ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Մարդը որպես իշխան ստեղծվեց, բայց չհասկացավ իր պատիվը, «հավասարվեց անբան անասուններին և նմանվեց նրանց»

Մարդը որպես իշխան ստեղծվեց, բայց չհասկացավ իր պատիվը, «հավասարվեց անբան անասուններին և նմանվեց նրանց»
06.06.2017 | 01:49

Մարդը սկսվում է ընտանիքից և հարատևում իր ազգի շարունակականությամբ, ազգը սկսվում է ընտանիքից և շարունակվում իր գենն ու արժեքները կրող ամեն մի մարդու ծնունդով:
ԱՄՆ պետդեպարտամենտը իր 2008-2010 թթ. զեկույցում դատապարտել, քարկոծել ու զրպարտել է «Մեկ ազգ» դաշինքի գործունեությունը, իբր այն հակասում է Սահմանադրությանը: Դա դեռ ոչինչ, մի կերպ կհամակերպվենք: Ազգադավ ծայրահեղականների մոլագարությունը այնքան է խելահեղացել, որ ամենևին էլ զարմանալի չի լինի, եթե շատ մոտ ապագայում «բարոյականություն-կարծրատիպ» հոմանիշ զույգին ընկերանա «հայ-գեյ» նույնիմաստ զույգը. համաձայնեք` տարբերությունն աննշա՛ն է, չնչի՛ն:
Այսօրվա ապազգային աշխարհը անդեմ ու անարմատ, անմշակույթ ու անարժեք, ապիկար ու ապաշնորհ համաշխարհային ղեկավարների հեղինակած` հակամարդկային, աղանդներ, համասեռամոլներ, դիվապաշտներ և մարդկային հասարակության այլ թափոններ արտադրող ու հաստատագրող օրենքներով է շարժվում:

Այդ օրենքները պարտադրվում են նաև մեզ` հայերիս: Մեզ, որ երբեք օրենքների, սահմանադրության կամ բարոյական նորմերի սահմանման ու կիրառման ոլորտում երբևէ որևէ խնդիր չենք ունեցել, անգամ կարող ենք վարպետաց դասեր կազմակերպել ամերիկաների ու եվրոպաների «առաջադեմ» առաջնորդների համար: Ինքն իրեն «հետքրիստոնեական» հռչակած «եվրոպաներից» քրիստոնեական արժեքներ քերող մեր «հայրենանվեր» պաշտոնյաները զբաղված են ինքնախաբեությամբ: Մինչդեռ հայրենիքի դավաճանները երբեք չեն փառավորվում:


Մենք չունենք ազգի ապագայով մտահոգ մտավորականություն, չնայած ունենք մտածող ու մտահոգ անհատներ, չունենք համախմբող ուժ և վերջապես` չունենք համախմբող գաղափար, չունե՛նք, որովհետև ոչի՛նչ չունենք, որովհետև ինքնակամ հրաժարվել ենք այն ամենից, ինչ երբևիցե ունեցել ենք, հրաժարվել ենք մեր անցյալից, ինչպես տերևը կարող է հրաժարվել իրեն սնող արմատից, որովհետև ինքը վերևում` ճյուղին է, իսկ արմատը տեսադաշտից դուրս` հողում (իսկ միգուցե այն չկա՞ էլ). երբ տերևները դեղնում են ու թափվում, արմատները, որոնք հաստա՛տ կան, դրանից չեն չորանում, ընդամենը խնայում են ուժերը` գարնան հրովարտակով հողից նոր տերևներ պեղելու համար: Իսկ ե՞րբ հասցրինք զրկվել մեր ներքին և արտաքին նկարագրից, զրկվեցինք դետալ առ դետալ. կարճացան փեշերը, նեղացան փողքերը, պրկվեցին փողկապները, վերջապես` փոխանակվեցին հագուստները. հայելու մեջ տեսնելով մեր արտացոլանքը` մենք առանց որևէ դժվարության համոզվեցինք, որ դա մեր ներքին էության ու նկարագրի ճշգրիտ արտացոլումն է, հավատացինք հեշտ, որովհետև հեշտ էլ մոռացանք ու հրաժարվեցինք ինքներս մեզնից: Սկսեցինք ապրել «ինչպես բոլոր մարդիկ»` տոգորված «համամարդկային» իդեալներով: Արարչից ավելի «ստեղծագործ» և Աստծուց ավելի «մարդասեր» էակներ հոգացին, որ մենք մոռանանք այն ամենը, ինչ մեզ խանգարում է «ազատ» ապրելու: Հայ մարդը աննկատ հեռացել է իր արմատներից` տուրք տալով փողապաշտությանն ու փորապաշտությանը: Եվրոպական ազգակործան սուտ և սին արժեքները և «ազատության» կոչերը ստրկացնում են մարդուն:


Հեռանալով Քրիստոս Աստծո հավատից, Եկեղեցուց` մենք աննկատ ջլատվում, թուլանում և ավելի խոցելի ենք դառնում, այդ արդեն ապացուցել է պատմությունը: Մենք Աստծուց որպես ողորմություն ստացել ենք շատ շնորհալի հոգևոր և աշխարհիկ առաջնորդներ, որոնք իսկապես առաջնորդել են մեզ դեպի Քրիստոս, բայց մեր ընթացքը շեղվեց, հենց որ նրանց իսպառ կորցրինք մեր տեսադաշտից, ավելի շուտ` հենց որ մեր տեսադաշտում հայտնվեց «նորին գերազանցություն մեծն մամոնան»: Ի զուր չէր, որ Քրիստոսն ասում էր. «Չեք կարող և՛ Աստծուն ծառայել, և՛ մամոնային»: Սակայն հնարամիտ հայը «գտավ» ելքը. նա աստվածացրեց մամոնային` ստեղծելով Քրիստոսի խոսքի հերքման հնարավորության միֆը: Այսօր մենք մեզ պահանջատեր ենք հայտարարում Թուրքիայի նկատմամբ, պահանջում ենք փոխհատուցում, սակայն չենք ուզում լսել պահանջատեր Քրիստոսին, որը մեզնից Մեծ եղեռնի բոլոր անմեղ զոհերի արյան հատուցումն է պահանջում, որովհետև մենք էլ պակաս եղեռնագործներ չենք, և մեզ ատելի թուրքի` «դուք ձեր Քրիստոսին փոխել եք ոսկու հետ» հանդիմանությունը նույն ուժգնությամբ մե՛ր ականջին է հնչում, պարզապես մենք արդեն ոչ թե խուլ ենք ձևանում, այլ իսկապես խլացել ենք մեր ականջները տեղին և ժամանակին չօգտագործելու պատճառով: Ով դեռևս լսելու ականջ ունի, թող լսի. հնարավոր չէ մի ականջով լսել դրամի զնգոցը, մյուսով` Քրիստոս Աստծո պատգամները:


«Մարդը մարդ է»,- այսօր այդ ծեծված ու ճմռթված արտահայտությունը ամենաշատը օգտագործում, ավելի ճիշտ, շահագործում են դարվինիզմի ուղղաձիգ գոյաքարշության մնացուկները: Այո՛, ամենայն պատասխանատվությամբ կրկնում եմ. մարդը մարդ է, երբ մարդ է, իսկ երբ մարդը ինքնակամ դադարում է մարդ լինելուց, նա այլևս չի կարող մարդ լինել: Մարդը իր սահմանումն ունի՝ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով և նմանությամբ: Սա ասվում է մարդու մասին, որն անասունների մեջ իր նման մեկին չգտավ, դրա համար էլ Աստված արարեց կնոջը և մարդկային զույգին տվեց երանելի պատգամ-օրհնությունը՝ աճեցե՛ք և բազմացե՛ք, իշխեցե՛ք...
Մարդը որպես իշխան ստեղծվեց, բայց չհասկացավ իր պատիվը, «հավասարվեց անբան անասուններին և նմանվեց նրանց», սա էլ ասվում է կապիկի առաջադեմ հետնորդի` «մարդու» մասին:


Ի տարբերություն հունարեն «էթնոս» բառի, «ազգը» զուտ հայերեն է և գրաբարից թարգմանվում է «տեսակ», այսինքն՝ ազգը որոշակի տեսակային առանձնահատկություններ կրող անհատների հավաքականությունն է: Երբ անհատից ազգ տանող ճանապարհին կան խոչընդոտներ, դրանք կարելի է հաղթահարել, իսկ երբ բացակա են քայլերը, ազգը, միասնությունը և հենց անհատի իմաստավորված լինելությունը դառնում են հեռացող ու անհասանելի, ինչու ոչ, նաև անցանկալի ու անհետապնդելի նպատակ:
Գիտակցո՞ւմ ենք` ովքեր են դեպի Քրիստոս մեր քայլերը կասեցնողները...

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 2123

Մեկնաբանություններ