝ երբ ինչպես հարմար է, ում հարմար է և ում հարմար չէ:

Բնականաբար, երեկ ԱԺ պետաիրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կառավարության առաջարկին, որն այնքան հոգատար է գտնվել, որ նախատեսել է կառավարության աշխատակազմի ղեկավարին տալ այնքան աշխատավարձ, որքան ստանում է նախարարը, իսկ ԱԺ-ին համաձայնության դաշտ է բերել՝ առաջարկելով բարձրացնել ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը՝ հավելելով ամսական 132 հազար դրամ: Բյուջեն դրանից չի պայթի: Երկաթե տրամաբանություն է, չէ՞: Ավելի ճիշտ՝ ռետինե՝ երբ ուզում ես՝ ձգում ես, երբ ուզում ես՝ բաց ես թողնում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իհարկե, կա «նրբացուցիչ դեպք հանցանաց»՝ կառավարությունը գործելու է մինչև 2018-ի ապրիլը՝ ՀՀ նախագահի լիազորությունների ավարտի հետ հրաժարական է տալու: Եվ այն ժամանակ նորից կսկսվեն կառուցվածքային ու կադրային փոփոխությունները: Ավելի ճիշտ՝ բուն փոփոխությունները այդ ժամանակ կլինեն: Ի դեպ՝ նույն ռետինի տրամաբանությամբ էլ կազմավորվեցին ԱԺ մշտական հանձնաժողովները՝ կային նախագահները, մնում էր գտնել հանձնաժողովները ստեղծել:

Դիտվել է՝ 4728

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ