«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Երկիրը «թաթախված» է ինտրիգային տրամադրությունների մեջ

Երկիրը «թաթախված» է ինտրիգային տրամադրությունների մեջ
02.06.2017 | 00:44

Սահմանադրության փոփոխման գաղափարի հրապարակումից անմիջապես հետո մեկնարկած գործընթացներում հայաստանյան քաղաքական դաշտը, մասնավորապես իշխանական վերնախավը, սովորականից ավելի խոր թաթախվեց ինտրիգների մեջ։ Ցանկացած գործողության, ցանկացած երևույթի և նույնիսկ ելույթի ու հայտարարության մեջ ինչ-որ ինտրիգային երանգ են փնտրում, շախմատային էտյուդի մակարդակի բազմաքայլ կոմբինացիաներ են նշմարում, ամենուրեք այս կամ այն շահագրգիռ գործչի կամ ուժի ուղղորդող «ձեռք» են տեսնում և այլն։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ հասարակական ընկալումը գրեթե բացառում է առանց հետին մտքերի, հենց այնպես, ուղղակի ասված որևէ խոսք։ Յուրաքանչյուր հայտարարություն ընկալվում է որպես մեծ խաղի տարր, առնվազն դավադրության տեսության համատեքստում։


Ինտրիգային այս տրամադրությունները, բնականաբար, փոխանցվել են նաև լրատվական դաշտին, իսկ այնտեղից՝ տարբեր հասարակական շերտեր։ Նույն տրամադրություններն արտացոլվում են նաև սոցիալական ցանցերում։ Եվ քանի որ այսօր Հայաստանում թիվ մեկ մոդայիկ ինտրիգը համարվում է 2018 թ. ապրիլից հետո իշխանական բուրգի վերադասավորումների վերջնական կոմբինացիան, ուստի ամեն ինչ դիտարկվում է այդ պրիզմայով։
Օրերս ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտնի հայտարարությունը («Հայ մեծահարուստները պետք է դատարկեն իրենց քսակները հանուն Հայաստանի: Եթե մենք գնանք այդ ճանապարհով, կունենանք հզոր Հայաստան») հենց այդ համատեքստում էլ ընդունվեց։ Ընդ որում, Շարմազանովը մեջբերել էր հենց Գարեգին Նժդեհի խոսքերը։ Այդ խոսքերը, որոնք Շարմազանովը հնչեցրել է Առաջին հանրապետության տոնին նվիրված միջոցառումներից մեկի ժամանակ, բավականին նոր ցնցումներ առաջացրին քաղաքական, լրատվական, իշխանական դաշտերում, բնականաբար նաև՝ նման առիթների սպասող, թամաշա սիրող հայաստանյան սոցիալական ցանցերում։


Այն, որ մեր հասարակությունում ամեն ինչ հասկացվում է ինտրիգային պրիզմայով, ունի իր հիմքերը։ Նույն ԱԺ փոխնախագահը, որը նաև համատեղության կարգով հանրապետական կուսակցության մամուլի խոսնակն է, իր գրեթե բոլոր ելույթներում առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ իշխանական վերնախավում, ՀՀԿ-ում նույնիսկ ճանճը չի թռչի, եթե ՀՀ և ՀՀԿ նախագահը նման որոշում չընդունի։ Ի դեպ, վերջերս էլ՝ հերթական ԳՄ նիստից հետո, նշեց, որ բոլորը ՀՀԿ-ում ենթարկվում են Սերժ Սարգսյանին, և բոլոր որոշումները պատկանում են հենց նրան։ Նման հայտարարությունների ֆոնին ՀՀԿ խոսնակի՝ քսակները դատարկելու մասին արտահայտությունը, բնականաբար, ընկալվում է հենց այնպես, ինչպես մատուցվում է։ Այն է՝ իբր առանց հանրապետության նախագահի իմացության, հանձնարարականի և որոշման Շարմազանովը երբեք չէր էլ համարձակվի ոչ միայն բարձրաձայնել, այլև մտածել այդ մասին։


Այս համատեքստում բոլորն առաջին հերթին սկսեցին մտածել, որ խորհրդարանի փոխնախագահի ասածը հստակ հաղորդագրություն է նույն Սերժ Սարգսյանից։ Զարմանալի չէ, որ ի հայտ եկան մարդիկ, որոնք համարեցին, որ ԱԺ փոխխոսնակի տրամաչափն այն չէ, որ ինչ-ինչ մեսիջներ իրենց ուղարկվեն։ Եթե անհրաժեշտ լինի, Սերժ Սարգսյանն անձամբ իրենց էլ կարող է դա ասել։ Այս առումով ուշագրավ էր անխորտակելի օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի արձագանքը։ Նա լրագրողներին ուղղակիորեն ասաց, որ Շարմազանովն այն ֆիգուրը չէ, որ իրեն նման բան ասի։ Ըստ էության, չհերքելով ԱԺ փոխնախագահի թեզը, թե երկրում ամեն ինչ նախագահն է որոշում, ու բոլորը ենթակա են միայն նրան, փաստացիորեն Շարմազանովին ցույց տվեց իր տեղը, հասկացնելով, որ եթե Սերժ Սարգսյանն է ամեն ինչ որոշում, ապա ինքը նախագահի աշխատասենյակ մտնող-դուրս եկող է և նրա հետ կիսելու տարբեր շահեր ունի։ Ավելի համեստ ու զգուշավոր էին մյուս օլիգարխները, որոնց տրամաչափն էլ, փաստենք, ավելի ցածր է։


Իսկ ի՞նչ կարելի է ենթադրել ԱԺ փոխնախագահի խոսքից։ Վարկած առաջին. Շարմազանովը, որ տարիների ընթացքում սովոր է բարձր պաշտոններ զբաղեցնելու (վերջերս շոշափվում էր նաև նրա անունն ԱԺ նախագահի հավանական թեկնածուների թվում), ըստ նոր Սահմանադրության, երկրի դեյուրե ամենագլխավոր մարդու տեղակալն է, բայց դեֆակտո հույս ունի, որ ԱԺ-ում ինքն է առաջին մարդը, քանի որ ամենափորձվածն է ու ամբողջ ելումուտի տերը։ Նկատելի է նաև, որ նրա հայտարարությունները վերջին շրջանում դառնում են ավելի ամբիցիոզ և ենթադրել են տալիս, որ նա հավակնում է դեֆակտո ավելի բարձր կարգավիճակ ստանալու ՀՀԿ-ի ներսում։ Հատկանշական էր նրա գնահատականը վարչապետ Կարեն Կարապետյանի վերանշանակման ժամանակ: Շարմազանովը հայտարարեց, որ իրենք հնարավորություն են տալիս կառավարությանը շարունակելու գործունեությունը. այսինքն՝ բավականին բարձր դիրքերից է անում այդ հայտարարությունները։ Նրա ելույթներում զգացվում է բոլորովին այլ տոնայնություն։ Շատ հնարավոր է, որ վերջին հայտարարությունն էլ այդ սերիայից է. նա ցանկանում է ցույց տալ, որ ինքն արդեն ամենակարևոր հարցեր լուծողների թվում է։


Մյուս կողմից էլ, եթե քսակները բացելու մասին Շարմազանովի հայտարարությունը քաղաքական կամ տնտեսական մեսիջ է, ապա մի քիչ անհասկանալի է։ Եթե դիտարկում ենք պաշտոնական տվյալները, ապա պետեկամուտների կոմիտեն արդեն մի քանի ամիս հայտարարում է, որ բյուջեի համալրման պլանն ամեն ամիս մոտ 10 տոկոսով գերակատարվում է։ Նույնիսկ աննախադեպ մի դրվագի ականատես եղանք. բյուջեի մուտքերի պլանները, կառավարության որոշմամբ, նախատեսվածի համեմատ ավելացվեցին։ Սա նշանակում է, որ հարկահավաքման գործընթացում բավականին լուրջ առաջընթաց կա։ Այս պարագայում կա՛մ Շարմազանովը նկատի ունի, որ երկրում կա ստվեր, ու դրա մասին գիտեն վերևներում, և հիմա ընդամենը խաղի նոր կանոն է ազդարարվում, ըստ որի քսակներն էլ ավելի լայն պետք է բացվեն հանուն երկրի (ընդ որում, դա պետք է կամավոր արվի, հակառակ դեպքում վերջին շրջանում իր գործը բավականին լավ կատարող ՊԵԿ-ն իր յուրահատուկ մեթոդներով քսակները բացել կտա), կա՛մ էլ խոսվում է տարբեր նպատակներ հետապնդող ոչ պաշտոնական դրամահավաքության մասին։ Եվ այս հաղորդագրությունները չհասկացողների համար գուցե հետևեն ՊԵԿ-ի կամ այլ համակարգերի գործողությունները։
Խոսելով ինտրիգային մտածողությամբ առաջնորդվելու պրակտիկայի մասին՝ պետք է նաև փաստել, որ մեզանում ցանկացած կադրային նշանակում դիտարկվում է խմբավորումների միջև հակամարտության տիրույթում։ Նույնիսկ ՊԵԿ-ում փաստացի ձախողված Հովհաննես Հովսեփյանը, նորից նշանակվելով ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետի պաշտոնում, ընդունվում է որպես վարչապետի նկատմամբ վերահսկիչ գործառույթներով լիազորված անձ, իբր նախագահի լրացուցիչ «աչք» ու «ականջ»։


Այսպիսով՝ ոչ մի քայլ, ոչ մի նշանակում չի դիտարկվում որպես իշխանական խճանկարում կատարվող տարրական պարզեցում։ Ամեն ինչ ընկալվում է որպես հակամարտության, «մեծ պատերազմի» մի դրվագ։ Դրա վկայությունը մամուլի արձագանքն է, որը լցված է «ապոկալիպսիսի» տեսարաններով։ Դա հետաքրքիր է թամաշա սիրող հասարակության համար, սակայն շատ դեպքերում նման խոսակցությունները, ենթադրություններն ու վերլուծությունները ճշմարտության հետ նույնիսկ աղերսներ չունեն։ Իհարկե, սա ամենևին չի նշանակում, որ ամեն ինչ պետք է դիտարկել պարզունակ հարթության մեջ: Այն, որ ներիշխանական սուր պայքարը ազդեցության և ֆինանսական հոսքերի ոլորտների համար ամենօրյա ռեժիմով է ընթանում, ցույց է տալիս թեկուզ ուժային կառույցների միջև ընթացող ստվերային և բացահայտ հավերժական պայքարը: Դրա հերթական դրսևորումը եղավ ոստիկանության և ՊԵԿ-ի մաքսային համակարգի միջև օրերս արձանագրված աղմկահարույց քրեական բացահայտումը, երբ սեփական «ավգյան ախոռներն» անտեսած ոստիկանությունը «հանկարծ» սկսեց մաքրել կոռուպցիայից մաքսային համակարգը։


Այս իրավիճակը ստեղծվել է մեր բարձրաստիճան պաշտոնյաների ելույթների պատճառով, որոնք ուղղակիորեն ասում են, որ այս երկրում ցանկացած քայլ կատարվում է միայն մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի որոշմամբ, գիտությամբ ու հանձնարարությամբ։ Եվ այդ պատճառով, երբ տարբեր «կալիբրի» պաշտոնյաներ տոնական տրամադրության ազդեցության տակ ելույթ են ունենում կամ արտահայտություն անում, գուցե նաև արդարացիորեն մարդիկ կարծում են, որ նրանք ինքնուրույն չէին կարող նման բան իրենց թույլ տալ։ Փաստորեն, վերջիններս ընկնում են սեփական ծուղակը։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6163

Մեկնաբանություններ