Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Եվ նախարարն ասաց՝ չծխել

Եվ նախարարն ասաց՝ չծխել
06.06.2017 | 03:07

Ամառ է, քաղաքականությունը գնում է արձակուրդ, որ սեպտեմբերին վերադառնա նոր աղմուկներով ու նոր պատմություններով, իբրև զբաղմունք՝ քաղաքական պարապի մեջ հասարակությանը նետվեց ծխելը հասարակական վայրերում արգելելու որոշումը: Խայծը կուլ տալով՝ շատ լուրջ մարդիկ սկսեցին շատ լուրջ քննարկել թեման: Լրատվամիջոցներն էլ խեցգետինը ձկան տեղ դրեցին ու անցան խաշել-տապակելուն: Տարիներ առաջ աշխատանքի բերումով լսում էի Ավստրիայի մարդու իրավունքների պաշտպանին, որ իր հետաքննած ամենածանր գործի մասին էր պատմում՝ խախտվել էր մեկ հեծանվորդի ազատ երթևեկի իրավունքը: Հազիվ էի ծիծաղս զսպում, հետո լացս էր գալիս՝ երբ մտքումս Ավստրիայի ու Հայաստանի ՄԻՊ-երի աշխատանքն էի համադրում: Ավստրիային հասել ու անցել ենք. պատկերացնո՞ւմ եք՝ մարդու բոլոր իրավունքները պաշտպանված են՝ աշխատանքի, ուսման, բուժման, հանգստի, մնում է այդ իդիլիայից դուրս բերել ծխախոտի վնասակար ծուխը: ՈՒռա՜:


Առաջարկվող տարբերակն էլ հզոր է՝ բարձրացնել ծխախոտի գինը, որ ձեռքը գրպանը չգնա ծուխ ու մոխիր գնելու, և 10000 $ տուգանել սրճարանատիրոջը կամ ռեստորանատիրոջը, ում սրահում ծխում են, որ ծխողին վայրկենական վռնդի: Օրինակ են բերում Եվրոպան: Եվրոպան նախ մարդուն հասկացրեց՝ ինչո՞ւ չարժի, ոչ թե չպետք է ծխել, հետո ստեղծեց այնպիսի մթնոլորտ, որտեղ ծխելն ուղղակի անվայել է, հետո որակյալ սիգարետների գինը բարձրացրեց և հյուրանոցներում ու հասարակական վայրերում սենյակներն ու սրահները բաժանեց ծխողների ու չծխողների, որ ոչ մեկի իրավունքը չոտնահարվի: ՈՒզո՞ւմ ես մաքուր օդ, անցիր այս կողմ, ուզո՞ւմ ես խեղդել ու խեղդվել, անցիր այն կողմ: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը գուցե գտնված նախարար է, բայց մարդկանց հետ շփումը չի ստացվում: Նախքան ծխախոտի դեմ պատերազմ հայտարարելն էլ նրա հայտարարությունները դառնում էին սկանդալներ. մարդը ասում է ճշմարտություն, բայց այնպես է ասում, որ վիրավորում ու իր դեմ է հանում: Արժեր նախ ներկայացնել, թե ինչ հաշվարկներ են արվել սիգարետի գինը բարձրացնելու համար, ու ինչ հետևանքներ կունենան այն մարդկանց առողջության վրա, որ գնի պատճառով ստիպված են լինելու սիգարետից անցնել անֆիլտր ծխախոտի: Ինչպե՞ս այդ քաղաքականությունը կանդրադառնա ծխախոտի արտադրության վրա, որտեղ հարյուրավոր մարդիկ են աշխատում: Չե՞ն ավելանա սեփական թութուն ցանողներն ու մշակողները, ինչպե՞ս դա կազդի բյուջեի վրա: Մաքսանենգ ճանապարհով էժան սիգարետի ներկրումը կկանխվի՞: Թե՞ ծխող անհաջողակներին մնում է հերթական հարվածից հետո ավելի շատ ծխել:

Իսկ Լևոն Ալթունյանի բժիշկները թողե՞լ են ծխելը, թե՞ հիվանդանոցների տնօրեններն էլ են 10000 $ վճարելու: Չի՞ դառնում այս անհաջող պատմությունը ծխախոտի գովազդ՝ նախարարական հակածխախոտային անհեթեթ քարոզարշավի պատճառով:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Իսկ գուցե սա առաջին քայլն է, որին հաջորդելու է էլեկտրոնային սիգարետների գովազդը, որ թանկ են, փոխարենը անվնաս, ամենակարևորը՝ բյուջեն էլեկտրոնային սիգարետների գովազդի համար մեծ գումարներ է ստանալու, պայմանագիր կա: Մնում է մարդկանց մղել դեպի ծխելու պատրանքը, բացատրելով, որ անհաջողակներն են սիգարետներին կառչում, հաջողակները՝ ծոցագրպանից էլեգանտ շարժումով հանում են գեղեցիկ, առանց վախեցնող պատկերների ու գրառումների տուփը, տուփից՝ էլեկտրոնային գլանակը, նույնիսկ վառում են վառիչով ու երանությամբ ներշնչում ծխի քուլաները, որոնց մեջ նիկոտին չկա՝ առողջությանը ոչ մի վնաս, ամենակարևորը՝ հաջողակի ու խելամիտ մարդու ինչ կերպար ես ստեղծում մի գլանակով: Չծխողներն էլ կծխեն, բյուջեն էլ իրեն-իրեն լցվում է: ԱԺ-ն օրենքը կընդունի, 10000 $-ները կգան ու կգան:

Դիտվել է՝ 3386

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ