Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կորսված Ավարայր

Կորսված Ավարայր
06.06.2017 | 01:51

Հերոսներ ու հերոսամարտեր շատ ենք ունեցել և մեր պատմության տարեգրության մեջ մայիսն է հաղթական ամիսը, սակայն ոչ մի հերոս ու ոչ մի ամիս մեզ հաղթանակ չեն պարգևի, եթե չկա միաբանություն մի վեհ գաղափարի կամ կարևոր նպատակի շուրջ, չկան կռվելու կամք և հաղթելու վճռականություն:
Ավարայրի ճակատամարտը, մեր ինքնության հաստատումն ու հարատևման երաշխիքը լինելով հանդերձ, դարձել է մեր պատմության ամենավիճարկելի դրվագը, հակասական ու տարաբևեռ կարծիքների թիրախ:
Խորքային պատճառը, անհատական և ազգային մակարդակներում, հայի արժեհամակարգի փոփոխությունն է:


Այսօր հայի մաշկի գույնը քրիստոնեությունը չէ, և Ավարայրի հերոսամարտը զրկվել է անգամ չարչրկված «բարոյական հաղթանակ» տիտղոսից: Ավարայրի հաղթանակը երբեք էլ սոսկ բարոյական չի եղել, քանզի պետականություն չունեցող մի ժողովուրդ կարողացավ դիմակայել Սասանյան հզոր տերությանն ու ձախողել իրեն ոչնչացնելու և ուծացնելու ստույգ նպատակները: Այդ հաղթանակի շնորհիվ է, որ մենք այսօր այդ պատերազմի մասին հիշում և խոսում ենք իբրև հայ և ոչ թե իբրև պարսիկ: Եթե չլիներ Ավարայրը, Լուսավորչի չարչարանքներն ու Մաշտոցի սխրանքը իզուր և ինքնանպատակ կլինեին: Սակայն այսօր Վասակը արդարացվում է, Եղիշեի փաստագրությունը՝ ներկայացվում իբրև հիպերբոլա: Մեր պատմության փառապանծ էջերի հավաստիությունը պե՞տք է արդյոք ստուգել ու խմբագրել պարսից պատմության հանգույն: Տիրակալներն իրենց արձանագրություններում հավերժացնում են հաղթանակներն ու ձեռքբերումները, ոչ թե խայտառակ պարտությունն ու կորուստները: Ինչո՞ւ պիտի պարսիկն իր պատմության մեջ ամրագրի այն իրողությունը, որ Հազկերտի ծպտված քրիստոնյա խորհրդականն էր, որ խորհուրդ տվեց հայ նախարարներին առերես կրոնափոխ լինելու, կամ ո՞ր մի տերության պատմիչը կարձանագրի հայերի կրոնափոխությունը հանձն առած իր կրոնական առաջնորդի քրիստոնյա դառնալու և իբրև քրիստոնյա նահատակվելու փաստը: Պարսիկը դժվար թե երբևէ իր պատմության էջերը սրբագրի կամ խմբագրի հայոց պատմության հետ համեմատելով, դրանով մենք չպետք է կասկածի տակ առնենք մեր սեփական պատմիչների աշխատությունների հավաստիությունը: Այդ սկզբունքով առաջնորդվելով՝ մենք կհասնենք միայն ինքնաժխտման և ինքնաոչնչացման:

Ինչ վերաբերում է Վասակի դավաճանությանը, ապա պետք է ասել, որ դրա էությունը մտադրությունները կամ դիտավորությունները չէին, այլ Միաբանության Սուրբ ՈՒխտից պառակտվելը: Գուցե և նա ցանկանում էր, Պարսից արքայից արքային հաճոյանալով, բազմել Հայոց գահին և, հզորացնելով հայոց երկիրը, հպատակեցնել Պարսկաստանը. հիրավի շատ վեհ նպատակ է և ծանրակշիռ պատճառ համաժողովրդական ապստամբությանը չմիանալու համար: Այդուհանդերձ, նախ՝ նա հաստատ երաշխիքներ չուներ իր՝ թեկուզ և ամենավսեմ նպատակների իրագործման համար, երկրորդ՝ ոչ մի դավաճան իր մատուցած ծառայությունների դիմաց պատվով չի պարգևատրվել, այլ անարգվել է, ենթարկվել մահապատժի կամ ինքնասպան եղել: Վասակի դիրքորոշման և գործելաոճի հնարավոր արդարացումները հիմնավորված չեն: Մեր վայ-հայրենասերները, որ քրիստոնեությունը համարում են մեր ժողովրդի բոլոր դարերի ամենաոխերիմ թշնամին, դավաճան են համարում Տիզբոն մեկնած նախարարներին և Վարդան Մամիկոնյանին: Այստեղ ևս մի քանի դիտողություն անենք: Ավարայրի հերոսամարտին նախորդած և հաջորդած իրադարձությունների փաստացի միակ աղբյուրը մեզ հայտնում է, որ նախարարները հոգու մեծ փափագով ու ցնծությամբ չէ, որ ընդունում են թեկուզ և առերես կրոնափոխության որոշումը, ո՛չ էլ՝ իբրև փոքրոգության ու մորթապաշտության հետևանք, այլ հնար էին փնտրում խուսափելու հնարավոր աքսորից, Հայաստան հասնելու և ժողովրդին անտերունչ չթողնելու: Գալով Հայաստան՝ նրանք կանգնեցին ժողովրդական ինքնաբուխ շարժման գլուխ և ավելի կազմակերպված հունով այն վարեցին: Իսկ ժողովրդական շարժումը, նկատենք, փաստացի սկսեցին հայ հոգևորականները, որոնք մտադիր էին այն մինչև վերջ տանել՝ անկախ աշխարհիկ իշխանությունների ներգրավվածության չափից:


Հիմա զուգահեռներ անցկացնենք ոչ բարյացակամ հարևաններով շրջապատված ու մինչ օրս կենաց ու մահու պայքար մղող մեր ժողովրդի հերոսական անցյալի և ներկայի միջև: Ապրիլյան քառօրյան ապացուցեց, որ մեր ժողովուրդը չի մոռացել իմացյալ մահի և համազգային նահատակության հերոսական դասերը, բայց և ներքին դավաճանը, մերօրյա վասակը պակաս երկդիմի և ոճրագործ չէ, քան ժամանակին Վասակն ու նրա տխրահռչակ համախոհները:


Երեցկին Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 3705

Մեկնաբանություններ