Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Իսկ ի՞նչն է ավելի կարևոր. «նախիջևաննե՞րը», թե՞ Արցախի հարավի անվտանգությունը

Իսկ ի՞նչն է ավելի կարևոր. «նախիջևաննե՞րը»,  թե՞ Արցախի հարավի անվտանգությունը
06.06.2017 | 04:35

Մայիսի 25-ին Երևանում ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի («Րաֆֆու կենտրոն», ինչպես սովորաբար ասում են երևանցիները) հովանավորությամբ տեղի ունեցավ սեմինար «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց. բանավեճ Արցախի ստատուս քվոյի շուրջ» ընդհանուր թեմայով: Դատելով իրավիճակից, միջոցառումը, կարծես, ժամանակին է ու օրախնդիր: Բայց անմիջապես տագնապ է հարուցում թեմայի հնչողությունը՝ «ապրիլյան պատերազմ»: Հիշում եմ, որ երբ 2016 թվականին Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, որին ճանաչում եմ անձամբ, և երկար տարիներ, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մի շարք շփումների ժամանակ փորձում էր 2016 թ. ապրիլի ողբերգական իրադարձությունները որակել հենց իբրև «պատերազմ», ապա ես, իմ հերթին, հայրենական տարբեր լրատվամիջոցների համար իմ մեկնաբանություններում հարկ էի համարում ընդգծել, որ «պատերազմ» բառը իրավունք ունեն օգտագործելու սահմանափակ թվով անձինք, բայց միայն ոչ ՊՆ մամուլի քարտուղարը, անգամ եթե նա ինքն էլ է գործող բանակի սպա: Դա գերագույն գլխավոր հրամանատարների առանձնաշնորհն է, սակայն «պատերազմ» բառը չհնչեց ո՛չ Արցախ-ԼՂՀ-ի նախագահ Բակո Սահակյանի, ո՛չ էլ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի շուրթերից: Ծայրահեղ դեպքում «պատերազմ» բառով կարող էին «մարդամեջ մտնել» Արցախի և Հայաստանի պաշտպանության նախարարները, բայց այն ժամանակ նրանք էլ չարեցին այդ բանը:


Սա կարևոր է մի պարզ պատճառով. գերագույն գլխավոր հրամանատարների (այսինքն՝ պետությունների ղեկավարների) կամ պաշտպանության նախարարների կողմից նման որակման պարագայում սկսում են գործել արձագանքման միանգամայն այլ մեխանիզմներ՝ թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս, միջազգային կառույցների շրջանակներում: Ասեմ բացեիբաց. անցած տարվա հիշեցումներն այն մասին, որ «պատերազմ» բառին պետք է վերաբերվել մեծ զգուշությամբ ու հիմնավորվածությամբ, և, եթե դա իրոք պատերազմ էր, ապա մենք՝ հանրությունը, լիիրավ էինք սպասելու Արցախի և Հայաստանի իշխանությունների դիմումներին՝ հասցեագրված և՛ միջազգային հանրությանը, և՛ հայ սփյուռքին, և՛ այնպիսի միջազգային կառույցների, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը և այլն: Ինչպես հայտնի է, Հայաստանի իշխանությունները (քանի որ Արցախը նշված կազմակերպությունների անդամ չէ) ո՛չ ոքի, ո՛չ մի տեղ չդիմեցին, իսկ բոլոր հայտարարությունները հնչում էին մոտավորապես «մենք գնահատականների ենք սպասում» ոգով: Չեմ հասկացել 2016-ին և հիմա էլ չեմ հասկանում. Հայաստանի իշխանություններին, ի՞նչ է, կենսականորեն անհրաժեշտ էր, որ տեղի ունեցածը որպես պատերազմ որակեին ինչ-որ ԱՄՆ, Ռուսաստան կամ Ֆրանսիա՞... Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշա՞նն է, ի՞նչ է, ինչ-որ մեկի «կուրծքն այրում»: Նա, ով միակն է, որ իրավունք ունի ճանաչելու պատերազմական իրադրություն կամ պատերազմ հայտարարելու, դժվարանո՞ւմ է ճիշտ բնորոշում տալ տեղի ունեցածին: Բայց եթե ոչ, այսինքն, եթե Հայաստանի իշխանություններն էլ անցած տարվա ապրիլի ռազմական գործողությունները պատերազմ չէին համարում, ապա ինչի՞ համար էր հանրապետության լրատվամիջոցների բարձրացրած աղմուկը և այն էլ՝ Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղարի «փոխանցմամբ»: Եվ ի՞նչ հիմքով են որոշ քաղգործիչներ 2016 թ. ապրիլի ողբերգական իրադարձություններից մեկ տարի անց վերադառնում մեկ տարվա վաղեմությամբ կեղծ թեզիսին:


Հարցը լուրջ է և տեղին: 2016 թվականին, լրատվամիջոցներով իմ համառ հիշեցումներից հետո, թե ո՞վ իրավունք ունի ճանաչելու պատերազմական իրադրություն և նման ճանաչումից հետո ի՞նչ գործողություններ պիտի հետևեն, Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղարությունը դադարեց օգտագործել «պատերազմ» բառը: Այսօր՝ 2017-ին, ուզում եմ հարց ուղղել «Րաֆֆու կենտրոնի» ղեկավարությանը, ինչպես նաև հենց ՀՀ նախկին արտգործնախարարին. այդ ինչո՞ւ եք Դուք նորից ուզում, որ Հայաստանի շարքային քաղաքացիները 2016-ի ապրիլի երկու-երեք օրը «պատերազմ» համարեն: Ես պատերազմի ոչ մի այլ դրսևորում չեմ տեսել, բացի այն բանից, որ երկրի զինկոմիսարիատներն էին շտապում երիտասարդ և արդեն ոչ երիտասարդ մարդիկ, խնդրելով իրենց կամավոր գրել: Երևանի սրճարաններում ու ռեստորաններում քաղաքի բնակիչներ կամ պարապ ժամանակ մսխող մարդիկ ամեն օրվա պես քեֆ էին քաշում: Թեև մոտ հարյուր սգավոր ընտանիքներում ողբ ու կական էր ռազմի դաշտում կորցրած իրենց որդոց համար, սակայն այդ ընտանիքների ցավը կերուխումի սիրահարներին ասես չէր վերաբերում: Իսկ կարելի՞ է նրանց մեղադրել: Ոչ: Չէ՞ որ իշխանությունները ռազմական դրություն չէին հայտարարել: Կյանքի ու հասարակության ռազմականացման ակտեր չէին արձակել: Ի՞նչ պատերազմ: Պետք է «փող շինել» և այս ու այնտեղ մսխել:


Ինչպես նշված սեմինարը «Րաֆֆու կենտրոնում» իմաստային լուրջ ու կոպիտ սխալով սկսվեց, այդպես էլ անցավ՝ սխալ սխալի հետևից: Օրինակ, զեկուցողները՝ «Րաֆֆու կենտրոնի» տնօրեն, Հայաստանում Արցախ-ԼՂՀ-ի ամենաառաջին լիազոր ներկայացուցիչ Մանվել Սարգսյանը և Արցախ-ԼՂՀ-ի նախկին արտգործնախարար, Ղազախստանում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը իրենց ելույթներում խոսեցին ըստ էության: Երկուսին էլ ճանաչում եմ առնվազն 1991 թվականից, ընդ որում՝ մոտիկից: Մ. Սարգսյանի զեկուցումը վերնագրված էր՝ «Արցախի ստատուս քվոյի քաղաքական-իրավական կողմերը», իսկ Ա. Մելիքյանինը՝ «Արցախի ստատուս քվոյի աշխարհաքաղաքական կողմերը»: Ելույթների տեքստերի առնչությամբ ոչ մի դիտողություն չկա, ամեն ինչ անբասիր է: Մանվելը խոսեց ավելի շատ ժամանակային տարածության մեջ ստատուս քվոյի ձևակերպման և այն մասին, թե ինչը պետք է համարել ստատուս քվո: Մենք գիտենք, որ ամեն մեկը կարող է իր տեսակետն ունենալ: Ինչպես հետագայում ցույց տվեցին ելույթները, մեզանում միասնություն չկա և չի կարող լինել նույնիսկ այն հարցում, թե ինչը պետք է ստատուս քվո համարվի արցախյան հիմնախնդրի կարգավորման գործում, ինչից է սկսվել այդ ստատուս քվոն և ինչ է նրան սպասում...


Իսկ դրա մեղավորն առաջին զեկուցողն էր: Իր ելույթի եզրափակիչ մասում, իմ կարծիքով, հենց նա էլ աղավաղված ուղղություն տվեց և՛ կայացած մտքերի փոխանակությանը, և՛, ի վերջո, նաև հենց սեմինարին: Ընդ որում, մտքերի փոխանակության ընթացքում իմ վաղեմի բարեկամն ու գրչակիցն ինքը քանիցս մտքեր արտահայտեց, որոնք այնքա՜ն հեռու են թե՛ այսօրվա ստատուս քվոյից, թե՛ առհասարակ կարգավորման գործընթացի մի շարք անվիճելի իրողություններից, որ կարելի էր զարմանալ միայն: Մի՞թե հիմա օրախնդիր է «Պե՞տք է, արդյոք, ստատուս քվոն, և ի՞նչ կտա նրա փոփոխումը» հարցը: Իսկ եթե օրախնդիր էլ է, ապա ի՞նչ պատճառով: Պետք չէ հիստերիա բորբոքել, ինչպես այդ բանն անում են Հայաստանի որոշ այլ կենտրոններ ու փորձագետներ: Ինչպես այս վերնագրերն են անում. «Լեռնային Ղարաբաղ. նախապատերազմական իրադրություն», կամ՝ «Միջնորդները խթանում են Բաքվի ագրեսիան»: Ցանկացողները կարող են ընթերցել նշված վերնագրերով խզբզանքները. համացանցային լրատվամիջոցները աշխարհասփյուռ հայերին հնարավորություն են տալիս օպերատիվ կերպով իմանալու, թե ինչ են Հայաստանում հրապարակում իրենք՝ հայ փորձագետներն ու լրագրողները: Բայց, հանրագումարի բերելով մայիսի 25-ին Երևանի «Րաֆֆու կենտրոնում» կայացած սեմինարի արդյունքները և լրատվամիջոցների ամենատարբեր հրապարակումները, որոնք, ըստ էության, նույնպես արցախյան հարցի կարգավորման ստատուս քվոյի մասին են, ակամա այս մտքին ես հանգում. և ո՞վ է ձեզ այսպես միահամուռ կառավարում: Հաստատ նույն դիրիժորն է և այն էլ՝ ծայրաստիճան անհաջող, ոչ պրոֆեսիոնալ ու կանխակալ:


Վերջերս ես անձամբ հայ հասարակության ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրեցի այն փաստի վրա, որ ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ, տխրահռչակ ադրբեջանամետ Ջեյմս ՈՒոռլիքը հակահայ քաղաքականության նոր ալիք է նախաձեռնում: Մասնավորապես, հենց արցախյան հիմնախնդրի կարգավորման ստատուս քվոյի և Արցախ-ԼՂՀ-ին օգնելու գործում Հայաստանի ու սփյուռքի դերի հարցի տեսակետից: Արձագանք եղավ, այնքանով, որ «Րաֆֆու կենտրոնում» դեռ մինչև սեմինարն սկսվելը Մանվել Սարգսյանը ժպտալով նկատեց. «Բայց էդ ո՜նց ես անցել ՈՒոռլիքի վրայով...»: Ես ոչ մի դատապարտելի արարք ինձ թույլ չեմ տվել, պարզապես ի մի եմ բերել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի մյուս նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հետ շփումների իմ անձնական փորձը, որից ելնելով էլ հասկացել եմ հիմա՝ 2017 թվականին, ՈՒոռլիքի կատարած «հերոսությունները», և դա իմացել եմ համացանցի անգլերեն լրատվակայքերից: Այլ արձագանք չի եղել, չհաշված այն, որ, ինչպես «Րաֆֆու կենտրոնի» սեմինարում, Հայաստանի լրատվամիջոցներում, փաստորեն, հակապայքար է ծավալվում հօգուտ այն բանի, որ նորից լռության մատնվի Հայաստանի իշխանությունների ոչ այնքան հասկանալի դերը ամեն տեսակի Մադրիդյան սկզբունքներում և նորից ձևացվի, թե Հայաստանում չգիտեն, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից կոնկրետ ով է ձգտել և ձգտում այն նույն պատերազմի վերսկսմանը, որն առանց խորանալու 2016 թ. օգտագործեց Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Ա. Հովհաննիսյանը, իսկ 2017-ին օգտագործում են «Րաֆֆու կենտրոնում», Հայաստանի լրատվամիջոցներում՝ այս կամ այն ձևով:


Չէ՞ որ ստատուս քվոյի խախտումը միաժամանակ ինչ-որ «վերջնական կարգավորում» է, որի ծայրը չի երևում ավելի քան երկու տասնամյակ: Դա նաև պատերազմն ինքն է, ուղղակի տարօրինակ է, որ այն մարդիկ, որոնք կարծես պարտավոր են հասկանալ նման նրբությունները, ձևացնում են, թե չեն հասկանում: Բայց չէ՞ որ սեմինարին մասնակցում էր նաև իրավաբան, Հարվարդի համալսարանի շրջանավարտ Րաֆֆի Հովհաննիսյանը: Եվ նա ոչ մի անգամ չուղղեց սեմինարի ո՛չ կազմակերպիչներին, ո՛չ մասնակիցներին (նրանց, ովքեր նույնպես 2016-ի իրադրությունը ճանաչել են որպես «պատերազմ»): Մի՞թե իրավաբանները չպետք է հստակություն ու ճշգրտություն մտցնեն դատողություններում ու կարծիքների փոխանակությունում: Այդ դեպքում ի՞նչ սպասես Հայաստանի որոշ լրատվամիջոցների խմբագիրներից, որոնք, ըստ էության, անարգել անհեթեթություն են թույլ տալիս, շրջանառության մեջ դնելով ընթացիկ իրադրության իմաստային սխալ բնորոշումներ: Նրանց համար վաղուց արդեն միևնույն է, թե ով ինչ է բարբաջում, ով ինչ է ձեռնարկում, ով ինչ նպատակ է հետապնդում, օգտագործելով զոմբիացման լծակը «պատերազմ» բառի կամ «նախապատերազմական իրադրություն» արտահայտության տեսքով և այլն, և այլն: Իշխանության և իրավակիրառության պատկան աղբյուրից պատերազմական իրադրության հայտարարումը, ընդ որում, պաշտոնապես, ինչին, անշուշտ, նախորդում է պատերազմական գործողությունների սկսումը կա՛մ թշնամու կողմից, կա՛մ ձեր կողմից (ասենք, իբրև թշնամու ագրեսիայի կանխման միջոցառում) հենց ստատուս քվոյի ամենաիսկական փոփոխությունն է: Իսկ թե ինչ է դրան հետևում, շատ լավ հայտնի է: Ամեն ինչ, ընդհուպ մինչև երկրում ռազմական դրության հայտարարումն ու համընդհանուր զորահավաքի անցկացումը, տնտեսությունը ռազմական ռելսերի վրա փոխադրելու վերաբերյալ որոշման ընդունումը: Եվ եթե իշխանությունների նման քայլերի հաստատման նախադրյալներ չկան, այդ թվում՝ ակնբախորեն նկատելի, ապա ի՞նչ կարիք կա իրարանցում առաջացնելու երկրում և սփյուռքում:


Այս հարցն ընթերցողներին չի ուղղված, այն ուղղված է, առաջին հերթին, Հայաստանի ու Արցախի իշխանություններին, ապա՝ Հայաստանի ու Արցախի բոլոր առաջատար կուսակցությունների առաջնորդներին, ապա՝ գործող և պաշտոնաթող քաղգործիչներին, ապա՝ սփյուռքում հայ համայնքների պաշտոնական և ոչ պաշտոնական ղեկավարներին և այլն, և այլն: Ես հասկանում եմ, չէ՞, թե ինչ «ջուրծեծոցի» է: Հասկանում են նաև նրանք, ովքեր չեն խոչընդոտում «մոտակա պատերազմի» մասին վոլյունտարիստական հրապարակումներին կամ էլ մայիսի 25-ին «Րաֆֆու կենտրոնում» անցկացված սեմինարի նման սեմինարների, «կլոր սեղանների», խորհրդաժողովների անցկացմանը: Հայաստանի արդի քաղաքական դաշտի արևմտամետ ներկայացուցիչներն էստեղ են, գիտե՞ք, նախապատրաստական «միջոցառումներ» են անցկացնում, քանի որ մինչև 2017 թվականի դեկտեմբեր կամ հենց դեկտեմբերին ծրագրվում է ինչ-որ նոր համաձայնագիր ստորագրել Հայաստանի ու Եվրամիության միջև: Ճիշտ է, «հին թեմայով», «ասոցացման» ինչ-որ նոր ձևի վերաբերյալ: Երևանում հյուրընկալվեց Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դևիդ Մաք Ալիստերը՝ տխրահռչակ «տարածաշրջանային այցի» շրջանակներում, այսինքն, նա Վրաստան և Ադրբեջան էլ կայցելի: Իսկ որ Հայաստանում չհաճոյանան անգլոսաքսի՞ն, ի՜նչ եք ասում, ինչպե՞ս կարելի է: Սա Ռուսաստանն ու ռուսը չեն, էստեղ չի կարելի ո՛չ աջ, ո՛չ ձախ, ո՛չ մի հայհոյանք ու դատապարտող բան, միայն ու միայն հարգանք ու շողոքորթություն՝ հերթական անգլոսաքսի բերանին նայելով: Որսալով ամեն բառը, հայացքը, շարժումը, բերանի անկյան կծկումը: Բա ո՜նց, բա որ հանկարծ «նեղանա՞» անգլոսաքսիկը: Ինչե՜ր կլինեն...
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

dthis:url="http://www.irates.am/hyԱ֬ա� ինասյ�/1582223960">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում