Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կախաղան բարձրացնենք մեր ներքին ստրուկին

Կախաղան բարձրացնենք մեր ներքին ստրուկին
02.06.2017 | 07:14

ՆԱԽԵՐԳ


Մեր տարերքը երկրակործան այս խաղադրույքն է, հնազանդ և լռիկ մնջախաղը։ Սա մի գարշահոտ և ժանգագույն ճահիճ է, որտեղ ՀՀ քաղաքացիական հասարակությունն է բնավորվել և այս ճահճուտում կարծես թե գտել է իր վերջին հանգրվանը։
Բայց և այնպես դեռ կան երկրում քաղաքացիներ։ Տիար Վլադիմիրը Ղալեչյան Գեղարքունիքի լեռնաշունչ և լճահայաց մարզի պատվարժան Գետիկ գյուղի բնակիչ է։ Մի արկածախնդիր օր նա հյուրընկալվում է առողջարանային Վանաձոր քաղաքում։ Երթևեկելիս նրա մեքենան վնասվում է, զի չքնաղ Վանաձորի անգեղ փողոցներն ուղղակի մեծ և փոքր փոսերի դարան են։ Վնասի չափը 485000 դրամ է։ Եվ ահա տիար Ղալեչյանը մի աննախադեպ քաղսխրանք է գործում` դատի է տալիս Վանաձորի քաղաքապետարանին, պահանջելով վնասի փոխհատուցում։ Կասկած չունեմ (դուք էլ, պաղատում եմ, մի կասկածեք), որ նա շահելու է իր դատը։ Իսկ մե՞նք...

ՏՈՒԳԱՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾՆԵՐԻ ՏԵՂԱՏԱՐԱՓ


Ռուս հասարակության ճնշման ներքո ՌԴ Պետդուման մի գերանհրաժեշտ օրենքի նախագիծ է քննարկում, որն արմատական պատիժներ է նախատեսում գիշերային ժամերի (22.00-ից մինչև 6.00) լռությունը խախտելու դեպքերում։ Բավականին հետաքրքիր ծալքեր ունի օրենսդրական սույն փաթեթը։ Այսպես, եթե ոմն ազատակիրք Ֆիլիպ բարձր երաժշտություն քոքելով (կամ էլ թեկուզ գինարբուքային երկխոսություն վարելով) խախտում է հարևանների անդորրը, ապա նա կպատժվի 1-2 հազար ռուբլի տուգանքով։ Եթե ոմն ընկերություն աղմկարար աշխատանք է ծավալում այսինչ բակում, ապա առանց ավելորդ քաշքշուկի կտուգանվի 100 հազար ռուբլով։ Նմանապես կտուգանվեն պատուհանի տակ մոտոցիկլետը շախով-շուխով գործարկող «էքստրեմալն» ու ռեստորանային վայրագ երգ-երաժշտության սիրահարը։ Օրենքի ընդունումից հետո անգամ հյուրանոցի բնակիչը անպատիժ չի կարող աղմկել ու զվարճանալ, քանզի անվարան կտուգանվի։ Ի դեպ, վերոհիշյալ օրենքը զարմանալի հոգատարությամբ տեսակավորել է անհարկի աղմուկի բոլոր տեսակները` սկսած շինարարական աղմուկից, վերջացրած հարբած ճաշկերույթով։ Այո՜։

Ինչպես են ՀՀ-ում աղմկում ցերեկը, նաև` ինչպես են ցերեկային հռնդյուն-խրխնջոցի սիրահարները աղմկում գիշերը։ Այս ամենը ամփոփելով` կփորձեմ ներկայացնել. ա) իշխանության և կառավարության վերաբերմունքը, բ) աղմկարարների վարքն ու նկրտումները, գ) ոստիկանության դիրքորոշումը և վերջապես` ամենակարևորը` դ) հայ արդի հասարակության արձագանքը։
ՀՀ բոլոր արատավոր երևույթների կիզակետում մայրաքաղաք Երևանն է։ Շրջագայենք Երևանում և ականջ դնենք մայրաքաղաքի փողոցներով և բակերով, զբոսայգիներով ու հրապարակներով (հատկապես` շինհրապարակներով) ծավալվող, թավալվող և նյարդ ու ականջաթաղանթ բռնաբարող աղմուկին։ Շինհրապարակները շինարարական աղմկարարության «պոլիգոն» են։ Բայց գուցե սա գովազդ է, երբ դղրդացնում են շրջակայքը և ամեն պահ ավետում են հերթական բարձրահարկ-պատուհասի ծնունդն ու մահազդում են տվյալ վայրում 1 դար քաղաքը շենացնող գողտրիկ շենքի հիշատակը։ Է՞, ետքը՞, բա հետո՞։ Եվ մի՞թե այս աղմուկն անլսելի է ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ առողջապահության նախարարության համար։

Երևանի աղմուկ-աղաղակի մակարդակն էապես բարձրացավ 2016-ի մարտ ամսին, երբ քաղաքապետարանը գործարկեց «Արագընթաց Երևան» ծրագիրը։ Երևան հասան մարզական մոտոցիկլետներն ու ավտոմեքենաները, և քաղաքը, քաղաքաբնակը, քաղաքի բնությունն ու կենդանական աշխարհն օրնիբուն ենթարկվում են շարժիչային հռնդյունի նախ առողջական, այնուհետև բարոյական բռնադատմանը։ Ահա մոտոցիկլետավար-արշավորդը, դեմքը փակ գլադիատորական դիմակով, հռնդյունով դիվային հերկում է Աբովյան փողոցը, և հռնդյունն արձագանքվում է Թումանյան, Սայաթ-Նովա, Տերյան և Նալբանդյան փողոցներում։ Սա մարզո՞ւմ, թե՞ պարզապես հանրային առողջությունն ու արժանապատվությունը ոտան կոխան դարձնելու ծրագրավորված գործընթաց է։ Մի խոսքով, մրցարշավորդ-անասնակերպն անզուսպ զվարճանում է, իսկ նրա զվարճանքն առայժմ ընդունելի է ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ առողջապահության նախարարության համար։
Մթնշաղ է։ Մայրաքաղաքը երանավետ շունչ է քաշում, շինհրապարակներում խաղաղությունն է դրության տերը, մրցարշավորդ-ծովահեններն էլ հանգստանում են, պատրաստվելով գալիք օրվա սխրանքներին։

ԻՆՉՈ՞Ւ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՉՊԱՏԱՍԽԱՆԵՑ ԲԱԽՇՅԱՆԻՆ


Հողմաղացն այսօր քնարականությունից զերծ է և ազգային-քաղաքակրթական մի ուղերձ է ընթերցում։
«Մեր ազգային արժեքայինի թելադրանքով վերին իշխանությունը ձևակերպված է արևելյան խանական սկզբունքով։ Իսկ մեկ աստիճան ցածր այն արդեն մրցակցային է և իրացվում է թաղերից եկած բանդիտ-կամակատարների բազմաշերտ և բարդ համակարգով»։
Արա Հարությունյան. «Մակաբույծն անում է իրենը, ինչքան կարող է»։

Կեսգիշերից առաջ մայրաքաղաքում (նաև երկրում) մեկնարկում է «Կեսգիշերից լուսաբաց վայնասուն և կաղկանձ» համապետական ծրագիրը։ Քաղաքում և երկրում երկինքը նախշազարդվում է բազմերանգ արտավիժումներով, որոնք ուղեկցվում են հրանոթային համազարկերով։ Բանդիտ-կամակատարները հրկիզում են քաղաքի և երկրի երկնակամարը, խաղաղորեն ննջող քաղաքի ու երկրի բնակիչներին հրավիրում են համատեղ վայելելու կեսգիշերն ու լուսաբացը, իրենք` լուկուլոսյան սեղան-տապանների շուրջը, բնակիչները` սեփական անկողնում։ Ի դեպ, 2016-17 թթ. Սուրբ ծննդյան և Ամանորի տոներից առաջ Իտալիայի կառավարությունը երկրի 1000 քաղաքներում արգելեց հրավառությունների և պայթուցիկների օգտագործումը, համոզելով, որ դրանք նախ վտանգում են հանրային առողջությունը և ապա ծանր հետևանքներ են թողնում շրջակա միջավայրի վրա։ (Իտալիայում, ինչ խոսք, բանդիտ-կամակատարները մրցակցային երևույթ չեն, նրանք հետնախորշերում են պատսպարված և չեն վայելում վերին իշխանությունների անթաքույց համակրանքը)։ Բայց մի՞թե այս տեսանկյունից Իտալիան եզակի պետություն է։ Ամենևին։
Ի դեպ, 2016-2017 թթ. նախաամանորին մայրաքաղաքի ավագանու խիստ գործունյա անդամ Անահիտ Բախշյանը գրավոր դիմեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, խնդրելով պարզաբանել, թե ինչպես է Երևանում շարունակվում հրավառության առարկաների և պայթուցիկների ազատ առևտուրը, երբ 2015-ի դեկտեմբերի 5-ից ՀՕ-121-Ն օրենքով հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը կամ առևտուրը, որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, հանված են աղյուսակից։ Տիկին Բախշյանը խնդրում էր պարոն Կարապետյանին պարզաբանել, արդյոք լիցենզավորման աղյուսակից դուրսբերումը նշանակո՞ւմ է, որ այս տեսականու արտադրությունը, ներմուծումը կամ առևտուրը ապօրինի են։


Օրերս տիկին Բախշյանից տեղեկացա, որ վարչապետը նրան այդպես էլ չի պատասխանել։
Օրերս նաև տեղեկացա, որ ՀՀ ԱԺ-ի և Երևանի ավագանու հաղթական (մանկան ծիծաղի նման անկեղծ և արցունքի պես զուլալ) ընտրություններից հետո հրավառությունների համաճարակը վերստին բնավորվել և ապականել է մայրաքաղաքն ու երկիրը։ Համազարկեր են հնչում Նորքում և Մարաշում, ամենօրյա հրավառական գրոհի տակ են Նոր Նորքի 1-ին և 2-րդ զանգվածների բնակիչները, ողջ Սարի թաղը, Հրազդանի կիրճին հարակից վայրերը, ամենուր, որտեղ տեղակայված են զվարճանքի օբյեկտները։ Սակայն մի՞թե այսօր գաղտնիք է, որ ՀՀ ոստիկանությունը կամա-ակամա նպաստում է խմբային և անհատ հրավառողների գործունեությանը։ Եվ ահա թե ինչու և ահավասիկ ինչպես։ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքը գիշերային ժամերին հրավառություն կազմակերպողների համար նախատեսում է տուգանք նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով։ Ոստիկանության իրազեկիչները (ժողովրդական բանահյուսվածքը նրանց օծել է որպես «գործ տվողներ») ամենուր են։ Եթե տանիքիդ վրա մի աննշան ալեհավաք տեղադրես, եթե ցանկապատդ կես դյույմ բարձրացնես, եթե անգամ սեփական բակում շանդ համար մի համեստ բույն կառուցես, ապա իրազեկիչների ակնթարթային հաղորդագրության հիման վրա, ոստիկանությունը կժամանի դեպքի վայր և կարձանագրի պետականակործան խախտումը։ Սակայն հրավառության մասին լրատվությունը փակուղում է։ Այնինչ, եթե ոստիկանությունը մի քանի անգամ հրավառող-մակաբույծներին պատժի նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով, դժվար թե հրավառային համաճարակը չվերանա։ Լավ, մեր պանծալի ոստիկաններին «պատին դեմ տալով», նաև ստանձնենք նրանց փաստաբանի դերը։ Տեսեք, ոստիկանություն են ահազանգում մեկ շաբաթում դիցուք 100 տառապյալ։ Հաջորդ օրն իսկ ոստիկանությունն ահազանգողներին բարեկրթորեն հրավիրում է համապատասխան բաժին, որպեսզի նրանք գրավոր բացատրություն ներկայացնեն, թե որտեղից են հրավառել շրջակայքը և որ ժամին։ Վստահեցնում եմ պատվարժան ընթերցողներիս, որ 100 ահազանգիչներից 1-2-ը կբարեհաճեն ներկայանալ ոստիկանություն և բացատրագրով հաստատել ահազանգի իսկությունը։ Սակայն չէ՞ որ ահազանգը բարոյագեղագիտական արժեք է, բացատրագիրը` անառարկելի փաստ է։ ՈՒ եթե յուրաքանչյուր շաբաթ ՀՀ ոստիկանությունը 100 գրավոր բացատրություն ներկայացնի կառավարությանը, ապա, ինչ խոսք, հրավառային սառույցը կհալչի։


Ի դեպ, երբ մայրաքաղաքի կենտրոնի մի խումբ բնակիչներ իրենց միանգամայն օրինական բողոքը գիշերային ակումբների կեսգիշերային աղմուկի դեմ վավերացրին գրավոր ձևով և հանձնեցին քաղաքապետարան, կասեցվեց մի քանի գիշերային ակումբների գործունեությունը։

Ինչպես վանել մեր հանրային մտքից և ոգուց «գործ տվողի» չարորակ որոմը։ Առայժմ անհայտ է։ Բայց անհնար չէ։

ՎԵՐՋԵՐԳ


Մայրաքաղաք Երևանում, առհասարակ մեր սիրասուն երկրում անհարկի, անբարո և վտանգավոր աղմուկ է ամենուր և ամեն օր։ Հուսամ, որ նորընտիր ԱԺ-ն և վերակազմյալ կառավարությունը կփորձեն ինչ-ինչ նպատակային քայլեր ձեռնարկել։ (Բայց սա հենց այն հույսն է, որը վերջինն է կախաղան բարձրանում)։ Այնպես որ, հայ տառապյալ հանրությունը պետք է վավերագրի իր ցասումն ու բողոքը և դրանք գրավոր և առձեռն հանձնի թաղային ոստիկանին, ռեյտինգային պատգամավորին, պատվիրված նամակներով, հանրապետության կառավարությանը, եթե անհրաժեշտ է, ապա նաև Բաղրամյան-26-ին։ Մի խոսքով, մնջախաղի թատրոնի վարագույրները պետք է ընդմիշտ փակվեն, զի հանրային քաղաքակիրթ ընդվզումների պահը ուղղակի գերհասունացել է։ Թե չէ, երբ ես` ձեր ծառան հեզ, անհատապես ընդվզում և պատկան մարմիններին գամում եմ անարգանքի սյունին, թե ինչու է կեսգիշերից լուսաբաց հիվանդանոցամերձ Զ պանդոկը աղմկում, բայց նույն հիվանդանոցի բուժանձնակազմն ու բուժվողները զլանում են, չեն ներկայացնում համապատասխան գրավոր բացատրություններ ոստիկանությանը, ես դառնում եմ պանդոկատիրոջ ծաղրի առարկան, այլ կերպ ասած` վատամարդ, բոլոր ոչ հաճելի հետևանքներով հանդերձ։
Զինչե՜ր ցուցանեցին առակներն այս Աստծո գառներին և մոլորյալներին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 7915

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ