Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Խորհրդարանի «հավատարիմ» անդամը

Խորհրդարանի «հավատարիմ» անդամը
31.05.2017 | 16:19

Այսօր «Ծառուկյան» խմբակցությունը երեք նոր պատգամավոր գործուղեց խորհրդարան, նրանք փոխարինեցին մանդատը վայր դրած Հարություն Ղարագյոզյանին, Խաչիկ Մանուկյանին և Արտյոմ Ծառուկյանին: Երեք մանդատներից մեկը բաժին է հասել, ինչպես մամուլն արդեն «կնքեց», Գագիկ Ծառուկյանի կես միլիոն դոլար ծախսած ընկերոջ աղջկան` Նորա Առուստամյանին, որը ժամանակին նաև Ծառուկյանի օգնականն էր: Այսօր լրագրողներին նա վստահեցրեց, որ թափանցիկ է աշխատելու:

«Խնդիրները բազմաթիվ են, մենք այստեղ նրա համար ենք, որ փորձենք խնդիրներին լուծում տալ»,- ասել է օրիորդը: «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել է, որ ընդդիմություն է, և աղջկան ինչ էր մնում, եթե ոչ ասել` բազմաթիվ խնդիրներ փորձելու են լուծել: Այս հարցում նա եզակի չէ, բոլոր ընդդիմադիրները փորձում են խնդիրներ լուծել, սակայն առնվազն պետք է հստակեցնել, թե իրեն անձամբ ինչն է մտահոգում: Սակայն բոլորի պես նա ևս կխոսի այն երևույթներից, որոնք նրան կապսպրեն կուսակցական ղեկավարները: Չկա անձնական նախաձեռնություն, մոտիվացիա: Օրինակ, լինելով երիտասարդ, գոնե կարող էր ասել, որ երիտասարդների որոշակի հարցեր իրեն մտահոգում են: Բայց դե, կես միլիոն դոլար ծախսած հայրիկի աղջիկն ինչ իմանա իր հասակակից երիտասարդները ինչ խնդիր ունեն: Ի դեպ, նախաձեռնության բացակայության հարցում միայն նրան մեղադրելը, անմտություն է: Քաղաքական համակարգի աղտերն ավելի շատ են:


Հայաստանի քաղաքական դաշտում միշտ, այսպես ասած, կոնկրետության խնդիր կա: Բոլորը խոսում են երևույթներից ու հարցերից առանց կոնկրետության ու հասցեականության: Քննադատում են երևույթներն ու իշխանությանը` խուսափելով մատնանշել, թե, օրինակ, ով է դրա մեղավորը կամ ինչպես, ենթադրենք, պետք է աշխատել, որ եղած բազում խնդիրներից մեկը լուծում ստանա: Սա բնորոշ է և իշխանությանը, և ընդդիմությանը: Եթե իշխանությունը վստահեցնում է, որ կառուցելու է առանց կոռուպցիայի երկիր, որտեղ լինելու է արդար դատական համակարգ, նույնն ասում է նաև ընդդիմությունը, միայն մեկ տարբերությամբ, որ այս իշխանությունները կոռումպացրել են երկիրը, իսկ դատական համակարգում անարդարությունը խեղդում է: Եթե իշխանությունների պարագայում «հասկանալի» է կոնկրետության բացակայությունը, ապա ընդդիմության դեպքում խիստ դատապարտելի է: Եթե կոռուպցիայից են խոսում, պետք է հստակ մատնանշեն, որ ահա այս մարդը, այս դեպքը կոռուպցիայի վկայություն են, իշխանություն, վերացրու դա, այլապես ստացվում է, խոսում են ընդհանուր երևույթից, որի մասին բոլորը գիտեն: ՈՒրեմն ինչո՞վ պետք է քաղաքական ուժը, գործիչն ու շարքային քաղաքացին խնդիրների բարձրաձայնման, իրազեկության առումով իրարից տարբերվեն (իհարկե, քաղաքական դաշտում որոշ բացառություններ կան, որոնք խոսում են փաստարկված ու հասցեական, ցավոք, նրանց թիվը շատ քիչ է):


Կա նաև մեկ այլ վատ երևույթ, որը բնորոշ է ինչպես այս, այնպես էլ նախորդ խորհրդարանին: Քաղաքական կարևոր ամբիոնում են հայտնվել մարդիկ, որոնք չգիտեն, թե կոնկրետ որն է լինելու իրենց գործողությունների տիրույթը, ինչ նպատակներով են այնտեղ, ինչ խնդիրներում պետք է «մասնագիտանան»: Այո, շատերը կպնդեն, որ, այսպես ասած, օդիոզ դեմքերը, օլիգարխներն ի՞նչ իմանան օրենսդիր աշխատանքը որն է: Մի կողմ թողնենք նրանց, հստակ երևում է, որ զգալի հատվածը ևս այս հարցում «չկա», տպավորությունն այնպիսին է, որ խորհրդարան են եկել` չհասկանալով, թե ինչի համար: ՈՒ սա այն դեպքում, որ պետության կառավարումը դառնում է խորհրդարանական: Ասել է` պատգամավորներն անգամ չեն գիտակցում, թե ինչ պատասխանատվություն է պետությունն իրենց տվել, ուր մնաց շարքային քաղաքացին հասկանա, որ կառավարման համակարգ է փոխվել:
Այնպես որ, Նորա Առուստամյանն այս խորհրդարանի «հավատարիմ» անդամն է` համ կես միլիոն դոլար ծախսած հայրիկով, համ «ընդհանուր» խնդիրները լուծելով:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ