Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Զգուշացե՛ք, մանուկներ են

Զգուշացե՛ք, մանուկներ են
02.06.2017 | 00:03

Տարօրինակ վերնագիր է, այնպես չէ՞, քանի որ մանուկներն ամենաանմեղ ու խոցելի արարածներն են աշխարհում, և ամենաշատ զոհերն ու սպանությունները լինում են հենց մանուկների շրջանում։ Հեթանոսական ժամանակներում նույնիսկ ազգեր կային, որոնք Մողոք անունով իրենց երկաթե կուռքին հաճոյանալու համար տաքացնում էին այն՝ ներսում խարույկ անելով, ապա նրա շիկացած ձեռքերի մեջ էին դնում իրենց մերկ երեխաների մարմինները, որպես ընդունելի զոհ։ Այժմ աշխարհում էլ քիչ չեն երեխաների հանդեպ զանազան դաժանությունները, այդ պատճառով ՅՈՒՆԵՍԿՕ-ն հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օր է հայտարարել։


Ամիսներ առաջ, երբ այս հոդվածի մասին էի խորհում, այդ ժամանակը համընկավ մի չափազանց տխուր օրվա՝ փետրվարի 16-ի հետ, որը համարվում է Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օր։ Երբ ռադիոընդունիչով լսում էի նրանց մասին հաղորդումներ, մտորում էի այդ հիվանդության արմատական պատճառների մասին, քանզի առանց պատճառի հետևանք չի լինում, ինչպես Պողոս առաքյալն է գրում՝ մեղքի վարձքը մահ է: Քաղցկեղով հիվանդ երեխաներից մեկին խոսեցրին, և նա մանկան պարզությամբ ու դեռևս զրնգուն ձայնով ասաց. «Իմ միակ երազանքն է, որ վերջում հանդիպեմ Աստծուն», և ոչ մի ավելորդ խոսք։ Ես նախ զարմացա աղջնակի լուրջ պատասխանից, բայց հետո հասկացա, որ այդ մանուկ հոգուն ահավոր հիվանդությունն էր իմաստնացրել, ու նա բռնել էր Երկնքի տան ճանապարհը, և անշուշտ կհասնի, քանզի իր երազանքը երկնային է ու մաքուր, իսկ կատարողը անձամբ մեր Տեր Հիսուսն է, Ով այդպիսի փոքրիկների ձեռքից բռնած ուղեկցում է Իր Երկնային Արքայությունը, որտեղ չկան ո՛չ ցավ, ո՛չ հիվանդություն, ո՛չ էլ մահ։ Այս տողերը գրելուց մեկ շաբաթ առաջ, երբ Ավետարան էի կարդում, հանդիպեցի այս տողերին. «Եվ Նրան (Հիսուսի մոտ) մանուկներ էին բերում, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա: Իսկ աշակերտները հանդիմանում էին նրանց, ովքեր բերում էին: Երբ Հիսուս այս տեսավ, բարկանալով սաստեց նրանց և ասաց. «Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին գալ Ինձ մոտ և արգելք մի՛ եղեք նրանց, որովհետև Աստծո արքայությունը այդպիսիներինն է։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծո արքայությունը չընդունի որպես մանուկ, նրա մեջ չի մտնելու»: Եվ Նա, վերցնելով նրանց Իր գիրկը, նրանց վրա ձեռքը դրեց և օրհնեց նրանց» (Մարկոս 10.13): Երբ սա կարդացի, կարծես առաջին անգամ ուշադրություն դարձրի «բարկանալով սաստեց նրանց» բառերի վրա, ու աստվածաշնչային համաբարբառով փնտրեցի, թե էլ երբ Հիսուսը բարկացավ, ու պատկերացրեք, ոչ մի տեղ չգտա. մեր մարդասեր Տերը միայն մեկ անգամ է բարկացել ու սաստել, երբ արգելել են մանուկներին Իր մոտ գալ։ Իսկ մեկ այլ տեղում գրված է. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի: Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպես այս մանուկը, երկնքի արքայության մեջ նա՛ է մեծ: Եվ ով որ Իմ անունով մի այսպիսի մանուկ ընդունելու լինի, Ի՛նձ կընդունի: Եվ ով որ Ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար լավ կլինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախվի, և նա սուզվի ծովի խորքը» (Մատթեոս 18. 3-6):


Հիմա համոզվեցի՞ք, թե մեր Տերը ինչքան է սիրում բոլոր մանուկներին, ուրեմն չափազանց զգույշ լինենք, քանզի Դատաստանի ժամանակ ահավոր պատասխան ունենք տալու ոչ միայն մեր կատարած մեղքերի, այլև մանուկների առաջ արած մեր գայթակղությունների համար։ Եվ եթե ծանոթ եք սուրբ Տիրամոր այցելություններին, որոնք եղել են Ֆաթիմայում, Մեջուգորիեում ու Գարաբանդալում, ապա տեսած կլինեք, որ Երկնքի մեր Թագուհի Մայրը այցելել է միայն երեխաներին ու նրանց միջոցով կարևոր պատգամներ փոխանցել համայն մարդկությանը։ ՈՒ վերը գրվածներից թող հասկանալի լինի, որ Տերը բարկանում է այն ծնողների ու մեծահասակների վրա, որոնք ինչ-ինչ ձևերով արգելում են մանուկներին, որ նրանք Տիրոջը մոտենան, թեկուզ և նրանով, որ նրանց Աստծո մասին չեն պատմում։ Իսկ ի՞նչ ասենք այն «ծնողներին», որոնք ընդհանրապես արգելում են երեխաներին ծնվել ու լույս աշխարհ գալ, և ամեն հնար բանեցնում են նրանց սպանելու համար։ Այստեղ պետք է շատ մեծահասակների, մանավանդ մայրերի, զգուշացնեմ, որ ձեր մարմնավոր ցանկությունների բավարարման համար զոհաբերած անմեղ մանուկների համար մեծ ու ահավոր պատասխան ունեք տալու Երկնային Դատավորին, եթե այդ մարդասպանությունների համար չապաշխարեք (այո, հենց այդպես՝ մարդասպանություն, քանզի հենց հղիության պահից սաղմը մարդ է համարվում, իսկ մոր որովայնում կազմավորվող երեխայի առաջին օրգանը սիրտն է, որ մարդկային հոգու կենտրոնն է համարվում)։


«Աբորտ» բառը, որ անգլերեն է և միջազգային տերմին է դարձել, նշանակում է հետ վերադարձ, ասել է թե՝ մենք Աստծո տված կենդանի նվեր-պտուղը սպանում ու հետ ենք վերադարձնում մեր Արարչին, համարելով այն անարժեք։ Մինչդեռ, երբ Ադամն իր առաջնեկին ունեցավ, ասաց. «Մարդ ստացա Տիրոջից» (Ծննդոց 3.1)։ Բժիշկները շատ լավ գիտեն, որ երեխաների հիվանդությունների մեծ մասը բնածին է, այսինքն, ժառանգաբար է փոխանցվել ծնողներից։ Ծնողներ, որոնց սեռական սանձարձակությունների, ալկոհոլամոլության կամ թմրամոլության պատճառով երեխաներն են կրում այդ մեղքերի տառապանքը։ Հովհաննես Երզնկացի վարդապետը գրում է շատերին անհայտ այս գաղտնիքը. «Եթե կիրակի օրը մեկը անգիտությամբ կնոջը մերձենա, յոթ օր պետք է ապաշխարի, գիտակցաբար լինելու պարագայում՝ քսան օր, իսկ եթե սովորության է վերածել՝ անեծքի ենթարկվի: Նույնպես և՝ երբ կինը հղի է, պետք չէ նրան մերձենա, մինչև մանուկը ծնվի: Պետք չէ նաև մերձենա կնոջը, երբ դաշտանի մեջ է: Իսկ բեղմնավորվելու դեպքում զանազան հիվանդությունների դուռ է բացում մանուկի համար, այսպես՝ քոսոտություն, մտագարություն, դիվահարություն և այլ գարշելի ու անբժշկելի ցավեր: Հետևաբար, ով այս շրջանում մոլեգնելով հարաբերվի, այս չարիքներին պարտական կլինի. այլև մանուկներ սպանող է և արժանի է մահվան: Իսկ եթե կինը ծածկի իրողությունը ամուսնուց, ինքը պարտական կլինի այդ մեղքերին»։


Աստված իմ, ինչքան անգետ ու հիմար ենք եղել այս հարցերում։
Նմանապես՝ արդի բժշկագետներն ապացուցել են, որ երեխայի մարմնական, մտավոր և հոգեկան հետագա վիճակը մեծապես կախված է այն բանից՝ ճշմարի՞տ սիրո պտուղ է, թե՞ ծնողների սեռական կրքերի բավարարման հետևանք: Այս մասին է գրում նաև Հովհաննես ավետարանիչը. «Ովքեր ընդունեցին Նրան (Հիսուսին), նրանց իշխանություն տվեց լինելու Աստծո որդիներ՝ նրանք ովքեր հավատացին Իր Անվանը։ Նրանք ո՛չ արյունից, ո՛չ մարմնի կամքից և ո՛չ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցին» (Հովհաննեսի Ավետարան 1.12-13)։ Այստեղ արյունը խորհրդանշում է երեխայի հորը, ում արյունից է առաջանում որդեծնության սերմը, մարմնի կամքից՝ նշանակում է միայն մոր կամքով է երեխան ծնվում, և վերջապես՝ մարդու կամքից ծնվածները նրանք են, ովքեր ծնվում են զույգերի լոկ սեռական հաճույքի հետևանքով, առանց երեխա ունենալու ցանկության։


Ընթերցողների ուշադրությունն ուզում եմ սևեռել նաև մի շատ կարևոր հանգամանքի վրա. հնում, երբ ամուսնացել են, նախ եկեղեցում են պսակադրվել, օրհնվել, Աստծուց «աճելու» ու «բազմանալու» հրաման ստացել, նոր միայն ամուսնական առագաստ մտել, ու ոչ թե հենց առաջին պտուղը սպանելու նպատակով, այլ Աստծուց մարդ ստանալու համար։ Բայց, եկեք խոստովանենք, շատերը հանդգնաբար ու տգիտաբար, մինչամուսնական սեռական հարաբերություններ են ունենում (եկեղեցին սա շնություն է կոչում), իսկ եթե ամուսնանում են, ապա ինչ-ինչ սոցիալական պատճառներով արգելում են մեր ամուսնության անդրանիկին աշխարհ գալ, ու դրանով իսկ ընտանիքի հիմքերը խախտում։ Մինչդեռ արգանդ բացող անդրանիկ զավակին Աստվածաշունչը կոչում է զորության սկիզբ, իսկ Հին ուխտում անդրանիկը մնացած երեխաներից առավել մեծ բաժին է ստացել հայրական ժառանգությունից։ Հակոբ նահապետը, որ իր եղբայր Եսավից հետո էր ծնվել, հասկանալով ու գնահատելով դրա մեծ պատիվն ու նշանակությունը, նրանից անդրանիկությունը խորամանկությամբ գնեց մի աման ոսպապուրով և հետագայում դարձավ 12 որդիների հայր, ու Իսրայելի ազգը բազմացավ, իսկ Եսավի սերունդը աստվածանարգության համար բնաջնջվեց իսպառ։ Այդ պատճառով, երբ Մովսես մարգարեի միջոցով Եգիպտոսից պետք է դուրս բերեր հրեաներին, գառան զոհաբերությամբ իրենց անդրանիկները ազատվեցին, իսկ եգիպտացիների անդրանիկներին, մինչև իսկ փարավոնի անդրանիկին, Տերը սպանեց։ Դրանից հետո հրեաները, ըստ իրենց օրենքի, անդրանիկ զավակի համար փրկագին են տարել Աստծո տաճար, նույնիսկ մանուկ Հիսուսի համար Մարիամն ու Հովսեփը երկու տատրակ տարան։
Այս ամենը գրում եմ, որպեսզի հայոց ազգի բջիջները՝ ընտանիքները, չապականենք մեր տգիտության, այլասերվածության ու որդեսպանության մեղքերով, այլ ապաշխարությամբ մաքրվենք, քանզի Տերը շուտով գալու է արդարությամբ պատժելու մանուկներ կոտորողներին ու այլ անօրենություններ գործողներին։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4074

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ